է ունեցել նրա կողմից Կոմիտասի «Ազգագրական ժողովածու»-ի հրատարակումը (1931), որը Կոմիտասի հանձնարարությամբ նա արտագրել էր 1904-ին, իսկ բնագիրը համարվում էր կորած։ Մ–ի երաժշտական–ազգագրական, կատարողական և մանկավարժական գործունեությունը նշանակալից ներդրում էր հայ երաժշտության զարգացման մինչսովետական վերջին և սովետական շրջանի առաջին տասնամյակների մեջ։
Երկ․ Հոդվածներ, հուշեր, նամակներ, փաստաթղթեր, Ե․, 1964 (կազմ․ Մելիքյան Ս․)։
Գրկ․ Թադևոսյան Ա․, Սպիրիդոն Մելիքյանը և հայ ժողովրդական երգը, Ե․, 1964։ Մուրադյան Մ․, Հայ երաժշտությունը XIX դարում և XX դարասկզբում, Ե․, 1970։
ՄԵԼԻՔՅԱՆՑ (Մելիքով) Պողոս Մովսեսի (1777, Աստրախան – 1848, Մոսկվա), ռուսական բանակի գեներալ–մայոր (1819)։ Ծնվել է մանր ազնվականի ընտանիքում։ 1796-ից անցել է զինվորական ծառայության։ Մասնակցել է ռուս–ավստրո–ֆրանսիական (1805), ռուս–պրուսա–ֆրանսիական (1806–1807), ռուս–շվեդական (1808–1809) պատերազմներին։ Աչքի է ընկել Կրեմսայի (Ավստրիա), Լոնդսբերգի, Բալթուսի (Լեհաստան), Ֆրիդլանդի (Պրուսիա), Պրեյսիշ–Էյլաուի (այժմ՝ Բագրատիոնովսկ, Կալինինգրադի մարզում) մարտերում։ Ֆրիդլանդի ճակատամարտում (1807-ի հունիսին) ցուցաբերած հերոսության համար պարգևատրվել է Ոսկյա սրով։ 1812-ի Հայրենական պատերազմի ժամանակ մասնակցել է Սմոլենսկի, Վյազմայի, Վիտեբսկի մատույցներում մղված կռիվներին և Բորոդինոյի ճակատամարտին, այնուհետև՝ ռուս. բանակի 1813–14-ի արտասահմանյան արշավանքին, պարգևատրվել է Ս․ Վլադիմիրի և Ս․ Աննայի 2-րդ աստիճանի ու դաշնակից պետությունների շքանշաններով։ 1816–1823-ին եղել է Բաքվի ամրոցի պարետը։ 1830-ին թողել է զինվորական ծառայությունը։ Մասնակցել է Մոսկվայի հայ գաղութի հասարակական կյանքին և Լազարյան ճեմարանի աշխատանքներին։ Մ–ի նախաձեռնությամբ և նյութական օժանդակությամբ է հիմնադրվել Մոսկվայի հայոց «Գասպարյան աղքատանոց»–ը (1841), որին և կտակել է իր դրամական խնայողությունները։
Գրկ․ Կեոքչյանց Հ․, Ծանոթություն հաղագս կենաց զորագլխի Պողոսի Մովսիսյան Մելիքյանց, Մ․, 1852։ Нерсисян М. Г․ Отечественная война 1812 года и народы Кавказа, Е., 1965․
ՄԵԼԻՔՇԱՀՅԱՆ Պողոս, Ֆիզիկա Պողոս [1788, Կըրգաղաճ (Իզմիրի մոտ) – 10․6․1855, Կ․Պոլիս], հայ փիլիսոփա, մանկավարժ, հասարակական գործիչ։ Նախնական կրթությունը ստացել է ծննդավայրում ապա՝ Իզմիրում (Հովնան Վանանդեցու մոտ)։ 1808-ին մեկնել է Կ․ Պոլիս, ինքնուրույն ուսումնասիրել բնական գիտություններ ու փիլիսոփայություն («Ֆիզիկա» մականունը ստացել է բնական գիտությունների խոր իմացության համար)։ 1811-ից զբաղվել է մանկավարժությամբ, դասավանդել (Կ․ Պոլսում, Մուշում, Երուսաղեմում և այլուր) բնագիտություն, փիլիսոփայություն, ճարտասանություն, բարոյագիտություն։ Մ–ի մանկավարժական սկզբունքները հակադրվել են ուսուցման սխոլաստիկական պահանջներին։ Կղերաամիրայական վերնախավի և սուլթանիզմի դեմ մղած պայքարի համար հալածվել է, 1839-ին որպես էսնաֆական շարժման մասնակից և անաստված աքսորվել Կեսարիա (վերադարձել է թանզիմաթի հրապարակումից հետո)։ Մ–ի բնակարանի խուզարկման ժամանակ ոչնչացվել է 16 աշխատություն։
