Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո կառուցվեցին նոր ջրանցքներ և ջրամբարներ։ Մեծ նշանակություն ունեցավ արտեզյան ջրերի հայտնաբերումն ու օգտագործումը։ 1979-ին ոռոգվել է մոտ 280 հզ․ հա տարածություն, ջրարբիացվել 450 հզ․ հա արոտավայր։ Աշխատանքներ են կատարվում ճահճացած և գերխոնավացված հողերի բարելավման ուղղությամբ։ Սկսած 1960-ական թթ․ բարելավվում են Արարատյան հարթավայրի աղուտ–ալկալի հողերը (30 հզ․ հա)։ 1977-ին բարելավվել և արտադրությանն է հանձնվել շուրջ 2,2 հզ․ հա հողատարածություն։ Մ․ հ․ համար օգտագործվում է ՀՍՍՀ գյուղատնտեսության մինիստրության հողագիտության և ագրոքիմիայի ԳՀԻ–ի առաջարկած եղանակը, որի հիմքում ընկած է քիմ․ արդյունաբերության թթու թափոնների՝ ծծմբական թթվի և երկաթի արջասպի օգտագործումը։ Մեծ չափերի է հասել ստորերկրյա ջրերի մակարդակի իջեցման նպատակով կառուցված ցամաքուրդների ցանցը։ 1978-ին այդ միջոցով բարելավվել է մոտ 64700 հա հողատարածություն։
ՀՍՍՀ–ում Մ․ հ․ գիտական հարցերով զբաղվում են հողագիտության և ագրոքիմիայի, երկրագործության, խաղողագործության, պտղաբուծության և գինեգործության, անասնաբուծության–անասնաբուժության, գյուղատնտեսության էլեկտրիֆիկացման և մեքենայացման, «Հայջրնախագիծ» ու «Հայպետհողշին» նախագծային ինստ–ները։
ՄԵԼԻՏԵ Ա ՄԱՆԱԶԿԵՐՏՑԻ (ծն․ թ․ անհտ․ – 456), Հայոց կաթողիկոս 452-ից։ Աղբիանոսյանների տոհմից։ Մասնակցել է Շահապիվանի 444-ի (որպես երեց) և Արտաշատի 449-ի (որպես եպիսկոպոս) ժողովներին։ Վարել է չափավոր, հաճախ Գրիգոր Լուսավորչի տոհմի շառավիղներին հակընդդեմ քաղաքականություն։
ՄԵԼԻՏԵՆԵ, տես Մալաթիա։
ՄԵԼԻՏՈՊՈԼ, քաղաք, Ուկրաինական ՍՍՀ Զապորոժիեի մարզի Մելիտոպոլի շրջանի կենտրոնը։ Ունի երկաթուղային կայարան։ 163 հզ․ բն․ (1980)։ Տնտեսության առաջատար ճյուղը մեքենաշինությունն է։ Կան սննդի և թեթև արդյունաբերության ձեռնարկություններ, մանկավարժական, գյուղատնտեսության մեխանիզացիայի ինստ–ներ, տեխնիկումներ, ուսումնարաններ, հայրենագիտական թանգարան։ Քաղաք է 1841-ից։
ՄԵԼԻՔ Հակոբ (1817, Վան — մահ․ թ․ անհտ․)․ ռումինահայ հասարակական գործիչ, ճարտարապետ, Վալաքիայի 1848-ի հեղափոխության մասնակից։ Մանուկ հասակում ծնողների հետ տեղափոխվել է Բուխարեստ։ Ճարտ․ բարձրագույն կրթությունը ստացել է Փարիզում։ 1840-ական թթ․ կեսին Մ․ հրավիրվել է Բուխարեստ, 1847-ին նշանակվել Վալաքիայի ինժեներական բաժնի ճարտարապետ։ Վալաքիայի 1848-ի հեղափոխության նախօրյակին ընտրվել է Բուխարեստում կազմակերպված դեմոկրատական ակումբի քարտուղար։ Մ–ի տանը գումարվել են գաղտնի ժողովներ, կազմակերպվել զինված ջոկատներ։ Հեղափոխության պարտությունից հետո հեռացել է Բուխարեստից։ 1857-ին վերադարձել է, Վալաքիայի 21 ազգային գործիչների հետ ստորագրել (1858) «Հավատքի դավանանք» փաստաթուղթը, որը ժողովրդին կոչ էր անում միավորվել և ստեղծել միասնական Ռումինիա։ 1860-ին ընտրվել է Վալաքիայի պառլամենտի անդամ։ 1847-ին, ապա 1858-ից եղել է Բուխարետոի հայկ․ համայնքի հոգաբարձության ղեկավարը։
