դեմ։ Թուրք. զորքերը ավերում ու կողոպտում են սահմանամերձ շրջանները, կոտորում խաղաղ բնակչությանը և մասնավորապես հայերին։ Նրանց հայատյաց մոլուցքն ավելի է սաստկանում, երբ ստանում են առաջին հարվածները ռուս. բանակից, իսկ սուլթան–խալիֆի հռչակած «ջիհադի» («սրբազան պատերազմի») կոչն էլ ձախողվում է։ Թուրք. իշխանավորները իրենց պարտությունների մեղքը գցում էին հայերի վրա և տարածում ստահոդ լուրեր ու կեղծագրեր նրանց «դավաճանության», «դասալքության» ու «ապստամբության» մասին, վկայակոչում «հայ կամավորներին», որոնք կռվում էին ռուսների հետ կողք–կողքի։ Այդ ամենը սոսկ պատրվակ էր, որպեսզի թուրք ջարդարարները «արդարանան», ավելի հրահրեն ազգայնական կրքերը և սաստկացնեն իրենց հայաջինջ գործը։ Հանրահայտ է, որ թուրք. պարտությունները նրանց երկրի հետամնացության ու ընդհանուր թուլության արդյունք էին, որ դասալքությունը մասսայական երևույթ էր հենց թուրք զինվորների մեջ, որ հայերը պատերազմի ժամանակ մի շարք վայրերում ոչ թե «ապստամբել են», այլ հարկադրաբար դիմել ինքնապաշտպանության, գոյամարտի։ Իհարկե, ճնշվածն ունի ապստամբելու բնական իրավունք, բայց հայերը Թուրքիայում պատերազմի սկզբից կատարում են իրենց քաղաքացիական պարտականությունները։ Օրինաչափ էր նաև հայ կամավորական շարժումը (տես Կամավորական շարժում 1914–1918), քանի որ նրա մասնակիցները (հակառակ այդ շարժումն իրենց նպատակներին ծառայեցնող տերությունների նենգ նկատառումների) ձգտում էին ռուս. զենքի օգնությամբ ազատագրել իրենց հայրենակիցներին թուրք. դաժան տիրապետությունից։
Երիտթուրքերի պարագլուխներն ու մյուս գործիչները, ահաբեկված ռուսների առաջխաղացումից և Անգլիայի ու Ֆրանսիայի հարձակումից, 1915-ի սկզբին գումարեցին գաղտնի խորհրդակցություն, որտեղ հատկապես քննարկեցին հայերի ոչնչացման հարցը։ Խորհրդակցության ղեկավար, Թուրքիայի ներքին գործերի մինիստր Թալեաթ-փաշան կատաղի ատելությամբ ազդարարեց, որ «պետք է մաքրել հայերի հաշիվը» և խոստացավ դրա համար ոչինչ չխնայել։ Երիտթուրքերի ղեկավար գործիչները (Նազըմ, Շաքիր, Շյուքրի, Ջավիդ և ուրիշներ) միաբերան պահանջեցին բնաջնջել բոլոր ոչ թուրք ժողովուրդներին, այդ թվում քրդերին ու արաբներին, բայց այդ ժամանակ առաջնահերթ համարեցին հայերի ոչնչացումը․ «Պետք է, որ հայ ազգը արմատախիլ ըլլա, մեր հողին վրա անհատ մը անգամ չմնա, հայ անունը մոռացվի», «ոչ–թուրք տարրերը թող ջնջվին, որ ազգության և կրոնքին ալ պատկանած ըլլան» (Մեվլան զադե Րիֆաթ, Թուրքական հեղափոխության մութ ծալքերը, Բեյրութ, 1938, էջ 159–61)։ Ընդունվեց հայերի բնաջնջման որոշում և հանձնարարվեց կառավարությանը՝ իրականացնել այն։ Կազմվեց այդ հարցով զբաղվող գործադիր կոմիտե (դոկտոր Նազըմ, դոկտոր Բեհաեդդին Շաքիր ու լուսավորության մինիստր Միդհաթ Շյուքրի) և լիազորներ կարգվեցին վիլայեթներում։ Հանձնարարվեց հայերին բնաջնջել բոլոր միջոցներով։ Թալեաթի գլխավորությամբ ստեղծվեց հայերի բնաջնջման 10-հազարանոց հատուկ կազմակերպություն (Թեշքիլաթը մախսուսե)՝ լայն ճյուղավորմամբ (50-ական հոգով), և համապատասխան հրահանգներ ուղարկվեցին բոլոր վիլայեթները։ 1915-ի փետր․ 18-ի գաղտնի հրահանգում ասված էր, որ «Ջեմիյեթը» (Իթթիհաթի կենտրոնը) «Թուրքիո մեջ ապրող բոլոր հայերը, առանց անհատ մը ողջ ձգելու, փչացնել որոշած և այս մասին կառավարության ընդարձակ իրավասություններ տված է։ ․․․Չպիտի թույլատրվի, որ հայ մը օգնության և պաշտպանության