մեջ ձևավորվել են երկու ուղղություններ՝ պահպանողական (տորիների) և լիբերալ (վիգերի)։ Տորի պատմաբանները (Ա․ Ալիսըն, Ու․ Միթֆորդ) ձգտել են ապացուցել քաղ․ ռեֆորմների կործանարար բնույթը, իսկ վիգերը (Ջ․ Ռասել, Ջ․ Քեմբլ և ուրիշներ), որոնք նույնպես երկնչում էին ժող․ հեղափոխությունից, փորձել են հիմնավորել չափավոր ռեֆորմների անհրաժեշտությունը։ XIX դ․ 20–40-ական թթ․ տիրող կարգերի քննադատությամբ հանդես են եկել մանրբուրժ․ ռադիկալ–դեմոկրատական ուղղության պատմաբանները (Ու․ Քոբետ և Թ․ Կարլեյլ)։ Ուտոպիստ–սոցիալիստ Ռ․ Օուենի և չարտիստների աշխատություններում առաջին անգամ ի հայտ եկան պրոլետարիատի հայացքները։ XIX դ․ 2-րդ կեսին արդ․ կապիտալիզմի զարգացման հետ անգլ․ բուրժ․ պատմագրության մեթոդաբանական հիմքն է դառնում պոզիտիվիզմը (Հ․ Սպենսեր և ուրիշներ)։ Հասարակության էվոլյուցիոն զարգացման պոզիտիվիստական գաղափարն ունեցել է դրական նշանակություն։ Նկատելի էր առաջընթացը արխիվային փաստաթղթերի պահպանման ու հրատարակման գործում (դեռևս 1838-ին հիմնվել էր Լոնդոնի հանրային արխիվը)։ 1886-ից սկսում է հրատարակվել պատմական առաջին պարբերականը՝ «English Historical Review»։ XIX դ․ վերջի նշանավոր պատմաբաններն էին Ու․ Սթեբսը, Է․ Ֆրիմենը, Ֆ․ Մեյթլենդը, Ջ․ Է․ Աքթոնը, Ջ․ Ռ․ Գրինը, Հ․ Թ․ Բոքըլը, Ու․ Լեկկին, Ս․ Գարդիները։ Թ․ Ռոջերսի (Մ․ Բ-ի XIII–XVIII դդ․ տնտ․ պատմության վերաբերյալ առաջին հիմնավոր աշխատության հեղինակ) անվան հետ է կապված նոր պատմատնտ․ ուղղության առաջացումը (Ֆ․ Սիբոմ, Ու․ Էշլի, Ա․ Թոյնբի և ուրիշներ)։ Բազմաթիվ աշխատություններ են գրվել Մ․ Բ-ի արտաքին և գաղութատիրական քաղաքականության, ինչպես նաև Արևելքի երկրների պատմության վերաբերյալ: Փորձեր են արվել ուսումնասիրելու անգլ․ բանվորական շարժումը։ Հնագիտության հաջողությունները նպաստել են ավելի խոր ուսումնասիրելու Կենտրոնական Ասիայի, Մերձավոր ու Միջին Արևելքի, Հունաստանի, Եգիպտոսի հնագույն մշակույթների պատմությունը։ XIX դ․ վերջին – XX դ․ սկզբին անգլ․ պատմագիտության մեջ սկսել է ձևավորվել մարքսիստական ուղղությունը (Է․ Բ․ Բաքս, Ջ․ Կոննոլի և ուրիշներ), որը զարգացրեց պատմական պրոցեսի գիտական աշխարհայացք։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, անգլ․ բուրժ․ պատմագրության տարբեր ուղղություններ միավորվելով մեկ միասնական ուղղության մեջ (պահպանելով որոշ երանգներ), հանդես են գալիս մարքսիզմի դեմ՝ պատմության գլխավոր խնդիրներում (անգլ․ գյուղացիության պատմություն, XVII դ․ բուրժ․ հեղափոխություն․ արդ․ հեղաշրջումը և նրա սոցիալական հետևանքները, XIX–XX դդ․ բանվորական շարժում, արտաքին և գաղութատիրական քաղաքականություն, ՍՍՀՄ պատմություն ևն)։ Բուրժ․ պատմագրությանն են հարում լեյբորիստ պատմաբանները, որոնք հիմնականում զբաղվում են անգլ․ բանվորական շարժման ուսումնասիրությամբ։ Միևնույն ժամանակ աճում է մարքս–լենինյան պատմագրության ազդեցությունը․ մարքսիստական ուսումնասիրությունների թեմատիկան ընդգրկում է ազգային և, մասամբ, ընդհանուր պատմության կարևորագույն հարցերը (Ա․ Մորտոն, Է․ Ռոտշտեյն, Վ․ Չայլդ, Մ․ Դոբ, Ռ․ Առնոթ և ուրիշներ)։
