Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/421

Այս էջը սրբագրված չէ

ոճով։ Նույն ուղիով էր ընթանում «Քորթ» թատրոնը (բացվել է 1870-ին, 1871-ից՝ «Ռոյալ Քորթ թիեթր»), որը 1904–07-ին գլխավորել է դրամատուրգ և դերասան Հ․ Գրենվիլ–Բարքերը։ Մշտական թատրոններ են բացվել նաև Մանչեստր (1908), Լիվերպուլ (1911), Բիրմինգհեմ (1913) արդ․ քաղաքներում։
XX դ․ սկիզբը բեկումնային էր Մ․ Բ–ի բեմարվեստում։ XVIII––XIX դդ․ գերիշխած «աստղ»–դերասանների համակարգին փոխարինել է, Գրենվիլ–Բարքերից սկսած, ներկայացումն անսամբլի սկզբունքով կառուցող ռեժիսուրան։
Առաջին համաշխարհային պատերազմից առաջ Մ․ Բ–ի թատրոնն ունեցել է առավելապես ռեալիստական, երբեմն՝ նատուրալիստական ուղղվածություն։ Սիմվոլիստական ձևերի որոնումները, որ ձեռնարկել է է․ Գ․ Կրեգը, հաճախ կրել են տեսական բնույթ։ Ետպատերազմյան տարիներին ռեժիսուրան հարստացել է ռուս. արվեստի փորձով։ Մեծ նշանակություն է ունեցել ռուս ռեժիսոր Ֆ․ Ֆ․ Կոմիսարժևսկու գործունեությունը, որը բնակություն էր հաստատել Մ․ Բ–ում։ 1920–1930-ական թթ․ նշանավորվել են տարբեր ուղղությունների դրամատուրգիայի բեմականացմամբ։ Բ․ Շոուի, Ջ․ Գոլսուորդիի, Ս․ Մոեմի, Ֆ․ Լոնսդեյլի, Ա․ Ա․ Միլնի, Ն․ Քաուարդի պիեսները բեմադրել են մայրաքաղաքային, գավառական և երկրով մեկ շրջագայող հյուրախաղային խմբերը։ 1920-ական թթ․ եղել են դերասանուհիներ Ս․ Թոռնդայքի և Է․ Էվանսի արվեստի ծաղկման շրջանը։ 1930-ական թթ․ երևան է եկել թատրոնի վարպետների նոր սերունդ՝ Ջ․ Գիլգուդ, Լ․ Օլիվիե, Ա․ Գիններս, Ռ․ Ռիչարդսոն, Ա․ Քլունս, Վ․ Լի, Բ․ Լեման, Ֆ․ Ռոբսոն, Պ․ Էշկրոֆտ, որոնցից շատերը իրենց գործունեությունը շարունակել են նաև 1960-ական թթ․։
Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ շատ թատրոններ դադարել են գործելուց, սակայն առաջացել են զորամասերը և թիկունքի հիմնարկներն սպասարկող խմբեր։ Մ․ Բ–ի պատմության մեջ առաջին անգամ կառավարությունը դրամով օժանդակել է թատրոններին։ 1940–50-ական թթ․ ստեղծվել են առավել կամ պակաս չափով մշտական դերասանական կազմով նոր թատրոններ։ 1956-ին Ջ․ Դևինը կազմակերպել է «Ինգլիշ սթեյջ քամփընի» խումբը, որը, ինչպես Բ․ Մայլսի ստեղծած «Մերմեյդ»-ը (1959), բեմադրել է Մ․ Բ–ի և այլ երկրների ժամանակակից առաջադիմական դրամատուրգիան։ Երևան են եկել դերասանների նոր անուններ՝ Պ․ Սկոֆիլդ, Ռ․ Բյորթոն, Կ․ Բլում, Պ․ Դեյնմեն, Բ․ Ջեֆֆորդ, Ջ․ Նևիլ, Պ․ Ռոջերս, Պ․ Օ’Թուլ։ Ետպատերազմյան ժամանակաշրջանը նշանավորվել է համարձակ ստեղծագործական ռեժիսուրայի զարգացմամբ, որի ներկայացուցիչներից են, Ջ․ Լիթլվուդը, Բ․ Մայլսը, Պ․ Բրուքը, Պ․ Հ․ Պոլը, Ջ․ Բարթոնը, Կ․ Ուիլյամսոնը, Թ․ Նաննը և այլք։ 1956-ին դերասան Ջ․ Օսբոռնի «Զայրացած պահիդ շուրջդ նայիր» պիեսի ներկայացումով սկզբնավորվել է անգլ․ թատրոնի նոր վերելքը։ Երևան է եկել «բարկացած երիտասարդների» դրամատուրգիան, ապա նաև սոցիալ–կենցաղային նոր դրաման (Ա․ Ուեսքեր, Շ․ Դիլենի, Բ․ Քոփս, Դ․ Մեբսեր, Ռ․ Բոլթ, Բ․ Բիեն և ուրիշներ)։ Անգլ․ թատրոնում ևս տեղ են գտել 1950–60-ական թթ․ մայր ցամաքային Եվրոպայում ստեղծված «Փորձարարական» ուղղությունները, մասնավորապես, այսպես կոչված, «աբսուրդի թատրոնը»։ Ներկայացուցիչներից էին Ն․ Ֆ․ Սիմփսոնը, Է․ Ջելիկոն, Թ․ Մթոպարդը, մասամբ՝ Հ․ Փինթերը։
Ժամանակակից Մ․ Բ–ում մշտական խմբով և սեփական շենքով թատերական կոլեկտիվները քիչ են։ Թատերական շենքերը պատկանում են ձեռնարկատերերին։ Թատրոնի առաջավոր գործիչները վաղուց պայքարում են ազգային թատրոն ստեղծելու համար։ Այդ գործում առաջին քայլը եղել է XIX դ․ 2-րդ կեսին Շեքսպիրյան հուշաթատրոնի ստեղծումը Ստրատֆորդ օն Էյվոնում։ 1961-ին թատրոնը վերանվանվել է Թագավորական շեքսպիրյան թատրոն (մասնաճյուղը՝ Լոնդոնում, «Օլդուիչ» թատրոնի շենքում)։ Առավել կամ պակաս չափով մշտական խմբով մշտապես գործող թատրոններից են (այդ թվում՝ Լոնդոնում, ուր գործում է շուրջ 50 թատրոն)՝ «Օլդ Վիկ» (1963-ից այստեղ խաղում է Ազգային թատրոնի խումբը՝ Լ․ Օլիվիեի ղեկավարությամբ), «Ռոյալ Քորթ թիեթըր» (1956-ից այստեղ ելույթ է ունենում «Ինգլիշ սթեյջ քամփընին»), «Մերմեյդ թիեթըր», «Օունիթի» բանվորական (1936-ից), «Ուորքշոփ» ևն։ Մի շարք խոշոր քաղաքներում կան խաղացանկային թատրոններ (շուրջ 40), այդ թվում՝ Բրիստոլի «Օլդ Վիկը», «Բելգրեյդ թիեթըր», «Դանդի ռեփերթըրի թիեթըր», «Էդինբուրգ սիվիք թիեթըր» ևն։ 1960-ական թթ․ վերջին Լոնդոնում ստեղծվել են ավանգարդիստական դրամատուրգիայի հետ կապված փոքր թատրոններ (100–200 տեղով)՝ «Դատարկ տարածություն», «Թատրոնը վերևում», «Նոր գեղարվեստական լաբորատորիա» ևն։ Մ․ Բ–ի խոշոր թատերական ուսումնական հաստատություններից են՝ Դրամատիկ արվեստի թագավորական ակադեմիան (1904-ից), Բիրմինգհեմի Առոգանության և դրամատիկ արվեստի դպրոցը, Բրիստոլի «Օլդ Վիկի» թատերական դպրոցը, Բրիստոլի համալսարանին առընթեր թատերական ֆակուլտետը ևն։
XVIII․ Կինոն
1896-ին Ու․ Պոլը կազմակերպել է ազգային կինոարտադրությունն սկզբնավորող անգլ․ առաջին ֆիլմի ցուցադրումը։ 1906-ից ԱՄՆ–ի և Ֆրանսիայի կինոմոնոպոլիաների հետ մրցակցության պատճառով անգլ․ կինեմատոգրաֆիայում սկսվել է ճգնաժամ։ 1920-ական թթ․ կինոպրոկատի 95%-ը զբաղեցրել են հոլիվուդյան ֆիլմերը։ 1927-ին անգլ․ հասարակայնության պայքարի շնորհիվ պառլամենտը օրենք է ընդունել ազգային կինեմատոգրաֆիան սատարելու մասին։ Թողարկվել են, գլխավորապես, հանրաճանաչ պիեսների, երաժշտ․ ներկայացումների էկրանավորումներ։ 1929-ին ստեղծվել է առաջին հնչուն ֆիլմը («Շանտաժ», ռեժ․՝ Ա․ Հիչքոք, ըստ Չ․ Բենթոնի պիեսի)։ 1932-ին ռեժիսոր Ա․ Կորդան հիմնել է «Լոնդոն ֆիլմս» ֆիրման, ուր աշխատել են օտարերկրացի մի