ՄԱՇԿ, կենդանիների և մարդու մարմնի արտաքին ծածկույթ, որը կատարում է շոշափողական, զգացողության, նյութափոխանակության, ջերմակարգավորման, միջավայրի վնասակար ազդեցությունների դեմ պաշտպանական ֆունկցիաներ։ Կենդանիների Մ․ բաղկացած է արտաքին՝ էպիթելային (էպիդերմիս), և ներքին՝ շարակցահյուսվածքային շերտերից։ Էպիթելային շերտում կան բազմաթիվ միա– կամ բազմաբջիջ գեղձեր։ Էպիթելային բջիջների կոշտ արտազատուկը և բջջապլազմայի մի մասի կազմափոխման արգասիքները կարող են առաջացնել կմախքային և պաշտպանական տարրեր (փափկամորթների խեցին, հոդվածոտանիների խիտինային զրահը ևն)։ Անողնաշարավորների էպիթելը բաղկացած է բջիջների մեկ շերտից, ողնաշարավորներինը բազմաշերտ է, ընդ որում՝ ցամաքային ձևերի արտաքին շերտերն առաջացնում են էպիդերմիսի եղջերացած մասը, եղջերային թեփուկներ, մազեր, փետուրներ, եղունգներ։ Շարակցահյուսվածքային շերտն առաջացնում է Մ–ին ամրություն և առաձգականություն հաղորդող կոլագենային և էլաստինային թելերի ցանց (ողնաշարավորներ, գլխոտանի փափկամորթներ), ոսկրային և այլ թեփուկներ (ձկներ), ինչպես նաև զրահի դեր կատարող մաշկային ոսկրացումներ (սողուններ)։
Հասուն մարդու Մ–ի մակերեսը 1,5–2 մ² է, հաստությունը՝ 0,5–4 մմ։ Մ–ի քաշը ենթամաշկային բջջանքի հետ կազմում է մարմնի կշռի մոտ 16%–ը։ Մարդու Մ․ կազմված է 3 շերտից, վերնամաշկ՝ էպիդերմիս (նկ․ 1), բուն մաշկ (դերմա) և ենթամաշկ։ Մ․ օժտված է արյան ու ավշային անոթների խիտ ցանցով, նյարդաթելերով ու հատուկ նյարդային ապարատներով,․ ինչպես նաև քրտնագեղձերով ու ճարպագեղձերով, որոնց քանակը տարբեր հատվածներում միատեսակ չէ (նկ․ 2)։ Բնական անցքերի շրջանում (բերան, քիթ, հետանցք, միզուկի և հեշտոցի արտաքին բացվածքներ) Մ․ փոխվում է լորձաթաղանթի։ Մ–ի գույնը կախված է գունակների (մելանին, մելանոիդ, կարոտին, օքսիհեմոգլոբին, վերականգնված հեմոգլոբին) քանակից և մի շարք լրացուցիչ գործոններից: Նշված գունակները պահպանում են օրգանիզմը ուլտրամանուշակագույն ճառագայթների ազդեցությունից։
Մ–ի մակերեսն ունի յուրահատուկ գծանկար՝ կազմված եռանկյուն և շեղանկյուն դաշտերից, որոնք սահմանազատված են ակոսիկներով։ Ավելի ցայտուն է ափերի և ներբանների, ինչպես նաև մատների ներսի ու դրսի մակերեսների Մ–ի գծանկարը, որը խիստ ուրույն է յուրաքանչյուր մարդու համար և օգտագործվում է անհատներին ճանաչելու նպատակով (մատնադիտում՝ դակտիլոսկոպիա)։ Էվոլյուցիայի պրոցեսում Մ–ի արտաքին շերտից առաջացել են Մ–ի հավելումները՝ (մազեր, եղունգներ, կաթնագեղձեր, քրտնագեղձեր ու ճարպագեղձեր)։ Մ–ում գտնվող մեծ քանակությամբ նյարդային զգացող վերջույթներն ապահովում են օրգանիզմի արագ ռեակցիան արտաքին միջավայրի փոփոխվող ազդեցությունների նկատմամբ (տես Մաշկային զգացողություն)։ Մ․ կարևոր մասնակցություն ունի ջրաաղային, ածխաջրային, սպիտակուցային, ֆերմենտային ևն փոխանակության պրոցեսներում։ Մարդու Մ–ի հիմնական ֆունկցիաներից է ջերմակարգավորումը, ջերմատվության 80%–ը կատարվում է Մ–ով՝ կոնվեկցիայի, ճառագայթման և գոլորշիացման միջոցով։ Վերջինս պայմանավորված է Մ–ի արտազատական ֆունկցիայով, իրականանում է գլխավորապես քրտնարտադրությամբ։ Քրտինքի հետ արտտդրվում են փոխանակության որոշ նյութեր, մասնավորապես միզանյութ։ Ճարպագեղձերի արտազատուկով՝ Մ–ի ճարպով, օծվում են վերնամաշկն ու մազերը։
ՄԱՇԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, դերմատոլոգիա, գիտություն, որն ուսումնասիրում է մաշկի կառուցվածքը, ֆիզիոլոգիական ֆունկցիաները, մաշկային հիվանդությունների առաջացման պատճառները, ընթացքը, մշակում ախտորոշման, բուժման և կանխարգելման մեթոդներ։ Մ․ սերտորեն առնչվում է վեներոլոգիայի, վարակիչ ախտաբանության, մանկաբուժության, թերապիայի, ալերգոլոգիայի, էնդոկրինոլոգիայի, վիրաբուժության, գինեկոլոգիայի և մանկաբարձության, նյարդախտաբանության հետ։ Մ․, հետազոտման կլինիկական եղանակներից բացի, օգտվում է հյուսվածաբանական, հյուսվածաբանա–քիմիական, ֆիզիոլոգիական, իմունակենսաբանական, մանրէակենսաբանական, կենսաքիմիական, փորձառական, էլեկտրոնային միկրոսկոպիայի, էնդոկրինոլոգիական, ֆիզիկական ևն մեթոդներից։ Մաշկային երևույթների մանրակրկիտ հետազոտությունը հնարավորություն է տալիս պարզաբանել բժշկ․ և ֆիզիոլոգիական մի շարք բարդ պրոբլեմներ․ ալերգիան, գերզգայնաթյունը, օրգանիզմի ռեակտիվությունը, ներքին որոշ օրգանների վիճակը ևն։ Մաշկային հիվանդությունները մարդկությանը հայտնի են վաղուց (մ․ թ․ ա․ 3-րդ հազարամյակ)։ Դրանց բուժման մեթոդների մասին տեղեկություններ կան եգիպտական պապիրուսներում, չինական ձեռագրերում, ռուս. տարեգրություններում։ Մաշկային որոշ հիվանդությունների հստակ նկարագրություններ կան Հիպոկրատի (V դ․ մ․ թ․ ա․), Ցելսոսի (1 դ․ մ․ թ․ ա․), Գալենի (1դ․), Ավիցեննայի (X–XI դ․) աշխատություններում։ Գիտական Մ․ ձևավորվել է XVIII դ․ վերջին և XIX դ․ սկզբին։ 1776-ին ավստրիացի բժիշկ Ի․ Պլենկը, 1798-ին անգլիացի Ռ․ Ուիլենը ստեղծել են մաշկային հիվանդությունների նախնական դասակարգումը՝ հիմնվելով ձևաբանական սկզբունքի վրա։ XIX դ․ գերմ․ գիտնական Ֆ․ Հեբրան և Մ․ Կապոշին մշակել են մաշկային հիվանդությունների ախտաբանա–անատոմիական դասակարգումը (1845)։ Ֆրանսիացի գիտնականներ Ժ․ Ալիբերը, Ա․ Բազենը, Ա․ Արդին հիմնել են հումորալ տեսությունը և հաստատել դիաթեզի (նախատրամադրվածության) դերը մաշկային հիվանդությունների զարգացման պրոցեսում։ XIX դ․ հանդես է եկել պատճառագիտական ուղղությունը՝ պայմանավորված բակտերիալոգիայի զարգացմամբ։ Ֆրանսիայում Է․ Վիդալը հիմնել է փորձառական Մ–յան հիմունքները, XX դ․ զարգացել է Մ–յան փորձառական–կլինիկական ուղղությունը։ Գերմ․ մաշկաբան Յո․ Յադասոնը մշակել է մաշկային հիվանդությունների առաջացման մեխանիզմների, մաշկային ռեակցիաների, գերզգայնության, ալերգիայի, իմունիտետի ևն հարցերը։ Ռուսաստանում Մ–յան հիմնադիրը Ա․ Պոլոտեբնովն է, ըստ որի մաշկային հիվանդությունների առաջացման մեխանիզմների հիմքում ընկած է օրգանիզմի ամբողջականության գաղափարը։ Սովետական Մ–յան զարգացմանը նպաստել են նաև Ա․ Պոսպելովի, Տ․ Պավլովի, Պ․ Նիկոլսկու, հայ մաշկաբան–վեներոլոգ Վ․ Հարությունովի, Կ․ Աստվածատուրովի, Հ․ Ղալամքարյանի, Ռ․ Բաբայանցի (Մոսկվա), Ա․ Հակովբյանի (Տաշքենդ), Մ․ Վարդապետովի (Թբիլիսի) և ուրիշների աշխատանքները։ Ժամանակակից Մ․ հետազոտում է նյարդային, էնդոկրին ևն խանգարումների, ալերգիական և իմունոլոգիական տեղաշարժերի ժամանակ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/259
Այս էջը սրբագրված չէ