Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/402

Այս էջը սրբագրված չէ

Ճարտարապետությունը։ Ացտեկների մայրաքաղաքի տեղում հիմնադրված, փողոցների ուղղանկյուն ցանցով հին քաղաքի Պլասա դե լա Կոնստիտուսիոն կամ Սոկալո հրապարակում են գտնվում կաթողիկե տաճարը (1563–1667, ճարտ–ներ՝ Կ․ դե Արսինյեգա, Ա․ Պերես դե Կաստանյեդա և ուրիշներ), բարոկկո ոճի Սագրարիո Մետրոպոլիտանո եկեղեցին (1749–1768, ճարտ․՝ Լ․ Ռոդրիգես) և Ազգային պալատը (1692–99, ճարտ․՝ Դ․ դե Վալվերդե), Խեսուս Նասարենո հոսպիտալը (1524–35, ճարտ․՝ Պ․ Վասկես), XVII դ․ բազմաթիվ վանքեր։ Գուստավո Մադերո շրջանում են Նուեստրա Սենյորա դե Գուադալուպե բազիլիկը (1695–1709, ճարտ․՝ Պ․ դե Առյետա)։ Տլալպան շրջանում պահպանվել է 2 բուրգ (մեկը՝ մ․ թ․ ա․ մոտ 450)։ 1737-ից Մ․ վերահատակագծվել է, կառուցվել են բազմաթիվ եկեղեցիներ, ճիզվիտական կոլեգիումներ, մենատներ։ XIXդ.– XX դ․ սկզբին բացվել են շքեղ փողոցներ, պողոտաներ, կառուցվել է գործարար կենտրոնը, կառուցապատվել բուրժուաների, արդ․ և բանվորական շրջանները։ Կլասիցիզմի ոճի շենքերին փոխարինել են էկլեկտիկ կառույցները (Գեղեցիկ արվեստների պալատը, 1904–34, ճարտ․՝ Ա․ Բոարի)։ XX դ․ 1-ին կեսին կատարվել են Մ–ի վերակառուցման աշխատանքներ (Ինսուրխենտես պողոտան, 1924, 1932-ից մշակվել է գլխավոր հատակագիծը, մի շարք բնակելի շրջանների կառուցապատում, 1948-ից)։ Քաղաքի կենտրոնական գործարար մասում կառուցվել են երկնաքերներ (հյուրանոցներ, բանկեր, առևտրական կենտրոններ), հվ–ում՝ համալսարան, մարզադաշտ, նոր շրջաններ, հս–ում՝ արդ․ նոր գոտիներ։ 1920–40-ական թթ․ շինություններից ուշագրավ են ճարտ–ներ՝ Կ․ Օբրեգոն Սանտասիլյայի (Առողջապահության մինիստրությունը, 1926–29), Խ․ Վիլյագրան Գարսիայի (Հիգիենայի ինստ․, 1925–26, Սրտաբանության ազգային ինստ․, 1939–43), Է․ Յանիեսի (էլեկտրիկների արհմիության շենքը, 1938–1940), Մ․ Պանիի (Ազգային կոնսերվատորիան, 1945) կառույցները։ XX դ․ խոշորագույն կառույցը համալսարանական ավանն է (1949–54, 200 հա, մոտ 40 շենք, շինարարության ղեկավար ճարտ․՝ Կ․ Լասո, գլխավոր հատակագիծը՝ ճարտ․ Մ․ Պանի)։ 1950–60-ական թթ․ կառուցվել են բարձրահարկ շենքեր, բնակելի համալիրներ, քաղաքային նոր շրջաններ (Պեդրեգալ, Նոնոալկո–Տլատելոլկո՝ Երեք մշակույթի հրապարակով ևն), «Ռուտա–Ամիստադ» օղակաձև մայրուղին։ Հատկապես շատ նախագծեր են իրականացրել ճարտ–ներ Պ․ Ռամիրես Վասկեսը («Ացտեկա» մարզադաշտը, 1968), Լ․ Բառագանը, Խ․ Օ’Գորմանը, Ֆ․ Կանդելան (Լա Վիրխեն Միլագրոսա եկեղեցի, 1954, Մարզապալատ, 1968), Մ․ Գյորիցը։ Մոնումենտալ–դեկորատիվ արվեստի նշանավոր ստեղծագործություններ են Դ․ Ռիվերայի, Խ․ Կ․ Օրոսկոյի, Դ․ Սիկեյրոսի որմնանկարները Ազգային նախապատրաստական դպրոցում և Գեղեցիկ արվեստների պալատում, Սիկեյրոսի, Ռիվերայի, Խ․ Չավես Մորադոյր, Օ՝Գորմանի խճանկարների համալսարանական քաղաքի շենքերի ճակատներին։ Մ–ում են Կարլոս IV-ի (բրոնզ, 1803, Մ․ Տոլսա), Կուաուտեմոկի (բրոնզ, 1878–87, Մ․ Նորենյա) քանդակագործական հուշարձանները, Հեղափոխության հուշարձանը (1933–38, ճարտ․՝ Կ․ Օբրեգոն Սանտասիլյա)։
Ուսումնական հաստատությունները, գիտական և կուլտուրական հիմնարկները։ Մ–ում են գտնվում բուհերից՝ Ազգային ինքնավար համալսարանը, Ազգային պոլիտեխնիկական ինստ–ը, Բանվորական, Կանանց, Ամերիկյան, Իբերաամերիկյան և այլ համալսարաններ, Ինժեներների բարձրագույն դպրոցը, Ազգային կոնսերվատորիան, Գյուղատնտեսության ազգային դպրոցը, Պատմության և մարդաբանության ազգային դպրոցը ևն, գիտական հիմնարկներից՝ Գիտությունների ազգային, Լեզվի մեքսիկական, Իրավունքի և օրենսդրության մեքսիկական, Բժշկության ազգային մեքսիկական և այլ ակադեմիաներ, Ազգային աստղադիտարանը ևն։ Գործում են ավելի քան 20 խոշորագույն գրադարան, այդ թվում՝ Ազգային գրադարանը (ավելի քան 800 հզ․