շարք կինոգործիչներ (Ռ․ Կլեր, Ժ․ Ֆեյդեր, Կ․ Ֆեյդտ, Ռ․ Մատե, Ժ․ Պերինալ), անգլիացի դերասաններ (Չ․ Լոթոն, Ռ․ Դոնաթ, Վ․ Լի, Լ․ Հոուարդ, Լ․ Օլիվիե)։ Ֆիրմայի լավագույն ֆիլմերից են՝ «Ուրվականը մեկնում է արևմուտք» (1935, ռեժ․՝ Ռ․ Կլեր), «Ռեմբրանդ» (1936, ռեժ․՝ Ա․ Կորդա), «Գալիքի նկարագիրը» (1936, ռեժ․՝ Ու․ Կ․ Մենզիս, ըստ Հ․ Ուելսի վեպի)։ Մեծ ճանաչում են գտել Ա․ Հիչքոքի դետեկտիվ ֆիլմերը։ 1930-ական թթ․ ձևավորվել է անգլ․ ռեժիսորներ Ա․ Ասքվիթի և Կ․ Ռիդի արվեստը։ Ազգային կինոարվեստում կարևոր դեր են խաղացել Ջ․ Գրիրսոնի ղեկավարությամբ աշխատող վավերագրող ռեժիսորները, որոնց ըստ ժանրի և թեմատիկայի բազմազան ֆիլմերը ռեալիստորեն պատկերել են Մ․ Բ–ի կյանքը, աչքի ընկել նոր արտահայտչամիջոցների որոնումներով։ Գեղարվեստավավերագրական «Որի մեջ աշխատում ենք» (1942), «Սան Դեմետրիո–Լոնդոն» (1943) ֆիլմերը մեծ ճանաչում են բերել ռեժիսորներ Ն․ Կոուարդին, Դ․ Լինին, Չ․ Ֆրենդին։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ֆիլմերի արտադրությունը նորից կրճատվել է։ Չնայած Դ․ Լինի («Կարճ հանդիպում», 1945, «Մեծ սպասումներ», 1946), Կ․ Ռիդի («Խաղից դուրս մնացածը», 1947, «Անկյալ կուռքը», 1948, «Երրորդ մարդը», 1949) և Լ․ Օլիվիեի («Հենրիխ V», 1944, «Համլետ», 1948, ըստ Շեքսպիրի) լավագույն ֆիլմերի հաջողությանը, անգլ․ կինեմատոգրաֆիան կրկին ճգնաժամ է ապրել։ 1950-ական թթ․ անգլ․ կինոյի ռեալիստական ավանդույթները վերածնվել են ռեժիսորներ Հ․ Կոռնելիուսի («Ժենեվևա», 1952), Ա․ Մակքենդրիկի («Սպիտակ զգեստով մարդը», 1952), Բոուլթինգ եղբայրների («Կարլթոն Բրաունը դիվանագետ», 1959) կինոկատակերգություններում և «Ազատ կինո» խմբի վավերագրող ռեժիսորների գործունեության մեջ («Ո՜հ, երազների երկիր», 1954, «Մայրիկը թույլ չի տալիս», 1956, «Ռազմերթ դեպի Օլդերմասթոն», 1958)։ 1950-ական թթ․ վերջին երևան են եկել բուրժ․ ապրելակերպի հարուցած հիասթափությունն արտացոլող ֆիլմեր («Ճանապարհ դեպի բարձր հասարակություն», 1958, ռեժ․ Ջ․ Քլեյթոն, ըստ Ջ․ Բրեյնի)։ 1960-ական թթ․ կեսից անգլ․ կինեմատոգրաֆիան ավելի ու ավելի է կորցրել իր անկախությունը Հոլիվուդի տնտ․ էքսպանսիայի պատճառով (1969-ին թողարկվել է 84 գեղարվեստական ֆիլմ, որից 70-ը՝ ԱՄՆ–ի միջոցներով)։ Սոցիալական նշանակալի պրոբլեմներ են շոշափում Պ․ Ուոթքինսի («Պատերազմ ենք խաղում», «Առանձնաշնորհում», երկուսն էլ՝ 1967), Լ․ Անդերսոնի («Եթե ․․․», 1968) և այլոց ֆիլմերը։ Լավագույն դերասաններից են Լ․ Օլիվիեն, Մ․ Ռեդգրևը, Ա․ Գիննեսը, Ռ․ Բոգարդը, Ռ․ Հարիսը, Ա․ Ֆիննին, Պ․ Ֆինչը, Վ․ Ռեդգրևը, Ռ․ Թաշինգեմը։ Լոնդոնում գործում է Բրիտանական կինոինստ–ը (հիմնվել է 1933-ին)՝ կինոյի բնագավառում գիտահետազոտական և պրոպագանդիստական աշխատաքի կենտրոնը։ Ամենամյա կինոփառատոներ են անցկացվում Էդինբուրգում և Լոնդոնում։