Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/390

Այս էջը սրբագրված չէ

ազգային բանաստեղծական խոսքի ինտոնացիաների մերձեցմամբ։ Հայկ․ ռոմանսի՝ իբրև ինքնուրույն ժանրի ձևավորումը Մ–ի ստեղծագործության մեջ պայմանավորված էր նաև դաշնամուրային նվագակցության դերի նոր մեկնաբանմամբ, դրա հոգեբանական և նկարագրական առավել հագեցվածությամբ։ Մ–ի հրատարակած առաջին ռոմանսը՝ «Աշնան տողեր»-ը, լույս տեսավ 1908-ին, «Գեղարվեստ» ամսագրում։ Նույն շրջանին են վերաբերում նաև լայն տարածում գտած «Վարդը», «Աշուն» երգերը, «Ուռենի» զուգերգը, «Անջատում» ռոմանսը։ 1908–14-ին ստեղծված գործերի զգալի մասը կազմել են «Աշնան տողեր» երգաշարը, որտեղ նշված են հայկ․ ռոմանսի տարատեսակներից մեկի՝ քաղաքային երաժշտ․ ֆոլկլորի հողի վրա ծնված, հուզականորեն վառ, հոգեբանորեն հագեցած, ներքին կոնֆլիկտով ու դրամատիզմով համակված քնարական ռոմանսի առանձնահատկությունները։ Նույն տարիներին նա Պետերբուրգում հրատարակել է վեց ժող․ երգերի մշակումներ։
Մ–ի ստեղծագործության մեջ նշանակալից են «Զմրուխտի» և «Զառ վառ» վոկալ շարքերը, որոնց համար ինտոնացիոն հիմք են ծառայել երկու գլխավոր աղբյուրներ՝ հայ ժողովրդական–գեղջկական երգը և գուսանների ստեղծագործությունը։ Մ․ այնպիսի նրբությամբ ու խորությամբ է վերարտադրել ժող․ երգերի առանձնահատկությունները, որ անգամ իր մեղեդիներն ընկալվում են որպես բուն ժողովրդական։ «Զմրուխտի»-ն (1916–18, հրտ․ 1928) բովանդակությամբ քնարական է։ Քնքուշ ու սրտառուչ լիրիկայի և փիլիսոփայական խոր ընդհանրացումների զուգորդության մեջ է այս երգաշարի ինքնատիպությունն ու գեղարվեստական ուժը։ «Զառ–վառ» երգաշարում (1922, հրտ․ 1949) գերակշռում են ժանրային–նկարագրական մոտիվները (հայրենի բնության, ժող․ կենցաղի ուրվանկարներ)։ Հարմոնիայի ու հնչյունային կոլորիտի ասպարեզում կոմպոզիտորի հայտնագործությունները նպաստեցին մինչև այդ ազգային երաժշտությանն անծանոթ հնչյունային վառ ու գունեղ երանգապնակի ստեղծմանը։ Մեծ է Մ–ի դերը նաև սովետահայ մասսայական երգի ստեղծման գործում։ 1929-ին և 1930-ին Մ–ի խմբագրությամբ լույս տեսան «Պիոներական» և «Կարմիր բանակային» երգերի ժողովածուները։ Այդ ասպարեզում Մ–ի ամենանշանակալի գործը «Նոր օրերի երգեր» շարքն է, որում տեղ են գտել սովետական մարդու հարուստ ներաշխարհը բացահայտող քնարական ու աշխատանքային երգեր։
Մ–ի ստեղծագործությունը խթանեց հայ կոմպոզիտորներից շատերի ստեղծագործական որոնումները։ Նրա անունով է կոչվում Երևանի երաժշտական ուսումնարանը։
