աստղի, Փառքի 2-րդ և 3-րդ աստիճանների շքանշաններով։
ՄԵԼՔՈՆՅԱՆ Աշոտ Անատոլիի (ծն․ 1․3․1930, Դոնի Ռոստով), հայ սովետական նկարիչ։ ՀՍՍՀ վաստ․ նկարիչ (1977)։ 1950-ին ավարտել է Երևանի Փ․ Թերլեմեզյանի անվ․ գեղարվեստական ուսումնարանը, 1956-ին՝ գեղարվեստա–թատերական ինստ–ը։ 1972-ից դասավանդում է Երևանի Խ․ Աբովյանի անվ․ մանկավարժական ինստ–ում։ Մ–ի աշխատանքներին բնորոշ է հորինվածքի կառուցիկությունը, դասական հավասարակշռությունը, գունային մեղմ գամման, ծավալաձևերի պլաստիկ ավարտվածությունը և շարժումների մեղեդիականությունը, տարածական միջավայրի զուսպ հուզա-արտահայտչական հագեցվածությունը, լուսավոր քնարականությունը։ Ստեղծագործություններից են՝ «Գարնանային ջրեր» (1958, Երևանի Ա․ Մյասնիկյանի անվ․ հանրապետական գրադարան), «Սպիտակ ձի» (1963, Հայաստանի պետ․ պատկերասրահ), «Ժաննա» (1965), «Ընտանիք» (1967, Հայաստանի պետ․ պատկերասրահ), «Արգիշտի թագավորը» (1968, ՍՍՀՄ նկարիչների միության գեղ․ ֆոնդ), «Գրքով տղան» (1970), «Նոր շրջան» (1971, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), «Արմեն» (1972, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա)։ 1957-ից մասնակցում է հանրապետական և միութենական, 1976-ից՝ միջազգային (Իտալիա, Ֆրանսիա, ԱՄՆ, Պորտուգալիա ևն) ցուցահանդեսների։
ՄԵԼՔՈՆՅԱՆ Արտյոմ Սերգոյի (ծն․ 17․5․1931, Լենինական), հայ սովետական այգեգործ։ Գյուղատնտ․ գիտ․ դ–ր (1972), պրոֆեսոր (1973)։ ՍՄԿԿ անդամ 1958-ից։ Ավարտել է Հայկ․ գյուղատնտ․ ինստ–ը (1954)։ Եղել է ՀՍՍՀ գյուղատնտեսության մինիստրի (1972) և ՀԿԿ Կենտկոմի գյուղատնտեսության բաժնի վարիչի տեղակալ (1972–74), 1974–80-ը՝ Խաղողագործության, գինեգործության և պտղաբուծության հայկ․ ԳՀԻ–ի դիրեկտոր։ 1981-ից ՀՍՍՀ պտուղ–բանջարեղենի տնտեսության մինիստրի առաջին տեղակալն է։ Գիտական աշխատանքները վերաբերում են խաղողի վազի կենսբ․ պրոցեսների կարգավորման, բերքատվության բարձրացման, այգեգործության ինտենսիվացման, ինչպես նաև ՀՍՍՀ–ի կիսաանապատային քարքարոտ հողերում խաղողի այգիների մշակության առավել արդյունավետ եղանակների ներդրման և այլ հարցերին։ Իտալիայի խաղողագործության և գինեգործության ակադեմիայի թղթակից անդամ (1977)։ Պարգևատրվել է ժողովուրդների բարեկամության, «Պատվո նշան» շքանշաններով։
Երկ․ Խաղողագործություն, Ե․, 1975։ Խաղողի այգիների մշակությունը կիսաանապատային քարքարոտ հողերում, Ե․, 1974 (հեղինակակից՝ Յու․ Զ․ Բարսեղյան)։ Виноградарство Италии, М․, 1971; Регуляция жизнедеятельности кустов винограда, Е․, 1973․
ՄԵԼՔՈՆՅԱՆ Գասպար Հովակիմի (27․1․1881, Ախալցխա – 14․3․1952, Երևան), հայ սովետական վիրաբույժ։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1973), պրոֆեսոր (1935)։ Հայաստանում վիրաբուժության հիմնադիրներից է։ 1908-ին ավարտել է Օդեսայի Նովոռոսիյսկյան համալսարանը։ 1910–19-ին աշխատել է Թիֆլիսի Միխայլովյան հիվանդանոցում, եղել Կովկասյան բժշկ․ ընկերության անդամ։ 1920-ից՝ Երևանի քաղաքային հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքի վարիչ, մասնակցել է Երևանի համալսարանի բժշկ․ ֆակուլտետի կազմակերպմանը, ուր դասավանդել է 1930–31-ին։ 1934-ին հիմնել է Հայաստանի բժշկ․ ընկերության վիրաբուժական բաժանմունքը և ղեկավարել մինչև 1938-ը, 1935-ից՝ բժշկ․ ինստ–ի հոսպիտալային վիրաբուժության ամբիոնի վարիչ։ 1941–45-ին եղել է Երևանի էվակոհոսպիտալների վիրաբույժ և խորհրդատու։ Մ–ի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են ոսկրապատվաստման, ծայրամասային նյարդերի, կրծքավանդակի և դրա օրգանների վնասվածքների ու բարդությունների բուժման հարցերին։ Առաջարկել է ուղիղ աղիքի, շարժուն երիկամի ամրացման (ֆիքսման) եղանակ, նկարագրել օրգանիզմից դուրս ոսկրի գոյացման ու աճման բացառիկ դեպք։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով։ Մ–ի անունով են կոչվում Երևանի 11 կլինիկական հիվանդանոցի վիրաբուժական բաժանմունքը, բժշկ․ ինստ–ի հոսպիտալային վիրաբուժության կլինիկան։
