30 ՂԱՐԱՔՅՈՅ
մոտ, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։
Օգտվելով այն հանգամանքից, որ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունից հետո ռուս. բանակը հեռացավ Կովկասյան ռազմաճակատից, թուրքերը խախտեցին Անդրկովկասյան կոմիսարիատի հետ կնքված (1917-ի դեկտ․ 5) զինադադարը և խուժեցին Արևմտյան Հայաստան ու Անդրկովկաս։ Չհանդիպելով լուրջ դիմադրության՝ թուրք. զորքը 1918-ի սկզբին գրավեց Երզնկան, Էրզրումը, Սարիղամիշը, Կարսը և մայիսի 15-ին մտավ Ալեքսանդրապոլ։ Նահանջող հայկ․ զորքի (հրամանատար՝ գեն․ Թ․ Նազարբեկով) հետ գաղթում էին տասնյակ հազարավոր արևմտահայեր, որոնց անվտանգությունն ապահովում էր Անդրանիկի զորամասը։ Գրավելով Ալեքսանդրապոլը և հենակետ դարձնելով՝ թուրք. զորքի մի մասը շարժվեց դեպի Երևան, մյուսը՝ Ղարաքիլիսա։ Ղարաքիլիսայում գեն․ Նազարբեկովն ուներ 6 հզ․ զինվոր, 70 հրանոթ և մոտ 20 գնդացիր, իսկ թուրքերը՝ 10 հզ․ զինվոր, 70 հրանոթ և 40 գնդացիր։ Մարտերին մասնակցում էր նաև Դիլիջանի և Փամբակի գյուղացիությունը։ Հայկ․ զորքը հիմնական հարվածները թուրքերին հասցնում էր Ղշլաղ գյուղի մոտ, Բզովդալի մատույցներում, Մայմեխի լանջերին։ Չորս օր շարունակ հայկ․ զորքը համառ մարտեր մղեց թուրք. գերակշռող ուժերի դեմ և երեք անգամ նրանց ստիպեց նահանջել դեպի Համամլու (այժմ՝ Սպիտակ)։ Սպանված, վիրավորված և գերի ընկած հայերի թիվը կազմում էր մոտ 2500։ Մեծ էին նաև թուրքերի կորուստները։ Թուրք. զորքը համալրում ստացավ Ալեքսանդրապոլից, և հայկ․ զորքը ստիպված մայիսի 28-ին նահանջեց դեպի Դիլիջան։ Փամբակի գյուղերը ենթարկվեցին կոտորածի և ավերի։ Կոտորածներ տեղի ունեցան նաև Ղարաքիլիսայում, Համամլուում, Հաջիղարայում, Ղշլաղում և այլուր։ Սարդարապատի (տես Սարդարապատի ճակատամարտ 1918) և Ղարաքիլիսայի հերոսական մարտերի շնորհիվ կոտորածից փրկվեց Երևանի, Արարատյան դաշտի և Սևանի ավազանի բնակչությունը։ Պատերազմն ավարտվեց 1918-ի հունիսի 4-ի հայ–թուրքական պայմանագրով (տես Բաթումի պայմանագիր 1918)։
Գրկ. Հայ ժողովրդի պատմություն, հ․ 7, Ե․, 1967։
ՂԱՐԱՔՅՈՅ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դութաղի գավառում։ 1909-ին ուներ 15 ընտանիք հայ բն․, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ղ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ Եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։
ՂԱՐԻԲՅԱՆ Ազատ Թորգոմի (ծն․ 5․3․ 1923, Երևան), հայ սովետական բալետի արտիստ, բալետմայստեր։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1981)։ ՍՄԿԿ անդամ 1951-ից։ Ավարտել է Երևանի (1940) և Լենինգրադի (1947) պարարվեստի ուսումնարանները։ 1939-ից՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի արտիստ, 1947-ից՝ բալետմայստեր։ Լավագույն դերապարերից են՝ Բազիլ (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Կարեն (Խաչատրյանի «Գայանե»), բեմադրություններից՝ Սակիլարիի «Մոյդոդիր» (1963), Գ․ Հախինյանի «Ախթամար», «Լոռեցի Սաքոն» (երկուսն էլ՝ 1965-ին)։ 1966-ից եղել է Հայաստանի պարի պետ․ անսամբլի գեղ․ ղեկավարը և գլխավոր բալետմայստերը, 1968-ից՝ Հայկ․ ժող․ երգի պարի վաստ․ անսամբլի գլխավոր բալետմայստերը։ 1952-ին հիմնադրել և ղեկավարում է Երևանի կաբելի գործարանի ժող․ պարի անսամբլը։ Հեղինակ է «Հայկական ժողովրդական պարեր» աշխատության (1956)։
