Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/370

Այս էջը սրբագրված չէ

է առնչությամբ: Մ. հ–ից փաստորեն հետևում է, որ էլեկտրամագնիսական դաշտը միշտ օժտված է էներգիայով, իսկ և վեկտորները զրոյից տարբեր են միայն էլեկտրական և մագնիսական դաշտերի միաժամանակ գոյության դեպքում: Մ. հ–ի համաձայն, էլեկտրամագնիսական փոխազդեցությունների տարածման արագությունը վերջավոր է (վակուումում սմ/վրկ, իսկ միջավայրում՝ : Այս փաստը եղել է հարաբերականության տեսության ստեղծման ելակետերից մեկը: Մ. հ. կազմում են էլեկտրոնիկայի, էլեկտրատեխնիկայի և ռադիոտեխնիկայի հիմքը ու կարևոր նշանակություն ունեն արդի ֆիզիկայի ու տեխնիկայի այնպիսի ուղղությունների զարգացման համար, ինչպիսիք են պլազմայի ֆիզիկան, մագնիսական հիդրոդինամիկան, ոչ գծային օպտիկան, արագացուցչային տեխնիկան:
Գրկ. Максвелл Дж., Избр. соч. по теории электромагнитного поля, пер. с англ., М., 1952; Тамм И. Е., Основы теории электричества, 9 изд., испр., М., 1976.Վ. Պապոյան ՄԱՔՍՈՒԴՅԱՆ Մեսրոպ (1876-1918), բանասեր, թարգմանիչ: Սկզբնական կրթությունն ստացել է Կ. Պոլսում: Այնուհետև սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Սորբոնի համալսարանում, հետևել լեզվաբանության դասընթացներին, աշակերտել Ա. Մեյեին: 1902-ին Էջմիածնում ձեռնադրվել է վարդապետ, դասավանդել Գևորգյան ճեմարանում: 1912-ին Փարիզում ֆրանս. լույս է տեսել նրա «Ակնա բարբառը» աշխատությունը: 1914-ին Մ. դարձել է Փարիզի լեզվաբանական ընկերության անդամ: Գրել է հոդվածներ, կատարել թարգմանություններ Հաֆեզից ու Սաադիից, որոնք տպագրել է «Անահիտ», «Լումա», «Արարատ», «Տարազ» պարբերականներում: Լույս է ընծայել Հաֆեզի թարգմանությունների մի ժողովածու («Օտար փունջեր», 1905), ինքնուրույն և թարգմանական գործերի ժողովածու («Հույզեր», 1915), Կալիդասայի «Շակունտալա»-ն (հրտ. 1949) ևն:Գ. Ստեփանյան ՄԱՔՍՈՒՏՅԱՆ Մաքս (15(27).6.1881, Իզմիր – 1976, Փարիզ), ֆրանսիական թատրոնի և կինոյի հայազգի դերասան: 1893-ից բնակվել է Ֆրանսիայում: 1904-ին ավարտել է Փարիզի կոնսերվատորիայի դրամատիկական բաժինը, աշակերտել «Կոմեդի ֆրանսեզի» նշանավոր դերասան Սիլվենին: Տրիպուլեի (Վ. Հյուգոյի «Արքայն զբոսնու») մենախոսության համար արժանացել է ողբերգության առաջին մրցանակի: Մ–ի արվեստին բնորոշ է ողբերգական խաղաոճը, ներքին մեծ թափը, հստակ առոգանությունը, շարժուձևի ներդաշնակությունը, անկեղծ կատարումը, որոնց շնորհիվ էլ նա ընդունվել է Փարիզի «Օդեոն» ազգային թատրոնը, հանդես եկել Մոլիերի «Ագահ», «Տարտյուֆ» և այլ պիեսներում: Այնուհետև Մ. խաղացել է Սառա Բեռնարի խմբում՝ կատարելով գլխավոր դերեր, շրջագայել Եվրոպայում, Ամերիկայում (1911): 1919-49-ին նկարահանվել է մի քանի տասնյակ կինոնկարներում՝ «Ադրիենա Լեկուվրյոր», «Էլիզաբեթ, Անգլիայի թագուհին» (Սառա Բեռնարի մասնակցությամբ, 1913), «Երկաթե մարդը» (1914), «Սպիտակ գոգնոց» (1917), «Հոգու աչքերը», «Սիրո շատրվանը» (երկուսն էլ՝ 1924), «Արթնացում» (1925), «Իմ Փարիզը», «Նապոլեոն» (երկուսն էլ՝ 1927), «Կանաչ թութակ» (1928), «Երեք վալս» (1935), «Հիշողությունները ենթակա չեն վաճառքի» (1948) ևն: Մասնակցել է հայ մշակույթին նվիրված երեկոներին:Բ. Հովակիմյան ՄԱՔՍՈՒՏՈՎ, Մակսուտով, Դմիտրի Դմիտրիևիչ (1896-1964), սովետական գիտնական, աստղագիտական օպտիկայի մասնագետ: ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1946): Ավարտել է Պետերբուրգի Ռազմաինժեներական ուսումնարանը (1914): Համաշխարհային առաջին