նույնպես հանդես է գալիս որպես մասնավոր ընկերությունների բաժնետոմսերի համատեր:
ՄԱՍՆԱՀԱՏՈՒՄ, ռեզեկցիա, ախտահարված օրգանի մասնակի հեռացման վիրահատություն: Օրգանի ծայրային հատվածի հեռացումն անվանում են ծայրատում (ամպուտացիա), լրիվ հեռացումը՝ արմատահանում (էքստիրպացիա): Գործնական վիրաբուժությունում առավել հաճախ կատարում են ստամոքսի (քաղցկեղի, արյունահոսությամբ բարդացած խոցի, ստամոքսաելքի նեղացման ժամանակ) և բարակ ու հաստ աղիքների Մ. (վնասվածքային պատռվածքների, անանցանելիության, ուռուցքների դեպքում): Կատարվում է նաև վահանագեղձի, թոքերի, հոդերի Մ.:
ՄԱՍՆԱՎՈՐ ԴՊՐՈՑ, մասնավոր անձանց և կազմակերպությունների կողմից պահվող ուսումնական հաստատություն: Մ. դ–ում ուսուցումը վճարովի է: Ցարական Ռուսաստանում Մ. դ. բաժանվում էին 1-ին, 2-րդ և 3-րդ կարգերի: Հայերը Մ. դ. են ունեցել Արևելյան ու Արևմտյան Հայաստանում, Վրաստանում, Ադրբեջանում, Հյուսիսային Կովկասում, Նոր Նախիջևանում, Պետերբուրգում, Աստրախանում, Միջին Ասիայում, Ղրիմում, Փարիզում, Կ. Պոլսում և այլուր: Ռուսաստանում հայերին թույլ է արվել ունենալ 3-րդ, հազվագյուտ դեպքերում՝ 2-րդ կարգի դպրոցներ, որոնք ենթակա էին լուսավորության մինիստրությանը: Ուսուցումը տարվում էր հիմնականում ռուսերենով: Ավանդվում էին նաև հայոց լեզու և կրոն: Շրջանավարտները կարող էին ընդունվել պրոգիմնագիաների ու գիմնազիաների ստորին դասարանները: Միայն Երևանի նահանգում 1850-1920-ին գործել են 72 Մ. դ.: Այժմ հայկ. Մ. դ. գործում են սփյուռքի բոլոր գաղթավայրերում (Լիբանան, Սիրիա, Իրան, ԱՄՆ, Արգենտինա, Եգիպտոս ևն):
ՄԱՍՆԱՎՈՐ ԻՐԱՎՈՒՆՔ, բուրժուական իրավունքում նորմերի ամբողջություն, որով կարգավորվում են մասնավոր (անհատ) անձանց գույքային և որոշ այլ հարաբերությունները, ինչպես նաև այն հարաբերությունները, որտեղ պետությունը ոչ թե հանրային իշխանության կրողն է, այլ պայմանագրային հարաբերության սուբյեկտը: Մ. ի–ին են վերաբերում քաղաքացիական, առևտրական, ընտանեկան և այլ իրավունքները: Ի հակադրություն հանրային իրավունքի, Մ. ի. իրավահարաբերության մասնակիցների իրավունքներն ու պարտականությունները ձևականորեն ճանաչում է հավասար: Բուրժ. իրավաբանները Մ. ի. մեկնաբանում են որպես «անձի ազատության արտահայտություն»: Իրականում իրավունքի տրոհումը հանրայինի ու մասնավորի ինքնին արտահայտում է մասնավոր և հանրային շահերի դասակարգային հակամարտ հակասությունների գոյությունը: Մ. ի. մշակվել է հռոմեական իրավունքում և համակողմանիորեն զարգանում ու պաշտպանվում է կապիտալիզմի օրոք:
ՄԱՍՆԱՎՈՐ ՄԵՂԱԴՐԱՆՔ, քրեական հետապնդման ձև, ըստ որի գործ է հարուցվում բացառապես տուժողի (կամ նրա ներկայացուցչի) բողոքի հիման վրա և կարճվում է մեղադրյալի հետ հաշտվելու դեպքում: Մեղադրանքն այդ գործերով «մասնավոր» է, այսինքն՝ պաշտպանում է ինքը՝ տուժողը: Մ. մ–ի գործեր են հարուցվում ծեծի, զրպարտության, վիրավորանքի և հասարակական ոչ մեծ վտանգավորություն ներկայացնող այլ հանցագործությունների դեպքերում: Քրեական գործը հարուցում է դատարանը, եթե մինչ այդ հաշտեցման նրա գործողություններն անցել են ապարդյուն: Հաշտեցումը թույլատրվում է մինչև դատավճռի արձակման համար խորհրդակցական սենյակ գնալը, իսկ Լիտվական ՍՍՀ, Էստոնական ՍՍՀ քրեական դատավարության օրենսգրքերով՝ մինչև դատավճռի օրինական ուժի մեջ մտնելը: Եթե տուժողը անօգնական վիճակի կամ այլ պատճառների հետևանքով ի վիճակի չէ պաշտպանել իր շահերը, կամ գործն ունի հասարակական հատուկ նշանակություն, դատախազին իրավունք է վերապահվում գործ հարուցել սեփական նախաձեռնությամբ: Դատախազն իրավասու է նաև ցանկացած պահին, հաշվի առնելով գործի կարևորությունը, ներգրավվել գործի մեջ: Դատախազի մասնակցության այդպիսի դեպքերում տուժողի և մեղադրյալի հաշտեցումը (որոշ հանրապետություններում) արգելվում է: Որոշ հանրապետություններում (այդ թվում՝ ՀՍՍՀ–ում) Մ. մ–ի գործը ենթակա չէ կարճման, եթե քննվել է նախաքննության կամ հետաքննության մարմիններում:
ՄԱՍՆԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ, արտադրության և փոխանակության փոփոխված հարաբերությունների հետևանք, արտադրության միջոցների և սպառման առարկաների յուրացման պատմականորեն ստեղծված որոշակի ձև, երբ դրանք պատկանում են մասնավոր անձանց: Մ. ս. արտադրության և փոխանակության զարգացման պահանջների բավարարման միջոց է, բխում է տնտ. պատճառներից: Առաջացել է նախնադարյան–համայնական հասարակարգի քայքայման, ստրկատիրության ծագման ընթացքում, երբ աշխատանքի հասարակական բաժանման ն արտադրողականության բարձրացման շնորհիվ հնարավոր դարձավ արտադրանք թողարկել հատկապես փոխանակության համար: Սկսեց ձևավորվել ապրանքային արտադրությունը: Քանի որ արտադրությունը հիմնականում վարում էին առանձին ընտանիքներ, ուստի հավելյալ արդյունքը, բացառությամբ համայնական կարիքներին հատկացվող բաժնի, մնում էր նրանց տրամադրության տակ: Այն կուտակվում էր բնամթերքի և գանձերի ձևով: Ընտանիքների միջև աշխատանքի մասնատման հետևանքով Մ. ս. դարձավ նաև հողը (տես Հողասեփականություն): Մ. ս–յան ծագմամբ հասարակությունը բաժանվեց հակամարտ դասակարգերի, առաջացան մարդու կողմից մարդու շահագործումն ու դասակարգային պայքարը: Կապիտալիզմի պայմաններում Մ. ս. հասնում է առավելագույն զարգացման: Միաժամանակ խորանում է հակասությունն արտադրության հասարակական բնույթի և յուրացման մասնավոր կապիտալիստական ձևի միջև, առաջանում են Մ. ս. սոցիալիստական սեփականությամբ փոխարինելու օբյեկտիվ պայմաններ: Տես նաև Սեփականություն:
Գրկ. Մարքս Կ., Կապիտալ, հ. 1, Ե., 1954: Էնգելս Ֆ. Ընտանիքի, մասնավոր սեփականության և պետության ծագումբ, Մարքս Կ. և Էնգելս Ֆ., Ընտիր երկ., հ. 3, Ե., 1978: Լենին Վ. Ի., Կապիտալիզմի զարգացումը Ռուսաստանում, Երկ., հ. 3: Նույնի, Իմպերիալիզմը որպես կապիտալիզմի բարձրագույն ստադիա, հ. 22:
ՄԱՍՆԱՏՈՒՓ, մասունք պահելու տուփ: Բնութագրական է հիմնականում քրիստոնեական պաշտամունքին: Հայտնի է III դարից, տարածված էր հատկապես Եվրոպայում, դեռևս IV դարից՝ Հայաստանում: Լինում է տարբեր ձևի՝ եռանկյունաձև, քառանկյունաձև, շրջանաձև, սրտաձև ևն: Պատրաստվում էր մանրարուրք տեխնիկայով, թանկարժեք մետաղներից, փղոսկրից, փայտից և զարդարվում թանկագին քարերով, բուսական զարդանախշերով: Մ–ի վրա սովորաբար նշվում էին պատրաստման տարեթիվը, վարպետի և պատվիրատուի անվանատառերը և որպես կանոն «ի վայելումն» դարձվածքը (օրինակ՝ «Ի վայելումն Անթառամի»): Կենցաղում օգտագործվել է մինչև XX դ. սկիզբը:
ՄԱՍՆԵ (Massenet) Ժյուլ Էմիլ Ֆրեդերիկ (12.5.1842, Մոնտո, ք. Սենտ–Էտյենի մոտ – 13.8.1912, Փարիզ), ֆրանսիացի կոմպոզիտոր: Ֆրանսիայի ինստ-ի անդամ (1878): 1863-ին ավարտել է Փարիզի կոնսերվատորիան (Ա. Թոմայի կոմպոզիցիայի դասարան), շահել հռոմեական մրցանակ («Դավիթ Ռիցցիո» կանտատի համար): 1878-96-ին Փարիզի կոնսերվատորիայի պրոֆեսոր (աշակերտներից են՝ Ա. Բրյունո, Գ. Շարպանտյե, Ջ. Էնեսկու, Ժ. Տիերսո, Է. Շոսսոն): 1910-ից՝ Նրբագեղ արվեստների ակադեմիայի պրեզիդենտ: Մ. ֆրանս. քնարական օպերայի և ռոմանսի հռչակված վարպետ է: Իր օպերաների սյուժեները մեծ մասամբ քաղել է դասական գործերից, որպես կանոն դրանց տալով քնարական մեկնաբանում: Մ–ի 30-ից ավելի օպերաներից, այդ թվում՝ «Դոն Մեզար դը Բազան» (1872, ըստ Վ. Հյուգոյի), «Սիդ» (1885, ըստ Պ. Կոռնելի), «Տաիս» (1894, ըստ Ա. Ֆրանսի), «Դոն Կիխոտ» (1910, ըստ Մ. Սերվանտեսի), հատկապես նշանավոր են «Մանոն»-ը (1884, ըստ Ա. Պրեվոյի), «Վերթեր»-ը (1886, ըստ Վ. Գյոթեի): Տուրք է տվել նաև վագներյան («Էսկլարմոնդա», 1889) և վերիստական («Նավարրուհի», 1894, «Սաֆո», 1897) ազդեցություններին: Գրել է նաև սիմֆոնիկ երաժշտություն («Էլզասի տեսարաններ», «Նեապոլիտանական տեսարաններ»), օրատորիաներ, խմբերգեր, բալետներ, շուրջ 200 ռոմանս (այդ թվում՝ հանրահայտ «Էլեգիա»-ն), դաշնամուրային
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/272
Այս էջը սրբագրված չէ