Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/384

Այս էջը սրբագրված չէ

շահագործման ղեկավարումն իրականացնող պետական մարմին։ Կազմակերպվել է 1966-ին։ 1920–22-ին գործել է հողերի բարելավման (ջրային) բաժին, 1922-ից՝ ենթարկվել Անդրկովկասի ջրային տնտեսության վարչությանը։ 1925-ին կազմակերպել է ՀՍՍՀ ջրային տնտեսության վարչություն («Հայջրտնտեսություն»), որը 1933-ին վերակազմվել է ՀՍՍՀ հողժողկոմատի ջրային վարչության։ 1940-ին վարչությունը վերածվել է Ջրային տնտեսության ժողկոմատի, իսկ 1946-ին՝ մինիստրության։ 1953-ին լուծարքվել է և ընդգրկվել ՀՍՍՀ գյուղատնտեսության և մթերումների մինիստրության կազմի մեջ, որպես Ջրային տնտեսության գլխավոր վարչություն։ 1954-ին ՀՍՍՀ ջրային տնտեսության մինիստրությունը վերակազմակերպվել է 1966-ին անվանվել է ՀՍՍՀ մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստրություն։ Ներառնում է ոռոգման, ոռոգման և ջրարբիացման համակարգերի շահագործման գլխավոր վարչությունը, կապիտալ շինարարության, մեքենայական ոռոգման, պլան–ֆինանսական վարչությունները, 7 բաժին՝ մեքենայացման ու տրանսպորտի, կոմպլեկտավորման ու նյութական ֆոնդերի, վերստուգման ու վերահսկման ևն։ Մինիստրությանը ենթարկվում են նաև ստորերկրյա ջրերի (1), ոռոգման, ոռոգման և ջրարբիացման համակարգերի (37) և ջրհան կայանների (6) վարչություններ, շարժական մեքենայացման 4 շարասյուն, Ջրային պրոբլեմների և հիդրոտեխնիկայի ԳՀԻ–ն ևն։
Հայ ջրտնտեսության և ՀՍՍՀ հողժողկոմատի ջրային վարչության պետ են եղել Ս․ Շադունցը (1924–27), Հ․ Պետրոսյանը (1927–28), Կ․ Այվազյանը (1928–1934), Ն․ Դանիելյանը (1934–36), Մ․ Մարգարյանը (1936–37), Ա․ Մելիքջանյանը (1937–38), Գ․ Աղախանյանը (1938–40, 1940–46-ին՝ ժողկոմ, 1946–53-ին՝ մինիստր), մինիստր՝ Գ․ Բաղրամյանը (1954–77, 1953–54-ին՝ գլխավոր վարչության պետ)։ 1977-ից մելիորացիայի և ջրային տնտեսության մինիստր է Ռ․ Շահոյանը։Գ․ Աղախանյան ՄԵԼԻՈՐԱՑՈՒՄ ԿԼԻՄԱՅԻ (< լատ․ melioratio – բարելավում), կլիմայի բարելավում, միջոցառումների համալիր, որի նպատակն է կլիման փոխել մարդուն անհրաժեշտ ուղղությամբ (օրինակ՝ որևէ շրջանում բնակչության կենսապայմանների բարելավման, գյուղատնտեսության առանձին ճյուղերի զարգացման համար ևն)։ Գիտության և տեխնիկայի ժամանակակից մակարդակի պայմաններում Մ․ կ․ կարող է կատարվել միայն համեմատաբար ոչ մեծ տարածքում և առավելապես մթնոլորտի մերձերկրյա շերտերում։ Կլիմայի մելիորացման նախատեսվող եղանակներից են մթնոլորտի վերին շերտերի փոշեցրումը, օվկիանոսներում ամբարտակների կառուցմամբ օվկիանոսային հոսանքների ռեժիմի փոփոխումը, ատոմային էներգիայի կիրառումը, բևեռային սառույցների վերացումը ևն, որոնց մի մասը տեխ․ տեսակետից