Ե., 1970: Տեր–Մինասյան Ե. Գ., Միջնադարյան աղանդների ծագման և զարգացման պատմությունից, Ե., 1968: Свенцицкая И. С., Тайные писания первых христиан, М., 1980.
ՄԱՐԿՇԵՏԴԵՐԱԿԱՆ ԳՈՐԾ, մարկշնյդերիա (գերմ. Markscheider — մարկշեյդեր, < Mark-սահման և scheiden — ճանաչել, որոշել), հանքային գիտության բաժին, որն օգտագործում է երկրի մակերևույթի վրա և հանքափորվածքներում կատարված տարածական–երկրաչափական չափումների տվյալները տեխնիկական խնդիրների լուծման համար՝ օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման և շահագործման ժամանակ, ինչպես նաև լեռնաշինարարական աշխատանքներ կատարելիս: Աշխատանքները կատարվում են մարկշեյդերական գործիքներով: Մ. գ. լեռնահանքային արդյունաբերության բոլոր էտապների անբաժանելի մասն է: Մարկշեյդերական աշխատանքներն իրականացնում է մարկշեյդերական ծառայությունը, որը մտնում է հանքային ձեռնարկության կամ կազմակերպության մեջ: Հանքավայրերի մանրամասն հետախուզության ժամանակ այդ ծառայության խնդիրն է հենացանցի կառուցումը, երկրի մակերեույթի, բոլոր գործող հանքափորվածքների, բնական և արհեստական մերկացումների հանույթը: Հանքային ձեռնարկությունների նախագծման դեպքում մարկշեյդերները մասնակցում են նախագծա–որոնողական աշխատանքներին, հանքային ձեռնարկությունների սահմանների և հանքավայրերի մշակման համակարգի նախագծմանը, շենքերի և կառույցների տեղաբաշխմանը ևն: Հանքային ձեռնարկությունների շինարարություն կատարելիս մարկշեյդերական ծառայությունը իրականացնում է հենակետերի ցանցի կառուցումը և շինարարության նախագծի երկրաչափական տարրերի փոխադրումը տեղանք, տալիս է հանքափորվածքների անցման ուղղությունները ևն: Հանքավայրը շահագործելու դեպքում մարկշեյդերական ծառայությունը արձանագրում է հանքային ձեռնարկության արտադրական պրոցեսի դինամիկան և կազմում հանքային գրաֆիկական փաստագրման գծագրերը, հանքափորվածքների առաջանցմանը զուգընթաց ճշգրտում է հանքավայրերի տեղադրման պայմանները, օգտակար հանածոյի որակը, մարմինների ձևը, ներփակող ապարների հատկությունները ևն: Հանքային ձեռնարկության լուծարքի կամ գործունեության դադարի դեպքում մարկշեյդերական ծառայությունը որոշում է օգտակար հանածոյի հանույթի լրիվությունը և լրացնում հանքային գրաֆիկական փաստագրման գծագրերը՝ տվյալ ժամանակին համապատասխան:
ՄԱՐԿՈ ՊՈԼՈ (Marco Polo) (մոտ 1254—1324), իտալացի ճանապարհորդ և գրող: Ուղեկցելով վենետիկցի վաճառականներ հորն ու հորեղբորը՝ Մ.Պ. 1271-75-ին ծովով հասել է Փոքր Ասիայի ափերին, այնտեղից ցամաքով (անցնելով Հայկական բարձրավանդակը, Միջագետքը, Իրանական բարձրավանդակը, Պամիրն ու Կաշգարյան)՝ Հյուսիս. Չինաստան: Չինաստանում մինչև 1292-ը ծառայել է Խուբիլայ խանի մոտ: 1295-ին Հարավային Չինաստանից Իրանով վերադարձել է Վենետիկ: Մ. Պ–ի՝ իր ուղևորությունների մասին գեղեցիկ պատմությունները, որ գրի է առել բանտարկյալ Ռուստիչանոն, կազմել են «Մարկո Պոլոյի գիրքը» (1298) երկը, որը Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի ևնի աշխարհագրության, ազգագրության, պատմության արժեքավոր աղբյուր է: Այն պարունակում է նաև ժող. ավանդություններ, առասպելներ, հեքիաթներ. գիրքը մեծ ազդեցություն է ունեցել XIV-XVI դդ. ծովագնացների, քարտեզագիրների, գրողների վրա:
Գրկ. Харт Г., Венецианец Марко Поло, пер. с англ., М., 1956.
