աշխատություններ, հոդվածներ (հայ․, վրաց․, ռուս․) ևն։ Նշանավոր է «Վարդապետք Հայոց Հյուսիսային Կողմանց» (վրաց․, 1928) երկը, որում քննել է XI–XIII դդ․ հայ–վրացական պատմական, մշակութային ու մատենագրական հարաբերությունները։ 1941-ին հրատարակել է «Հայոց հին գրականության պատմություն» ձեռնարկը (վրաց․)։ Հայագիտության կարևոր նվաճումներից է «Վրաց աղբյուրները Հայաստանի ու հայերի մասին» (հայ․, հ․ 1–3, 1934–55) աշխատությունը, որում վրաց․ աղբյուրներից քաղվածո բնագրերի թարգմանությունն ուղեկցվում է պատմա–բանասիրական, աղբյուրագիտական ծանոթագրություններով ևն։ Կատարել է նաև բնագրական հրապարակումներ, որոնցից առավել նշանակալի են Գրիգոր Պարթևի «Վարքի», Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» և Ստեփանոս Օրբելյանի «Պատմության» ընդարձակ հատվածի XIII դ․ վրաց․ թարգմանությունների հետազոտությունն ու տպագրությունը։ Ուսումնասիրել է Թիֆլիսի շրջակայքի հայկ․ հնությունները, Արմազիի, Թռեղքի, Սևանի, Գարենլայի պատմա-ճարտարապետական հուշարձանները։ Խոշոր ծառայություն է մատուցել կովկասագիտությանը «Մեգալիթյան մշակույթը Վրաստանում» (1938, վրաց․), «Վրաստանի պատմության գրավոր աղբյուրների հրապարակումները» (1942, վրաց․) և «Մեգալիթյան մշակույթը Վրաստանում և նրա վերապրուկները Ռուսթավելու դարաշրջանում» (1943, վրաց․) արժեքավոր աշխատություններով։ Զբաղվել է նաև հայ ու վրաց գրականությունների պատմությամբ, կատարել թարգմանություններ հայերենից վրացերեն և հակառակը։
Երկ․ Полная библиография печатных работ по арменоведению, грузиноведению, кавказоведению Л․ Меликсет-Бека за 1909 –1960 гг․, Тб․, 1960․
Գրկ․ Մուրադյա Պ․, «Լևոն Մելիքսեթ–Բեկ», «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս․ գիտ․», 1963, № 11։
ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ Խաչիկ Հմայակի [1920, գ․ Սաչլու (այժմ՝ Նորաշեն, ՀՍՍՀ Ապարանի շրջանում) – 1974, Երևան], հրետանավոր, Փառքի երեք աստիճանի շքանշանների ասպետ (12․12․1943, 22․1.1944, 24․3․1945)։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ 1940-ին զորակոչվել է կարմիր բանակ։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ մասնակցել է Ստալինգրադի, Կուրսկի, 1944-ից՝ Նևել, Մեմել (այժմ՝ Կլայպեդա), Քյոնիգսբերգ (այժմ՝ Կալինինգրադ) քաղաքների ու այլ բնակավայրերի ազատագրման և Արևմտյան Դվինայի գետանցման մարտերին։ Ցուցաբերած արիության համար Մ․ պարգևատրվել է նաև Լենինի, Հայրենական պատերազմի II աստիճանի շքանշաններով։
Գրկ․ Սահակյան Մ․, Գվարդիական զինվոր Խաչիկ Մելիքսեթյանի մարտական ուղին, «ԲՀԱ», 1970, № 2։
ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ Սամվել Գրիգորի (ծն․ 15․12․1907, գ․ Գյորխանա, Կարսի մարզ), հայ սովետական անասնաբույժ, զինվորական ծառայության գնդապետ (1954-ից՝ պաշտոնաթող)։ Անասնաբուժ․ գիտ․ դ–ր (1962), պրոֆեսոր (1964)։ ՍՄԿԿ անդամ 1939-ից։ Ավարտել է Երևանի անասնաբուծական–անասնաբուժական ինստ–ը (1933)։ 1933–54-ին ծառայել է սովետական բանակում։ 1964-ից Երևանի անասնաբուծական–անասնաբուժական ինստ–ի վիրաբուժության ամբիոնի պրոֆեսոր։ Գիտական աշխատանքները վերաբերում են գյուղատնտ․ կենդանիների վիրաբուժական տարբեր հիվանդությունների կանխարգելման և բուժման խնդիրներին։ 1935–40-ին պրոֆեսոր Ա․ Վելլերի հետ (Լենինգրադ) մշակել է վիրահատմամբ ձիերի աղիքային քարերի հեռացման նոր մեթոդ, ստեղծել խոշոր եղջերավոր կենդանիների նախաստամոքսների վնասվածքների կանխարգելման և բուժման սարքերի համալիր (տես Մագնիսային զոնդ և օղակ)։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի I աստիճանի և Կարմիր աստղի 3 շքանշաններով։
Երկ․ Магнитный зонд, М․, 1964․
ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ Սարգիս Ալեքսանդրի [18․8(5․9)․1899, Գանձակ – 3․11․1980, Երևան], հայ սովետական թատերագետ։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1956), արվեստագիտության դ–ր (1971)։ Եղել է Երևանի Առաջին (այժմ՝ Սունդուկյանի անվ․) պետ․ թատրոնի դերասան (1922–1924)։ 1935–49-ին թատրոնի պատմություն է դասավանդել Երևանի թատերական ուսումնարանում և թատերական ինստ–ում։ 1935-ին կազմակերպել է Երևանի թատերական թանգարանը։ 1953-ից աշխատում է ՀՍՍՀ Գրականության և արվեստի թանգարանում (1963-ից՝ դիրեկտոր)։ Հեղինակ է մի շարք գրքերի՝ «Քիթ Մաթոն» (վիպակ, 1925), «Մեր թատրոնի ուղին» (ռուս․, 1941), «Թատերական ակնարկներ» (1945), «Հովհաննես Աբելյան» (1954), «Ուրվագիծ սովետահայ թատրոնի պատմության» (1960), «Մեծ արվեստի ուժը» (1968, ժող․), «Կյանք և բեմ» (1970, ժող․), «Շեքսպիրը և մերոնք» (1974, ժող․) ևն։ Կազմել և առաջաբանով ու ծանոթագրությամբ հրատարակել է Գ․ Չմշկյանի «Իմ հիշատակարանը» (1953)։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։
ՄԵԼԻՔ-ՍՏԵՓԱՆՅԱՆ Արամ Մաթևոսի (ծն․ 22․3․1908, Սարիղամիշ), կինոտեխնիկայի բնագավառի հայ սովետական գիտնական։ Տեխ․ գիտ․ դ–ր (1965), պրոֆեսոր (1963)։ Ավարտել է Մոսկվայի լեռնային ինստ․ (1931)։ 1931–34-ին աշխատել է Մոսկվայի կինո–ֆոտո ԳՀԻ–ում, 1937-ից՝ Լենինգրադի կինոինժեներների ինստ–ում։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին եղել է Երևանի կինոստուդիայի գլխավոր ինժեները։ Աշխատանքները վերաբերում են ժապավենաձիգ մեխանիզմների (կինոժապավենի շարժման արագության կայունարարներ, փաթաթող հարմարանքներ ևն) տեսությանը, հնչյունային սարքավորումների կառուցվածքի կատարելագործմանն ու զարգացմանը։ Մ–Ս․ կինոսարքավորման բազմաթիվ արդ․ կոնստրուկցիաների հեղինակ է։ Մասնակցել է ֆիլմերի հնչյունավորման նոր մեթոդի մշակմանը։ ՍՍՀՄ պետ․ մրցանակ (1950)։
Երկ․ Детали и механизмы киноаппаратуры (Учебник для втузов), М․, 1959 (հեղինակակից С․ М․ Проворнов); Звукозаписывающая аппаратура, Л․, 1972․
ՄԵԼԻՔ–ՍՏԵՓԱՆՅԱՆ Սմբատ Անդրեասի [1(13)․8․1881, գ․ Առաջաձոր (այժմ՝ Ղափանի շրջանում) – 1937], հայ լեռնային ինժեներ: Ավարտել է Ֆրայբերգի լեռնային ակադեմիան (1904)։ 1906–09-ին մասնակցել է Ղափանի հանքավայրերի հետազոտման աշխատանքներին։ 1906–16-ին եղել է Ղափանի լեռնաարդյունաբերական ընկերության հանքերի վարիչ, ապա՝ դիրեկտոր, 1921-ին նշանակվել է Ղափանի արտակարգ կոմիսար։ Զանգեզուրում սովետական կարգերի հաստատումից (1921-ի հուլիս) հետո Մ–Ս․ ընտրվել է Զանգեզուրի հեղկոմի անդամ։ 1924-ին եղել է Ղափանի պղնձահանքերի վերականգնման աշխատանքների ինժեներ, մասնակցել հանքերի շահագործման 10-ամյա պլանի մշակմանը։ 1933-ից՝ Զանգեզուրի Ս․ Շահումյանի անվ․ պղնձահանքերի վարիչ։
ՄԵԼԻՔՈՒԹՅՈՒՆ, XVI–XVIII դարերի ֆեոդալական մանր իշխանության վարչաձև Արևելյան Հայաստանում։ Նշանավոր են եղել Մելիք–Շահնազարյանների Վարանդայի, Գեղարքունիքի, Մելիք–Բեգլարյանների՝ Գյուլիստանի, Մելիք–Իսրայելյանների՝ Ջրաբերդի, Հասան–Ջալալյանների՝ Խաչենի, Մելիք–Եգանյանների՝ Դիզակի Մ–ները։ XVII դ․ վերջերից Արցախի Մ–ները, Ռուսաստանի օգնությամբ, փորձել են թոթափել իրանական լուծը։ XVIII դ․ 20-ական թթ․ գործուն մասնակցություն են ունեցել ազատագր․ կռիվներին։ 1724–1735-ին Արցախի Մ–ները հերոսական պայքար են մղել Անդրկովկաս ներխուժած թուրք. զորքերի դեմ, ինքնաբերաբար դաշնակից դառնալով Իրանին։ Հաշվի առնելով այդ, Իրանի Նադիր շահը ճանաչել է Արցախի Մ–ների ինքնիշխան վիճակը և հաստատել նրանց դաշնակցային ինքնավարությունը՝ «մահալ–ե խամսե» (հինգ մահալ) անունով (տես Խամսայի մելիքությաններ)։
Գրկ․ տես Մելիք հոդվածի գրականությունը։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/393
Այս էջը սրբագրված չէ