Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/365

Այս էջը սրբագրված չէ

1908), ամերիկացի կոմպոզիտոր և դաշնակահար: Ազգությամբ՝ շոտլանդացի: 1876-78-ին սովորել է Փարիզի կոնսերվատորիայում՝ Ա. Մարմոնտելի (դաշնամուր) և Մ. Սավառայի (կոմպոզիցիա), Մայնի Ֆրանկֆուրտի կոնսերվատորիայում՝ Կ. Հեյմանի (դաշնամուր) և Յո. Ռաֆֆի (կոմպոզիցիա) մոտ: Ստեղծագործական անհատականությունը ձևավորվել է գերմ. ռոմանտիզմի գրական և երաժշտական ավանդույթների ազդեցությամբ: 1888-ից ապրել է Բոստոնում, տվել հեղինակային համերգներ: 1896-1904-ին եղել է Կոլումբիայի համալսարանի երաժշտության ամբիոնի (ԱՄՆ–ում առաջին) ղեկավարն ու պրոֆեսորը: Մ. Դ. ամերիկյան պրոֆեսիոնալ կոմպոզիտորական դպրոցի հիմնադիրներից է: Առաջին ամերիկացի կոմպոզիտորն է, որ օգտագործել է հնդկացիների երաժշտական բանահյուսությունը («Հնդկական սյուիտ» ևն): Գրել է ծրագրային երաժշտություն («Ողբերգական», «Հերոսական», «Նորվեգական» սոնատներ), դաշնամուրային 2 կոնցերտ, մոտ 40 երգ ևն:
ՄԱՔԵՆԻՍ, գյուղ Հայկական ՍՍՀ Վարդենիսի շրջանում, շրջկենտրոնից 15 կմ հարավ–արևմուտք: Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև ծխախոտի, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կինո, հեռախոսակայան, բուժկայան: Մ–ում պահպանվել է Մաքենյաց վանքը (IX դ.), եկեղեցիներ (X-XIII դդ.), գերեզմանոց խաչքարերով (X-XVII դդ.):
ՄԱՔԵՆՅԱՑ ՎԱՆՔ, Մաքենոցաց վանք, ճարտարապետական համալիր ՀՍՍՀ Վարդենիսի շրջանի Մաքենիս գյուղի մոտ: Մ. վ. հայտնի է դեռևս VII դ.: IX-X դդ. եղել է Մեծ Հայքի Գեղարքունի գավառի ամենանշանավոր կրոնական-մշակութային կենտրոնը: Հիմնական խմբի հուշարձանները պարսպափակ (8-9 մ բարձրությամբ) տարածքի ներսում են: Կենտրոնում իշխան Գրիգոր Սուփանի կառուցած գլխավոր եկեղեցին է (IX դ. վերջ), որին հվ–արմ-ից կից է ավելի վաղ կառուցված միանավ եկեղեցին, իսկ արմ–ից՝ գավթի պատերի մնացորդները: Եկեղեցուց հվ–արլ. Մ. վ–ի երկրորդ խումբ հուշարձաններն են՝ միմյանց կից երկու միանավ թաղածածկ եկեղեցիներ (IX-X դդ.): Մ. վ–ի գլխավոր եկեղեցին հատակագծում արտաքինից ուղղանկյուն է, ներսից՝ եռաբսիդ, արմ. ուղղանկյուն խաչաթևով (արլ–ում և հս–արմ. անկյունում ավանդատներ են), հվ–արմ. ավանդատունը չի եղել, այստեղ բարձրացել է ավելի վաղ շինված միանավ եկեղեցի: Սլաքաձև գմբեթակիր կամարների վրա երկաստիճան տրոմպային փոխանցումն է: Պահպանվել են IX-X դդ. քարտաշ վարպետների բնորոշ նշաններ:
Գրկ. Մնացականյան Ստ., Հայկական ճարտարապետության Սյունիքի դպրոցը, Ե., 1960: Դիվան հայ վիմագրության, պր. 4, Ե., 1973 (կազմ. Ս. Բարխուդարյան): Ս. Մնացականյան ՄԱՔԻ (ֆրանս. maquis՝ մշտադալար փշոտ դժվարանցանելի թփուտներ), 1939-45-ի երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ֆրանսիական պարտիզանների ջոկատների անվանումներից: Մ. գործել է ֆրանս. կոմկուսի կազմակերպած Դիմադրության շարժման կազմում: Շարժմանը մասնակցել են Ֆրանսիայի ազգային հայրենասիրական ուժերը, այդ թվում նաև ֆրանսահայերը: Հայտնի է Փարիզում գործած մարտական ինտերնացիոնալ խումբը, որի ղեկավարն էր բանաստեղծ կոմունիստ Մ. Մանուշյանը:Հ. Լիլոյան ՄԱՔԻԱՅՈԼԻ (իտալ. macchiaioli, < macchia — բիծ), իտալացի գեղանկարիչների խումբ, որը կազմավորվել է 1860-ին, Ֆլորենցիայում և այդպես է կոչվել գեղանկարչական ազատ մաներա որդեգրելու պատճառով: Խմբի ներկայացուցիչները (գեղանկարիչներ Տ. Սինյորինի, Ջ. Ֆատտորի, Ս. Լեգա, Ջ. Աբատի, խմբի տեսաբան, քանդակագործ Ա. Չեչոնի և ուրիշներ), որոնք Ջ. Մաձինիի և Ջ. Գարիբալդիի ղեկավարած ազգային–ագատագրական շարժման մասնակիցներ էին, իրենց արվեստում քարացած ու փքուն ակադեմիզմին հակադրեցին դեմոկրատական սյուժեներ: Նրանք պատկերում էին անցած պատերազմի դրվագները, նրա մասնակիցներին, հարազատ բնությունը, հաճախ աշխատում պլենէրում: Մ–ի ստեղծագործություններին բնորոշ են մոտիվների կենսական ճշգրտությունը, լակոնիզմը, հորինվածքների ազատ, պատահական բնույթը, երբեմն հյութեղ գունաբծերի հակադրամիասնությունը: 1880-ական թթ. խումբը կազմալուծվել է: Մ–ի որոշ ներկայացուցիչներ հարել են իմպրեսիոնիզմին:
ՄԱՔԻԱՎԵԼԻ (Machiavelli) Նիկոլո (1469-1527), իտալացի քաղաքագետ, պատմաբան, գրող, ռազմական տեսաբան: Ծնվել է աղքատացած ազնվականի ընտանիքում: 1498-ից եղել է Ֆլորենցիայի Հանրապետության Տասի խորհրդի անդամ, կատարել դիվանագիտական հանձնարարություններ: 1512-ին, Մեդիչիների բռնակալության վերահաստատումից հետո, հեռացվել է ծառայությունից և աքսորվել իր կալվածքը (Ֆլորենցիայի մոտ): Մ. պետության պրոբլեմը մեկնաբանել է ոչ թե աստվածաբանության, այլ աշխարհիկ դիրքերից, փորձել է բացատրել հասարակական զարգացման օրենքները: Որպես կրքոտ հայրենասեր մեծապես կարևորել է Իտալիայի միավորումը: Նա քննադատել է ազնվականությանն ու հոգևորականությանը, նրանց համարել հասարակության և Իտալիայի միավորման թշնամիներ: Մ. չափավոր դեմոկրատ էր, հանրապետության կողմնակից, բայց գտնում էր, որ Իտալիայի միավորումը պահանջում է ուժեղ պետականության ստեղծում, որի համար ընդունելի են նույնիսկ ծայրահեղ միջոցները՝ բռնություն, խաբեություն, սպանություն, դավաճանություն ևն (աղավաղելով և միակողմանիորեն բացատրելով Մ–ի ուսմունքը, նրա հակառակորդները, մասնավորապես ճիզվիտները, մուծել են «մաքիավելականություն» տերմինը, որ նշանակում էր բարոյականության նորմերն արհամարհող քաղաքականություն): Մ. գտնում էր, որ պատմությունն ունի իր օբյեկտիվ օրինաչափությունը, որ նրան հատուկ է իրադարձությունների պատճառական կապը: Պատմության շարժիչ ուժ է համարել քաղ. պայքարը, որը դրսևորվում է աղքատների ու հարուստների («նիհար» և «գեր» մարդկանց) դասակարգային հակամարտության մեջ: Մ. թեև վախենում էր «անկազմակերպ ժողովրդի» շարժումից և «խռոված ամբոխից»,