«ՄԱՐԴ–ՏԵԽՆԻԿԱ» ՀԱՄԱԿԱՐԳ, մարդու և աշխատանքի տեխնիկական միջոցների ֆունկցիոնալ միասնությունը բնութագրող փիլիսոփայական–սոցիոլոգիական հասկացություն: Օգտագործվում է նաև «հոմոտեխնիկական ավտոմատ» անվանումը, նկատի ունենալով, որ աշխատանքային գործունեության նպատակի իրագործումը հնարավոր է միայն մարդու և տեխնիկայի փոխլրացմամբ: «Մ–տ.» հ–ում ֆունկցիաների բաշխումը թույլ է տալիս առանձնացնել տեխնիկայի զարգացման որակական փուլերը (ձեռքի գործիք, մեքենա, ավտոմատ), վերաբաշխման պրոցեսը որակավորել իբրև համընդհանուր տեխն. հեղափոխություն, իսկ ըստ մարդուն բաժին ընկնող ֆունկցիաների (արտադրությունում մարդու տեխնոլոգիական դերի)՝ գնահատել մարդկային զարգացման օբյեկտիվ հնարավորությունները: «Մ–տ.» հ–ի զարգացման հիմնական օրինաչափությունն է մարդկանց աշխատանքային ֆունկցիաների աստիճանական փոխանցումը տեխ. միջոցներին, մարդու արտամղումը բուն տեխնոլոգիական պրոցեսից դեպի արտադրության ընդհանուր կառավարման և կատարելագործման ոլորտը (տես Արտադրության ավտոմատացում): «Մ–տ.» հ–ի հիմնական պրոբլեմներն են. ա. մարդու այս կամ այն ֆունկցիան տեխնիկային փոխանցելու (առարկայացնելու) հնարավորությունը, բ. նման փոխանցման նպատակահարմարությունը, գ. մարդու և տեխնիկայի փոխհարաբերությունը: Այս պրոբլեմները, հատկապես, «արհեստական ինտելեկտի» ստեղծումը, մարդու և էլեկտրոնային հաշվիչ մեքենայի հաղորդակցումը, մարդու և մեքենայի համատեղ գործունեության օպտիմալացումը ևն ունեն ընդհանուր գիտական նշանակություն (տես Էրգոնոմիկա, «Մարդ–մեքենա» համակարգ, Ինժեներական հոգեբանություն): Կ. Մարքսը կանխատեսել է «Մ–տ.» հ–ի բարձրագույն փուլը, երբ «…կդադարի այնպիսի աշխատանքը, որի դեպքում մարդն ինքն է անում այն, ինչը նա կարող է ստիպել իրերին անելու իր՝ մարդու համար» (Маркс К. и Энгельс Փ., Соч., 2 изд., т. 46, ч. 1, с. 280): Մարքսիստական սոցիոլոգիան մերժում է արմ. տեխնատյացների մռայլ կանխատեսումները սեփական տեխ. միջոցներով մարդու անխուսափելի ստրկացման մասին, ինչպես և նեոհեդոնիստական տրամադրությունները՝ կապված «ժամանցի քաղաքակրթության» գալստյան հետ:
Գրկ. Товмасян С. С., Философские проблемы труда и техники, М., 1972; Социально-философские проблемы «человеко-машинных» систем, «Вопросы философии», 1979, № 2-4.