Մ․ նախագծել է Բուխարեստի Ազգային թատրոնի շենքը (չի կառուցվել), Հաղթական կամարը (1848), Կ․ Պոլսում՝ Ճեզայիրլի ամիրայի ապարանքը (1850), Արճեշ գետի (Ռումինիա) կամուրջը (1857) ևն։ Հրատարակել է «Արևելքը Արևմուտքի առջև» (ֆրանս․, 1856) գիրքը, որը նվիրված է Թուրքիայի պատմությանը, այդ երկրի կյանքում հայերի ունեցած դերին և նրանց թշվառ վիճակին։ Միաժամանակ, Մ․ պատրանքներ է կապում Թուրքիայում կատարվող բարենորոգումների (թանզիմաթ) հետ։
Գրկ․ Քոլանջյան Ս․, Բուխարեստի հայոց անցյալն ու ներկան, «Էջմիածին», 1951, № 1–3։ Սիրունի Հ․ Ճ․, Հայերը 1848-ին, «ԲՀԱ», 1968, № 3։
ՄԵԼԻՔ Ռուբեն (Մելիք–Մինասյանց Ռուբեն Լևոնի, ծն․ 14․11․1921, Փարիզ), ֆրանսիական բանաստեղծ, ազգությամբ՝ հայ։ Ֆրանսիայի կոմկուսի անդամ (1943)։ Սովորել է Սորբոնի համալսարանում (1939–1942)։ Ստեղծագործում է ֆրանսերեն։ Գրական ասպարեզ է մտել «Աշխարհի ակորդներ» (1946) գրքով։ Լավագույն գործերից են «Հորիզոն անցնողները» (1948, շարք, Ապոլիների մրցանակ), «Մեր երջանկության օպերան» (1950, պոեմ), «Քրիստափոր Կոլումբոս»-ը (1952, պոեմ), «Լինչ»-ը (1954, պոեմ, բեմադրվել է 1961–1974-ին՝ «Սև տառապանք» վերնագրով), «Ապրելու ժամանակ»-ը (1957, շարք), «Միացյալ երգը» (հ․ 1–2, 1960, 1967, հատընտիր, ֆրանս․ ակադեմիայի Պիեռ դը Ռընեի մեծ մրցանակ), «Քարե հսկողը» (1961, պոեմ, ֆրանս․ ակադեմիայի ֆրանսերեն լեզվի մրցանակ), «Կամայական պոեմը» (1966, դասվել է տարվա լավագույն գործերի շարքը)։ 1976-ին հրատարակվել է Մ–ի «Մարմին, ինձնով կենդանի» (հայ․ հրտ․ 1978) գիրքը, որի համար նրան շնորհվել է ֆրանս․ գրողների միության «Սոսիետե դե Ժան դը լետր» մրցանակը (1976)։ Մ–ի քնարերգությունը ինքնատիպ է․ նա գույների մեջ տեսնում է հույզ, երաժշտական խազերի մեջ՝ ծիածանի երփներանգումներ, գծերի մեջ՝ իրերը, իրերի մեջ՝ շարժվող բնությունը և ապա այդ բոլորը կապում է իրար՝ մարդկային ապրումներն ու կյանքի երևույթները բացատրելու համար։
Մ․ ապրում է Սովետական Հայաստանի վերելքով, նրա մշակույթի ու արվեստի հաջողություններով։ Հայերին ու Հայաստանն է երգել «Հայկական լեգենդ» բանաստեղծությունում, «Հնչյակներ գիշերային երկրի» սոնետներում և այլ գործերում։ Թարգմանել է հայ, մասնավորապես՝ սովետահայ բանաստեղծների գործեր, կազմել ու խմբագրել է «Հայ պոեզիայի անթոլոգիա V դարից մինչև մեր օրերը» (1973)։ 1968-ից բազմիցս եղել է Հայաստանում։