ՄԱՐԿՈՄԱՆՆԵՐ (լատ. marcoman(n)i), հին գերմանական ցեղ: Մ. թ. ա. I հազարամյակի 2-րդ կեսին բնակվել են այժմյան Սաքսոնիայի և Թյուրինգիայի տարածքում: Մ. թ. ա. II դ. վերջին – I դ. սկզբին շարժվել են դեպի Մայնի միջին և վերին շրջանները: Մ. թ. ա. 8-ին, Հյուսիսային Գերմանիան հռոմեացիների գրավելուց հետո, Մ. վերաբնակվել են այժմյան Չեխիայի տարածքում և մտել Մարոբոդի գլխավորած ցեղային միավորման մեջ: Մ. թ. 17-ին Մ. նահանջեցին դեպի Դանուբ: I-II դդ. Մ. և կվադները Դանուբի սահմաններում մշտապես սպառնում էին հռոմեացիներին, որի հետևանքով 166-180-ին ծագեց Մարկոմանյան պատերազմը: IV դարից Մ. մասնակցեցին Ժողովուրդների մեծ գաղթին: V դ. վերջին բնակություն հաստատեցին Բավարիայում:
ՄԱՐԿՈՆԻ (Marconi) Գուլիելմո (1874-1937), իտալացի ռադիոտեխնիկ և ձեռնարկատեր: Զբաղվել է ֆիզիկայով: 1896-ի հունիսին ներկայացրել է «Էլեկտրական իմպուլսների ու ազդանշանների հաղորդման և դրա ապարատների կատարելագործման» հայտ, իսկ 1897-ին ստացել անգլ. արտոնագիր: 1897-ին կազմակերպել է խոշոր բաժնետիրական ընկերություն («Մարկոնի К°»), որտեղ աշխատելու է հրավիրել շատ նշանավոր գիտնականների և ինժեներների: 1901-ին Մ. իրականացրել է ռադիոկապ՝ Ատլանտյան օվկիանոսի վրայով: Արժանացել է նոբելյան մրցանակի (Կ. Ֆ. Բրաունի հետ) (1909):
ՄԱՐԿՈՍ (Marcos) Ֆերդինանդ Էդրալին (ծն. 1917), Ֆիլիպինների պետական և քաղաքական գործիչ: Մասնագիտությամբ՝ փաստաբան: Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-45) ժամանակ մասնակցել է ճապոնական զավթիչների դեմ պայքարին: 1965-ին ազգայնականների կուսակցությունից ընտրվել է պրեզիդենտ, 1969-ին՝ վերընտրվել: Մ–ի կառավարությունն իրականացրել է արտաքին քաղաքականության մեջ ԱՄՆ–ից կախվածությունը թուլացնելու միջոցառումներ, բուրժուա–դեմոկրատական բարեփոխումներ: 1972-ից, օպոզիցիայի դեմ պայքարելու նպատակով, ռազմ. դրություն մտցնելուց հետո, իր ձեռքն է վերցրել օրենսդիր և գործադիր (1973-ից՝ նաև պրեմիեր մինիստր) իշխանությունը:
ՄԱՐԿՈՍ ԱՎՐԵԼԻՈՍ (Marcus Aurelius) (121-180), հռոմեական կայսր 161-ից: Անտոնինոսների դինաստիայից: Հաջորդել է Անտոնինոս Պիոսին: 162-166-ի պատերազմում հաղթել է պարթևներին, որոնց հետ կնքած պայմանագրով (166) Հռոմեական կայսրությանն է անցել Միջագետքի արմ. մասը, Հայաստանը ճանաչվել է անկախ, որտեղ, սակայն, թագավորելու էին Հռոմի դրածոները: 166-180-ի պատերազմում պարտության է մատնել գերմ. ցեղերին ու սարմատներին: 172-ին ճնշել է Եգիպտոսում բռնկած «բուկոլոսների» (հովիվների) ապստամբությունը:
Լինելով ստոիկյան դպրոցի հետևորդ՝ Մ. Ա. իր «Գիրք ոսկեղենիկ» փիլ. աշխատության մեջ արտահայտել է ինքնակատարելագործման ձգտում, հոռետեսորեն է վերաբերվել քաղ. կարգի կատարելագործման հնարավորությանը:
ՄԱՐԿՈՍՅԱՆ Հակոբ Արտաշեսի (7(20). 12.1904, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական) - 1972, Մոսկվա), հայ սովետական ֆիզիոլոգ և մանկավարժ: ՌՍՖՍՀ ՄԳԱ իսկական անդամ (1965), ՍՍՀՄ ՄԳԱ իսկական անդամ (1968): ՍՄԿԿ անդամ 1938-ից: Ավարտել է Մոսկվայի Վ. Ի. Լենինի անվ. մանկավարժական ինստ-ը (1934): Մանկավարժական գործունեությունն սկսել է Լենինականում (1923-1930), գիտամանկավարժականը՝ Մոսկվայի բուհերում (1937-1942), 1942-48-ին եղել է Բուժհրատի խմբագիր, ապա՝ դիրեկտոր, 1949-ից՝ ՌՍՖՍՀ, ապա՝ ՍՍՀՄ ՄԳԱ ֆիզիկական դաստիարակության և դպրոցական հիգիենայի, 1968-72-ին՝ տարիքային ֆիզիոլոգիայի և ֆիզիկական դաստիարակության ինստ-ի դիրեկտոր:
Մ. մշակել է կենտրոնական նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի հարցերը, մասնավորապես ֆիզիոլոգիական ակտիվ նյութերի ազդեցությունը գլխուղեղի կեղևի դրդման և արյան պայմանառեֆլեկտոր փոփոխությունների (մակարդման) վրա: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով:
Երկ. Исследования И. П. Павлова в области кровообращения и пищеварения, М., 1953; Нормальная физиология. Учебник, 4 изд., испр., М., 1955; Нервная регуляция свертывания крови, М., 1960; Физиология свертывания крови, М., 1966; Вопросы возрастной физиологии, М., 1974.
ՄԱՐԿՈՎ Անդրեյ Անդրեևիչ (1856-1922), ռուս մաթեմատիկոս: Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1890): 1886-ից՝ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր: Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1878):
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/324
Այս էջը սրբագրված չէ