«ՄԱՏԵՐԻԱԼԻԶՄ ԵՎ ԷՄՊԻՐԻՈԿՐԻՏԻՑԻԶՄ»: «Քննադատական նոթեր մի ռեակցիոն փիլիսոփայության մասին», Վ. Ի. Լենինի գլխավոր փիլիսոփայական երկը: Գրվել է 1905-07-ի հեղափոխության պարտությունից հետո, ռեակցիայի տարիներին, հրատարակվել 1909-ի մայիսին: «Մ. և է.» ստեղծվել է մարքսիզմի փիլիսոփայությունը ռևիզիոնիզմի հարձակումներից պաշտպանելու, էմպիրիոկրիտիցիզմի (տես նաև Մախիզմ) և զանազան այլ փիլիսոփայական ուսմունքների (նեոկանտականություն, պրագմատիզմ, իմանենտ փիլիսոփայություն ևն) կրոնաիդեալիստական բնույթը բացահայտելու, կուսակցության առջև ծառացած արմատական փիլիսոփայական հարցերը լուծելու նպատակով: Այդ երկում Լենինը մշակել է մարքսիստական կուսակցության փիլ., տեսական հիմքերը: Լենինը, զարգացնելով մատերիալիզմի դրույթները, տվեց մատերիայի դասական սահմանումը (Երկ., հ. 14, էջ 161), որը իդեալիզմի դեմ պայքարի ողջ պատմության ու բնագիտական նվաճումների ընդհանրացումը եղավ: «Մ. և է.» երկում հետագա զարգացում ստացավ փիլիսոփայության հիմնական հարցը: Լենինը, ընդգծելով մատերիայի առաջնայնությունը, ցույց տվեց, որ կեցության ու մտածողության հակադրությունը սահմանափակվում է «հիմնական իմացաբանական հարցի» շրջանակներով, որ այդ սահմաններից դուրս «… տվյալ հակադրության հարաբերականությունն անտարակուսելի է» (նույն տեղում, էջ 186): «Մ. և է.» երկում որակական նոր աստիճանի բարձրացվեց մարքսիստական իմացաբանությունը: Նա փիլիսոփայության ոլորտը մուծեց արտացոլման հասկացությունը, ընդգծելով, որ մատերիայի հիմքում ընկած է «զգայության նման հատկություն, արտացոլման հատկություն» (նույն տեղում, էջ 109), նշելով հոգեկանի, գիտակցության երկրորդայնությունը, ընդգծեց, որ մտածողությունը, գիտակցությունը իրականության արտացոլումն է: Լենինը, ստեղծագործորեն կիրառելով դիալեկտիկան, զարգացրեց ճշմարտության մասին մարքսիստական ուսմունքը: Նշելով գիտության և պրակտիկայի անխզելի կապը՝ նա ցույց տվեց պրակտիկայի դերը գիտելիքի օբյեկտիվությունը որոշելու հարցում:
Լենինն ուշադրությունը բևեռեց նաև փիլիսոփայության և գիտության փոխհարաբերության հարցին: Հետազոտելով XIX–XX դդ. սահմանագծի բնագիտության մեջ, հատկապես ֆիզիկայում, աեղի ունեցած հեղաշրջումը, նշեց նախկին մատերիալիզմի սահմանափակությունները, դիալեկտիկական մատերիալիզմի մեթոդաբանական նշանակությունը նորագույն հայտնագործությունների մեկնաբանման հարցում: Բնութագրելով ֆիզիկայի ճգնաժամի էությունը՝ Լենինը բացահայտեց ֆիզիկական իդեալիզմի և ֆիզիոլոգիական իդեալիզմի դասակարգային ու իմացաբանական արմատները, բնագիտության զարգացման բարդ, դիալեկտիկական ուղին: Լենինը ցույց տվեց, որ մարքսիզմը հետևում է փիլ. լավագույն ավանդույթներին, կատեգորիաների ներքին զարգացման տրամաբանությանը և պահպանում ու ամրապնդում է կապը զարգացող գիտության հետ՝ օգտագործելով նրա փորձը իր կատեգորիաները նոր բովանդակությամբ հարստացնելու և զարգացնելու համար: Այդ պատճառով է, որ դիալեկտիկական մատերիալիզմը պահպանում է արդի գիտության զարգացման միտումներին համապատասխանող մեթոդաբանական նշանակությունը:
«Մ. և է.» երկում Լենինը համակողմանիորեն քննարկեց մատերիայի ու նրա շարժման ձևերի բազմազանության հարցը, տարածության և ժամանակի կատեգորիաները, պատճառականության սկզբունքը ևն: Լենինը հարստացրեց կուսակցականության սկզբունքը, մատնանշեց, որ փիլիսոփայությունը հակամարտ հասարակության մեջ դրսևորվում է մատերիալիզմի ու իդեալիզմի պայքարում: Լենինը, բացահայտելով հասարակական երևույթների մախիստական բացատրությունների սնանկությունը, հասարակության վերաբերյալ կենսաբանական և էներգետիկական ուսմունքների հետադիմական բնույթը՝ զարգացրեց պատմական մատերիալիզմը: Մախիստները այդ ուսմունքներով փորձում էին սքողել կապիտալիզմի խոցերը, դասակարգային հակամարտության էությունը: Լենինը միաժամանակ ցույց տվեց, որ մարքսիզմը մարտնչող ուսմունք է հասարակության հեղափոխական վերափոխման մասին և արտահայտում է պրոլետարիատի ու աշխատավոր զանգվածների արմատական շահերը: «Մ. և է.» երկը կոմունիստական ու բանվորական կուսակցությունների մարտական զենքն է բուրժուական գաղափարախոսության դեմ մղվող պայքարում: Այն ստեղծագործական մարքսիզմի վառ օրինակ է, որը նոր մակարդակի բարձրացրեց մարքսիզմի փիլիսոփայությունը և այսօր էլ շարունակում է ծառայել մարքսիստական գիտական աշխարհայացքի ձևավորմանը:
Լենինի «Մ. և է.» երկը հայերեն աոաջին անգամ առանձին գրքով հրատարակվել է 1939-ին: Առ 1-ը հունվարի 1981 հրատարակվել է ևս 5 անգամ:
Գրկ. Иовчук М. Т., Ленинизм, философские традиции и современность, М., 1970; Кедров Б. М., Как изучать книгу В. И, Ленина «Материализм и эмпириокритицизм», М., 1972.
ՄԱՏԵՐԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԴԻԱԼԵԿՏԻԿԱ, տես Դիալեկտիկա, Դիալեկտիկական մատերիալիզմ:
ՄԱՏԹԵՈՍ Ա ԿՈՍՏԱՆԴՆՈԻՊՈԼՍԵՑԻ, Չուխաճյան (1802, Կ. Պոլիս – 22.8. 1865, Էջմիածին), Հայոց կաթողիկոս 1858-ից: 1835-ին ընտրվել է Բուրսայի թեմի, 1841-ին՝ Զմյուռնիայի թեմի առաջնորդ, 1844-48-ին եղել Կ. Պոլսի հայոց պատրիարք: Նպաստել է Կ. Պոլսի և Զմյուռնիայի հայ գաղթավայրերի կրթական և գրական կյանքի աշխուժացմանը: 1845-ին վերաբացել է Կ. Պոլսի Սկյուտարի ճեմարանը: Ունեցել է ռուս. կողմնորոշում: Պայքարել է հայերի մեջ բողոքականության տարածման դեմ: Ընտրվելով Հայոց կաթողիկոս՝ փորձել է վերանայել 1836-ի «Պոլոժենիե»-ն: 1861-ին հաստատել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի, ապա՝ թեմական դպրոցների կանոնադրությունները, նպաստել կրթության աշխարհականացմանը: Օժանդակել է Էջմիածնի ձեռագրերի ցուցակագրմանը: Գրել է հայոց եկեղեցու ինքնուրույնությունը պաշտպանող կրոնա–եկեղեցական աշխատություններ:
ՄԱՏԹԵՈՍ Բ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻ, Իզմիրլյան (1845, Կ. Պոլիս – 1910, Էջմիածին), Հայոց կաթողիկոս 1908-ից: 1869-ին նշանակվել է Մկրտիչ Խրիմյանի անձնական քարտուղար, 1872-ին ընտրվել Կ. Պոլսի կրոնական ժողովի անդամ և ատենապետ, 1886-90-ին եղել Եգիպտոսի հայ թեմի առաջնորդ: 1894-96-ին և 1908-ին՝ Կ. Պոլսի հայոց պատրիարք: Պայքարել է Արևմտյան Հայաստանում քաղ. բարենորոգումներ անցկացնելու համար, բողոքել 1894-96-ի հայկ. ջարդերի դեմ: 1896-ին աքսորվել է Երուսաղեմ (ազատվել է երիտթուրքերի հեղաշրջումից հետո՝ 1908-ին): Ընտրվելով կաթողիկոս Էջմիածին է ժամանել 1909-ի հուլիսին՝ գահակալելով ընդամենը մեկ տարի: Գրել է Էջմիածնի ընդհանրական իրավունքները պաշտպանող կրոնական աշխատություններ:
ՄԱՏԹԵՈՍ ԾԱՐԵՑԻ (1590-ական թթ., Արցախի Ծար գավառ – 1661, Ամստերդամ), Ամստերդամի հայկական տպագրության հիմնադիր, սարկավագ, Փիլիպոս Աղբակեցի կաթողիկոսի նոտարը (Էջմիածին): Հակոբ Ջուղայեցին ընտրվելով կաթողիկոս (1655)՝ Զմյուռնիայում գտնվող Մ. Ծ–ուն հանձնարարում է մեկնել Իտալիա՝ տպարան հիմնելու և հայերեն գրքեր տպագրելու համար: Իտալիայում իշխող կաթոլիկական գրաքննության պատճառով հաջողության չհասնելով՝ Մ. Ծ. մեկնում է Հոլանդիա, և 1658-ին Էլզեվիրների նշանավոր տպագրատան գրաձուլիչ, գերմանացի վարպետ Քրիստոֆել ֆոն Դիկին (հոլանդերեն՝ Վան Դեյկ) պատվիրում է հայերեն տպատառեր՝ ըստ Մովսես Տաթևացի կաթողիկոսից ստացած տառանմուշների: Ստանալով նորաձույլ տպատառերի մի մասը՝ 1660-ին իր սարքավորած տպարանում Մ. Ծ., որպես փորձ, սկսում է տպագրել Ներսես Շնորհալու «Յիսուս որդի»-ն: Նյութական դժվարությունների պատճառով տպարանը ընկնում է փակվելու վտանգի տակ, բայց օգնության է հասնում Ամստերդամում գտնվող նորջուղայեցի վաճառական Ավետիս Ղլիճենցը (Ոսկան Երևանցու եղբայրը), պայմանով, որ տպարանը կոչվի Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի անվ.: «Յիսուս որդու» տպագրությունը չավարտած՝ Մ. Ծ. վախճանվում է: Գրքի տպագրությունը շարունակում է Ա. Ղլիճենցը և ավարտում 1661-ի մայիսին՝ վերջում դնելով Մ. Ծ–ու և իր հիշատակարանները: Ասավածաշնչի տպագրությունը (1666-68) իրագործում է Ամստերդամի հայկ. տպարանի տնօրեն դարձած Ոսկան Երևանցին:
Գրկ. Ներսես Շնորհալի, Յիսուս որդի, Ամստերդամ, 1660-1661, Հիշատակարան: Սարուխան Ա., Հոլլանդան և հայերը ԺԶ–ԺԹ դարերում, Վնն., 1926: Լևոնյան Գ., Հայ գիրքը և տպագրական արվեստը, Ե., 1958: Իշխանյան Ռ., Հայ գրքի պատմություն, հ. 1, Ե., 1977, էջ 408-419:
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/288
Այս էջը սրբագրված չէ