ՄԵԼՔՈՆՅԱՆ Զարեհ (ծն․ 1924, Հալեպ), հայ գրող։ Նախնական կրթությունն ստացել է Հալեպի Հայկազյան վարժարանում։ Այնուհետև սովորել է ամերիկյան, ֆրանսիական ուսումնարաններում, ավարտել Կիպրոսի Մելքոնյան կրթական հաստատությունը, Բեյրութի ամերիկյան համալսարանը։ Հրատարակվել են «Ես և մարդիկ» (1943), «Ջրհեղեղեն հետո» (1947), «Երջանկություն» (1950) բանաստեղծությունների ժողովածուները։ Գրել է նաև «Սիրո ցանցին մեջ» (1962), «Անգո հետքեր» (1963) պիեսները։ Կազմել և հրատարակել է «Գործնական քերականություն» (1958) և «Գրական գիտելիքներ» (1960) դասագրքերը, 1956-ին հիմնել և մինչև 1964-ը խմբագրել է «Շիրակ» ամսագիրը։ Աշխատակցել է «Ծիածան», «Անի», «Զարթոնք», «Սևան», «Նայիրի» և այլ ամսագրերի ու թերթերի։ 1968-ից ապրում է ԱՄՆ–ում։
Երկ․ Ափերը մինչև անկարելիին, Բեյրութ, 1967։ Լեռներ վիհերու մեջ, Լոս Անջելես, 1978։
ՄԵԼՔՈՆՅԱՆ Լիպարիտ Գևորգի [14․11․1909, գ․ Ղարաքիլիսա (այժմ՝ Կիրովական) – 16․1․1976, Երևան], հայ սովետական քիմիկոս։ Քիմ․ գիտ․ դ–ր (1969), պրոֆեսոր (1970)։ Ավարտել է Երևանի համալսարանը (1938)։ 1958–70-ին եղել է Երևանի պոլիմերների համամիութենական ԳՀԻ–ի պոլիմերների և լատեքսների ֆիզիկաքիմիական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ, 1972-ից՝ Երևանի համալսարանի ֆիզիկական քիմիայի ամբիոնի վարիչ։ Գիտական աշխատանքները վերաբերում են էմուլսիոն համակարգերում պոլիմերման և համապոլիմերման պրոցեսների ուսումնասիրությանը։ Պարզաբանել է էմուլսիոն համակարգերում մակրոմոլեկուլների կազմավորման օրինաչափությունները, էմուլգատորի շերտի դերն ու անցանկալի երկրորդական պրոցեսները կանխելու հնարավորությունը։ Առաջարկել է բարձրորակ կաուչուկների և լատեքսների ստացման հեշտ իրականացվող արտադրական եղանակ։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով։
ՄԵԼՔՈՆՅԱՆ Հայկ Հովհաննեսի [1911․ գ․ Բլուրմակ (Վանի վիլայեթ) – 1979, Երևան], կուսակցական և պետական աշխատող։ ՍՄԿԿ անդամ 1932-ից։ Ավարտել է ՍՄԿԿ Կենտկոմին կից կուսակցական բարձրագույն դպրոցը (1954)։ 1940–41-ին եղել է ՀԿԿ Երևանի Կիրովյան շրջկոմի առաջին քարտուղար։ Հայրենական մեծ պատերազմի ժամանակ կռվել է Լենինգրադյան ռազմաճակատում։ 1948–51-ին եղել է Կիրովականի քաղկոմի առաջին քարտուղար, 1954–57–ին՝ ՀԿԿ Կենտկոմի բաժնի վարիչ։ 1957–61-ին Մ․ ՀՍՍՀ ներքին գործերի մինիստրն էր, 1961–74-ին՝ ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի գործերի կառավարիչը։ 1974–79-ին գլխավորել է Հայկ․ ՍՍՀ Մինիստրների խորհրդի ձկնատնտեսության միավորումը։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի I և II աստիճանների շքանշաններով։
ՄԵԼՔՈՆՅԱՆ Հովհաննես Ռուբենի [ծն․ 27․2․1937, գ․ Անիպեմզա (Արթիկի շրջանում)], հայ սովետական գրող, դրամատուրգ։ ՍՄԿԿ անդամ 1966-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1960)։ Հեղինակ է «Քարավան» (1971), «Հեռավոր հողի ձայնը» (1973), «Հարցաքննություն» (1977), «Մոր ձայնը» (1980) վիպակների ու պատմվածքների ժողովածուների։ Բեմադրվել են նրա «Հայր Տոնապետի մենախոսությունը» (հեղինակակից՝ Գ․ Չալիկյան, 1973), «Հրաժարական» (1978) պիեսները։ Մ–ի սցենարով նկարահանվել է «Խոնարհվիր վաղվա օրվան» գեղարվեստական կինոնկարը (1979)։ Նրա ստեղծագործությունները թարգմանվել են ՍՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ Մ–ի ստեղծագործական թեմատիկայի ընդգրկումը լայն է, բազմաբնույթ, ակունքը ժող․ ավանդույթներն են, նյութը՝ ետպատերազմյան և ժամանակակից կյանքը։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/396
Այս էջը սրբագրված չէ