ՂԱՐԻԲՅԱՆ Արամ Սերոբի (ծն․ 23․5․ 1911, Սղերդ), հայ սովետական նկարիչ և քանդակագործ։ 1933–37-ին սովորել է Բուխարեստի գեղարվեստի դպրոցում։ Վաղ շրջանի գեղանկարչական մի շարք աշխատանքներ տեղ են գտել Գ․ Զամպաքճյանի հավաքածուում։ 1946-ին ներգաղթել է Սովետական Հայաստան։ Աշխատում է գեղանկարչության և քանդակագործության ասպարեզում։ Լավագույն գործերից են՝ «Ինքնադիմանկար» (1947), «Երևանի բնապատկերներ» (1948), «Նատյուրմորտ․ բանջարեղեն» (1956), «Խաղաղություն» (գիպս, I960), «Մայրը և երեխան» (գիպս, 1962), «Կոմիտաս» (մարմար, 1969)։ 1947-ից մասնակցում է հանրապետական, համամիութենական, միջազգային ցուցահանդեսների։
ՂԱՐԻԲՅԱՆ Արարատ Սահակի [27․1․1899, գ․ Դարղալու (այժմ՝ ՀՍՍՀ Արտաշատի շրջան, գ․ Այգեզարդ) – 1․3․1977, Երևան], հայ սովետական լեզվաբան։ Բան․ գիտ․ դ–ր, պրոֆեսոր (1940), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1960), գիտ․ վաստ․ գործիչ (1954)։ 1927-ին ավարտել է Երևանի համալսարանը։ 1929–48-ին դասախոսել է նույն համալսարանում, միաժամանակ նաև Բաքվի, Թբիլիսիի և Լենինականի մանկավարժական ինստ–ներում, իսկ 1934–77-ին՝ Խ․ Աբովյանի անվ․ մանկավարժական ինստ–ում, որտեղ կազմակերպել է (1934) հայոց լեզվի ամբիոն և այն գլխավորել մինչև 1960-ը։ 1943–50-ին և 1956–62-ին ՀՍՍՀ ԳԱ լեզվի ինստ–ի դիրեկտորն էր, 1962-ից՝ հիմնակազմ գրադարանի դիրեկտորը։ 1955–67-ին ղեկավարել է ՀՍՍՀ ԳԱ լեզվի, գրականության, արվեստի՝ գիտական աստիճաններ շնորհող միացյալ գիտխորհուրդը։
Ղ–ի գիտական աշխատանքները վերաբերում են հայոց լեզվի պատմությանը, հայ բարբառագիտությանը, ժամանակակից հայերենի կառուցվածքային իրողություններին, բառարանագրությանը, հայոց լեզվի դասավանդման մեթոդիկային և այլն։ Հայոց լեզվի պատմության բնագավառում առաջին շրջանում Ղ–ի կատարած գիտահետազոտական աշխատանքների ամփոփումն է «Հայոց լեզվի պատմության ուսումնասիրության ներածություն» (1937) աշխատությունը, որտեղ հեղինակն անդրադառնում է հայ ժողովրդի ու նրա լեզվի ծագմանը, ապա, ըստ իր ընդունած շրջաբաժանման, հիմնական գծերով բնութագրում է գրաբարը, միջին հայերենը, աշխարհաբարն իր արլ․ ու արմ․ ճյուղավորումներով, ինչպես նաև մինչ այդ գիտությանը հայտնի հայերենի բարբառները։ Այստեղ (ինչպես և այլ աշխատություններում) ակնհայտորեն զգացվում է Ն․ Յա․ Մառի լեզվի «նոր ուսմունքի» որոշ ծայրահեղ դպրոցների ազդեցությունը, ապա և դրանից բխող ժխտողական վերաբերմունքը դասական և հատկապես պատմահամեմատական լեզվաբանության հանդեպ։ Հետագայում Ղ․ ձգտել է վերանայել իր դիրքը և առանձին հոդվածներում դիմել նաև պատմահամեմատական մեթոդին։
Հայ բարբառագիտության բնագավառում Ղ–ին առավելապես հետաքրքրել են բարբառների դասակարգման, նյութի վերհանման ու գիտական նկարագրման խնդիրները։ «Հայերեն բարբառների մի նոր ճյուղ» (1939) ուսումնասիրությամբ նա հիմնավորել է բարբառների ձևաբանական դասակարգման գիտականությունը՝ միաժամանակ մինչ այդ ընդունված 3 ճյուղերին ավելացնելով չորրորդ՝ «ս» ճյուղը, տվել այդ ճյուղի 6 բարբառների համառոտ նկարագիրը (հետագայում դրանց թիվն ընդլայնվել է)։ 1950-ական թթ․ սկզբներին առաջ է քաշել բարբառների տիպաբանական դասակարգման հարցը՝ ընդունելով դերբայավոր («ում»,«լ», «ս» ճյուղերով), մասնիկավոր («կը», «կա», «հա» ճյուղերով) և գրաբարատիպ խմբեր։
Բառարանագրության ասպարեզում իբրև հեղինակակից մասնակցել է «Ռուս–հայերեն» (1945) և «Հայ–ռուսերեն» (1947) համառոտ բառարանների ստեղծմանը։ Առավել նշանակալից է «Ռուս–հայերեն բառարանը» (1968, ՀՍՍՀ պետ․ մրցանակ, 1971), որն ընդգրկում է 85000 բառահոդված, շուրջ 100000 բառ և դարձվածք։ Ղ․ Սովետական Հայաստանում
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/30
Այս էջը հաստատված է