ՄԱՐԴՈՒ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ» ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴՊՐՈՑ, աշխարհագրական դպրոց Ֆրանսիայում, որ ճանաչում գտավ XIX դարի վերջին և XX դարի 1-ին կեսին: Ներկայացուցիչները (Պ. Վիդալ դը լա Բլաշ, Է. Մարտոն, Ժ. Բրյուն, Է. Գալուա և ուրիշներ) աշխարհագրության խնդիրը սահմանում էին իբրև բնության և մարդու փոխհարաբերության ուսումնասիրում՝ շեշտելով մարդու գործունեության տարբեր ձևերի վրա աշխարհագրական միջավայրի ունեցած ազդեցությունը, նրա «ապրելակերպը»: Սոցիալական զարգացման օրենքներն այս դպրոցի ներկայացուցիչների հետազոտություններում դուրս էին մնում, միաժամանակ նրանց աշխատանքներն ունեն բնագիտական, ազգագրական բնույթի փաստական հարուստ նյութ և աչքի են ընկնում պատկերավոր շարադրմամբ:
ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԵԿԼԱՐԱՑԻԱ, Ֆրանսիական մեծ հեղափոխության ծրագրային փաստաթուղթ, որը հռչակեց նրա հիմնական սկզբունքները՝ ժողովրդական գերիշխանություն և մարդու անկապտելի բնական իրավունքները: Ընդունվել է 1789-ի օգոստ. 26-ին, Սահմանադիր ժողովում: Դեկլարացիան (պարունակում էր 17 հոդված) ազդարարում էր, որ մարդու բնական և անկապտելի իրավունքներն են ազատությունը, սեփականությունը, անվտանգությունը և դիմադրությունը ճնշմանը, օրենքի առաջ բոլոր քաղաքացիների հավասարությունը, անձի, խղճի, խոսքի ազատությունը, հարկերի հավասարաչափ բաշխումը բոլոր քաղաքացիների միջև ևն: Դեկլարացիան ֆեոդալական բացարձակ միապետական կարգերի դեմ պայքարի դրոշ դարձավ ոչ միայն Ֆրանսիայում, այլն ուրիշ երկրներում: Սակայն խոշոր բուրժուազիան դեկլարացիայի դեմոկրատական սկզբունքների մեջ մտցրեց սեփական դասակարգային սահմանափակ բովանդակությունը, որն արտահայտվեց 1791-ի սահմանադրությամբ նախատեսված ընտրական ցենզով, ֆրանս. գաղութներում ստրկության պահպանմամբ ևն: Դեկլարացիայի դեմոկրատական սկզբունքները մասնակիորեն իրականացվեցին միապետության տապալումից (1792-ի օգոստ. 10), հանրապետության հռչակումից (1792-ի սեպտ. 22) հետո և մասնավորապես յակոբինյան դիկտատուրայի (1793-ի հունիսի 2—1794-ի հուլիսի 27/28) Ժամանակ: 1793-ին ընդունված Մ. և ք. ի. դ. ավելի դեմոկրատական էր (ավելացվել էին հանրագրերի, ժողովների իրավունքի, ժողովրդի իրավունքները խախտող կառավարության դեմ ապստամբելու իրավունքի ևն հոդվածները): Չնայած այդ ամենին երկրում պահպանվում էր բանվորների ու բատրակների սոցիալական իրավազրկությունը:
Գրկ. Французская буржуазная революция 1789-1794, под ред. В. П. Волгина и Е. В. Тарле, М.-Л., 1941, гл. 3.
«ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ» («La Societe des droits de l'homme et de citoyen»), դեմոկրատական ընկերություն, որ գործել է Ֆրանսիայում, 1848-ի հեղափոխության ժամանակ: Ընկերությունն ուներ սեկցիաներ, որոնցում համախմբված էին առաջավոր մանրբուրժուական դեմոկրատները: Միավորում էր ավելի քան 3 հզ. մարդ: Սերտ կապեր էր պահպանում Փարիզի և գավառների քաղ. ակումբների հետ: Ընկերության խնդիրն էր երկրի հասարակական և պետ. կառուցվածքի դեմոկրատացումը, «հավասարության, համերաշխության և եղբայրության» սկզբունքներով դեմոկրատական ազատությունների ամրապնդումը ևն: Ընկերության անդամները կողմ էին հակահեղափոխության դեմ զինված պայքարին: 1848-ի հունիսյան ապստամբության պարտությունից հետո դադարել է գործելուց:
ՄԱՐԴՈՒԿ, Բել–Մարդուկ, սկզբում Բաբելոն քաղաքի հովանի աստվածը, մ. թ. ա. XVIII դարից՝ Բաբելոնիայի թագավորության գլխավոր աստվածը: Միջագետքի սեմական ցեղերն ու ժողովուրդները Մ. կամ Բել («տեր») են անվանել Շումերի Էնլիլ աստծուն: Ըստ առասպելի, Մ. եղել է իմաստության աստծո՝ Հայայի (Էա, Էնկի) որդին: Աստվածների խորհրդում իբր ճանաչվելով «գերագույն»՝ Մ. պայքարել է հրեշների ու քաոսի աստվածների դեմ, մենամարտում սպանել նրանց առաջնորդ Տիամատին՝ նրա վիթխարի դիակից կերտելով երկինքն ու երկիրը, իսկ մատնիչ ու խռովարար Կինգո աստծո արյունը խառնելով կավին, ստեղծել է մարդկանց՝ ի ծառայություն աստվածների: Նոր Բաբելոնյան թագավորության հիմնադրումից (մ. թ. ա. VII դ. վերջին քառորդ) հետո, երբ նրա միապետները Միջագետքում ստեղծել են կենտրոնացված հզոր տիրակալություն, Մ–ի պաշտամունքում դրսևորվել է միաստվածության միտում: Տեղական բոլոր հին աստվածությունները հռչակվել են Մ–ի տարբեր մարմնավորումների դրսևորումներ (նա կրել է շուրջ 50 աստվածների անվանում): Այսպես, Նինուրտան խորհրդանշել է Մ–ի հզորությունը, Ներգալը՝ մարտը, Էնլիլը՝ իշխանությունը են: Մ–ի սրբազան կենդանին համարվել է Բաբելոնի վիշապը, երկնային լուսատուն՝ Յուպիտերոս մոլորակը, շաբաթվա օրը՝ հինգշաբթին, կինը՝ սիրո և գեղեցկության դիցուհի Իշտարը:
Մ–ի և աշխարհի արարչագործության (տիեզերակերտության) հիշատակը մեծահանդես արարողություններով տոնվել է յուրաքանչյուր նոր տարվա սկզբին, Բաբելոն քաղաքում, Մ–ի գլխավոր մեհյանում՝ Էսագիլու տաճարում:
Գրկ. Белявский В. А., Вавилон легендарный и Вавилон исторический, М., 1971; Dhorme Е., Les relegions de Babyjonie et d՝ Assyrie, 2 edr., P., 1959.
ՄԱՐԴ–ՕՐ, աշխատաժամանակի հաշվառման միավոր: Կատարված է համարվում, եթե աշխատողը ներկայացել է գործատեղ, անկախ այդ օրը նրա աշխատած ժամերի (լրիվ, ոչ լրիվ, արտաժամ) թվից: Ներառում է՝ ա. ձեռնարկությունում փաստացի աշխատած, բ. տվյալ ձեռնարկության կարգագրերով, բայց ձեռնարկությունից դուրս աշխատանք կատարող, ինչպես նաև գործուղված, գ. հիմնական աշխատանքում պարապուրդի պատճառով այլ աշխատատեղերում օգտագործված և դ. հանգստյան ու տոն օրերին արտաժամ աշխատողների Մ–օ–երը:
ՄԱՐԵ (Marees) Հանս ֆոն (1837-1887), գերմանացի նկարիչ: Սովորել է Բեռլինում, Կ. Շտեֆեկի մոտ (1854-55): 1864-1869-ին ն 1873-ից ապրել է Իտալիայում: Իտալ. Վերածննդի արվեստի ազդեցությամբ ստեղծել է մոնումենտալ–դեկորատիվ գունանկարներ (Նեապոլի Կենդանաբանական կայանի որմնանկարները,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/309
Այս էջը սրբագրված չէ