Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/326

Այս էջը սրբագրված է

դասախոս, 1912-ից՝ Բեռլինի համալսարանի դասախոս։ Այստեղ 1920-ին հիմնել է իրանական և հայկ․ բանասիրության ամբիոն և վարել մինչև կյանքի վերջը։ Դոկտորի աստիճան է ստացել 1893-ին՝ հույն պատմիչ Կտեսիասի (մ․ թ․ ա․ V–IV դդ․) կորած երկի մասին գրած աշխատության համար։
Համընդհանուր ճանաչման է արժանացել իրանագիտության, կովկասագիտության, հայագիտության բնագավառներում կատարած հետազոտությունների համար։ Մ․ օգտագործել է բազմաթիվ ու բազմալեզու աղբյուրներ, ուսումնասիրություններում քննել է հայերի, արաբների, հույների, պարսիկների, թուրքերի, մոնղոլների, ռուսների, հրեաների, աղվանների, վրացիների, ղփչաղների, աֆրիկյան երկրների (Նիգերիա, Սուդան, Մալի, Գվինեա, Գանա, Եթովպիա, Եգիպտոս) և այլ ժողովուրդների պատմության տարբեր խնդիրներ։ Նրա «Երանշահրն ըստ կեղծ Մովսես Խորենացու Աշխարհացույցի» (գերմ․, 1901) երկը (որը շարադրված է Անանիա Շիրակացուն վերագրվող «Աշխարհացոյց»-ի և այլ աղբյուրների հիման վրա) ճանաչված է Իրանի ու Կենտրոնական Ասիայի պատմական աշխարհագրության բնագավառում կատարված ներդրումներից ամենանշանավորը։ Հայագիտության համար կարևոր են հայկ․ աղբյուրներում կատարված բնագրական ճշգրտումները։
Մ–ի զուտ հայագիտական ուսումնասիրությունների շարքն սկսվում է Մեսրոպ Մաշտոցին նվիրված հետազոտությամբ (գերմ․, 1917), որը 1902-ին կարդացել է Արևելագետների միջազգային կոնգրեսում (Համբուրգ), իսկ 1905-ին՝ արժանացել Լազարյան ճեմարանի մրցանակին։ Մյուս հետազոտությունների նյութերն են՝ Հարավային Հայաստանն ու Տիգրիսի ակունքներն ըստ հույն և արաբ աշխարհագիրների, Արտաքսատա–Արմաստիկա երթուղին, հայերի բնօրրանը, հայոց Արշակունիները, Բագրատունիները, ինչպես և Մովսես Խորենացուն, Փավստոս Բուզանդին, Մովսես Կաղանկատվացուն և այլոց վերաբերող հարցեր։ Մ․ ունի նաև բազմաթիվ անտիպ երկեր (պահվում են Հռոմի «Pontificio instituto Biblico» գրադարանում), որոնք վերաբերում են հայերի ծագմանը («Հայերը և փռյուգիացիները»), հայկ․ հին գաղթավայրերին («Հայերը որպես գաղթաբնակներ հին դարերում և վաղ միջնադարում»), առանձին թագավորություններին («Հայոց մասնակի թագավորությունների ժամանակագրությունը»), Արշակունյաց թագավորության հիմնադրմանը («Սեբեոսի նախնական պատմությունը»), Անանուն զրուցագրին (կեղծ Շապուհ Բագրատունի), Կորյունին («Վարք Մաշտոցի»), Փավստոս Բուզանդին, Մանազկերտի 726-ի ժողովին, մազքութներին և այլ հարցերի լուսաբանմանը։
Մ․ հայ ժողովրդի մեծ բարեկամն էր։ Պարբերաբար հանդես է եկել հայոց դատի պաշտպանությամբ, պայքարել հայոց պատմության չարամիտ աղավաղումների դեմ։ Նշավակել է աբդուլհամիդյան հայաջինջ քաղաքականությունը («Կոմանների ցեղի մասին», գերմ․, 1914), մերկացրել և համաշխարհային հասարակական դատին ներկայացրել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայի վարած քաղաքականությունը։ Հինավուրց մշակույթի տեր հայ ժողովրդի նկատմամբ հարգանքն ու բարյացակամությունն ընդգծելու համար Մ․ հայերեն է թարգմանել իր անուն–ազգանունը և երբեմն ստորագրել «Հովսեփ Բդեշխյան»։
