Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/417

Այս էջը սրբագրված չէ

էր թևակոխում։ Պոեզիան վճռականապես հրաժարվեց տաղաչափության ավանդական ձևերից ու բանաստեղծական պատկերավորությունից։ Մոդեռնիստական ուղղությունը Մ․ Բ-ում գլխավորեցին ամերիկացիներ Թ․ Էլիոթը և Է․ Փաունդը։ Երկու պատերազմների միջև ընկած ժամանակաշրջանի դրամատուրգիայում առավել հայտնի են Ն․ Կոուարդը, Ջ․ Բարրին, Ս․ Մոեմը, Ջ․ Պրիստլին (ծն․ 1894)։ Այդ շրջանի գրականության մեջ հիմնականը մնում է վեպը, որտեղ նույնպես առաջանում է մոդեռնիստական փորձարարություն։ Իռլանդացի Ջ․ Ջոյսը (1882–1941) «Ուլիս» (1922) վեպում կիրառեց գրականության մեջ «բանականության հոսքի» մեթոդը, որն արձանագրում է գործող անձանց ներքին կյանքի մանրամասները։ Մոդեռնիստական վեպի այլ ներկայացուցիչներ՝ Դ․ Ռիչարդսոնը, Վ․ Վուլֆը ընթանում էին Ջոյսի հետքերով։ Ֆրեյդիզմին մոտեցող հոգեբանական նուրբ վերլուծությունն է բնորոշ Դ․ Լորընսի (1885–1930) համար։ Մոդեռնիզմի և ռեալիզմի միջև տատանվում էր Օ․ Հաքսլիի (1894–1963) ստեղծագործությունը։ Առավել հետևողական է Ռ․ Օլդինգթոնի (1892–1962), Ա․ Կրոնինի (ծն․ 1896), Ջ․ Բ. Պրիստլիի ռեալիզմը, որոնք արտացոլեցին երկրի ժամանակակից սոցիալական կյանքը։ Երգիծական վեպի վարպետ Է․ Վոն (1903–1966) ծաղրանքով է պատկերել հասարակության ազնվականական ու բուրժ․ վերնախավերին, թեև պահպանողական դիրքերից։
Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո հանդես եկավ վիպագիրների մի նոր սերունդ, որն արտացոլեց բուրժ․ հասարակության ճգնաժամը։ Հետադիմական, հակակոմունիստական դիրք գրավեց Ջ․ Օրուելը։ Էկզիստենցիալիստական մոտիվներն են բնորոշ Ու․ Գոլդինգի համար։ Թեև էկզիստենցիալիզմն է վիպասանուհի Այրիս Մյորդոկի գործերի փիլ․ հիմքը, այնուամենայնիվ, նրա ստեղծագործությունը դոկտրինայից ավելի լայն է և հարում է ռեալիզմին։ Հեգնանքն է բնորոշ Է․ Ուիլմոնի կենցաղային հոգեբանական վեպերի համար։ Սոցիալական ու հոգեբանական մոտիվներով է առանձնանում Ջ․ Քերիի ստեղծագործությունը։ Գ․ Գրինի (ծն․ 1904) գործերում զուգակցվում են սոցիալական քննադատությունը, նուրբ հոգեբանությունը և արկածախնդրային մոտիվները։ Մ․ Բ-ի սոցիալական և ինտելեկտուալ ժամանակագրությունն է ստեղծել Չ․ Սնոուն «Օտարներ ու եղբայրներ» վիպաշարում։ Հասարակության դեմոկրատական խավերի կյանքն է արտացոլված Ջ․ Լինդսեյի, Ջ․ Լեմբերտի, Գ․ Թոմասի վեպերում։ 1950-ական թթ․ կեսերին երևան եկավ «բարկացած երիտասարդների» գրականությունը, որի գլխավոր ներկայացուցիչներն են (վեպի ասպարեզում) Ք․ Էյմիսը, Ջ․ Ուեյնը, Զ․ Բրեյնը։ Նորագույն «բանվորական» վեպի ցայտուն դրսևորումներ եղան Ա․ Սիլիթոուի, Ս․ Չապլինի, Ս․ Բարսթոուի գրքերը։ Քաղ․ մոտիվներով են հագեցած Ջ․ Օլդրիջի՝ բրիտ․ իմպերիալիզմը մերկացնող վեպերը։ Հակագաղութականության թեման է Բ․ Դևիդսոնի, Դ․ Ստյուարտի, Ն․ Լյուիսի ստեղծագործության հիմքը։ Մոդեռնիստական պոեզիայի առավել նշանավոր ներկայացուցիչն է եղել Դ․ Թոմասը (1914–53)։ Մ․ Բ-ի 1960-ական թթ․ գրականության մեջ յուրօրինակ երևույթ էր փիլ․ և