պատճենահանումը, բ. ձեռագիր հուշարձանների հավաքումը, գ. հայերեն ձեռագրերի մայր ցուցակի կազմումը, դ. կարևորագույն բնագրերի, ինչպես նաև հայկ. մանրանկարչության հուշարձանների ուսումնասիրությունն ու հրապարակումը, ե. համաշխարհային նշանակություն ունեցող միջնադարյան հայկ. աղբյուրները ռուս. և եվրոպական լեզուներով հրատարակելը, զ. գիտահանրամատչելի գրքույկների միջոցով հայ ժողովրդի ձեռագրական մշակույթի արժեքավոր կոթողների մասսայականացումը:
Սովետական կարգերի առաջին տասնամյակներում Մ–ի հիմնական հավաքածուն համալրվում է Վասպուրականից և Տարոնից բերված, Սովետական Միության տարածքում գտնվող հայկ. վանքերից ու եկեղեցիներից հավաքված, Մոսկվայի Լազարյան ճեմարանից, Թիֆլիսի հայոց ազգագրական ընկերությունից ու Ներսիսյան դպրոցից, Նոր Նախիջևանից, Նոր Բայազետից, Կարինի Ներսեսյան դպրոցից, Թավրիզի առաջնորդարանից, Դարաշամբից (մինչև 1946-ը՝ գյուղ Իրանի Մակու գավառում), Երևանի պետ. թանգարանից և այլ վայրերից ստացված, ինչպես նաև զանազան անհատների նվիրած կամ վաճառած ձեռագրերով, որոնք ցուցակագրվում ու նկարագրվում են, կազմվում են տարբեր բնագավառների (պատմագիտություն, գեղարվեստական գրականություն, փիլիսոփայություն, բժշկագիտություն ևն) ժամանակագրական ցանկեր, ուղեցույցներ, օժանդակ քարտարաններ: Ավելի ուշ՝ 1965–70-ին հրապարակվում է Մ–ի ձեռագրերի համառոտ ցուցակը՝ 2 հատորով: 1959-ից մինչև այսօր լույս է ընծայվել ավելի քան 100 անուն գիրք:
Մ–ի ծրագրերում ուրույն տեղ են տրվում «Պատմագիրք Հայոց» մատենաշարի գծով տարվող աշխատանքներին, լույս են տեսել Եղիշեի, Սեբեոսի, Արիստակես Լաստիվերտցու, Կիրակոս Գանձակեցու պատմությունների գիտա–քննական բնագրերը: Պատմական կարևոր սկզբնաղբյուր են հանդիսանում նան հայկ. ձեռագրերի հիշատակարանները, որոնք հրատարակվում են ըստ դարերի: Հայաստանի և հարևան երկրների, ինչպես նաև հայկ. գաղթավայրերի պատմության ուսումնասիրության համար եզակի արժեք են ներկայացնում Մ–ի դիվանում պահվող բազմահազար փաստաթղթերը: Հրատարակվել են պարսկ. հրովարտակների, կալվածագրերի մի քանի ժողովածուներ, Կամենեց–Պոդոլսկի հայկ. դատարանի արձանագրությունները, որոնք արժեքավոր տեղեկություններ են պարունակում լեհահայ գաղութի պատմության ուսումնասիրման համար:
Առաջընթաց է կատարվել հայ փիլիսոփայական հուշարձանների ուսումնասիրման և հրապարակման գործում: Դրանցից շատերն ունեցել են նան զուգահեռ ռուս. թարգմանություն (Դավիթ Անհաղթ, Վահրամ Րաբունի, Անանուն Մեկնիչ): Ուշադրության կենտրոնում են միջնադարյան հայ իրավունքի եզակի հուշարձանները, հրապարակված են Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» և «Աստրախանի հայոց դատաստանագրքի» քննական բնագրերը: Միջնադարյան գեղարվեստական գրականության բնագրերից տպագրվել են Գրիգոր Տղայի, Հովհաննես Երզնկացու, Պաղտասար Դպիրի, Նաղաշ Հովնաթանի և այլ տաղերգուների ժառանգությունները, Խիկար Իմաստունի խրատները: Ուսումնասիրվում են նաև միջնադարյան հայկ. բնագիտական հուշարձանները, հրապարակի վրա են Անանիա Շիրակացու, Մխիթար Հերացու, Գրիգորիսի, Աբու Սաիդի երկերը:
Միջնադարյան հայ տնտ. մտքի ուսումնասիրության համար սկզբնաղբյուրային նշանակություն ունեն XVI–XVIII դդ. ստեղծված առևտրական ձեռնարկներն ու հաշվեմատյանները: Այս հուշարձանները ծրագրված է հրատարակել «Տնտեսական պատմության վավերագրեր» նոր մատենաշարով: Զգալի աշխատանք է տարվում մանրանկարչական հուշարձանները հետազոտելու և հրատարակելու համար: Լույս են տեսել «Հայկական մանրանկարչություն» (1967), «Արհեստներն ու կենցաղը հայկական մանրանկարներում» (1972), Վասպուրականի մանրանկարչություն և այլ ալբոմներ: Մ–ի գրապահոցներում պահվում է հայ երաժշտական արվեստի հարուստ ժառանգություն, ջանքեր են գործադրվում լուծելու խազերի թնջուկը: Ուրույն տեղ է հատկացված հայկ. կարևորագույն ձեռագրական հուշարձանների ռուս. թարգմանությանը, որոնց գգալի մասը տպագրվում է Մոսկվայում՝ ՍՍՀՄ ԳԱ «Արևելքի մատենագրության հուշարձաններ» մատենաշարով (Կորյուն, Դավիթ Անհաղթ, Անանիա Շիրակացի, Արիստակես Լաստիվերտցի, Առաքել Դավրիժեցի): Հայ մատենագիրների երկերի և հնատիպ հրատարակությունների եզակի նմուշները հանրային սեփականություն դարձնելու նպատակով հրապարակված են Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստասիրութեան» 1280-ի ձեռագրի, ինչպես նաև «Ուրբաթագրքի», «Տաղարանի» և «Ազդարարի» նմանահանությունները: 1941-ից հրատարակվում է «Բանբեր Մատենադարանի» աշխատությունների ժողովածուն:
Մ. սերտ կապերի մեջ է ձեռագրական մշակույթի խնդիրներով զբաղվող սովետական և արտասահմանյան գիտական ու թանգարանային հաստատությունների հետ, կատարում է գրքերի ու մանրաժապավենների փոխանակում:
Մատենադարանը այսօր դարձել է նաև տեսարժան վայր, ամեն տարի հազարավոր հայ և օտարազգի հյուրեր այցելում են Մ. և ծանոթանում հայ ժողովրդի հոգևոր մշակույթի եզակի նմուշներին:
Մ–ի հեղինակության աճը մեծապես նպաստում է նաև ձեռագրերի հավաքչական աշխատանքներին. Սովետական Միության տարբեր վայրերում և արտասահմանյան երկրներում ապրող հայերը նվիրում են իրենց մոտ պահվող հայ ձեռագրական մշակույթի մասունքները, իսկ երբեմն՝ նաև օտարալեզու գրչագրեր (Հ. Հազարյանը՝ Նյու Յորքից, նվիրել է 397, Վ. Սալաթյանը՝ Դամասկոսից՝ 150, Ռ. Մարկոսյանը՝ Փարիզից՝ 37 ձեոագիր, իսկ մեկ կամ երկու ձեռագիր նվիրողների անունները հարյուրների են հասնում): Մ–ում հավաքված է աշխարհում առկա ավելի քան 25.000 հայերեն ձեռագրերի մոտ կեսը: Դրանք V–XVIII դդ. հայ պատմիչների, փիլիսոփաների, աստվածաբանների, բանաստեղծների, մաթեմատիկոսների, բժիշկների երկերն են, ինչպես նաև հին աշխարհի և միջնադարի հույն, ասորի և այլազգի հեղինակների ստեղծագործությունների թարգմանությունները, այդ թվում նաև միայն հայերեն թարգմանությամբ պահպանված մի շարք կարևոր հուշարձաններ: Մ–ի ձեռագրերի ընդհանուր թիվը առ 1981-ի հունվարը 16.089 միավոր էր, որից 13.623-ը՝ հայերեն, իսկ 2.466-ը՝ օտար լեզուներով:
Մ–ի շենքը (նախագծվել ն կառուցվել է 1944–57-ին, ճարտ. Մ. Գրիգորյան) ունի քաղաքաշինական կարևոր դիրք, տեղադրված է Երևանի կենտրոնի հս–ում բարձրացող սարահարթի լանջին, Լենինի պողոտայի առանցքով և եզրափակում է նրա հեռանկարը: Կառուցված է բազալտ քարից, ներսում օգտագործված են տարբեր մարմարներ:
Շենքում կան անհրաժեշտ սարքավորումներով գրապահոցներ, աշխատասենյակներ, սրահներ, դահլիճներ ևն: Մ–ի նշանակությունը պայմանավորել է շենքի ճարտարապետությունը: Այն արտաքուստ լուծված է հայ ճարտ–յանը բնորոշ ձևերի մշակումով, իսկ ներքին տարածություններում մեծ չափով կիրառված են հայ միջնադարյան ճարտ. ձևերն ու լուծումները: Մ–ում կիրառված արվեստների սինթեզը բացահայտում և որոշակի է դարձնում ճարտարապետության բովանդակությունը: Գլխավոր ճակատի խորշերի միջապատերի առջև հայ միջնադարյան գրականության, արվեստի, գիտության մեծ գործիչների՝ Մովսես Խորենացու (քանդակագործ՝ Ե. Վարդանյան, 1965), Թորոս Ռոսլինի (քանդակագործ՝ Ա. Շահինյան, 1967), Գրիգոր Տաթևացու (քանդակագործ՝ Ա. Գրիգորյան, 1967), Անանիա Շիրակացու (քանդակագործ՝ Գ. Բադալյան, 1963), Մխիթար Գոշի (քանդակագործ՝ Ղ. Չուբարյան, 1967), Ֆրիկի (քանդակագործ՝ Ս. Նազարյան, 1967) բազալտե արձաններն են, իսկ դրանցից ցած՝ փոքրիկ հրապարակում՝ Մեսրոպ Մաշտոցի արձանախումբը (քանդակագործ՝ Ղ. Չուբարյան, 1962-ին՝ գիպսից, 1967-ին՝ բազալտից): Բակի աջ և ձախ կողմերի կամարակապ սրահներում ցուցադրված են հայ ճարտարապետության հուշարձանների մանրամասներ, խաչքարեր: Շենքի նախասրահում «Ավարայրի ճակատամարտը» խճանկարն է (1956-60), իսկ գլխավոր աստիճանատան պատերին՝ «Հայոց պատմություն» եռամաս որմնանկարը (1956-59. երկուսն էլ՝ նկարիչ Հ. Խաչատրյան): Մ. 1978-ից ընդարձակվում է. հս. լեռան մեջ կառուցվում են գրապահոցներ, որոնք թունելով կմիանան հիմնական շենքին:
Պատկերազարդումը տես 368–369-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ III:
Գրկ. Մայր ցուցակ ձեռագիր մատենից գրադարանի սրբոյ աթոռոյն Էջմիածնի, Թ., 1863: Խաչիկյան Լ., Մատենադարանը անցյալում և սովետական իշխանության տարիներին, «ԲՄ», հ. 4, 1958: Նույնի, Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր գիտա–հետազոտական ինստիտուտ «Մատենադարանը»,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/285
Այս էջը սրբագրված չէ