Մ․ «Տրամաբանություն» (հ․ 1, 2 հրտ․, 1877) աշխատության մեջ փիլիսոփայության հիմնական հարցը լուծում է դեիզմի շրջանակներում։ Հակադրվելով տիեզերական արարչագործության աստվածաշնչյան մեկնաբանությանը, ելնելով ձևավորվող էվոլյուցիոնիզմի և պատմականության սկզբունքներից՝ նա գտնում է, որ աշխարհը բնական ճանապարհով առաջացել է փոշենման նախանյութից, վերջինս բաղկացած է հավիտենական ու անփոփոխ տարրերից (ատոմներից), որոնք նաև բնության բազմազանության հիմքն են, շարժման ու փոփոխության պատճառը։ Մ․ փորձել է տալ շարժման տեսակների դասակարգումը («տեղական» շարժում, «գոյացման» շարժում)։
Իմացաբանական պրոբլեմատիկայի քննարկման ժամանակ ակնհայտ է դառնում Մ–ի մատերիալիստական կողմնորոշվածությունը։ Ըստ նրա, յուրաքանչյուր փիլ․ համակարգ իմացաբանորեն կապված է հոգեկանի և մարմնականի հարաբերակցության հետ։ Այս հարցի ելակետը, ըստ Մ–ի, Պլատոնի և Արիստոտելի ուսմունքներն են։ Հոգու և մարմնի փոխհարաբերության հարցը լուծելիս Մ․ հակադրվում է Պլատոնի իդեալիզմին, հակվում դեպի Արիստոտելը։ Մ․ հոգու (հոգեկանի) ճանաչողական գործունեությունը բացատրում է նյութականի՝ ուղեղի ու զգայությունների միջոցով։
Մ․ փորձում է պարզել նաև գիտական իմացության օբյեկտը, նրա միջոցներն ու հնարները։ Գոյը նա բաժանում է «նյութեղենի» («երևելիի») և «հոգեղենի» («աներևույթի»)։ Առաջինը ճանաչվում է գիտությամբ ու փիլիսոփայությամբ, երկրորդը՝ հավատով ու աստվածաբանությամբ։ Այսպիսի ըմբռնումը հայ իրականության մեջ դեռևս ուներ առաջադիմական, հակաաստվածաբանական բնույթ, առավել ևս, որ Մ․ նախապատվությունը տալիս էր գիտության ճշմարտություններին։
Գիտական իմացության գլխավոր խնդիրը Մ․ համարում է այն, թե ինչպես է մարդը ճանաչում աշխարհը։ Այս առիթով նա վերլուծում է ճանաչողության զգայական ու տրամաբանական միջոցները և դրանց հարաբերակցության հարցը։ Ըստ Մ–ի, թեև գիտելիքը ունի փորձնական ծագում, և ճանաչողությունը սկսվում է զգայությամբ, իմացության բարձրագույն աստիճանը տրամաբանականն է։ Մ․ գերագնահատում է իմացության բնական եղանակը, ինչպես նաև տեղ է տալիս ներքին փորձին, որը ոչ մի առնչություն չունի արտաքին աշխարհի հետ և ուղղված է աննյութական, հավիտենապես անմահ հոգու ճանաչողությանը։ Այսպիսով, նա հերքում է գաղափարների փորձնական ծագում ունենալու մասին իր պաշտպանած էմպիրիստական մոտեցումը, հատկապես, երբ պնդում է, որ էության ու պատճառի մասին գիտելիքները տրված են նախօրոք, իսկ համընդհանուր և անհրաժեշտ գիտելիքները փորձնական ծագում չունեն։
