Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/39

Այս էջը հաստատված է
ՂԶՂԱԼԱ 39

տոցի և Սահակ Պարթևի աշակերտը։ Մասնակցել է Շահապիվանի ժողովին (444)։ 450-ի ամռանը գլխավորել է Անգղի բնակչության հարձակումը պարսիկ մոգերի վրա, որոնք փորձել են տեղի եկեղեցին դարձնել ատրուշան։ Մասնակցել է Ավարայրի ճակատամարտին (451), ելույթներով ոգևորել կռվողներին։ Քրիստոնեության ջատագովմանը նվիրված Ղ–ի քարոզները, Պարսկաստանի նվաճողական քաղաքականության (որը զուգակցված էր հայերին հավատափոխ անելու հետ) պայմաններում, նպաստել են ազգային–ազատագրական պայքարին։ Ավարայրի ճակատամարտից հետո գերվել է, աքսորվել Ապար (այժմ՝ Խորասան) աշխարհի Նյուշապուհ քաղաքը, ապա սպանվել։
Գրկ․ Ղազար Փարպեցի, Պատմութիւն Հայոց եւ Թուղթ առ Վահան Մամիկոնեան, Տփղիս, 1904; Եղիշե, Վարդանի և հայոց պատերազմի մասին, Ե․․ 1971։ Ս․ Մելիք–Բախշյան ՂԵՎՈՆԴԻՈՍ ՀԱՅԿԱԶՆ, Լեվոն Հայկազն, Լեոնտիոս (ծն․ թ․ անհտ․ – մահ․ թ․անհտ․), IV դարի հայ ճարտասան-փիլիսոփա, նորպլատոնական, քաղաքական–պետական գործիչ։ Սովորել է Աթենքում՝ Պարույր Հայկազնի, Լիբանիոսի դպրոցներում։ Վերադառնալով Հայաստան (Փոքր Հայք)՝ հիմնել է փիլ․ դպրոց։ Հուլիանոս կայսրը նրան նշանակել է Պաղեստինի և Գաղատիայի կառավարիչ։ Ղ․ Հ–ի կենսագրության և ուսմունքի վերաբերյալ տեղեկություններ չեն պահպանվել։ Գ․ Խրլոպյան ՂԵՎՈՆԴՅԱՆ Գևորգ Հարությունի (1895, Թիֆլիս – 1959, Երևան), հայ սովետական բժիշկ։ ՀՍՍՀ վաստ․ բժիշկ։ ՍՄԿԿ անդամ 1918-ից։ 1923-ին ավարտել է Դոնի Ռոստովի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը։ Աշխատել է Ժելեզնովոդսկում, Կիսլովոդսկում։ 1930-ին տեղափոխվել է Հայաստան, նշանակվել առողջապահության ժողկոմի տեղակալ, 1931–37-ին՝ առողջապահության ժողկոմ։ 1941–43-ին ղեկավարել է Սոչի–Մացեստա կուրորտային վարչությունը, 1943–44-ին՝ Երևանի և Թբիլիսիի էվակուացիոն կետերը։ 1943-ին նշանակվել է Երևանի բժշկ․ ինստ–ի դիրեկտոր, 1944–49-ին՝ Հայաստանի առողջապահության մինիստր։ 1951–59-ին եղել է Երևանի բժշկ․ ինստ–ի ռեկտոր, միաժամանակ ղեկավարել երեխաների և դեռահասների հիգիենայի ամբիոնը։ Ղ–ի աշխատանքները նվիրված են առողջապահության և դպրոցականների հիգիենայի հարցերին։ Ղ․ պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Ղ–ի անունով է կոչվում Երևանի № 5 հիվանդանոցը։
ՂԶԸԼԳՅՈՒԼ (մինչև 1946-ը՝ Այսասի), գյուղ Հայկական ՍՍՀ Եղեգնաձորի շրջանում, շրջկենտրոնից 20 կմ հյուսիս-արևելք։ Միավորված է Ղավուշուղի անասնապահական սովետական տնտեսությանհետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են Արատեսի վանքի համալիրը (VII դ․), Աստվածածին (X–XI դդ․), Ս․ Կարապետ (XI –XII դդ․) եկեղեցիները, 5 մատուռ–դամբարան (VII դ․), խաչքարեր (XIII դ․), գերեզմանոց (X–XVII դդ․)։
ՂԶԸԼԴԱՇ, գյուղ Հայկական ՍՍՀ Կալինինոյի շրջանում, շրջկենտրոնից 14 կմ հյուսիս–արևելք։ Անասնապահական–կարտոֆիլաբուծական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։
ՂԶԸԼՇԱՖԱԿ, գյուղ Հայկական ՍՍՀ Կալինինոյի շրջանում, շրջկենտրոնից 15 կմ հյուսիս–արևմուտք։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև ճակնդեղի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կապի բաժանմունք, մանկապարտեզ, բուժկայան։ Գյուղից արմ․ պահպանվել են եկեղեցի և գերեզմանոց։
ՂԶԸԼՇԱՖԱԿ (մինչև 1940-ը՝ Շխլար), գյուղ Հայկական ՍՍՀ Սիսիանի շրջանում, շրջկենտրոնից 13 կմ հարավ–արևմուտք։ Միավորված է Սոֆլուի անասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, հեռախոսակայան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են եկեղեցի, գյուղատեղի և գերեզմանոց։
