Հ. Սուրխաթյան), ուր լուսաբանվել են գրականության ու արվեստի տեսական հարցեր, պարբերաբար տպագրվել հայ սովետական հեղինակների նոր գործերը, թարգմանություններ ՍՍՀՄ ժողովուրդների գրականությունից: «Մ.»-ին նախորդել է «Կարմիր աստղ» (1920-23) թերթը, հաջորդել՝ «Պրոլետարը» (1927-1938):ռազմապատկերում, պատերազմ և ռազմական կյանք պատկերող կերպարվեստի ժանր: Ճակատամարտի տեսարանները (մասնավորապես՝ ծովային) և մեր օրերի ու անցյալի ռազմ. արշավանքները Մ–յան հիմնական թեմատիկան են: Մ. արտացոլում է ճակատամարտի կարևորագույն կամ նրա բնորոշ պահը, հերոսականությունը, բացահայտում ռազմ. իրադարձության պատմական նշանակությունը, որի պատճառով Մ. մերձենում է պատմական ժանրին: Բանակի և ռազմածովային նավատորմի հետ մարտանկարչի ունեցած կապը նպաստում է ժանրի սահմանների լայնացմանը, դրա մեջ ներգրավում զինվորական կենցաղի տեսարաններ (տես Կենցաղային ժանր): XIX-XX դդ. Մ. ռեալիստորեն է բացահայտում պատերազմների սոցիալական էությունը, մերկացնում անարդարացի պատերազմները, փառաբանում հեղափոխության և ազատագրական կռիվներում ժողովրդի հերոսությունը, դիտողին դաստիարակում քաղաքացիական ոգով:
Մ. ձևավորվել է XVI-XVII դդ., սակայն մարտի տեսարաններ պատկերվել են դեռ հնագույն ժամանակներից: Հին Արևելքի, Հունաստանի, Հայաստանի, Հռոմի, Չինաստանի, Եվրոպայի վաղ միջնադարյան արվեստներում կռվի, ճակատամարտի, ռազմերթի տեսարաններ պատկերվել են քանդակագործական, գեղանկարչական ու գրաֆիկական միջոցներով: Մարտի ռեալիստական պատկերման առաջին փորձերը վերագրվում են իտալական Վերածննդի դարաշրջանին (Պաոլո Ուչչելո, Պիեռո դելա Ֆրանչեսկա, XV դ., Լեոնարդո դա Վինչի, Միքելանջելո, XVI դ.): XVII դ. Մ. հարստացրել են Ժ. Կալլոն (Ֆրանսիա), Դ. Վելասկեզը (Իսպանիա), Պ. Ռուբենսը (Բելգիա): Ֆրանսիական մեծ հեղափոխությունը և Նապոլեոնի արշավանքները դարձել են Ա. Գրոյի մեծաչափ մարտանկարների թեման: XIX դ. վերջին և XX դ. սկզբին ռեալիզմի զարգացումը նպաստել է բնանկարային, ժանրային, հոգեբանական տարրերի ուժեղացմանը Մ–ում: Ռուսաստանում բնանկարչության և կենցաղային ժանրի զարգացման հետ մեկտեղ ստեղծվել են ծովամարտ պատկերող նկարներ (Հ. Կ. Այվազովսկի, Ա. Պ. Բոգոլյուբով): Պատերազմի դաժան առօրյան ճշմարտացի են պատկերել Վ. Վ. Վերեշչագինը, պերեդվիժնիկները (Վ. Ի. Սուրիկով, Վ. Մ. Վասնեցով): Ֆ. Ա. Ռուբոն ստեղծել է համայնապատկերային մարտանկարներ: XX դ. սոցիալական և ազգային–ազատագրական հեղափոխությունները արմատապես փոխել են Մ–յան սկզբունքները: Բելգիացի Ֆ. Մազերելը, գերմանացի նկարիչներ Կ. Կոլվիցը և Օ. Դիքսը, անգլիացի Ֆ. Բրենգվինը, մեքսիկացի Խ. Կ. Օրոսկոն իրենց բողոքի ձայնն են բարձրացրել պատերազմի և ճնշման դեմ:
Ելնելով ռեալիստական ավանդույթներից՝ մարտապատկերման ժանրը սովետական արվեստում մեծ զարգացում է ապրել, արտահայտել սոցիալիստական հայրենիքի պաշտպանության, բանակի ու ժողովրդի միասնության գաղափարները, բացահայտել պատերազմների դասակարգային բնույթը: Մարտանկարիչների առաջնահերթ խնդիրն էր սովետական հերոս զինվորի կերպարի ստեղծումը, նրա տոկունության ու արիության գծերի, հայրենիքի հանդեպ ունեցած սիրո պատկերումը: Մ. Բ. Գրեկովը, Կ. Ս. Պետրով-Վոդկինը, Ա. Ա. Դեյնեկան և ուրիշներ ստեղծել են հայրենասիրությամբ տոգորված մարտանկարնեբ: Մ. նոր վերելք է ապրել Հայրենական մեծ պատերազմի և ետպատերազմյան տարիներին (Ա. Ա. Դեյնեկայի, Կուկրինիկսների, քանդակագործներ Յու. Ի. Միկենասի, Ե. Վ. Վուչետիչի, Մ. Բ. Գրեկովի անվ. ռազմանկարիչների ստուդիայի անդամների գործերը):
Հայ սովետական կերպարվեստում Մ–յան ժանրը զարգացել է հատկապես Հայրենական մեծ պատերազմի շրջանում և նրանից հետո (Հ. Կոջոյան, Գ. Գյուրջյան, Է. Իսաբեկյան, Հ. Զարդարյան և ուրիշներ):
Պատկերազարդումը տես 344-րդ էջից հետո՝ ներդիրներում:
Գրկ. Бродский В., Советская батальная живопись, Л.-М., 1950; Садовень В. В., Русские художники баталисты XVIII-XIX веков, М., 1955.
