1905-ին՝ գործերի հավատարմատար: Պարսկաստանը ներկայացրել է միջազգային մի շարք խորհրդաժողովներում՝ Բեռլինում, Փարիզում, Լոնդոնում և այլուր: 1911-ին վերադարձել է Թեհրան՝ շահի խնամակալի խորհրդականի պաշտոնով: 1912-ին նշանակվել է դեսպան Գերմանիայում: 1916-ին Լոնդոնում մասնակցել է Շեքսպիրի մահվան 300-ամյակի հանդիսություններին: Նույն թվականին մտել է Պողոս Նուբարի գլխավորած հայկ. ազգային պատվիրակության կազմի մեջ: 1927-ին նշանակվել է դեսպան Անգլիայում, 1930-ին՝ Ճապոնիայում: 1931-ի նոյեմբերին, ծանր հիվանդության պատճառով, հրաժարական է ներկայացրել: Մահացել է Տոկիոյից Թեհրան վերադառնալու ճանապարհին:
Հայ իրականության մեջ Մ. հայտնի է ամենից առաջ որպես Շեքսպիրի ամենախոշոր թարգմանիչը: Տիրապետել է պարսկ., թուրք., հուն., ֆրանս., գերմ., անգլ., ռուս. լեզուներին: Դեռևս արքունի թարգմանիչ եղած տարիներին եվրոպական մի շարք գրողներից թարգմանություններ է կատարել շահի և նրա ընտանիքի անդամների համար: 1890-ական թթ. սկզբներից ձեռնամուխ է եղել Շեքսպիրի երկերի հայերեն թարգմանությանը: 1894-ին Թիֆլիսում հրատարակել է «Համլետ»-ը: Այդ առիթով դրվատական հոդվածներ են գրել Հ. Թումանյանի, Հ. Հովհաննիսյանը, Ա. Չոպանյանը և ուրիշներ: Այնուհետև հաջորդաբար թարգմանել և հրատարակել է «Ինչպես կուզեք» (1895), «Ռոմեո և Ջուլիետ» (1896), «Վենետիկի վաճառականը» (1897), «Արքա Լիր» (1898) պիեսները: Թարգմանել է «Մակբեթ»-ը և «Փոթորիկ»-ը, բայց չի հրատարակել: Շեքսպիրին թարգմանելիս Մ. ստեղծագործական երկու շրջան է ապրել: Սկզբում այն կարծիքին է եղել, թե սրբապղծություն է «որևիցե խոտորում շեքսպիրյան «Սուրբ գրքի» բնագրի բառից ու տառից»: Տարիներ անց վերանայել է իր այդ սկզբունքը. «Գեղարվեստական թարգմանությունը շատ անգամ պահանջում է որոշ խոտորում բնագրի բառական հանդերձից՝ ոգին և իմաստն ավելի հարազատորեն տալու համար» (Շեքսպիր, «Համլետ», 1921, էջ V-VI): Այս համոզմունքով էլ Մ. նորից է թարգմանել Շեքսպիրի՝ արդեն հրատարակած և անտիպ մնացած թարգմանությունները, կատարել նոր թարգմանություններ: Վիեննայի Մխիթարյանների մոտ հրատարակել է «Համլետ»-ը (1921), «Օթելլո»-ն (1922), «Վենետիկի վաճառականը» (1922) և «Մակբեթ»-ը (1923): Ետմահու լույս են տեսել Թեհրանում՝ «Ռոմեո և Ջուլիետ» (1962), Վենետիկում՝ «Կորիոլան» (1962), «Հուլիոս Կեսար» (1962), Բեյրութում՝ «Անտոնիոս և Կլեոպատրա», «Փոթորիկ» (երկուսն էլ՝ 1966) ողբերգությունները և «Բազում աղմուկ վասն ոչնչի» (1967) կատակերգությունը; Մ. թարգմանել է նաև Գյոթեի, Բայրոնի, Օմար Խայամի, Թագորի, Սաադիի, Շիլլերի և ուրիշների ստեղծագործություններից, որոնք տպագրվել են առանձին գրքերով, պարբերական մամուլում («Մուրճ», «Արեգ»): Մ–ի թարգմանությունների մեջ կերպարային զգացողություն կա, ողբերգականի և կատակերգականի համատեղություն, երկնայինի և երկրայինի ներդաշնակություն, լեզվական ճոխություն, երևակայության թռիչք: Մ. իր թարգմանություններով նպաստեց հայ գրական լեզվի զարգացմանը, մի կողմից ստեղծելով նոր բառեր, մյուս կողմից՝ օգտագործելով գրաբարյան բառապաշարը: Մ. թարգմանական արվեստի ճանաչված դասականներից է. նա ստեղծեց թարգմանական դպրոց, որն ունեցավ իր արժանավոր հետևորդները (Խ. Դաշտենց և ուրիշներ):
Գրկ. Դարֆի Գ., Հովհաննես Մասեհյան, 1864-1931, մահվան 30-ամյակի առիթով, Թեհրան, 1963: Շեքսպիրական, հ. 6, Ե., 1980: Hovhaness khan Massehian (1864-1931), Tehran, 1963.