Երկ․ Պարսկահայք նահանգը, «ՊԲՀ», 1961, № 1–2։ Հայոց այբուբենի ծագումը և Մ. Մաշտոցի կենսագրությունը, տես Մեսրոպ Մաշտոց, հոդվածների ժող․, Ե․, 1962։ Die Entstehung und Wiederherstellung der armenischen Nation, Berlin, 1919; Osteuropaische und ostasiatische Streifrtige, Lpz․, 1903; Siidarmenien und die Tigrisquellen nach griechischen und arabischen Geographen, Wien, 1930․
Գրկ․ Աբգարյան Գ․ Վ․, Յոզեֆ Մարկվարտ, 1965, № 2։Գ. Աբգարյան ՄԱՐԿՈՒԶԵ (Marcuse) Հերբերտ (1898–1979), գերմանա–ամերիկյան բուրժուական սոցիոլոգ, ֆրանկֆուրտյան դպրոցի հիմնադիրներից։ 1934-ից բնակվում էր ԱՄՆ–ում։ Մ–ի «քննադատական տեսության» համաձայն («Միաչափ մարդը», 1964), զարգացած կապիտալիստական հասարակարգը հակադիր ուժերի ինտեգրացման հետևանքով դառնում է սոցիալական ամբողջություն, այս պատճառով բանվոր դասակարգը կորցնում է իր հեղափոխական դերը։ Մարդը զրկվում է ինքնուրույն դատողության ունակությունից, դառնում «միաչափ»։ Նման պայմաններում կազմակերպված բանվորական շարժումը, պառլամենտական պայքարը ևն անօգուտ են․ հեղափոխության առաջատար են դարձել ուսանողությունը, լյումպեն պրոլետարիատը, ազգային փոքրամասնությունները ևն։ Շնորհիվ իր հայացքների հակաբուրժուական պաթոսի, երիտասարդության բուռն հուզումների շրջանում (1968) Մ․ ակամա դարձավ ձախ արմատականների ու ծայրահեղականների հոգևոր հայրը։ Մ–ի սոցիալական քննադատությունը թեև տպավորիչ է, սակայն խորը չէ, առաջարկած ծրագիրը՝ ուտոպիական։ Մտավորականության հակադրումը բանվոր դասակարգին, կուսակցությունների դերի ժխտումը ջլատում են հեղափոխական ուժերը։ Թեև Մ․ ելնում է Կ․ Մարքսի գաղափարներից և հավակնում է դրանց «ճշմարիտ» մեկնաբանմանը, սակայն էկլեկտիկորեն միացնում է մարքսիզմը նեոհեգելականությանը, էկզիստենցիալիզմին և ֆրոյդիզմին։
Գրկ․ Баталов Э․ Я․, Никитич Л․ А․, Фогелер Я․ Г․, Поход Маркузе против марксизма, М․, 1970; Социальная философия франкфуртской школы, 2 изд․, доп․, М․, 1978․
ՄԱՐՄԱՆ ԴԵԿՐԵՄԵՆՏ, մարման լոգարիթմական դեկրեմենտ (< լատ․ decrementum – փոքրացում, նվազում), գծային համակարգերում տատանումների մարման քանակական բնութագիր։ Որոշվում է բանաձևով, որտեղ -ը և -ը տատանվող ֆիզիկական մեծության իրար հաջորդող (միևնույն նշանի) առավելագույն արժեքներն են։ Մ․ դ–ի կապը մարման ցուցչի և պարբերության հետ արտահայտվում է առնչությամբ (տես Մարող տատանումներ)։ Մ․ դ–ի մեծությունը հակադարձ է տատանումների այն թվին, որոնց ընթացքում ամպլիտուդը նվազում է անգամ։ Մ․ դ–ի բնորոշ արժեքներն են․ ձայնային տատանողական համակարգինը՝ 0,1, էլեկտրական տատանողական համակարգինը՝ 0,02–0,05, կամերտոնինը՝ 0, 001։Ա․ Սահակյան ՄԱՐՄԱՇԵՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Ախուրյանի շրջանում, շրջկենտրոնից 13 կմ հյուսիս–արևմուտք։ Մ–ով է անցնում Լենինական–Ամասիա ավտոճանապարհը և Շիրակի ջրանցքը։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի, կերային, բանջարանոցային կուլտուրաների, շաքարի ճակընդեղի մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ և երաժշտական դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, կապի բաժանմունք, հեռախոսակայան, մսուր–մանկապարտեզ, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են եկեղեցի (վերակառուցված XIX դ․), քարայր–բնակարաններ, դամբարաններ։ Բնակիչները եկել են Ղարսից (1830-ին)։
ՄԱՐՄԱՇԵՆԻ ՎԱՆՔ, հայկական ճարտարապետական հուշարձանախումբ ՀՍՍՀ Ախուրյանի շրջանի Վահրամաբերդ գյուղից մոտ 2 կմ հարավ–արևմուտք, Ախուրյան