Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի «Կոմունիստական կուսակցության մանիֆեստը» (1848) երկը ազդարարեց մարքսիզմի, որպես ավարտուն գիտական ուսմունքի, վերջնական ձևավորումը: Մարքսիզմի կարևորագույն տեսական աղբյուրներն են՝ անգլ. քաղաքատնտեսությունը, գերմ. փիլիսոփայությունը, ֆրանս. ուտոպիական սոցիալիզմը: Մարքսն ու Էնգելսը ստեղծագործաբար մշակեցին մարդկային ողջ մտավոր հարստությունը, հաղթահարեցին նախորդ հասարակական մտքին բնորոշ իդեալիզմն ու հակապատմականությունը, քննադատաբար վերաիմաստավորեցին նյութական ու հոգևոր կյանքի բոլոր արմատական պրոբլեմները՝ դիալեկտիկական և պատմական մատերիալիզմի հիմքերի վրա խարսխելով իրենց գիտական ուսմունքը: Դրանով արմատական հեղափոխական շրջադարձ կատարվեց մարդկային մտքի զարգացման մեջ: Մարքսիզմը դարձավ մարդկության ստեղծած հոգևոր արժեքների բարձրագույն արգասիքը:
Մարքսիզմը բաղկացած է երեք, օրգանապես միմյանց հետ փոխկապակցված մասերից՝ փիլիսոփայություն (դիալեկտիկական մատերիալիզմ ու պատմական մատերիալիզմ), գիտական կոմունիզմ, քաղաքատնտեսություն: Մարքսիստական փիլիսոփայությունը ելնում է աշխարհի մատերիականությունից, գտնում, որ նրանում գոյություն ունեցող ամեն բան շարժվող (ինքնաշարժվող) մատերիայի տարբեր ձևերն են: Նյութական աշխարհի բարձրագույն արգասիքը մարդն է, նրա մտածողությունը, մարդկային հասարակությունը: Աշխարհը գոյություն ունի մարդկանց գիտակցությունից անկախ, այն զարգանում է իր բնական օրինաչափություններով: Բայց դա չի նշանակում, թե մարդը, հասարակությունն անզոր են բնության առջև: Ըմբռնելով և ճանաչելով բնության և հասարակության զարգացման օրինաչափությունները՝ մարդիկ, դասակարգերը, ամբողջությամբ վերցրած մարդկությունը, ունակ են գիտակցաբար ներգործելու բնության և հասարակության զարգացման ընթացքի վրա, կերտելու իրենց պատմությունը: Հասարակությունը դիտելով որպես ամբողջական օրգանիզմ՝ Մարքսը և Էնգելսը առաջինը գիտականորեն բացատրեցին աշխարհը, հասարակական երևույթները, դրանց զարգացման օբյեկտիվ օրինաչափությունները, ցույց տվեցին, որ մարդկությունը զարգանում է վերընթաց ուղիով՝ հաջորդաբար անցնելով հասարակական տնտ. որոշակի ֆորմացիաներով: Կիրառելով մատերիալիստական դիալեկտիկայի մեթոդը՝ Մարքսը և Էնգելսը ոչ միայն գիտականորեն բացատրեցին բնության ն հասարակության զարգացման օրինաչափությունները, այլն դրանց խոր վերլուծության հիման վրա ցույց տվեցին գոյություն ունեցող հասարակական հարաբերությունների վերափոխման ուղիներն ու միջոցները:
Իրենց տեսական գործունեության ողջ ընթացքում Մարքսի և Էնգելսի ուշադրության կենտրոնում են եղել գիտական քաղաքատնտեսության ստեղծման հարցերը: Բուրժ. հասարակության արտադրողական ուժերի և արտադրահարաբերությունների բազմակողմանի վերլուծությունը Մարքսին և Էնգելսին հնարավորություն տվեցին եզրահանգելու, որ մարդկային հասարակության զարգացման ընթացքը պայմանավորված է նյութական կենսապայմաններով, որ այն ենթակա է տնտ. զարգացման օրինաչափություններին, որոնք իրենց դրսևորումն են գտնում ժող. զանգվածների գործունեության մեջ: Այս օրինաչափությունների հետազոտումը ցույց տվեց արտադրության կապիտալիստական եղանակի անցողիկ բնույթը, նրա կործանման և անդասակարգ հասարակարգի հաղթանակի անխուսափելիությունը: Մարքսիզմը ապացուցեց, որ պատմությունը պրոլետարիատի վրա է դրել կապիտալիզմի գերեզմանափորի և կոմունիստական հասարակություն ստեղծողի համաշխարհային պատմական առաքելությունը, և դա պատմական անհրաժեշտություն է: Բանվոր դասակարգը՝ կապիտալիստական հասարակարգի ամենաառաջավոր, հետևողական հեղափոխական դասակարգը, առավելագույն չափով շահագրգռված է բուրժուազիայի տապալմամբ, ունակ է իր շուրջը համախմբելու շահագործվող աշխատավորական լայն զանգվածներին, նրանց գրոհի տանելու կապիտալիստական ստրկության դեմ: Բանվոր դասակարգի հաղթական սոցիալիստական հեղափոխության շնորհիվ կհաստատվի պրոլետարիատի դիկտատուրա, որի միջոցով միայն կհարթվի կապիտալիզմից սոցիալիզմին անցնելու ճանապարհը:
Դիալեկտիկական մատերիալիզմի և քաղաքատնտեսության անխախտ հիմքի վրա Մարքսը և Էնգելսը մշակեցին գիտական կոմունիզմի տեսությունը: Նրանք ոչ միայն բացատրեցին կապիտալիստական հասարակության զարգացման օրինաչափությունները, այլև գիտականորեն ապացուցեցին սոցիալիզմի հաղթանակի անխուսափելիությունը, դրանով իսկ սոցիալիզմը ուտոպիայից վերածելով գիտության: Մարքսը և Էնգելսը սովորեցնում էին, որ բանվոր դասակարգը պետք է սերտ դաշինքի մեջ մտնի բոլոր աշխատավորների և շահագործվողների հետ, որ տարբեր երկրների և ազգերի պրոլետարների, աշխատավոր զանգվածների շահերը նույնն են, նպատակը մեկը՝ կապիտալիզմի ոչնչացում և կոմունիզմի հաստատում, ուստի նրանք պեաք է միասնաբար հանդես գան ընդդեմ բոլոր երկրների և ազգերի բուրժուաների: Մարքսիզմը սովորեցնում է, որ պրոլետարիատի պայքարի ու կազմակերպման սկզբունքը մեկն է՝ ինտերնացիոնալիզմը:
Մարքսը և Էնգելսը ցույց տվեցին, որ պրոլետարիատի հաղթական հեղափոխությամբ կավարտվի մարդկային հասարակության նախապատմությունը, և կսկսվի նրա իսկական պատմությունը, այդ պատմության սկիզբը կդրվի մարդու կողմից մարդու շահագործման վերացմամբ: Ստեղծելով իրենց ուսմունքը՝ Մարքսը և Էնգելսը գրեթե կես դար շարունակ անդադրում զարգացնում ու կատարելագործում էին այն, հարստացնում նոր գաղափարներով և հետևություններով: Հասարակական երևույթները վերլուծելիս Մարքսը և Էնգելսը մշտապես ընդգծում էին հեղափոխական տեսության և հեղափոխական պրակտիկայի օրգանական միասնությունը: Նրանք վճռականապես մերժում էին ամեն տեսակի դոգմաները, հանդես գալիս պատրաստի սխեմաների հռչակման, իբրև գալիք բոլոր ժամանակների համար պիտանի, մեկընդմիշտ ձևակերպված որոշումների դեմ: Մերժելով կյանքից, ժող. զանգվածների գործնական պայքարից կտրված հայեցողական տեսությունները՝ մարքսիզմի դասականները անընդհատ դիմում էին պրակտիկային, իրականությանը: Նրանք բազմիցս նշել են, որ իրենց ուսմունքը կենդանի հեղափոխական ուսմունք է, գործողության ուղեցույց, որը պետք է անընդհատ զարգանա և կատարելագործվի, իհարկե, հարազատ մնալով իր էությանը, բովանդակությանը, ոգուն:
Բանվոր դասակարգի, աշխատավոր զանգվածների առջև Մարքսի ու Էնգելսի մեծագույն ծառայություններից մեկն այն է, որ նրանք ելնելով դասակարգային պայքարի պատմական փորձից, պրոլետարիատի հեղափոխական պրակտիկայի խոր վերլուծության միջոցով ցույց տվեցին, որ իր համաշխարհային–պատմական առաքելությունը կատարելու համար պրոլետարիատը պետք է ունենա սեփական քաղ. կուսակցություն, և անդուլ գործունեություն ծավալեցին այդպիսի կուսակցություն ստեղծելու համար: 1848-49-ի բուրժ. հեղափոխությունից հետո եկած ժամանակաշրջանը նշանավորվեց Կ. Մարքսի և Ֆ. Էնգելսի՝ միջազգային պրոլետարիատի ուժերի համախմբմանն ուղղված գործունեությամբ, բանվոր դասակարգի ինտերնացիոնալիստական կուսակցությունների ստեղծմամբ: Նրանց ջանքերով 1864-ի սեպտեմբերին հիմնվեց Ինտերնացիոնալ I, որը կոչված էր կապիտալիստական ճնշման դեմ մղվող պայքարում համախմբելու բանվոր դասակարգի քաղ. բոլոր ջոկատները: XIX դ. 70-80-ական թթ. Եվրոպայի մի շարք երկրներում ձևավորվեցին պրոլետարիատի սոցիալ–դեմոկրատական կուսակցությունները:
Ասպարեզ գալուց անմիջապես հետո մարքսիզմը գործնական ստուգման ենթարկվեց բանվոր դասակարգի հեղափոխական մարտերում: Նրան վիճակվեց անզիջում պայքարի մեջ մտնել ինչպես բանվորական շարժումից դուրս նրա բացահայտ հակառակորդների և թշնամական գաղափարախոսությունների, մասնավորապես մանրբուրժուական «ձախերի» (բակունիզմ, պրուդոնիզմ), այնպես էլ այդ շարժման ներսում առաջ եկած աջ օպորտունիստական հոսանքների դեմ: Պայքար մղելով բանվորական շարժման հակոտնյա ուժերի և գաղափարախոսությունների դեմ՝ Մարքսը և Էնգելսը հսկայական եռանդ էին հանդես բերում իրենց գաղափարները լայնորեն տարածելու, դրանց շուրջ տարբեր ազգերի պրոլետարներին համախմբելու համար: Այդ պայքարում մեծ հետևողականություն հանդես բերեցին նաև Մարքսի ու Էնգելսի հավատարիմ աշակերտներ, նշանավոր մարքսիստներ Պ. Լաֆարգը, Կ. Լիբկնեխտը, Ա. Բեբելը, Ֆ. Մերինգը, Գ. Պլեխանովը և ուրիշներ, որոնք ոչ միայն լայնորեն պրոպագանդում
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/360
Այս էջը սրբագրված չէ