ՄԱՍԵՅՍ, Մետսեյս (Massys, Matsys), Քվինտեն (1465 կամ 1466 – 1530), նիդերլանդացի նկարիչ: 1491-ին ընդունվել է նկարիչների անտվերպենյան գիլդիա: Կրել է Ռոգիր վան դեր Վեյդենի, Դ. Բաուտսի, Մ. Դյուրերի ազդեցությունը: Ճանաչվել է «Սուրբ Աննան Մարիամի, մանուկ Քրիստոսի և Հովհաննես Մկրտչի հետ» (1507-09, Հնագույն արվեստի թանգարան, Բրյուսել), «Ողբ առ Քրիստոս» (1508-11, Գեղեցիկ արվեստների թագավորական թանգարան. Անտվերպեն) եռանկարներով: Մի շարք նկարներում դրսևորվել է Մ–ի ծանոթությունը Լեոնարդո դա Վինչիի արվեստին («Տիրամայրը մանկան հետ», Ազգային թանգարան, Պոզնան, «Ծերունու դիմանկար», 1513, Ժակմար–Անդրե թանգարան, Փարիզ): Ձգտելով պատկերել իրական կյանքը, երբեմն բախվելով ուշ գոթական ավանդույթների հետ՝ Մ. ստեղծել է ժանրային կոմպոզիցիաներ («Դրամափոխը կնոջ հետ», 1514, Լուվր, Փարիզ) և դիմանկարներ (այդ թվում՝ Էրազմ Ռոտերդամցու):
ՄԱՍԵՈ (Maceo) Անտոնիո (1845-1896), Կուբայի ազգային–ագատագրական շարժման գործիչներից: Ծնվել է գյուղացու ընտանիքում: 1868-78-ին Իսպանիայի դեմ անկախության պատերազմի ժամանակ մտել է Ազատագրական բանակի մեջ, 1878-ին ստացել գեներալ–մայորի աստիճան: Պատերազմից հետո գտնվել է տարագրության մեջ Ամերիկայի տարբեր երկրներում՝ նախապատրաստելով նոր ապստամբություն Կաբայում: 1895-ի ապրիլին վերադարձել է Կուբա և գլխավորել Օրիենտե նահանգի ապստամբական ուժերը, սեպտեմբերին դարձել է Ազատագրական բանակի գլխ. հրամանատարի տեղակալ: Զոհվել է մարտում:
ՄԱՍԵՐՈՒ (Maseru), Լեսոթոյի մայրաքաղաքը: Մինչև 1966-ը Բասուտոլենդ բրիտ. պրոտեկտորատի վարչական կենտրոնն էր: 30 հզ. բն. (1978): Ավտոճանապարհների հանգույց է, առևտրակենտրոն: Կան սննդարդյունաբերության ձեռնարկություններ: Ունի օդանավակայան: Հարավ-Աֆրիկյան Հանրապետության ոսկու արդ. շրջանների բանվորական ուժի հավաքագրման կայան է: Հիմնադրվել է 1869-ին:
ՄԱՍԻԿՅԱՆ Պարույր Զաքարիայի (ծն. 1914, Ադանա), հայ գրող: 1920-ից ապրում է Կահիրեում: Սկզբնական կրթությունն ստացել է Պերպերյան վարժարանում: 1935-ին ավարտել է Փարիզի համալսարանի իրավաբանության ու նոտարագիտության և Բրյուսելի համալսարանի գրականության ու փիլ. ֆակուլտետները: Հրատարակվել են Մ–ի «Մեր կյանքը» (1946), «Կոտրած խաչեր» (1959) և «Տեղատարափ» (1961) երգիծական ժողովածուները: Վերջինիս մեջ զետեղված են նաև հեղինակի «Թոոնիկս», «Խաչը», «Միլիոնը», «Աղջիկտես» պիեսները: Մ–ի «Էրզրումի կլոր պարը» օպերետը բեմադրվել է Կահիրեում, Նյու Յորքում և այլուր:
ՄԱՍԻՆՈ Բորիս Գրիգորևիչ (1889-1957), սովետական հելմինթոլոգ: Կ. Ի. Սկրյաբինի աշակերտը: Պրոֆեսոր (1928): Երևանի անասնաբուծական–անասնաբուժական ինստ-ի հիմնադիրներից: Ավարտել է Կազանի անասնաբուժական ինստ-ը (1915): 1915-28-ին եղել է նույն ինստ-ի մակաբուծաբանության ամբիոնի վարիչ:1928-39-ին՝ Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստ-ի դիրեկտոր և միաժամանակ մակաբուծաբանության ամբիոնի վարիչ: 1938-ից՝ Լենինգրադի անասնաբույծների կատարելագործման ինստ-ի դիրեկտոր և մակաբուծաբանության ամբիոնի պրոֆեսոր: Գիտական աշխատանքները նվիրված են մակաբուծական հիվանդությունների (մասնավորապես ՀՍՍՀ–ում տարածված) պատճառագիտության, բուժման և կանխարգելման հարցերին:
ՄԱՍԻՍ Մեծ և Փոքր, Հայկական լեռնաշխարհի ամենաբարձր գագաթը (5165 մ): Հնում Մեծ Մ. կոչվել է Ազատ Մ., ի տարբերություն նրա կողքին
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/267
Այս էջը սրբագրված չէ