ախտաբանության կարևորագույն պրոբլեմների, ջերմային այրվածքների ախտածնության ու բուժման հարցերի ուսումնասիրությանը։ Մ–Ի․ առաջարկել է նշված այրվածքների բուժման մեթոդ, որի շնորհիվ զգալիորեն նվազում է մահացությունը։
ՄԵԼԻՔ–ՀԱՅԿԱԶՅԱՆ Հովսեփ Իսահակի (10․7․1888, Աբասթուման – 18․7․1938), հայ սովետական ինժեներ։ Ավարտել է Լիեժի (Բելգիա) համալսարանի լեռնային բաժինը (1913), միաժամանակ ուսումնասիրել է էլեկտրատեխնիկա։ Աշխատել է Բաքվում։ 1915-ին եկել է Հայաստան։ 1915–28-ին եղել է Ալավերդու պղնձաձուլական գործարանի պղնձահանքի, հանքավայրի և էլեկտրոլիզի բաժնի վարիչ։ 1925–29-ը՝ կարգադրիչ դիրեկտոր։ 1930–1933-ին աշխատել է Երևանի քաղշին տրեստում, 1933-ից՝ Կիրովի անվ․ սինթետիկ կաուչուկի գործարանի մոնտաժի և շահագործման գլխավոր ինժեներ։
ՄԵԼԻՔ–ՄՈՒՍՅԱՆ Բաբկեն Մկրտչի (19․2․1893, Վերին Ագուլիս – 26․2․1960, Երևան), հայ սովետական ակնաբույժ։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1948), պրոֆեսոր (1949)։ 1913-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1920-ին՝ Տոմսկի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը, աշխատել տեղի աչքի հիվանդությունների կլինիկայում և միաժամանակ ղեկավարել քաղաքային մանկական տրախոմային հիվանդանոցը։ 1923–1926-ին աշխատել է Բենդերում, 1926–1933-ին՝ Կիրովականում, 1933-ից՝ Երևանում, 1935-ից՝ Երևանի բժշկ․ ինստ–ի աչքի հիվանդությունների ամբիոնի և կլինիկայի վարիչ։ Եղել է ակնաբույժների համամիութենական ընկերության անդամ, ՀՍՍՀ ակնաբույժների ընկերության նախագահ։
ՄԵԼԻՔՅԱՆ Ալեքսանդր Նիկոլայի (5․2․1877, Հադրութ – 16․3․1969, Երևան), հայ սովետական ինժեներ–տեխնոլոգ, մաթեմատիկոս, մանկավարժ։ ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1946)։ Ավարտել է Պետերբուրգի տեխնոլոգիական ինստ–ը (1908)։ 1908–1922-ին մաթեմատիկա է դասավանդել Երևանի և Թիֆլիսի դպրոցներում ու գիմնազիաներում։ Մ․ նախագծել և կառուցել է Երևանի ջրմուղը (1908–15)։ Հայաստանում առաջին տեխ․ դպրոցների՝ տեխնիկումների կազմակերպիչներից է․ 1922–1931-ին եղել է Երևանի ինդուստրիալ տեխնիկումի դիրեկտորը։ Դասավանդել է գյուղատնտ․ ինստ–ում (1931–33), Երևանի համալսարանում (1933–61)։ 1941–61-ին եղել է համալսարանի ուս․ աշխատանքների գծով պրոռեկտոր։ Հայկ․ ՍՍՀ IV գումարման Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
ՄԵԼԻՔՅԱՆ Արշավիր Միքայելի [28․1(9․2)․1879, գ․ Փաշալու (այժմ՝ գ․ Զառիթափ, ՀՍՍՀ Ազիզբեկովի շրջանում) – 1937, Թբիլիսի], պրոֆեսիոնալ հեղափոխական, հրապարակախոս։ Կոմունիստական կուսակցության անդամ 1906-ից։ Սովորել է Խարկովի համալսարանում (1899–1901), ավարտել՝ Ցյուրիխի համալսարանի փիլ–յան և Նյուշատելի (Շվեյցարիա) ակադեմիայի գրականության ֆակուլտետները։ Խարկովում գործուն մասնակցություն է ունեցել ուսանողների հեղափոխական ելույթներին, կապվել ս–դ․ կազմակերպությունների հետ։ 1901-ին, իբրև «անբարեհույս ուսանող», հեռացվել է Խարկովի համալսարանից և արտաքսվել Կովկաս։ 1902-ին Պետերբուրգում մասնակցել է ուսանողական համառուսաստանյան համագումարին։ 1903-ին մեկնել է Շվեյցարիա։ Տարագրության մեջ սերտ կապեր է հաստատել Վ․ Ի․ Լենինի, Գ․ Վ․ Պլեխանովի, Ա․ Վ․ Լունաչարսկու, Ռ․ Լյուքսեմբուրգի, Կ․ Լիբկնեխտի, Ա․ Բեբելի և ուրիշների հետ։ 1911-ին վերադարձել է Երևան, աշխատանքի անցել Գայանյան դպրոցում, ծավալել հրապարակախոսական լայն գործունեություն, հանդես եկել դասախոսություններով ու հոդվածներով՝ նվիրված մարքսիստական փիլ–յան, սոցիոլոգիայի, գրականության և արվեստի հարցերին։ 1913-ին նրա ջանքերով Երևանում լույս է տեսել «Խոսք» թերթը, որի 17-րդ համարից հետո Մ․ բանտարկվել է՝ մեղադրվելով թերթին