ՂԶԸԼԶԱ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արծակի գավառում, Վանա լճից արևմուտք։ 1909-ին ուներ 55 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Ղ–ի հայերը 1915-ի հուլիսին, ռուս. զորքերի հետ գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։
ՂԶԸԼՋՈԻՂ, գյուղ Հայկական ՍՍՀ Սիսիանի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ հյուսիս–արևելք։ Վարչատերիտորիալ կարգով ենթարկվում է Սիսիանի քաղաքային սովետին։ Միավորված է Սիսիանի անասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան։
ՂԶԼԱՐ, քաղաք Դաղստանի ԻՍՍՀ–ում, Թերեքի դելտայում։ 30 հզ․ բն․ (1970)։ Երկաթուղային կայարան է։ Կան էլեկտրամեխանիկական, կոնյակի, գինու, յուղապանրագործական, մրգի–բանջարեղենի պահածոների և խաղողի հյութի գործարաններ, ալրաղաց և այլ կոմբինատներ։ Գործում են էլեկտրամեխանիկական տեխնիկում, բժշկ․ ուսումնարան, հայրենագիտական թանգարան։ Առաջին անգամ հիշատակվել է 1609-ին։
Պատմական տեղեկանք: 1735-ին կառուցվել է ամրոցը, որով և հիմք է դրվել քաղաքին, և սկսվել Կովկասյան ամրացված գծերի կառուցումը։ 1785-ից՝ Թերեքի մարզի գավառային քաղաք։ XVIII –XIX դդ․ Մերձավոր և Միջին Արևելքի հետ Ռուսաստանի առևտրական կետ, XIX դ․ սկզբից՝ խաղողագործության և գինեգործության խոշոր կենտրոն։
Հայերը Ղ–ում հաստատվել են քաղաքի հիմնադրումից անմիջապես հետո։ 1736-ից Ղ–ի ամրոցում տեղավորվել են ռուս. բանակի հայկ․ և վրաց․ հեծելավաշտեր։ Ռուս. կառավարության որոշմամբ կայազորի ծառայողների համար առանձնացվել են տնատեղ և վարելահողեր։ Այսպես աստիճանաբար ձևավորվել է Ղ–ի հայկ․ թաղամասը։ Հայ բնակչությունը զբաղվել է հիմնականում գինեգործությամբ (նաև կոնյակի արտադրությամբ), շերամապահությամբ և առևտրով (Ղ–ում եղել է «Հայկական շուկա»)։ Հայ գաղութը մեծ դեր է խաղացել Ռուսաստանի և Անդրկովկասի ռազմ. և քաղ․ առնչությունների մեջ։ 1798-ին Ղ–ում հաշվվում էր 2779 հայ։ 1799-ին Պավել I-ի հրովարտակով հայերին շնորհվել են նույնպիսի արտոնություններ, ինչպիսիք տրվում էին Ռուսաստան հրավիրված օտարերկրացիներին։ XVIII դ․ 2-րդ կեսին Ղ–ում հիմնվել է հայկ․ դատարան՝ վարչական և իրավական գործերը վարելու, ինչպես նաև հարկերի և պարհակների գործը տնօրինելու համար։ XIX դ․ վերջին հայերի թիվը 6000 էր (քաղաքի բնակչության 2/3-ից ավելին)։ XIX դ․ կեսին գործում էր հայկ․ ծխական դպրոց, իսկ դարի վերջին՝ արական և իգական երկդասյան դպրոցներ։ Ղ–ում գործել են կովկասահայ մշակութային և հասարակական ընկերությունների բաժանմունքներ։ 1905-ին ղզլարցի երաժշտագետ, հետագայում անվանի կոմպոզիտոր Ռ․ Մելիքյանը կազմակերպել է երգչախումբ։ Հայերը մասնակցել են տեղի ս–դ․ կազմակերպությունների գործունեությանը, քաղաքի աշխատավորների հեղափոխական ելույթներին։ Այստեղ է ծնվել Ի․ Լալայանցը։ Ներկայումս (1981) Ղ–ում ապրում է շուրջ 4 հզ․ հայ։
Գրկ․ Գևորգյան Գ․ Գ․, Ղզլար, Հայ ազգագրություն և բանահյուսություն, գիրք 10, Ե․, 1980։ Волкова Н.Г. О расселении армян на Северном Кавказе до начала ХХ века, «ՊԲՀ», № 3, 1966․Վ․ Խաչատրյան ՂԶԼՃՈՒՂ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանճագի գավառում։ 1914-ին ուներ 20 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Կար եկեղեցի (Ս․ Աստվածածին)։ Ղ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։
ՂԶՂԱԼԱ, Աղջկաբերդ, Աղվանա բերդ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս, Նահատակ լեռան ստորոտում։ Կոլտնտեսությունն զբաղվում է խաղողագործությամբ, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ։ Կ–ում գործում է խաղողի նախնական վերամշակման գործարան։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի պալատ, կինո, 2 գրադարան, բուժկայան, հնագիտական թանգարան։ Ղ–ի տարածքում