որոնց առավելագույն շեղումը հավասարակշռության վիճակի նկատմամբ (պայմանական ամպլիտուդ, ) նվազում է ժամանակի ընթացքում։ Մ․ տ–ից են ազատ կամ սեփական տատանումները, որոնց ամպլիտուդը նվազում է տատանման էներգիայի կորուստների պատճառով։ Մեխանիկական համակարգում էներգիայի կորուստը պայմանավորված է շփումով և արտաքին միջավայր ճառագայթվող առաձգական ալիքներով, իսկ էլեկտրական համակարգում՝ հաղորդիչների ակտիվ դիմադրությամբ, դիէլեկտրիկ և ֆեռոմագնիսական միջավայրերի կլանմամբ և էլեկտրամագնիսական ալիքների ճառագայթմամբ։
Միևնույն նշանի երկու իրար հաջորդող ամպլիտուդային արժեքների միջև ընկած ժամանակամիջոցը () պայմանականորեն կոչվում է Մ․ տ–ի պարբերություն։ Հաստատուն պարամետրերով գծային համակարգերում ազատ տատանումների ամպլիտուդը նվազում է էքսպոնենտային օրենքով (նկ․), որտեղ -ն մարման ցուցիչն է, –ն՝ ժամանակը, -ն՝ «անկյունային հաճախականությունը»։ Վերջինս որոշվում է արտահայտությամբ, որտեղ -ն տատանողական համակարգի անկյունային հաճախականությունն է կորուստների բացակայության դեպքում։ Պարզագույն էլեկտրական տատանողական կոնտուրի դեպքում , որտեղ -ը կոնտուրի ակտիվ դիմադրությունն է, –ը՝ ինդուկտիվությունը։ Պարզագույն մեխանիկական տատանողական համակարգի դեպքում մածուցիկ միջավայրում առաձգական ուժի ազդեցությանը ենթարկվող զանգվածի համար , որտեղ -ն առաձգական ուժի և արագության համեմատականության գործակիցն է։ Մարող տատանողական պրոցեսը հաճախ բնութագրվում է մարման դեկրեմենտով։
ՄԱՐՈՆԱԿԱՆՆԵՐ (ինքնանվանումը՝ մարանի), արևելյան–քրիստոնեական եկեղեցու հետևորդներ, որոնք կազմում են Լիբանանի արաբ ժողովրդի գլխավոր համայնքներից մեկը։ Անունն ըստ ավանդության առաջացել է Մար Մարոնից (IV-V դդ․): VII դ․ վերջին Մ․ իրենց առաջին պատրիարքի՝ Յուհաննա Մարոնի գլխավորությամբ կենտր․ Ասորիքից ապաստանել են Լիբանան լեռ (Ջիբբատ Բշարրիի շրջան), իրենց դավանանքը պարտադրել տեղաբնիկ հեթանոս լեռնականներին և քրիստոնյա բնակչությանը (հակոբիկյան ասորի, քաղկեդոնական հույն ևն), կազմել ինքնուրույն համայնք։ 1182-ին Մ․ ճանաչել են Վատիկանի գերագահությունը՝ պահպանելով սեփական ծիսակատարությունը (ասորերեն, որին զուգընթաց, հետագայում նաև արաբերեն)։ Մ–ի հոգևոր պետի՝ «Անտիոքի պատրիարքի» նստավայրը Բկերկեն է (Բեյրութից 15 կմ հս–արլ.)։ Մ–ի մոտ խոսակցական արաբերենի (սիրիա–լիբանանյան բարբառ) տարածումն սկսվել է XVI դ․, երբ Լիբանանի հս–ի մարոնաբնակ շրջանները հետզհետե առնչվել են դրուզական (1770-ից համալիբանանյան) ամիրայության հետ։ XVII դ․ վերջից Կիլիկիայից Լեռնալիբանան տեղափոխված բազմաթիվ հայեր աստիճանաբար միաձուլվել են Մ–ի հետ։ Մ–ի թիվը Լիբանանում 600 հզ. է (1971):
Համաձայն 1943-ի «Ազգային ուխտի», Լիբանանի պրեզիդենտը, պառլամենտի անդամների մոտ 1/3-ը պետք է լինեն Մ․:
ՄԱՐՉ (March) Ֆրեդերիկ (իսկական անուն, ազգանունը Էռնեստ Ֆրեդերիկ Մակ–Ինթայր Բիքել, McIntyre, Bickel, ծն. 1897), ամերիկյան կինոդերասան։ Սովորել է Վիսկոնսին նահանգի համալսարանում։ 1920-ից ելույթ է ունեցել Նյու Յորքի թատրոններում։ Կինոյում աշխատել է 1929-ից։ 1930-ական թթ․ եղել է Հոլիվուդի առաջատար դերասաններից։ Լավագույն դերերից են՝ Ժան Վալժան («Թշվառներ», ըստ Հյուգոյի, 1935), Ալ Ստեֆենսոն («Մեր կյանքի լավագույն տարիները», 1946), գերմանացի ֆինանսիստ («Ալտոնայի մենակյացները», 1963), ամերիկացի պրեզիդենտ («Յոթ օր մայիսին», 1963) են։ Մ․ ստեղծել է բարդ, հակասական կերպարներ։
