վկայում են, որ միջնադարում այն եղել է նշանավոր բնակավայր: Գյուղի արլ. կողմում միջնադարյան գերեզմանոցն է և հնագույն մատուռի ավերակները, գերեզմանոցից արլ., գյուղի սահմանը կազմող բլրի լանջին, Մ–ի մեծ խաչքարն է (1223), հս–արմ. բարձունքի վրա պահպանվել են միջնադարյան ամրոցի ավերակները և հնագույն մատուռի տեղում կառուցված Ստեփանոս Նախավկայի եկեղեցին: Մ–ի տարածքում կան մի քանի մատուռներ: Հատկապես նշանավոր է Մ–ի Ս. Հովհաննես եկեղեցին՝ միջնադարյան Հայաստանի հնագույն ու ամենակատարյալ կառույցներից մեկը: Եկեղեցու աղոթասրահը քառանկյունի է (12 մ X 11,20 մ), անկյուններում ձգված հսկա տրոմպները այն վեր են ածում ութանկյան, երկրորդ շարք տրոմպները՝ տասնվեցանկյան, որի վրա բարձրացող թմբուկն ավարտվում է 16 փոքր տրոմպների շարքով, դառնալով գմբեթի հիմքը: Թմբուկը դրսից ութանիստ է, անկյունները հատված են եռանկյունաձև խորշերով: Գմբեթածածկ քառանկյունի ծավալի նիստերին կցված են խորաններ՝ ներսից պայտաձև, դրսից հնգանիստ: Արլ. խորանի երկու կողմում, խորանի ծավալից զգալի ցածր, փոքր սենյակներ են: Եկեղեցու վեղարը կոնաձև է, սալածածկ (նախնականը եղել է կղմինդրյա, կորագիծ նկարվածքով), ունի մուտքեր արմ. և հվ. խորաններից, ութ լուսամուտ թմբուկի, ինը՝ աղոթարանի ծավալի վրա: Մ–ի եկեղեցին բազմիցս վերանորոգվել է, հատկապես մեծ վերանորոգում է եղել VII դ.: Եկեղեցու նախնական շարվածքը իրականացված է շագանակամանուշակագույն մեծ չափերի քարերով (շարքի բարձր.՝ 0,62 մ – 0,77 մ), վերանորոգվել է նարնջադեղնավուն ոչ մեծ չափի քարերով (շարքի բարձր.՝ 0,47 մ – 0,60 մ): Մ–ի եկեղեցին վերանորոգվել է նաև X-XIII դ.: XVIII դ. եկեղեցին շրջապատված է եղել բարձր պարիսպներով, որը 1889-ին գյուղի քահանան քանդել է տվել և վերանորոգել հուշարձանը (արձանագրությունը ավագ խորանի հվ. մույթի սվաղի վրա է): Եկեղեցու վրա պահպանվել են ոմն Գրիգորաս վանականի երեք արձանագրությունները, որոնցում նա իրեն անվանում է եկեղեցու շինող: Արձանագրությունները թվագրված են VII դ., ըստ որի թվագրվել է նաև եկեղեցին: Սակայն Մ–ի եկեղեցու ուսումնասիրությամբ պարզվել է, որ հիշյալ արձանագրությունները վերաբերում են նրա VII դ. վերանորոգմանը, և որ այն կառուցվել է V դ., որի ապացույցն են ճարտ. խիստ արխաիկ հատկանիշները՝ պատերի մեծ հաստությունը (1,30 մ), խորանների, կամարների ու գմբեթի պայտաձևությունը, նախնական քարերի մեծ չափերը, անկյունային սենյակների մուտքերի բարավորների հավասարաթև արխաիկ խաչերը, քերովբեների գծաքանդակները, արմ. ճակատի խաչքանդակը զույգ թռչուններով, կամարակապ պսակն ավարտող աղավնիների բարձրաքանդակները ևն, որոնք բնորոշ են IV-V դդ.: Այս թվագրումը հաստատում է նաև հուշարձանի հնագույն շարքի վրա պահված հուն. արձանագրությունը: Եկեղեցու թվագրման վերաբերյալ կան նաև այլ տեսակետներ (VI դ., VII դ.):
Մ–ի եկեղեցին բացառիկ է իր ներսի տարածության լուծմամբ, առավել ամբողջական է, ընդարձակ, գմբեթի և ցածի ծավալների կատարյալ հավասարակշռությունը աղոթարանի կերպարին հաղորդում է վեհ անդորրություն, իսկ լայնաթոիչք գմբեթն ու այն կրող զորեղ տրոմպները՝ հզորություն և առնականություն: Մ–ի եկեդեցու կառուցվածքը պլաստիկ մակերեսներով ստեղծված մոնոլիտ համակարգ է՝ իրականացված քարով, աշխատում է որպես շրջված զանգ, որի ծանրության կենտրոնը բարձրության -ի վրա է: Կառուցվածքի այս համակարգով է պայմանավորված եկեղեցու բացառիկ կայունությունն ու սեյսմակայունությունը, որը միաժամանակ նրա գեղարվեստական արտահայտչականության հիմնական միջոցն է: Մաստարայատիպ են Ոսկեպարի (VI դ.), Արթիկի Մեծ (VII դ.), Հառիճավանքի (VII դ.) և Կարսի Առաքելոց (X դ.) եկեղեցիները:
Պատկերազարդումը տես 288-րդ էջից հետո՝ ներդիրում:
Գրկ. Հովսեփյան Գ., Գրչության արվեստը հին հայոց մեջ, մաս 3, Վաղ–պատ, 1913: Թորամանյան Թ. Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, (հ.) 1-2, Ե., 1942-48: Токарский Η. Μ, Архитектура Армении ΙV–XIV вв, Е., 1961; Еремян А., О взаимоотношениях армянской и византийской архитектуры IV-VII вв., Е, 1978; Strzygowski J., Die Baukunst der Armenier und Europa.., t. 1-2, Wienn, 1918.
ՄԱՍՏՈԴՈՆՏ (< հուն. μαστός – կրծքապտուկ և όδοΰς, սեռական հոլովում՝ όδόντος – ատամ), կնճիթավորների կարգի անհետացած կաթնասունների մեծ յուրահատուկ խումբ: Մ–ները ապրել են ուշ պալեոգենում–անթրոպոգենում: Եվրոպայում և Ասիայում մահացել են նեոգենի վերջում, Աֆրիկայում և Հյուսիսային Ամերիկայում՝ անթրոպոգենում: Բարձրությունը 1,5–3,2 մ է: Մ–ները եղել են ելունդաատամնավոր, որոնց մոտ ատամնապսակները կազմված էին առանձին կրծքապտուկանման ելուստներից (այստեղից էլ՝ անվանումը), և կատարատամնավոր, որոնց ատամների վրա գտնվող թմբիկները առաջացրել էին լայնակի կատարներ: Հին Մ–ները ունեին մեկական զույգ ժանիք վերին և ստորին ծնոտներում, ավելի ուշ ձևերը՝ մեկ զույգ ժանիք վերին ծնոտում: Մ–ները պատկանել են տարբեր էկոլոգիական տիպերի (սնվել են ճահիճներում, անտառներում, անտառատափաստաններում ևն): Մ–ների մնացորդները ՍՍՀՄ–ում հայտնաբերված են Ղազախստանում, Միջին Ասիայում, եվրոպական
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/276
Այս էջը սրբագրված չէ