կարելի է իրականացնել ոչ հեռավոր ապագայում։ Սակայն, գիտության ժամանակակից մակարդակով հնարավոր չէ նախատեսել այս կամ այն միջամտության բոլոր հնարավոր հետևանքները կլիմաառաջացնող պրոցեսների ընթացքի վրա։ Այդ իսկ պատճառով անհրաժեշտ է պահպանել Երկրի վրա գոյություն ունեցող կլիմայական պայմանները և սահմանափակել դրանց վատացման տենդենցները, որոնք պայմանավորված են բնական պրոցեսներին մարդու միջամտությամբ։
ՄԵԼԻՈՐԱՑՈՒՄ ՀՈՂԻ, հողաբարելավում, հողերն արմատապես բարելավող կազմակերպական տնտեսական և տեխնիկական միջոցառումների համալիր։ Փոխելով բնական պայմանների (հողային, կլիմայական, ջրաբանական ևն) համալիրը՝ հնարավոր է ֆաունայի ու ֆլորայի համար ստեղծել ջրա-ջերմային, օդային, սննդային ևն լավագույն ռեժիմներ։ Մ․ հ․ կարևոր է գյուղատնտ․ հողատեսքերի արտադրողականության բարձրացման գործում, այն գյուղատնտ․ արտադրության ինտեսիվացման անհրաժեշտ գործոն է, արմատական և կայուն միջոցառում։ Ի տարբերություն հողերի բերրիության բարձրացման ագրոտեխնիկական այլ միջոցառումների, Մ․ հ․ ազդեցությունը երկարատև է կամ մշտական։ Այն առավել արդյունավետ է, երբ կիրառվում է կուլտուր-տեխնիկական աշխատանքների և երկրագործական այլ միջոցառումների հետ։ Ժամանակակից Մ․ հ․ համար բնորոշ է մեծ հողազանգվածների ընդգրկումը։ Նման պայմաններում վճռական նշանակություն ունի գիտականորեն հիմնավորված միջոցառումների ընտրությունը, որ այն բացասական ազդեցություն չունենա բնական պայմանների վրա (օրինակ, ոչ ճիշտ ոռոգումը կարող է առաջացնել հողերի աղակալում, ճահճացում, հողատարում, իսկ ստորերկրյա ջրերի մակարդակի չհիմնավորված իջեցումը՝ տեղանքի գերչորացում ևն)։
Առավել տարածված է անբարենպաստ ջրա–ջերմային ռեժիմ, ագրո–ֆիզիկական վատ հատկանիշներ ունեցող հողերի մելիորացումը։ Ճահճացած և գերխոնավացած հողերը բարելավում են չորացման աշխատանքներով՝ բաց ջրանցքների և ցամաքուրդների միջոցով, որի շնորհիվ նպաստավոր պայմաններ են ստեղծվում հողի ջրա–ջերմային ռեժիմի բարելավման ու օրգ․ նյութերի քայքայմանը նպաստող աերոբ պրոցեսների խթանման համար։ Կլիմայական չոր պայմաններում (երբ գոլորշիացումը գերակշռում է տեղումների քանակին) հողի խոնավության պաշարները լրացնում են արհեստական ոռոգմամբ՝ ստեղծելով բաց և փակ ոռոգման համակարգեր, ինչպես նաև ջրամբարների և մի շարք հիդրոտեխնիկական կառույցների օգնությամբ կուտակում գետերի և տեղումներից առաջացած ջուրը։ Անապատային, կիսաանապատային և տափաստանային գոտիներում, որտեղ զարգացած է անասնապահությունը, արոտավայրերը ջրարբիացնում են։ Տարածքի ջրային անբարենպաստ ռեժիմը կարգավորող միջոցառումները կոչվում են հիդրոտեխնիկական կամ ջրային Մ․ հ․։ Ագրոֆիզիկական և ֆիզիկա–քիմիական աննպաստ հատկանիշներով