ՄԱՐՋԱՆԻՇՎԻԼԻ, Մարջանով, Կոնստանտին (Կոտե) Ալեքսանդրի (28.5 (9.6).1872, Կվարնլի – 17.4.1933, Մոսկվա), սովետական ռեժիսոր։ ՎՍՍՀ ժող. արտիստ (1931)։ Բեմական գործունեությունն սկսել է 1893-ին Քութայիսում, որպես դերասան այլ դերերի շարքում՝ խաղալով նաև Մասիսյանցի դերը (Սունդուկյանի «Խաթաբալա»): 1894-ին անցել է ռուս. բեմ՝ որպես ռեժիսոր ստեղծելով բազմաթիվ ներկայացումներ Իրկուտսկի, Սարատովի, Ռոստովի և այլ քաղաքների թատրոններում, ապա՝ ղեկավարել Ռիգայի Նեզլոբինի խումբը, որը բեմադրել է Գորկու, Բլոկի, Չեխովի, Լ․ Անդրեևի, Նայդյոնովի մի շարք պիեսներ։ 1910-1913-ին աշխատել է ՄԳԱԹ–ում (Կ․ Համսունի «Կյանքի ճիրաններում», Իբսենի «Պեր Գյունտ»): 1913-14-ին Մոսկվայում կազմակերպել է Ազատ թատրոնը՝ ձգտելով ընդլայնել բեմարվեստի սինթետիկ հնարավորությունները։ Այստեղ համագործակցել է հայ դիրիժոր Կ․ Սարաջևի և երգիչ Ա․ Կարատովի հետ։ 1914-ին Ռոստովում բեմադրել է Լ․ Շանթի «Հին աստվածներ» պիեսը, որը տեղի հայկ. մամուլը համարել է «գովելի ձեռնարկություն», «ռուսական որոնող թատրոնի խստապահանջ ռեպերտուարի ցանկը մի չքնաղ գոհարով ճոխացնող գործ»։ 1919-ին Կիևում բեմադրել է Լոպե դե Վեգայի «Ֆուենտե օվեխունա» դրաման՝ ներկայացմանը հաղորդելով հեղափոխական մեծ թափ ու հերոսական ոգի։ 1920-ին Պետրոգրադում կազմակերպել է Կոմիկական օպերայի թատրոնը և մասնակցել մասսայական թատերականացված հանդեսների բեմադրություններին։ 1922-ից՝ Թիֆլիսի նորաստեղծ Ռուսթավելու անվ. թատրոնի գլխավոր ռեժիսոր։ Վրաց․ բեմի սովետական վերածնունդը ամբողջովին կապված է Մ–ի անվան հետ։ Ռուս. բեմի հեղափոխ․ ավանդույթները Մ․ այստեղ ներդաշնակել է վրաց․ թատրոնի ազգային խառնվածքին։ Լոպե դե Վեգայի «Ֆուենտե օվեխունա», Զ․ Անտոնովի «Արևի խավարումը Վրաստանում», Գ․ Էրիսթավիի «Բաժանություն», Շեքսպիրի «Համլետ», Ազիանիի «Դասալիք կինը» բեմադրությունները նպաստել են վրաց բեմարվեստի բուռն զարգացմանը։ 1928-ին Մ․ Քութայիսում հիմնադրել է 2-րդ պետական թատրոնը (այժմ՝ Թբիլիսիում, տես Վրաստանի Մարջանիշվիլու անվան թատրոն)։ Տոլլերի «Հոպլյա՜, մենք ապրում ենք», Գուցկովի «Ուրիել Ակոստա», Կիրշոնի «Հաց», Լավրենյովի «Բեկում», Կակաբաձեի «Կվարկվարե Թութաբերի» բեմադրություններով վրաց բեմն ապրել է աննախընթաց վերելք, երկու ազգային թատրոններում աճել են Վ․ Անջափարիձեի, Ու․ Չխեիձեի, Վ․ Գոձիաշվիլու, Ա․ Խորավայի, Ա․ Վասաձեի, Թ․ Ճավճավաձեի, Ս․ Զաքարիաձեի նման դերասաններ։ Թիֆլիսի Հայ դրամայի «Ֆուենտե օվեխունա» և Ն․ Ազիանիի «Դասալիք կինը» («Դեզերտիրկա») բեմադրությունները իրականացվել են ըստ Մ–ի ռեժիսորական մտահղացման։ Կյանքի վերջին տարիներին աշխատել է Մոսկվայի Փոքր թատրոնում, որպես գլխավոր ռեժիսոր։ Բեմադրություններ է տվել նաև Թիֆլիսի օպերային թատրոնում։ Վրաստանում ստեղծել է մի շարք ֆիլմեր։ Հայ արվեստի գործիչներից