արժանանա» (Անտոնյան Ա․, Մեծ ոճիրը, Բոստոն, 1921, էջ 130–133)։ Ապրիլի 15-ին Թալեաթի, Էնվեր–փաշայի ու Նազըմի ստորագրությամբ տեղական իշխանություններին է ուղարկվում հայերի համատարած բռնագաղթի ու ջարդերի կազմակերպման հրաման, որտեղ նշված էր․ «Իսլամ և թուրք ժողովուրդը ներկայացնող կառավարությունը և «Միություն և առաջադիմություն» կոմիտեն, միացած ուժերով, ինչ որ ալ պատահի, որևէ հաշտության սեղանի վրա, որևէ ձևով հայկական հարցի մը դրվելը կանխելու համար, օգտվելով պատերազմին մեզ բերած սա անկախութենեն, որոշեցինք վերջնական հաշվեհարդարի ենթարկել զայն, բնաջնջելով անհարազատ այդ տարրը, քշելով զանոնք դեպի Արաբիո անապատները, համաձայն տրված մեր գաղտնի հրահանգին․․․ Արդ, կառավարությունն ու Իթթիհաթի մեծ կոմիտեն կոչ կընենք ձեզ և ձեր հայրենասիրության և կհրամայենք, որ ձեր բոլոր տրամադրելի ուժերով աջակցիք «Միության և առաջադիմության» տեղական մարմիններու, որոնք 24 ապրիլի արևածագեն սկսյալ, գաղտնի ծրագրի մը համաձայն, գործադրության պիտի դնեն այս հրամանը։ Որևէ պաշտոնատար ու անհատ, որ կհակառակի այս սրբազան ու հայրենասիրական գործին ու չի տրամադրվիր իրեն հանձնված պարտականության և որևէ ձևով այս կամ այն հայը պաշտպանելու կամ պահելու փորձ կընե, հայրենիքին և կրոնքին թշնամի կնկատվի և ըստ այնմ ալ կպատժվի» (Քեչյան Ա․, Կարմիր դրվագներ հերոսներու կյանքեն․ 1915–1918, հ․ 1, Բուխարեստ, 1938, էջ 63–64)։
Երիտթուրք․ կառավարողները պատերազմի սկզբից ևեթ ձեռնամուխ եղան հայերի բնաջնջման գործին։ Առաջին ծանր հարվածը տրվեց թուրք. «սեֆերբելիքով» (զորահավաք), որն իսկական պատուհաս դարձավ հայերի գլխին։ Մինչ այդ բանակում գտնվող հայ զինվորականներին (1908-ի հեղաշրջումից հետո քրիստոնյաները ևս ենթակա էին զինվորական ծառայության) միացվեցին բազմահազար զորակոչիկներ (18–45 տարեկան բոլոր «ռազմունակ» տղամարդիկ), որոնց մտցրին աշխատանքային գումարտակների (ամելե թաբուրի) մեջ (փոխադրում էին բեռներ, ճանապարհներ շինում և այլն) և մաս–մաս ոչնչացրին նրանց։ Թուրք. կառավարությունը կարգադրել էր սպանել օսմանյան բանակի բոլոր հայ զինվորականներին։ Ահա ռազմ. մինիստր Էնվեր փաշայի հրամանը, որտեղ ասված էր․ «Կայսերական բանակներու մեջ ծառայող բոլոր հայ անհատները, առանց դեպքի մը տեղի տալու՝ իրենց զորաբաժիններեն զատելով, ընդհանուրին աչքեն հեռու ծածուկ վայրերու մեջ գնդակահար պիտի ըլլան» (Անտոնյան Ա․, Մեծ ոճիրը, էջ 232)։ Գազանաբար հոշոտվեց 60 հզ․ հայ զինվորական։ Թուրք. զորահավաքն ուղեկցվում էր համատարած շուրջկալներով, որոնց ժամանակ մարդկանց, «զենքեր» հավաքելու և պատերազմական տուրք գանձելու պատրվակով, ավերում էին հայերի տները, կողոպտում նրանց ունեցվածքը, ձերբակալում ու սրախողխող անում շատերին։ Ռուս. հետախուզությունը 1915-ի մարտի 15-ին ու ապրիլի 3-ին Թուրքիայի վերաբերյալ հաղորդում էր․ «Ամբողջ երկրում տեղի են ունենում հայերի ձերբակալություններ․․․ Սիստեմատիկ կոտորածներ Էրզրումում, Դյորթյոլում, Զեյթունում և շրջակայքում։ Արյունալից ընդհարումներ Բիթլիսում, Վանում, Մուշում․․․ բռնություններ, թալան, սպանություններ Ակնում և ամբողջ Փոքր Հայքում։ Ժողովրդի տնտեսական քայքայում, ընդհանուր կոտորած» (ЦГВИА, ф․ 2000, on․ 1, д․ 3851, л․ 92–94)։ Այս փաստերն ակնառու կերպով հաստատում են այն իրողությունը, որ հայերի կոտորածն սկսվել
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/425
Այս էջը սրբագրված չէ