հողերի համար կիրառվում է ագրոտեխնիկական և քիմիական Մ․ հ․։ Անապատատափաստանային գոտում զարգացող աղակալած և աղուտ հողերը բարելավում են լվացումներով և մի շարք քիմ․ միացությունների (գիպս, կալցիումի քլորիդ, երկաթի սուլֆատ, ծծմբական թթու ևն) օգտագործմամբ, որոնք նպաստում են հողից սոդայի հեռացմանը։ Թթու հողերի բերրիությունը բարձրացնում են կրացման միջոցով։ Ամրացած ենթավարելաշերտով հողերում ավելացնում են վարի խորությունը, անհարթ մակերես ունեցող տարածքը պլանավորում ևն։ Էրոզիայի ենթակա հողերի բարելավումը ներառում է մակերեսային ջրերի ու քամու միջոցով հողերի ողողման և տարման կանխարգելիք ինչպես նաև սորուն ավազի, փլուզումների, հեղեղատների առաջացման դեմ պայքարի միջոցառումներ։ Էրոզացված հողերը բարելավելու նպատակով կրճատում են մակերեսային հոսքերի քանակն ու արագությունը, մեծացնում հողի դիմադրողականությունը, ստեղծում խոչընդոտներ ջրի և քամու ազդեցության դեմ։ Հողատարումը կանխարգելող աշխատանքներում կարևոր են անտառաբարելավման և մարգագետնաբարելավման միջոցառումները։
Մ․ հ․ ունի մի քանի հազարամյակների պատմություն։ Արհեստական ոռոգման համակարգեր են կառուցվել Միջագետքում, Եգիպտոսում, Հնդկաստանում, Չինաստանում, Հայաստանում, Անդրկասպյան երկրներում ևն, կատարվել են բարդ հիդրոտեխնիկական աշխատանքներ՝ հողերի ոռոգում, գետերի ափերի ամրացում, հակահեղեղային միջոցների, ջրամբարների, ջրամբարձ սարքավորումների կառուցում ևն։ Հետագայում Մ․ հ․ աշխատանքները կատարելագործվել են և ընդգրկել ավելի ընդարձակ տարածություններ։ XX դ․ 50-ական թթ․ աշխարհում ոռոգվել է 121 մլն հա հողատարածություն։ Ռուսաստանում ճահճակալած հողերի չորացման աշխատանքներ (առանձին դեպքեր) կատարվել են դեռևս հնագույն ժամանակներից։ XX դ․ սկզբին Ռուսաստանում ոռոգվել էր 3,8 մլն հա, չորացվել 2,5 մլն հա հողատարածություն (1917-ին՝ համապատասխանաբար 4,1 և 3,2 մլն հա)։ 1977-ին ՍՍՀՄ–ում ոռոգվել է 16,0 մլն հա, կրացվել 50 մլն հա տարածություն և ջրարբիացվել 78 մլն հա արոտավայր։ ՍՍՀՄ–ում բրնձի, բամբակի, բանջարեղենի 80 %-ը, խաղողի վազի, շաքարի ճակնդեղի, պտղատու և կերային կուլտուրաների զգալի մասը մշակվում են բարելավված հողերում։
Հայաստանում Մ․ հ․ աշխատանքներ կատարվել են դեռևս մ․ թ․ ա․ IX–VI դդ․։ Ոռոգման հին կառույցների մնացորդներ կան Արագածոտնում, Գեղամա լեռների ցածրադիր մասերում և այլուր։ Այդ ժամանակաշրջանում կառուցված ջրանցքների, ջրամբարների մի մասը գործում է մինչ այսօր (հին Սարդարապատի, Էջմիածնի, Դալմայի, Աշտարակի ևն)։ Ջրանցքներ կառուցվել են նաև վաղ միջնադարում և միջնադարում (Եղվարդի, Գնդեվազի, Ակների ևն), Արևելյան Հայաստանը Ռուսաստանի հետ միավորելուց հետո՝ Արազդայանի և Շանգիրեյի։