ՄԱՐՏԱՆՍԿԱՅԱ, ստանիցա ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Ապշերոնսկի շրջանում: Բնակչությունը՝ ռուսներ, հայեր: Սովետական տնտեսությունն զբաղվում է ծխախոտի, արևածաղկի և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, կինո, բուժկայան: Մ. հիմնադրել են ռուս կազակները, 1864-ին: Հայերը եկել են Սամսունի և Տրապիզոնի շրջակա գյուղերից, 1896-ին:
ՄԱՐՏԵՆ (Martin) Պիեռ (1824-1915), ֆրանսիացի մետաղագործ: 1854-83-ին եղել է Սիրյոյի (Անգուլեմ քաղաքի մոտ) մետալուրգիական գործարանի դիրեկտորը: 1864-ին մշակել է ռեգեներատիվ բոցավառարանում ձուլածո պողպատի ստացման նոր եղանակ:
ՄԱՐՏԵՆ ԴՅՈՒ ԳԱՐ (Martin du Gard) Ռոժե (1881-1958), ֆրանսիացի գրող: Մ. դյու Գ–ի գլխավոր ստեղծագործությունը «Տիբոների ընտանիքը» (1922-40, նոբելյան մրցանակ, 1937) ութ հատորանոց վեպն է: Բուրժուական մի ընտանիքի քայքայման պատմությունը հեղինակի գրչի տակ վերաճում է մի ամբողջ դասակարգի անկման պատմության: Վիպասան Մ. դյու Գ. ձգտում է առավելագույն օբյեկտիվության, նրա հերոսները դրսևորվում են գործողության և երկխոսության ընթացքում: 1939-45-ի երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին Մ. դյու Գ. հանդես է եկել հակաֆաշիստական, հայրենասիրական դիրքերից:
ՄԱՐՏԵՆՅԱՆ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆ, մարտենյան վառարաններում ընթացող պողպատահալման պրոցես: Որպես ելանյութ օգտագործում են պողպատի ջարդոնը և թուջը (հեղուկ կամ պինդ վիճակում): Մ. ա., ինչպես և պողպատի արտադրության մյուս տեսակները (տես Թթվածնա–կոնվերտերային պրոցես, էլեկտրապողպատահալման պրոցես), սև մետալուրգիայի ընդհանուր արտադրական ցիկլի երկրորդ օղակն է:
Մարտենյան պրոցեսի ընթացքում բովախառնուրդը հալվում է, ապա գերտաքացվում և բերվում համապատասխան քիմ. բաղադրության (հեռացվում են ածխածինը, սիլիցիումը, մանգանը, ինչպես նաև անցանկալի խառնուկները՝ ֆոսֆորը և ծծումբը): Լեգիրված պողպատ ստանալու նպատակով պրոցեսի վերջում հալույթին ավելացնում են լրացուցիչ տարրեր: Ըստ վառարանի պատվածքի նյութի մարտենյան պրոցեսը լինում է հիմնային կամ թթվային: Առավել տարածված է հիմնային պրոցեսը, որը հնարավորություն է տալիս վերամշակելու ցանկացած բովախառնուրդային նյութեր, այդ թվում նաև ֆոսֆորի և ծծմբի մեծ պարունակությամբ: Թթվային պրոցեսի առավելությունն այն է, որ դրա միջոցով կարելի է ստանալ բարձր մեխանիկական հատկություններով օժտված պողպատ՝ գազի և ոչ մետաղական խառնուկների փոքր պարունակությամբ: Մարտենյան պրոցեսում հիմնականում օգտագործում են գազային վառելիք (կոքսադոմնային և բնական): Այրման պրոցեսը խթանելու նպատակով ներփչվող օդը հարստացնում են թթվածնով: Մարտենյան պրոցեսում պողպատահալման ընդհանուր տևողությունը կախված է վառարանի տարողությունից և արտադրության պայմաններից: Օրինակ, 200 տ տարողությամբ վառարաններում այն անում է 8-9 ժ, իսկ 500 տ տարողությամբ վառարաններում հասնում է 12 ժ–ի:
Մ. ա–յան հիմնական ցուցանիշը վառարանի հատակի 1 մ²-ից ստացվող պողպատի օրական զանգվածն է՝ տ–ներով (արդի վառարաններում այն կազմում է 12-20 տ): Կարևոր ցուցանիշ է նաև մեկ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/343
Այս էջը սրբագրված չէ