36 ՂԱՓԱՆԻ
1978–79 ուս․ տարում շրջանում գործում էին 26 միջնակարգ (3-ը՝ երեկոյան), 29 ութամյա, 5 տարրական, 2 երաժշտական, 2 նկարչական, 3 սպորտային դպրոցներ (13 հզ․ աշակերտ, 1204 ուսուցիչ, որից 742-ը՝ բարձրագույն կրթությամբ), 30 մսուր–մանկապարտեզ, երաժշտական, բժշկ․, 2 պրոֆտեխնիկական ուսումնարաններ, լեռնամետալուրգիական, շինարարական տեխնիկումներ։ Ղ․ շ–ում են ՀՍՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի Քաջարանի բարձունքային ավտոլաբորատորիան, միկրոբիոլոգիայի ինստ-ի Քաջարանի հանքային միկրոբիոլոգիայի լաբորատորիան, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի Պետպլանի գիտատեխնիկական ինֆորմացիայի և տեխնիկա-տնտեսական հետազոտությունների ԳՀԻ–ի Ղափանի բաժանմունքը։ Շրջանում գործում են 18 կապի բաժանմունք, 65 գրադարան, պետ․ թատրոն, 8 կուլտուրայի տուն, 63 ակումբային հիմնարկ, 14 կինոսարք։ 1930 թվականից լույս է տեսնում «Ղափան» շրջանային թերթը։ Ամենօրյա հաղորդումներ է տալիս «Ղափանյան կյանք» ռադիոխմբագրությունը։ Շրջանի բոլոր բնակավայրերը գազաֆիկացված են։
Պատկերազարդումը տես 6-րդ հատորի 704 –705–րդ էջերի միջե՝ ներդիրում, աղյուսակ XXVII։
ՂԱՓԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ Ա․ Շիրվանզադեի անվան, հիմնադրվել է 1935-ին՝ որպես Զանգեզուրի միջշրջանային թատրոն, Սուրեն Միրզոյանի նախաձեռնությամբ (ռեժիսորն ու առաջին դիրեկտորը)։ Բացվել է Ա․ Գուլակյանի «Արշալույսին» պիեսի ներկայացումով։ Լավագույն դերասան–դերասանուհիներից էին Վ․ Բալայանը, Ա․ Տոնոյանը, Խ․ Սարգսյանը, Ա․ Հարությունյանը, Մ․ Հարությունյանը, Տ․ Հակոբյանը, ռեժիսորներից՝ Ջ․ Ժամհարյանը, Բ․ Շաքարյանը, ՀՍՍՀ վաստակավոր գործիչ Տ․ Վարդազարյանը և ուրիշներ։ Բեմադրություններից են «Չար ոգի», «Նամուս» (ըստ Շիրվանգադեի), Մուրացանի «Ռուզան», Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ», Սունդուկյանի «Խաթաբալա» են։ 1951-ին թատրոնը փակվել է, 1958-ին կրկին բացվել Գ․ Բորյանի «Նույն հարկի տակ» ներկայացումով։ Թատրոնի գլխավոր ռեժիսորն էր ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ Ա․ Մարտիրոսյանը, բեմադրող ռեժիսորը՝ Լ․ Մարտիրոսյանը։ Դերասանական կազմը համալրվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստ–ի շրջանավարտներով՝ Ա․ Մանուկյան, Ե․ Ղազանչյան, Գ․ Մանուկյան, Գ․ Նովենց, Ա․ Քոչարյան, Բ․ Ղազյան և ուրիշներ։ 1960-ական թթ․ լավագույն բեմադրություններից են Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան», Շիրվանզադեի «Պատվի համար» (երկուսն էլ՝ ռեժիսոր Ն․ Բաղդասարյան), Շիլլերի «Սեր և խարդավանք», ՀՍՍՀ վաստ․ արտիստ Գ․ Գևորգյանի «Կապույտ ձիավորը»։ Թատրոնի ներկայիս կազմում են ՀՍՍՀ վաստ․ արտիստներ Մ․ Ղազարյանը, Ա․ Մարտիրոսյանը, Ա․ Հարությունյանը, դերասաններ Ա․ Ավագյանը, Ս․ Բաղդասարյանը, Վ․ Սարգսյանը, Է․ Գալստյանը, Օ․ Մկրտչյանը և ուրիշներ։ Գլխավոր ռեժիսորն է Ս․ Գայամյանը, նկարիչը՝ Ռ․ Կամոյանը։ Վերջին շրջանի լավագույն բեմադրություններից են Սովաժոնի «Չաո», Շիրվանզադեի «Արմենուհի», Զ․ Խալափյանի «Դպրոցական կատակերգություն»։