պատերազմի ժամանակ ռուս. բանակի կազմում մասնակցել է Արևմտյան Հայաստանում թուրք. զորքերի դեմ մղվող մարտերին: 1930-ին Լենինգրադի Օպտիկական ինստ-ում կազմակերպել է աստղագիտական օպտիկայի լաբորատորիա: 1952-ից աշխատել է Պուլկովոյի աստղադիտարանում: Աշխատությունները վերաբերում են ստվերային և օպտիկական հետազոտման այլ մեթոդների կատարելագործման օպտիկական խոշոր սարքերի պատրաստման տեխնոլոգիայի հարցերին: Ստեղծել է մենիսկային համակարգով օպտիկական սարքերը (տես Մաքսուտովի աստղադիտակ): Մ. գիտական գործարար կապեր է ունեցել Բյուրականի աստղադիտարանի և ՀՍՍՀ ԳԱ Բյուրականի օպտիկամեխանիկական լաբորատորիայի հետ: Այստեղ Մաքսուտովի համակարգի դպրոցական աստղադիտակներ են պատրաստվել ՀՍՍՀ և այլ հանրապետությունների ու սփյուռքի դպրոցների համար: ՍՍՀՄ պետական մրցանակ (1941, 1946): Պարգևատրվել է Լենինի 2 շքանշանով:
ՄԱՔՍՈՒՏՈՎԻ ԱՍՏՂԱԴԻՏԱԿ, մենիսկային համակարգերի սխեմաներով պատրաստված հայելա–ոսպնյակային աստղադիտակների ընդհանուր անվանումը: Այս աստղադիտակները ստեղծել է Դ. Դ. Մաքսուտովը 1941-ին: Մ. ա–ում վերացված են գնդային քրոմատիկ աբեռացիաները, կոման (տես Օպտիկական համակարգերի թերություններ), իսկ այսպես կոչված Պիացի–Սմիթի ոսպնյակների Մաքսուտովի առաջարկած վերափոխված տեսակները շտկում են նաև պատկերի դաշտի կորությունը և դիստորսիան: Շմիդի հայելա–ոսպնյակային աստղադիտակների (տես Շմիդի աստղադիտակ) համեմատությամբ Մ. ա–ներն ավելի դյուրին են պատրաստվում և ունեն մոտ երկու անգամ ավելի կարճ խողովակ: Աշխարհի խոշորագույն Մ. ա–ները (700 մմ տրամագծով մենիսկներով) կառուցված են ՍՍՀՄ–ում և տեղադրված Աբասթումանի աստղաֆիզիկական աստղադիտարանում (ՍՍՀՄ) և Սեռո–Ռոբլե լեռան վրա (Չիլի):
ՄԱՔՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ լեզվական, մայրենի լեզուն օտար լեզուների փոխառություններից, ժող. բառերից ու արտահայտություններից, ոճական տարբեր կարգի նորարարություններից, գրական լեզվի մեջ բնականորեն ներթափանցած բառային ու քերականական չնորմավորված տարրերից անձեռնմխելի, «մաքուր» պահելու կամ մաքրելու ձգտում, արհեստական պայքար, որը չի հենվում տվյալ լեզվի զարգացման միտումները հաշվի առնող գիտական ուսումնասիրության տվյալների վրա և այդ իսկ պատճառով ունի պահպանողական բնույթ: «Մ.» տերմինը երբեմն կիրառում են դրական՝ «լեզվի մաքրության» ձգտելու իմաստով, դրա տակ նկատի ունենալով լեզուն անհարկի օտար բառերով ու արտահայտություններով խճողելու դեմ ուղղված պայքարը:
Սոցիալիստական հասարակարգում լեզվաշինության գործունեությունը արմատապես տարբերվում է լեզվական Մ–ից: Սոցիալիզմի օրոք ազգային գրական լեզուների մշակումը մի կողմից ընթանում է գրական լեզուն բարբառայնությունից, ինչպես նաև անհարկի օտարաբանություններից մաքրելու, մյուս կողմից՝ լեզվական Մ–յան դեմ պայքարի ուղիով:
Բացասական չպետք է համարել հայրենիքից կտրված ժողովուրդների ու ազգությունների ներկայացուցիչների՝ լեզվաշինության հարցում ցուցաբերած Մ.: Այսպես, սփյուռքահայերի՝ օտար լեզուների փոխառություններից խուսափելու լեզվաքաղաքականությունը մեծ մասամբ պայմանավորված է ազգային ինքնապաշտպանության առողջ մղումով և որոշ չափով նպաստում է ապազգայնացման ու ձուլման դեմ պայքարին:Լ. Ղազանչյան ՄԱՔՐԱՎԱՆՔ, XIII դարի ճարտարապետական հուշարձանախումբ ՀՍՍՀ Հրազդան քաղաքի արևմտյան կողմում: Գլխավոր՝ Ս. Աստվածածին եկեղեցին մեկ զույգ որմնամույթերով, արմ. կողմում երկհարկանի ավանդատներով գմբեթավոր դահլիճ է: Սրբատաշ քարից կառուցված