բնագիտական թեմաներով արձակը։ Ջ․ Օսբոռնի «Զայրացած պահիդ ետ նայիր» (1956) պիեսի երևան գալով լրջորեն աշխուժացավ անգլ․ դրաման։ Օսբոռնի, Շ․ Դիլենիի, Ա․ Ուեսքերի, Ռ․ Բոլթի, Բ․ Բիենի, Խ․ Փինթերի, Ջ․ Արդենի, Ն․ Սիմփսոնի պիեսներն առաջադրեցին մի շարք սոցիալական սուր խնդիրներ և վերակենդանացրին թատրոնի հասարակական նշանակությունը։ Արդեն 1960-ական թթ․ ասպարեզ եկավ դրամատուրգների մի նոր սերունդ՝ Դ․ Մերսեր, Գ․ Լիվինգս, Ջ․ Օրտոն, Ջ․ Մորտիմեր, Դ․ Ռուդկին։
Գրականագիտությունը։ Գրականագիտական առաջին երկերն ստեղծվել են միջին դարերում։ Սակայն գրականագիտությունը որպես ինքնուրույն գիտություն երևան է եկել XIX դ․ կեսին։ XIX–XX դդ․ սահմանագծին զարգացել է պոզիտիվիստական գրականագիտությունը (Ա․ Ուորդի, Ջ․ Սեյնթսբերիի աշխատությունները, 15 հատորանոց «Անգլիական գրականության քեմբրիջյան պատմությունը»)։ Հակապոզիտիվիստական հոսանքները կապված են Մ․ Առնոլդի և էսթետիզմի տեսաբաններ Ջ․ Ռեսկինի, Ու․ Պեյթերի, Ա․ Սուինբեռնի, Օ․ Ուայլդի անունների հետ։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո անգլ․ գրականագիտության մեջ իդեալիստական ուղղությունը ներկայացնում է Թ․ Էլիոթը՝ «արվեստագետի ապաանհատավորման» իր տեսությամբ, նա պահանջում է մշակույթի կաստայական սահմանափակություն և հրաժարումն պոեզիայի հասարակական հնչեղությունից։ Ա․ Ռիչարդսի և Թ․ Հյումի հետ Էլիոթը հիմնադրեց ֆորմալիստական «նոր քննադատությունը», որը գրական երկը դիտում էր որպես ինքնուրույն կառուցվածք։ Նեոքննադատությունը տարածվեց 1950–60-ական թթ․ (Ֆ․ Լիվիս)։
1930-ական թթ․ զարգացավ մարքսիստական գրականագիտությունը, որը ներկայացված է Ռ․ Ֆոքսի, Ք․ Քոդուելի, Ա․ Ուեստի, Տ․ Ջեքսոնի, Ջ․ Լինդսեյի, Ա․ Քեթլի աշխատություններով։ Ընդհանուր բնույթի գործերից աչքի է ընկնում մարքսիստ պատմաբան Ա․ Մորթոնի «Բրիտանիայի իսկությունը» (1966) աշխատությունը։
Վեպի խնդիրների մշակման համար կարևոր նշանակություն ունեն Ու․ Ալլենի աշխատությունները։ Դրամատիկական արվեստի և ժամանակակից արմ․ դրամայի փիլ․ բովանդակության հարցերին են նվիրված Է․ Բենտլիի «Դրամայի կյանքը» (1967) և Ռ․ Ուիլյամսի «Արդի ողբերգությունը» (1966) աշխատությունները։
XIV․ Ճարտարապետությունը և կերպարվեստը
Մ․ Բ-ում պահպանվել են էնեոլիթի և բրոնզի դարի մեգալիթյան կառույցներ (Սթոնհենջ), I–V դդ․ հռոմ․ շինությունների մնացորդներ, կելտերի, պիկտերի, անգլո–սաքսերի քարի քանդակազարդումներ և մետաղյա իրեր, ժող․ հիմնակմախքային շինություններից ծագող եկեղեցիներ (Էռլս Բարթոն, X դ․)։ XI–XII դդ․ ռոմանական ոճին բնորոշ օրինակներ են անգլո–նորմանական տաճարները (Նորիջում, Ուինչեստերում, Իլիում), աշտարակաձև դղյակները (Թաուերը Լոնդոնում, 1078–85), ուինչեստերյան դպրոցի մանրանկարները։ XII դարից զարգացել է անգլ․ գոթիկան (Քենտերբերիի, Լինկոլնի, Սոլսբերիի, Յորքի, Ուելսի, Էքսետերի տաճարները, Վեստմինստերյան աբբայությունը Լոնդոնում)։ Ուշ գոթիկան («ուղղաձիգ ոճ», XIV դ․ 2-րդ կեսից) աչքի է ընկնում աշխարհիկ և եկեղեցական կառույցների ընդարձակ, լուսավոր ինտերիերների