զբաղվում է պտղաբուծությամբ, բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կապի բաժանմունք, մանկապարտեզ, բուժկայան: Ավանում է ՀՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության բանջարաբոստանային կուլտուրաների սելեկցիոն սերմնաբուծական կայանը:
ՄԱՍԻՍԻ ՇՐՋԱՆ (1937-53-ը՝ Զանգիբասարի շրջան), վարչական շրջան Հայկական ՍՍՀ–ում: Առաջին անգամ կազմվել է 1935-ի դեկտ. 1-ին: 1953-ի մարտին լուծարքի է ենթարկվել: Վերակազմվել է 1969-ի հունվ. 14-ին՝ Էջմիածնի, Արտաշատի և Երևան քաղաքի Լենինյան ու Շահումյան շրջանների նախկին տերիտորիաներից: Հվ–արմ-ում սահմանակից է Թուրքիային: Տարածությունը 170 կմ² է, բնակչությունը՝ 55300 (1979), վարչական կենտրոնը՝ Մասիս քտա:
Քարտեզը տես 352-րդ էջից հետո՝ ներդիրում:
Բնական պայմանները: Մ. շ. գտնվում է Արարատյան դաշտի կենտրոնական մասում, Հրազդանի ստորին հոսանքի ավազանում: Մակերևույթը հարթավայրային է, միջին բարձրությունը՝ 800 մ: Գտնվում է 7-9-բալանոց սեյսմիկ գոտում: Կան մարմարի (Մարմարաշեն), ավազի (Ռանչպար), կավի (Այնթապ) հանքավայրեր: Կլիման չոր ցամաքային է; Տարեկան միջին ջերմաստիճանը 8-12°C է, առավելագույնը՝ 42°C, նվազագույնը՝–30°C, տարեկան տեղումները՝ 250-300 մմ (առավելագույնը՝ ապրիլ–մայիսին): Շրջանի տերիտորիայով հոսում է Հրազդան գետը, հվ–ում, պետական սահմանի երկարությամբ՝ Արաքսը: Կան արհեստական լճեր (Սարվանլարում): Բնական լանդշաֆտը կիսաանապատային է՝ անապատային տեղամասերով: Տիրապետում են բաց շագանակագույն, գորշ, ալկալի, տեղ–տեղ՝ աղակալած կիսաանապատային հողերը: Բնորոշ բուսատեսակներն են՝ օշինդրը, անթառամը, օշանը, հավամրգին ևն: Կենդանիներից տարածված են սողուններն ու կրծողները: Շատ են թռչունները:
Բնակչությունը: Մ. շ. հանրապետության խիտ բնակեցված շրջաններից է, միջին խտությունը 1 կմ² վրա՝ 325 մարդ: Բնակվում են հայեր (70%), ադրբեջանցիներ, ռուսներ, քրդեր: Ունի 26 բնակավայր (այդ թվում՝ 2 քտա՝ Մասիս, Նոր Խարբերդ), 2 ավանային, 9 գյուղական սովետ:
Պատմական ակնարկ: Հին և միջին դարերում Մ. շ–ի տարածքը մտնում էր Մեծ Հայքի Այրարատ նահանգի Արագածոտն և Կոտայք գավառների մեջ: Արշակունիների թագավորության շրջանում արքունի սեփականություն էր: 428-640-ին եղել է Մարզպանական Հայաստանի կազմում, այնուհետև այն գրավել են արաբները: 885-ից մտել է հայ Բագրատունիների թագավորության կազմի մեջ, XI դ. կեսից տիրել են սելջուկ–թուրքերը, XII դ. վերջին և XIII դ. սկզբին՝ Զաքարյանները: 1230-ական թթ. Մ. շ–ի տարածքը գրավել են մոնղոլ–թաթարները: XVI դ. մտել է Իրանի Չուխուր–Սաադ վարչական միավորի, XVIII դ. կեսից՝ Երևանի խանության կազմի մեջ: Մ. շ–ի տարածքի բնակչությունը հատկապես տուժել է 1604-ին, Իրանի շահ Աբբաս I-ի կազմակերպած բռնագաղթից: 1827-ին շրջանի տարածքը միացվեց Ռուսաստանին և կազմեց Երևանի նահանգի մասը, որի կազմում մնաց մինչև ՀՍՍՀ նոր վարչատերիտորիալ բաժանումը: Մ. շ–ի կուսակցական կազմակերպությունը 1969-81-ին ունեցել է 6 կոնֆերանս (վերջինը՝ 1980-ին): 1981-ին շրջանում կար 122 սկզբնական կազմակերպություն՝ 2173 կոմունիստով և 140 ՀԼԿԵՄ կազմակերպություն՝ 8363 կոմերիտականով:
Տնտեսությունը: Մ. շ. գյուղատնտ–արդ. շրջան է, սակայն զարգացող արդյունաբերությունը համախառն արտադրանքի արժեքով գերազանցում է գյուղատնտեսության համախառն արտադրանքի արժեքը: Արդ. ձեռնարկություններում աշխատում են ավելի քան 2450 բանվորներ ու ծառայողներ: Արդ. հիմնական ձեռնարկություններն են Նոր Խարբերդի ոչ գործվածքային կտորեղենի, Այնթապի ժանյակի ֆաբրիկաները, «Հայբնագույնքարեր» արտադրական միավորումը, ատաղձագործական իրերի կոմբինատը (Մասիսում), Մասիսի պահածոների գործարանը (տարեկան արտադրանքը 33,2 մլն պայմանական տուփ, 1981), Երևանի թղթի–ստվարաթղթի գործարանի Մասիսի մասնաճյուղը, դիատոմիտների գործարանը, ԴՕՍԱԱՖ–ի արտադրական կոմբինատը (Նոր Խարբերդում), Մասիսի ձկան կոմբինատը (Սարվանլարում), «Հայգյուղտեխնիկա»-ի շրջանային բաժանմունքը և «Հայգյուղտեխնիկա» միավորման կենտրոնական բազան (Մասիսում), Հայկոոպի հանրապետական արդ. միավորման Մասիսի տարայի ֆաբրիկան, մեխանիկական վերանորոգման գործարանը, տպարանը (Մասիսում):
Մ, շ–ում են գտնվում ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նյութատեխնիկական մատակարարման գլխավոր վարչության բազաները («Հայանտառթուղթմատառ», «Հայէլեկտրամեքմատ», «Հայշինմատվաճ», «Հայքիմմատառ»), նավթամթերքների մատակարարման գլխավոր վարչության Մասիսի նավթաբազան:
Մ. շ. մտնում է Երևանի քաղաքամերձ գյուղատնտ. գոտու մեջ: Շրջանում կա 19 սովետական, 5 կոլեկտիվ տնտեսություն: Գյուղատնտեսության առաջատար ճյուղերն են բանջարաբուծությունը (տարեկան արտադրանքը 50-55 հզ. տ), խաղողագործությունն ու պտղաբուծությունը: Կարևոր նշանակություն ունեն նաև կարտոֆիլի ու հացահատիկի մշակումը: Շրջանում մեծ աշխատանքներ են կատարվում աղուտային հողերը գյուղատնտ. օգտագործման հանձնելու համար: Ընդլայնվում են ոռոգվող հողատարածությունները (4326 հա, 1981): Ոռոգման համար օգտագործվում են Հրազդան գետի և արտեզյան ջրհորների ջրերը (ընդհանուր ծախսը 6-8 մ³/վրկ): Գյուղատնտ. նպատակներով օգտագործվող հողային ֆոնդը 9159 հա է (1981), որից 5174 հա վարելահող (այդ թվում՝ 1500 հա բանջարանոցային կուլտուրաներ, 2498 հա կերային կուլտուրաներ), 1226 հա բազմամյա տնկարկներ (823 հա խաղողի այգի, 329 հա պտղատու այգի, 44 հա պտղատնկարան), 451 հա խոտհարք, 1287 հա արոտավայր, 1053 հա անձնական օգտագործման տնամերձ հողեր, 96 հա դաշտապաշապան անտառաշերտեր ու անտառներ: Մասիսում ու Նոր Խարբերդում կան ջերմոցային տնտեսություններ: Շրջանի տնտեսության կարևոր ճյուղերից են նաև տավարաբուծությունն (8000 գլուխ խոշոր եղջերավոր անասուն, Դարակերտ, Այնթապ, Ղուկասավան) ու թռչնաբուծությունը (Այնթապ, Նոր Խարբերդ, Հովտաշատ, Դոստլուգ, 47 հզ. թռչուն): Կալինինի անվ. ավանում և Հովտաշատում կա կաթնաանասնապահական համալիր, Սարվանլարում՝ ձկնաբուծական տնտեսություն: Գյուղատնտեսության բնագավառում աշխատում են բարձրագույն կրթությամբ ավելի քան 100 մասնագետ: Մ. շ–ի տարածքով անցնում է Թբիլիսի–Երևան երկաթուղու 10 կմ հատվածը: Բնակավայրերը խճուղային ճանապարհներով կապվում են շրջկենտրոնի և Երևանի հետ, ռադիոֆիկացված են, օգտվում են հեռուստատեսային հաղորդումներից: Շրջանում կա կապի հանգույց (Մասիսում), 19 կապի բաժանմունք:
Առողջապահությունը: Մ. շ–ում գործում է բուժմիավորում (95 բժիշկ, 436 միջին և կրտսեր բուժաշխատող, 1981): Կա հիվանդանոց (320 մահճակալով), պոլիկլինիկա, ծննդատուն, 13 բուժմանկաբարձական կետ, 3 դեղատուն, շտապ բժշկ. օգնության և սանիտարա-հակահամաճարակային կայաններ, 4 առկայան, զառամյալների տուն ինտերնատ (Նոր Խարբերդում):
Մշակույթը: 1981/82 ուս. տարում շրջանում կար 29 միջնակարգ (1-ը՝ հեռակա), 2 ութամյա դպրոց (13415 աշակերտ, 1179 ուսուցիչ, այդ թվում՝ 926-ը բարձրագույն կրթությամբ): 1981-ին Մ. շ-ում գործում
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/269
Այս էջը սրբագրված չէ