Գրկ․ Գյոդակյան Գ․ Շ․, Ռոմանոս Մելիքյան։ Կյանքը և ստեղծագործությունը, Ե․, 1960։ Թոռջյան Խ․ Վ․, Ռոմանոս Մելիքյան, Ե․, 1960։ Ռոմանոս Մելիքյան։ Հոդվածներ, նամակներ, հուշեր, Ե․, 1977։Գ. Գյոդակյան ՄԵԼԻՔՅԱՆ Սպիրիդոն Ավետիսի [18(30)․11․1880, Վաղարշապատ – 4․5․1933, Երևան], հայ սովետական երաժշտագետ, կոմպոզիտոր, խմբավար, մանկավարժ։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1933)։ 1902-ին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը և մինչև 1905-ը դասավանդել այնտեղ, եղել Կոմիտասի օգնական խմբավարը։ 1905–08-ին Բեոլինում Ռ․ Շմիդտի ղեկավարությամբ ուսումնասիրել է երաժշտության տեսություն, խմբավարություն, մշակել է ձայնը, համալսարանում ունկնդրել փիլիսոփայություն և երաժշտության պատմություն։ 1908–09-ին որպես երգեցողության ուսուցիչ և խմբավար աշխատել է Շուշիի թեմական դպրոցում, 1909–21-ին՝ Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, որտեղ զգալիորեն բարձրացրել է երաժշտ․ ուսուցման և խմբերգեցողության մակարդակը։ Թիֆլիսում ծավալել է երաժշտա–հասարակական ու լուսավորական գործունեություն՝ նախաձեռնողն ու եռանդուն մասնակիցն է եղել Հայոց երգչախմբային ընկերության (1917), հանդես է եկել հրապարակային դասախոսություններով, հրատարակել է երգեցողության դասագրքեր։ 1921-ից աշխատել է Սովետական Հայաստանի դպրոցներում, 1924–33-ին Երևանի կոնսերվատորիայում եղել է տեսական առարկաների դասախոս և խմբավար (1930–31-ին՝ նաև ռեկտոր, 1931–32-ին՝ ուսումնական մասի վարիչ), 1927-ին կոնսերվատորիայի երգչախմբի համերգներով մեծ հաջողությամբ հանդես է եկել Մոսկվայում, ՍՍՀՄ ժողովուրդների արվեստի ցուցահանդեսում։ 1926-ից ընտրվելով ՀԽՍՀ գիտության և արվեստի ինստ–ի իսկական անդամ, զբաղվել է նաև ժող․ երգեր հավաքելով։
Մ–ի ստեղծագործություններն են՝ «Ախթամար» (ըստ Հ․ Թումանյանի) բալլադը երգչախմբի և սիմֆոնիկ նվագախմբի համար և Ա․ Իսահակյանի բանաստեղծություններով երգեր (անտիպ), ժող․ երգերի մշակումներ («Մեներգեր և խմբերգեր», 1955), որոնցից մի քանիսը՝ «Թխկոնդա», «Պիլիբի», «Ծամթել», «Քելեր, ցոլեր», հաստատուն տեղ են գրավել երգչախմբային երկացանկերում։ Երաժշտա–պատմական և տեսական աշխատություններում («Հունական ազդեցությունը հայ երաժշտության տեսականի վրա» (1914), «Հայ ժողովրդական երգի գամմաներ» (1930), «Կոմիտասի ստեղծագործությունների անալիզը» (1932) տեղ են գտել մեթոդաբանական և փաստական էական վրիպումներ։ Հայ երաժշտության ամբողջական զարգացումն ամփոփելու մի փորձ է «Ուրվագիծ հայ երաժշտության պատմության» (1935) աշխատությունը։
Մ–ի երաժշտագիտական ժառանգության կարևորագույն հատվածը ժող․ երգերի ժողովածուներն են՝ «Շիրակի երգեր» (1917, հավաքված 1914-ին՝ Ա․ Տեր–Ղևոնդյանի մասնակցությամբ) և «Հայ ժողովրդական երգեր և պարեր» (հ․ 1–2, 1949–52), որոնց նյութերը բազմիցս օգտագործել են կոմպոզիտորներն ու երաժշտագետները։ Մ․ կազմել և իր առաջաբանով հրատարակել է իր աշակերտ Գ․ Գարդաշյանի գրառած «Վանա ժողովրդական երգեր»-ը (պրակ 1-2,1927–1928)։ Գործնական անգնահատելի նշանակություն