Մ․ Բ–ում պատմության ուսումնասիրման կարևոր կենտրոններն են Օքսֆորդի, Քեմբրիջի, Լոնդոնի համալսարանները։ Գործում են բազմաթիվ պատմական ընկերություններ։ Անգլ․ պատմաբանների մեծ մասը միավորված է Պատմական միության (հիմնադրվել է 1906-ին) մեջ։․Պատմական առաջադեմ մտքի կենտրոնն է դեռևս երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրյակին Մ․ Բ-ի կոմկուսին կից ստեղծված մարքսիստ–պատմաբանների խումբը։
Տնտեսագիտությունը։ Տնտեսագիտական միտքը որպես գիտություն ձևավորվել է XVI դ․ վերջին – XVII դ․ սկզբին՝ կապիտալիստական արտադրահարաբերությունների զարգացման հետ, որի գաղափարախոսները մերկանտիլիստներն էին (Ու․ Ստաֆորդ, Թ․ Ման)։ Նրանք ուսումնասիրում էին գլխավորապես շրջանառության ոլորտը՝ երկրորդական դեր հատկացնելով արտադրությանը։ Հասարակական հարստությունը նույնացնում էին փողի, իսկ վերջինս՝ ազնիվ մետաղների հետ, շահույթի աղբյուր համարում արտաքին առևտուրը։ Մերկանտիլիզմի օբյեկտիվ հիմքն առևտրական կապիտալի իշխող ազդեցությունն էր։ Կապիտալիստական արտադրահարաբերությունների թափանցումն արտադրության ոլորտ, մանուֆակտուրաների աճն ու գյուղատնտեսության մեջ կապիտալիզմի զարգացումը պայմանավորեցին մերկանտիլիզմի քայքայումն ու XVIII դ․ բուրժուական դասական քաղաքատնտեսության առաջացումը, տնտեսագիտական հետազոտությունները շրջանառության ոլորտից փոխադրվեցին արտադրության ոլորտ, գիտական միտքը խորացավ երևույթների էության մեջ։ Ուղղության հիմնադիր Վ․ Պետտին, նաև Ա․ Սմիթը, Դ․ Ռիկարդոն մի շարք կարևոր հայտնագործություններ կատարեցին հասարակական արտադրության և նյութական բարիքների բաշխման օրենքների ըմբռնման մեջ (արժեքի աշխատանքային տեսություն, աշխատավարձի, շահույթի, ռենտայի տեսություններ ևն), սակայն չկարողացան բացահայտել կապիտալիզմի շահագործողական էությունն ու պատմականորեն անցողիկ բնույթը, նրա հակամարտ հակասությունները։ Բուրժ․ դասական քաղաքատնտեսության դրույթները հիմք դարձան անգլ․ ուտոպիստ–սոցիալիստների (Թ․ Մոր, Ռ․ Օուեն և ուրիշներ) սոցիալիստական գաղափարների համար (տես Ուտոպիական սոցիալիզմ)։ Նրանք քննադատեցին կապիտալիզմը, փորձեցին հիմնավորել սոցիալիզմի կառուցման հնարավորությունը և կանխագուշակեցին ապագա սոցիալիստական հասարակարգի մի շարք գծեր։ Սակայն, դրա հետ մեկտեղ, չընդունեցին դասակարգային պայքարը, իսկ հասարակության սոցիալիստական վերակառուցման ուղին համարեցին կրթված դասերի ռեֆորմատորական գործունեությունը։ Կապիտալիզմի հակասությունների խորացման հետևանքով բուրժ․ դասական քաղաքատնտեսությունը ճգնաժամ ապրեց և XVIII դ․ վերջում զարգացավ գռեհիկ ուղղությամբ (Թ․ Մալթուս, Ջ․ Միլ, Ջ․ Մակ–Կուլլոհ, Ն․ Սենիոր և ուրիշներ)։ Գռեհիկ քաղաքատնտեսության հիմնական խնդիրն էր քողարկել կապիտալիզմի արատները և այն ներկայացնել որպես շահերի ներդաշնակության կատարյալ համակարգ։ Այդ նպատակով նրա տեսաբանները մերժեցին արժեքի աշխատանքային ուսմունքը, առաջադրեցին արժեքի ստեղծման երեք գործոնների (կապիտալ, հող, աշխատանք) տեսությունը և փորձեցին ապացուցել, որ հարստությունը բանվորների, ձեռնարկատերերի և հողատերերի միջև արդարացիորեն է բաշխվում։ Իմպերիալիզմի փուլում բուրժ․ գռեհիկ քաղաքատնտեսությունը ստացավ հակամարքսիստական ուղղվածություն։ Դրա ներկայացուցիչներն արժեքի և հավելյալ արժեքի մարքսյան ուսմունքին հակադրեցին սահմանային օգտակարության (Ու․ Ջևոնս), արտադրության ծախսերի (Ա․ Մարշալ) տեսությունները, շահույթը հայտարարեցին կապիտալիստի անձնական սպառման «զոհաբերության» և «սպասումի» արդյունք՝ նպատակ ունենալով քողարկելու շահագործումը։ 1929–33-ի տնտ․ ճգնաժամը ավերիչ հետևանքներ ունեցավ Մ․ Բ–ում։ Ուստի տնտեսության կարգավորման և ճգնաժամերի վերացման ուղղությամբ դեղատոմսերի մշակումը դարձավ անգլ․ բուրժ․ տնտեսագիտության առաջնահերթ խնդիրը։ Այդ պրոբլեմի լուծման ընդարձակ ծրագրով հանդես եկավ Ջ․ Մ․ Քեյնսը։ Նա ճգնաժամերն ու գործազրկությունը համարեց համազգային աղետ և նշեց, որ պետ․ բյուջեի միջոցներով դրանք կվերանան (տես Քեյնսականություն)։ Ժամանակակից պետ․-մոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում Քեյնսի ուսմունքը նեոքեյնսականություն անվամբ (Վ․ Բևերիջ, Ռ․ Հարոդ, Ջ․ Ռոբինսոն) լայն արձագանք ստացավ բոլոր կապիտալիստական երկրներում։ Տնտեսության պետ․ կարգավորման նեոքեյնսական ջատագովներին հակադրվեցին նեոդասականները (Լ․ Ռոբինսոն, Ջ․ Միդ), որոնք ազատ ձեռներեցությունը փառաբանեցին որպես մասնավոր կապիտալի արդյունավետ գործունեության իդեալական պայման։ Տնտեսության կապիտալիստական և սոցիալիստական համակարգերի մրցության պայմաններում առաջացան «կապիտալիզմի տրանսֆորմացիայի» վերաբերյալ մի շարք տեսություններ։ Լեյբորիստական կուսակցության տեսաբանները (Ջ․ Ստրեյչի, Ջ․ Քոուլ, Թ․ Մորիսոն) մարքսիզմ–լենինիզմին հակադրում են «դեմոկրատական սոցիալիզմ», «համընդհանուր բարօրության պետություն» և այլ տեսություններ, որոնցով փորձում են ժամանակակից պետական–մոնոպոլիստական կապիտալիզմի հզորացումը ներկայացնել որպես հասարակության սոցիալիստական վերակառուցման ուղի։ Այդ տեսությունների դեմ հանդես են գալիս մարքսիստական քաղաքատնտեսության ներկայացուցիչները
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/414
Այս էջը սրբագրված չէ