ՂԱՓԱՆԻ ՊՂՆՁԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ, գտնվում է Ղափան քաղաքից 3–4 կմ հյուսիս, Կավարտ գետի վերին հոսանքում։ Հայտնի է 150 տարուց ի վեր․ 1846-ից մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը մշակել են մասնավոր ձեռնարկատերերը։ Հանքավայրի սիստեմատիկ ուսումնասիրման, հետախուզման և մշակման աշխատանքները սկսվել են Հայաստանում սովետական իշխանություն հաստատվելուց հետո։ Շրջանի և հանքադաշտի երկրաբանական կառուցվածքն ու հանքայնացման տեղայնացման օրինաչափությունները հանգամանորեն նկարագրված են Վ․ Ն․ Կոտլյարի, Յու․ Ա․ Արապովի, Ի․ Գ․ Մաղաքյանի, Ս․ Ս․ Մկրտչյանի, Բ․ Ս․ Վարդապետյանի, Ա․ Ե․ Քոչարյանի, Ս․ Ս․ Վանյուշինի և բազմաթիվ այլ հետազոտողների աշխատություններում։ Հանքադաշտը գտնվում է հս–արմ․ տարածման Ղափանի անտիկլինալի սահմաններում, որը կազմված է միջին և վերին յուրայի հրաբխածին ու հրաբխածին–նստվածքային հատվածքներից։ Այդ անտիկլինալային ստրուկտուրայի միջուկում մերկանում են շրջանի ամենահին՝ ստորին բայոսի անդեզիտային ու անդեզիտա–բազալտային պորֆիրիտները, իսկ թևերում՝ վերին բայոսի հրաբխածին–նստվածքային հզոր շերտախումբը, ներկայացված ստորին մասում՝ անդեզիտային ու անդեզիտա-դացիտային պորֆիրիտներով, իսկ վերին մասում՝ անդեզիտա-դացիտային քվարցային («Բարաբաթումի») պորֆիրիտներով, ավազաքարերի, տուֆերի ու տուֆավազաքարերի շերտաշարերով և ոսպնյակներով։ Հանքայնացման վերահսկման մեջ առանձնապես մեծ է հս–արմ․ տարածման խզումնային խախտումների դերը, որոնց հարում է շրջանի հանքաբեր տեղամասերի համարյա 80%-ը։ Հս-արմ․ և հս-արլ․ խախտումներով սահմանափակված բլոկներում ընդգրկված լայնակի խախտումները հանքապարունակող ստրուկտուրաներ են և պայմանավորում են հանքայնացման մորֆոլոգիական (երակային) տիպը։ Ղափանի հանքադաշտը գրավում է մի քանի տասնյակ կմ² մակերես և ձգված է համանուն անտիկլինալի առանցքի երկայնությամբ։ Հանքայնացումը ներկայացված է երակային և շտոկվերկային մարմիններով, ամենաինտենսիվ հանքայնացումը զարգացած է Ղափան քաղաքից դեպի հս-արմ․ և կազմում է մոտավորապես 4 կմ երկարության ու 2–2,5 կմ լայնության մի գոտի, որի սահմաններում, Մեծ Մաղարայի խախտման զոնայի երկայնությամբ, տեղադրված են հիմնական հանքաբեր տեղամասերը։ Հանքավայրի կենտրոնական մասում հայտնի են 450-ից ավելի արդ․ նշանակության հանքային երակներ, որոնք ըստ տարածման և խորության հետամտվում են 100–250 մ։ Ղափանի հանքադաշտում հանքայնացման հետամտված խորությունը մոտավորապես 500 մ է։ Հանքանյութերի գլխավոր միներալներն են քվարցը, պիրիտը և խալկոպիրիտը, որոնք ուղեկցվում են սֆալերիտով, գալենիտով, բոռնիտով, էնարգիտով, խունացած հանքանյութերով, ալթայիտով, հեսսիտով են, իսկ երակային միներալներից՝ կալցիտով, գիպսով, դոլոմիտով, սիդերիտով, բարիտով։ Հանքանյութերն ունեն բազմափուլ բնույթ և ձևավորվել են մեկը մյուսին աստիճանաբար հաջորդող միներալանստեցման յոթ փուլերի ընթացքում։ Հետազոտողների մեծամասնության կարծիքով, Ղափանի արդ․ հանքայնացումն առաջացման պայմաններով դասվում է միջին ջերմաստիճանային հիդրոթերմալ հանքավայրերի տիպին և սերտորեն կապված է միջին յուրայի հրաբխային գործունեության հետ։ Հանքավայրի հեռանկարները կապված են հանքային շրջանի մանրազնին երկրաբանական ուսումնասիրությունների և հանքադաշտի հս․ թևերի ու խոր հորիզոնների հետախուզման հետ։
ՂԱՓԱՆՑՅԱՆ Արփենիկ Գրիգորի (ծն․ 12․11․1923, Երևան), հայ սովետական նկարիչ։ 1954-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստ–ը։ Աշխատում է դիմանկարի, նատյուրմորտի և բնանկարի ժանրերում։ Ղ–ի գեղանկարչությանը բնորոշ է հոգեբանական խորու-
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/36
Այս էջը հաստատված է