Գրկ. Հարությունյան Էդ․, Հայ փիլիսոփայական միտքը XIX դարի առաջին կեսին, Ե․ 1965։
ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ Կոստանդին Կարապետի, Տմբլաչի Խաչան [17(29)․4․1857, Շուշի – 10․7․1940, Երևան], հայ գրող, գյուղատնտես։ ՀՍՍՀ վաստ․ գյուղատնտես (1924)։ 1874–78-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1883–1885-ին՝ Մոնպելիեի (Ֆրանսիա) բարձրագույն գյուղատնտ․ ուսումնարանում։ Որպես գյուղատնտես աշխատել է Դերբենդում, Գանձակում, Եվլախում, Բաքվում, Էջմիածնում և այլուր։ 1919-ից հաստատվել է Հայաստանում, աշխատել գյուղատնտեսության բնագավառում, հանդես եկել «Գյուղատնտես», «Գյուղատնտեսական կյանք» և այլ պարբերականներում։ Հրատարակել է 30-ից ավելի գրքեր ու գրքույկներ՝ «Ուղեցույց գործնական գինեգործության» (1885), «Ուղեցույց գործնական շերամապահության» (1890), «Ռուսահայերի գյուղատնտեսության վիճակը և գյուղատնտեսական դպրոցների կարիքը» (1908), «Ծխախոտի մշակությունը» (1925), «Ինչպես ոչնչացնել մրիկը» (1930) ևն։
Վաղ հասակից գրել է բանաստեղծություններ։ Սակայն նրան ճանաչում են բերել «Նոր դար» թերթում Տմբլաչի Խաչան ստորագրությամբ Ղարաբաղի բարբառով գրված ֆելիետոնները, «Ղըլըցե կնանոց պընըփեշակը» (1882), «Շոշվա ղալին խերն ու շառը» (1887) երգիծական գործերը, «Տնգլբազ և Զուռնա–Տմբլա» (1900), «Զուռնա–Տմբլա» (1901) ֆելիետոնների գրքերը, որոնցում ծաղրել է ազգային կեղծ բարերարներին, հարստահարողներին, քաղքենի վերնախավին։ Գրել է նաև Ղարաբաղի հայերի վերաբերյալ ազգագրական հոդվածներ։
Գրկ․ Հայ նոր գրականության պատմություն, հ․ 4, Ե․, 1972։ Կոստանդին Կարապետի Մելիք–Շահնազարյան, Ե․, 1924։
ՄԵԼԻՔ-ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ Սողոմոն Կարապետի (3․7․1862, Շուշի – 1942, Թիֆլիս), հայ գյուղագիր։ 1883-ին ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը։ Ուսուցիչ է եղել Ագուլիսում, Գանձակում, Դերբենդում, Բաքվում։ Աշխատակցել է «Մուրճ» ամսագրին։ Հրատարակել է երկու վիպակ։ Դրանցից մեկը («Հայ գյուղացու սև օրը», 1890) պատկերում է գյուղացի պանդուխտների, մշակների կործանումն ու բարոյազրկումը բուրժ․ քաղաքում, մյուսը («Գործակատար Մարտիրոսը», 1913)՝ սոցիալական չարիքի դեմ մաքառելուց հրաժարված գյուղական մտավորականի խարխափումները՝ արդարության ու ճշմարտության ճանապարհին։
ՍԵԼԻՔ–ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆՆԵՐ, Շահնազարյաններ, հայ մելիքական տոհմ Արցախում, XVI դ․ վերջին – XIX դ․ սկզբին։ Սերել են Դոփյանների իշխանական տոհմից։ Առաջին ճյուղի տիրույթներն էին Սոդք գավառը՝ Մեծ Մազրա մելիքանիստ
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/391
Այս էջը սրբագրված չէ