գործեր են: Մ. զգալի ներգործություն է ունեցել ֆրանս., մասամբ և իտալ. երաժշտության վրա (Դեբյուսի, Պուչչինիի վաղ շրջան):
Գրկ. Кремлев Ю.. Жюль Массне, Μ., 1969; Сοguis A., Ules Massenet, P., 1965; Harding J., Massenet, N. Y., 1971.
ՄԱՍՆԻԿ–ԱԼԻՔԱՅԻՆ ԵՐԿՎՈՒԹՅՈՒՆ, մասնիկ–ալիքային դուալիզմ, քվանտային մեխանիկայի հիմքում ընկած դրույթ, ըստ որի՝ միկրօբյեկտների վարքում դրսևորվում են ինչպես մասնիկային, այնպես էլ ալիքային հատկություններ:
ՄԱՍՆԻԿՆԵՐ (քերականական), բառակազմական և ձևակազմական (բառափոխական) ձևույթներ: Առաջինները հիմնական ձևույթներից կամ արմատներից կազմում են բառեր, կամ լեզվում արդեն եղած բառերից կազմվում են նոր իմաստ արտահայտող նոր բառեր (արհամարհանք, ընկերուհի), իսկ երկրորդները կազմում են բառի ձևերը՝ ցույց տալով նրա հարաբերությունները այլ բառերի հետ (վազք–վազքի–վազքից–վազքով): Մ–ի մեջ են մտնում նաև քերականական իմաստներ արտահայտող, այսպես կոչված, ձևական բառերը (պիտի գրեմ, գրել տամ): Հայ քերականագիտության մեջ կա Մ–ի մի այլ ըմբռնում ևս. ըստ Մ. Աբեղյանի քերականական համակարգի՝ նյութական նշանակություն ունեցող խոսքի մասերին՝ բային, գոյականին, ածականին և մակբային հակադրվում են ձևական նշանակություն ունեցող բառերը, որոնք կոչվում են խոսքի Մ.: Վերջիններս իրենց նշանակությամբ լինում են. ա. կապակցական բառեր (կապեր և համադասական ու ստորադասական շաղկապներ), բ. եղանակական բառեր կամ Մ. (թերևս, գուցե, անշուշտ), գ. բացասական Մ. (ոչ, չ), դ. պատասխանական բառեր (այո, ոչ):
ՄԱՍՆԻԿՆԵՐԻ ԿԱՆԱԼԱՎՈՐՈՒՄ, լիցքավորված տարրական մասնիկների կամ իոնների յուրահատուկ շարժում բյուրեղներում՝ ատոմական հարթություններով կամ առանցքներով կազմված «կանալներով»: Համապատասխանաբար, Մ. կ. լինում է հարթ կամ առանցքային: Քանի որ ատոմների միջուկներն ունեն դրական էլեկտրական լիցք, ուստի հարթ (առանցքային) կանալավորման դեպքում դրական մասնիկները, վանվելով, կատարում են տատանողական շարժում ատոմական հարթությունների (առանցքների) միջև, իսկ բացասականները՝ ձգվելով, մի հարթության (առանցքի) շուրջը: Շարժման պարբերությունը հազարավոր անգամ մեծ է միջատոմային հեռավորությունից, և այդ հանգամանքը թույլ է տալիս մոդելային հաշվումների ժամանակ ընդունել, որ էլեկտրական լիցքը բյուրեղային հարթություններում (առանցքներում) բաշխված է ոչ թե ընդհատ, այլ հավասարաչափ: Մ. կ. տեղի ունի, եթե մասնիկի արագության ուղղությամբ և բյուրեղային հարթությամբ (առանցքով) կազմված անկյունը փոքր է որոշակի կր կրիտիկական անկյունից (նկ. ), որը կախված է բյուրեղի պարամետրերից, մասնիկի լիցքից և էներգիայից: Կանալավորված դրական (բացասական) մասնիկների հետագծերն անցնում են միջուկներից ավելի մեծ (փոքր) հեռավորությամբ, քան չկանալավորված մասնիկներինը: Դա հանգեցնում է մի քանի կարևոր հետևանքների. 1. մասնիկների ատոմային և միջուկային երևույթները բյուրեղներում ուժեղ կախում են ցուցաբերում անկյունից: 2. Կանալավորված դրական մասնիկների իոնացման կորուստներն ավելի քիչ են, հետնաբար՝ վազքի երկարություններն ավելի մեծ, քան չկանալավորված կամ համապատասխան բացասական մասնիկներինը: 3. Կանալավորված բացասական մասնիկներն ավելի շատ բնութագրական ռենտգենյան ճառագայթներ են առաջացնում, քան չկանալավորված կամ համապատասխան դրական մասնիկները:
Տատանողական շարժման հետևանքով կանալավորված մասնիկներն առաջացնում են նոր տեսակի ճառագայթում, որի ինտենսիվությունը ռենտգենյան և -քվանտների հաճախականությունների որոշակի տիրույթում գերազանցում է արգելակման ճառագայթման ինտենսիվությանը: Նոր ճառագայթման բնույթը հեշտ կլինի հասկանալ, եթե դիտարկվի հաշվարկման այնպիսի համակարգում, որտեղ կանալավորված մասնիկի միջին արագությունը հավասար է զրոյի: Այդ համակարգից կանալավորված մասնիկը կդիտվի որպես դիպոլ, որն ունի իր դիպոլային ճառագայթումը: Լաբորատոր համակարգի անցնելիս, Դոպլերի էֆեկտի հետևանքով ճառագայթումը դառնում է կոշտ և խստորեն ուղղված դեպի առաջ:
Մ. կ–ման երևույթը կանխագուշակել է դեռես Յո. Շտարկը (1912), իսկ տեսականորեն «վերահայտնաբերվել» և փորձով դիտվել է 60-ական թթ.: Կանալավորված մասնիկների ճառագայթումը հայտնաբերվել է սովետական ֆիզիկոսների ջանքերով: Այդ երևույթն արդեն կիրառվում է պինդ մարմնի և բարձր էներգիայի մասնիկների ֆիզիկայում, իսկ կանալավորված էլեկտրոնների ճառագայթումը կարող է ծառայել -քվանտների ինտենսիվ փնջեր ստանալու աղբյուր:
ՄԱՍՆԻԿՆԵՐԻ ՑՐՈՒՄ, նյութի մասնիկների բախման պրոցես, որի հետևանքով փոխվում են դրանց վիճակները (առաձգական ցրում) կամ ծնվում այլ մասնիկներ (ոչ առաձգական ցրում): Մ. ց–ման փորձերը թույլ են տալիս ուսումնասիրել դրանց ներքին կառուցվածքը և փոխազդեցությունների հատկությունները: Այսպես, ծանր մետաղների ատոմներից –մասնիկների ցրման փորձերը (Է. Ռեզերֆորդ, 1911) հանգեցրին ատոմային միջուկների հայտնագործմանը: Բարձր էներգիայի տարրական Մ. ց–ման ժամանակակից փորձերը այդ մասնիկների հատկությունների մասին ստացվող ինֆորմացիայի հիմնական աղբյուրն են: Ցրման պրոցեսում չափվող հիմնական ֆիզիկական մեծությունը էֆեկտիվ լայնական կտրվածքն է: Տարրական մասնիկների միջուկների և ատոմների ցրումը տեղի է ունենում քվանտային տեսության օրենքների համաձայն: Ցրման ամեն մի պրոցեսի համապատասխանում է ցրման ամպլիտուդ կոչվող որոշակի կոմպլեքս մեծություն, որի մոդուլի քառակուսին համեմատական է կտրվածքին: Ցրման ամպլիտուդների հավաքածուն պրոցեսի սկզբնական և վերջնական տարբեր վիճակների համար կազմում է ցրման մատրից կամ –մատրից (Վ. Հայզենբերգ, 1943): Ցրման քվանտային տեսության հիմնական խնդիրը –մատրիցի տարրերի հաշվումն է այս կամ այն տեսակի փոխազդեցության համար: Ընդ որում էական են այն պահպանման օրենքները, որոնք տեղի ունեն տվյալ փոխազդեցության դեպքում: Բացի այդ, –մատրիցի վրա խիստ սահմանափակում է դնում նաև այն պայմանը, ըստ որի՝ տրված սկզբնական վիճակից տեղի ունեցող ցրման բոլոր հնարավոր պրոցեսների գումարային հավանականությունը պետք է հավասար լինի մեկի (ունիտարության պայման): Ոչ մեծ ինտենսիվության փոխազդեցության դեպքում –մատրիցը կարելի է հաշվել խոտորումների տեսությամբ՝ շարքի վերածելով այն ըստ տվյալ փոխազդեցությանը բնորոշ փոքր պարամետրի: Օրինակ, էլեկտրամագնիսական փոխազդեցության համար այդպիսի պարամետր է նուրբ կառուցվածքի հաստատունը' ≃1/137: Ուժեղ (միջուկային) փոխազդեցության դեպքում պետք է տարբերել մեծ և փոքր (ուժեղ փոխազդող մասնիկների բնութագրական չափերի համեմատությամբ) հեռավորությունների տիրույթներ: Անորոշությունների քվանտամեխանիկական առնչության համաձայն, ցրման ժամանակ այդ տիրույթներին համապատասխանում են իմպուլսի փոքր և մեծ փոխանցումներ: Իմպուլսի փոքր փոխանցումներով ուժեղ փոխազդող մասնիկների ցրման դեպքում բնութագրական փոքր պարամետրը բացակայում է, որ համապատասխանում է այդպիսի փոխազդեցության մեծ ինտենսիվությանը: Այդ տիրույթում ցրման ամպլիտուդները հաշվելու համար խոտորումների տեսությունը կիրառելի չէ, և տեսական վերլուծությունը, որպես կանոն, հիմնվում է ունիտարության պայմանի նման ընդհանուր սկզբունքների կիրառման և ամպլիտուդի՝ իբրև էներգիայի ու փոխանցված իմպուլսի ֆունկցիայի, անալիտիկ հատկությունների վերաբերյալ ենթադրությունների վրա: Ինչպես ցույց են տալիս վերջին տարիներին ստացված փորձարարական տվյալները, իմպուլսի մեծ փոխանցումների (փոքր հեռավորությունների) տիրույթում ուժեղ փոխազդեցության ինտենսիվությունը ասիմպտոտորեն նվազում է, և խոտորումների տեսության կիրառման հնարավորություն է առաջանում:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/273
Այս էջը սրբագրված չէ