ՄԵԼԻՔ (Մելիքյան) Սոս Եփրեմի (ծն․ 1914, Կիսլովոդսկ), հայ նկարիչ։ 1922-ից ապրում է Նյու Յորքում։ Սովորել է տեղի Ազգային ակադեմիայում։ Ստեղծագործում է դիմանկարի բնագավառում։ Աշխատանքներից են՝ Լ․ Կոտովսկու, Ֆ․ Շալյապինի, Չ․ Հյուզի, Եփրեմ Մելիք–Զադեի, եղբոր՝ Զավեն Մելիքի դիմանկարները։ Մ․ գծանկարի ճանաչված վարպետ է (նրան համեմատել են Հոլբայնի և Էնգրի հետ)։
ՄԵԼԻՔ (արաբ. malik – տեր, տիրակալ, արքա), Առաջավոր Ասիայի երկրների մահմեդական տիրակալների անվանումը միջին դարերում։ Հայաստանում տարածվել է ուշ միջնադարում։ Իրանական տիրապետության ժամանակաշրջանում Մ․ էին կոչվում բնիկ ազնվականության մնացորդներից բարձրացած և իրենց ենթակա տիրույթներում վարչական արտոնություն ունեցող մանր ֆեոդալները։ XIV–XVIII դդ․ Իրանում և Արևելյան Հայաստանում Մ․ էին կոչվում նաև խոշոր ավանների և քաղաքային թաղամասերի ավագները, որոնք պատասխանատու էին պետ․ հարկերի ու տուրքերի գանձման համար։ Այդպիսի Մ–ներից էին Մելիք–Դավիթը և նրա օգնական Գյոզալ–բեկը (XVII դ․ սկզբին)՝ Կոտայքում և Ամբերդում, Մելիք–Օվին և Մանվելը (XVII դ․ 80-ական թթ․)՝ Ագուլիսում, Մկրտումը, Հակոբջանը և Մելիք–Աղամալյանները՝ Երևանում։ Սյունիքում և Արցախում մելիքական իրավունքը, թեև հաստատվում էր շահական հրովարտակով, ուներ ժառանգական բնույթ։ Մ․ միանձնյա իշխանապետական իրավունքներ ուներ իր տիրույթում (մահալում), անձամբ լսում էր հպատակների միջև ծագած վեճերը և կայացնում վճիռ։ Մ–ները ունեին ամրոցներ, որոնք նրանց ինքնավարության ռազմ. հենակետերն էին։ Տես նաև Մելիքություն։
Գրկ․ Րաֆֆի, Խամսայի մելիքությունները․ Երկ․ ժող․, հ․ 10, Ե․, 1964։ Լեո, Երկ․ ժող․, հ․ 3, գիրք 2, Ե․, 1973։ Պողոսյան Ֆ․, Խամսայի մելիքների իրավունքների և պարտականությունների մասին, «ԲՀԱ», 1966, № 1։ Մատենադարանի պարսկերեն վավերագրերը (կազմ․ Փափազյան Հ․ Դ․), պր․ 1–2, Ե․, 1956–59։
ՄԵԼԻՔ Ս․ ԴԱՎԻԹ–ԲԵԿ, տես Սարգիսյան Սարգիս։
ՄԵԼԻՔ–ԱԴԱՄՅԱՆ Արտաշես Ալեքսանդրի [28․8․1885, գ․ Շուլավեր (այժմ՝ Շահումյան, Վրաց․ ՍՍՀ–ում) – 10․3․1949, Երևան], հայ սովետական թերապևտ։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1937), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1940)։ 1906-ին ավարտել է Թիֆլիսի գիմնազիան, ապա՝ Խարկովի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը (1911) և աշխատել տեղի ֆակուլտետային թերապիայի, 1916–25-ին՝ հոսպիտալային թերապիայի կլինիկաներում, 1925-ից՝ Երևանի համալսարանի բժշկ․ ֆակուլտետի ներքին հիվանդությունների ամբիոնի վարիչ։ 1936–1937-ին եղել է Երևանի բժշկ․ ինստ–ի դիրեկտորի տեղակալ, ապա՝ դիրեկտոր, 1938-ից՝ հանրապետական զինկոմիսարիատի ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են կլիմայաբուժության, խաղողաբուժության,
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/385
Այս էջը սրբագրված չէ