հակակառավարական ուղղություն տալու մեջ։ 1918–19-ին Մ–ին հաջողվել է վերստին հրատարակել թերթը՝ այս անգամ որպես ՌՍԴԲԿ Երևանի կազմակերպության օրգան։ 1919-ին ընտրվել է Հայաստանի բուրժ․ հանրապետության պառլամենտի անդամ և խստորեն մերկացրել դաշնակների հակաժողովրդական քաղաքականությունը։ Մ․ Հայաստանում «Սպարտակ» երիտասարդական կազմակերպության հիմնադիրներից է։ Մասնակցել է Հայաստանի բոլշևիկյան կազմակերպությունների 1919-ի սեպտեմբերի և 1920-ի հունվարի անլեգալ խորհրդակցություններին, ընտրվել Արմենկոմի առաջին կազմում։ 1920-ին մեկնել է Մոսկվա, հանդիպել Վ․ Ի․ Լենինի հետ և նշանակվել ժողկոմխորհի արտասահմանյան մամուլի ռեֆերենտ։ 1921-ին մի շարք կուսակցական աշխատողների հետ ուղարկվել է Թիֆլիս, որտեղ լայն աշխատանք է ծավալել, գրել բազմաթիվ հոդվածներ հայ հասարակական մտքի զարգացման և անցյալի ժառանգության մարքսիստական վերագնահատման վերաբերյալ։ 1924–32-ին դասախոսել է Թիֆլիսի 26 կոմիսարների անվ․ կոմունիստական համալսարանում (1932-ից՝ պրոֆեսոր)։ Զբաղվել է հայ ժողովրդի դասակարգային պայքարի, մամուլի պատմության հարցերով։ Մ․ լուրջ վաստակ ունի մարքսիզմի դասականների երկերը հայերեն թարգմանելու և հրատարակելու գործում։ Մ–ի ծննդավայրում կանգնեցված է նրա հուշարձանը։
Երկ․ Աղայան Ծ․, Արշավիր Մելիքյան, Ե․, 1969։
ՄԵԼԻՔՅԱՆ (Մելիքով) Բալա Գրիգորի (1888, Շուշի – 1935), հայ թառահար։ Հատուկ երաժշտական կրթություն չի ստացել, նրա երաժշտական ճաշակն ու ունակությունները ձևավորվել և զարգացել են Շուշվա ժողովրդա–երաժշտական միջավայրում, հոր՝ այդ ժամանակ արդեն նշանավոր թառահար Գրիգոր Մելիքովի (1859–1929) ազդեցությամբ։ Տասնինը տարեկան հասակում Մ․ արդեն ճանաչված թառահար էր և իր գործունեությամբ կապված էր նաև Բաքվի, Թիֆլիսի ու Երևանի երաժշտական կենտրոններին։ Վիրտուոզ թառահար, մուղամների անզուգական կատարող Մ․ իր կազմակերպած գործիքային անսամբլներով համերգներով հանդես է եկել (որպես մենակատար և նվագակցող) նաև Մոսկվայում ու Լենինգրադում։
ՄԵԼԻՔՅԱՆ Խաչատուր Բեգլարի [1911, գ․ Զագլիկ (այժմ՝ Ադրբ․ ՍՍՀ Դաշքեսանի շրջանում) – 1942, Օբոյան (Կուրսկի մարզ)], Սովետական Միության հերոս (ետմահու, 6․11․1942), ավագ լեյտենանտ։ ՍՄԿԿ անդամ 1940-ից։ Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է 1941-ի հունիսից, նախ որպես հրաձգային վաշտի, ապա գումարտակի հրամանատար։ 1942-ի հունվարին իր գումարտակով ազատագրել է Կուրսկի մարզի Վեսյոլի, Պերեսիպ, Օրլովկա, Զռրինսկիե Դվորի բնակավայրերը։ Հերոսի կոչմանը արժանացել է 1942-ի հունվարին Օբոյան քաղաքի ազատագրման մարտերում ցուցաբերած խիզախության համար։ Պարգևատրվել է Լենինի, Կարմիր դրոշի շքանշաններով։
ՄԵԼԻՔՅԱՆ Հենրիկ Սասունիկի [ծն․ 5․1․1926, գ․ Մարալիկ (ՀՍՍՀ Անիի շրջանում)], հայ սովետական պատմաբան։ Պատմական գիտ․ դ–ր (1972), պրոֆեսոր (1973)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի պատմության ֆակուլտետը (1948)։ 1948–49-ին աշխատել է ՀԼԿԵՄ Կենտկոմի ապարատում։ 1949–1971-ին դասախոսել է Երևանի համալսարանում և Կոմիտասի անվ․ կոնսերվատորիայում, 1969–71-ին եղել է ՀԿԿ Երևանի քաղկոմի գիտության և ուս․ հաստատությունների բաժնի վարիչ, 1971–80-ին՝ Խ․ Աբովյանի անվ․ հայկ․ մանկավարժական ինստ–ի գիտ․ աշխատանքների գծով պրոռեկտորը։ 1980-ից ՄԼԻ–ում ավագ գիտաշխատող է։ Զբաղվում է Հայաստանի և Անդրկովկասի բոլշևիկյան կազմակերպությունների ու հեղափոխական շարժումների պատմության հարցերով։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։
Երկ․ Մարքսիստական կազմակերպությունները և ռևոլյուցիոն շարժումները Լոռում
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/388
Այս էջը սրբագրված չէ