Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/427

Այս էջը սրբագրված չէ

Ամիս մը առաջ, այսօր, երբ թշնամին վատաբար կռիվ հայտարարեց քաղաքակրթության և արդարության դեմ, մե՛ր դեմ, մենք հավատքով փարեցանք մեր զենքին և մեր հոգիի խորերեն զգացինք, որ հաղթանակը մերը պիտի ըլլա այս կռվին մեջ, վասնզի մեր կռիվը խավարին դեմ էր, տգիտության ու բռնության դեմ՝ ճշմարտության և արդարության համար․․․ Եվ կուրծք տվինք մենք թշնամիի մոլեգին ու ամբարտավան ժեստերուն ու հարձակումներուն և մեր հերոսական ու պատմական մարտնչումներու ընթացքին՝ ո՝չ մեկ տեղ և ո՛չ մեկ վայրկյան թշնամին չտեսավ մեր զինվորը պարտված և մեր դիրքը լքված» (Կէորկիզյան Ա․, Վասպուրականի հերոսամարտը, Բեյրութ, 1965, էջ 197–198)։ Վանի հերոսամարտը ոգեշնչեց արևմտահայության մյուս հատվածներին՝ թուրք. բռնակալության դեմ մղվող կենաց ու մահու պայքարում։
Վանի ազատագրումից հետո կազմվում է ժամանակավոր կառավարչություն, որը ձեռնամուխ է լինում գործերի կարգավորմանը։ Բայց դա կարճ է տևում, քանի որ ռուս. զորքերը հուլիսի 2-ին նահանջում են, իսկ նրանց հետևից տեղահան է լինում Վասպուրականի հայությունը՝ ճանապարհին տալով 40 հզ․ զոհ։ Հայասպան Ջևդեթն անմիջապես մտնում է Վան և անխնա կոտորում այնտեղ մնացած հայերին (մեծ մասամբ ծերերի, հիվանդների, վիրավորների, կանանց, երեխաների, որոնք չէին կարողացել գաղթել)։ Ռուս. զորքը, վերագրավելով Վանը, այն գտավ բոլորովին ավերված ու անշունչ։ Վանի կործանումը կատարվեց գերմ․ զինվորականների աջակցությամբ, մասնավորապես «գերմանացի սպան անձամբ ղեկավարել է թուրքական հրետանու կրակը խաղաղ հայ բնակչության դեմ» (Гиббонс Г․ А․, Последние избиения в Армении, П․, 1916, с․ 20)։
Վասպուրականից հետո ջարդերն ահավոր չափերի հասան Թուրքիայի մյուս հայաբնակ նահանգներում ու վայրերում։ Անլուր գազանություններ տեղի ունեցան Էրզրումի (Կարին) վիլայեթում, ուր բնակվում էր 215 հզ․ հայ։ Այստեղ մասնակի կոտորածներն սկսվեցին նախքան ռուս–թուրքական ռազմաճակատի բացումը, որը պետք է դառնար լուրջ ահազանգ՝ ինքնապաշտպանություն կազմակերպելու համար։ Բայց այդպես չվարվեցին հայ ազգային (դաշնակցական) ու հոգևոր․ գործիչները և իրենց «հաշտվողականության ու հպատակության» քարոզներով միայն վնաս հասցրին։ Պատերազմը բորբոքվելուց հետո Կարինում կազմվեց հայերի տեղահանման ու բնաջնջման հատուկ մարմին (Բեհաեդդին Շաքիր, Թահսին բեյ, Մեյֆուլլահ և ուրիշներ), որը գերմ. հյուպատոսների ու սպաների (Անդերս, Շվարց, Շուլենբուրգ, Շոյբներ–Ռիխտեր և ուրիշներ) աջակցությամբ անցավ համատարած ջարդերի կազմակերպման՝ ազդարարելով․ «Քանի դեռ կենդանի է թեկուզ մեկ հայ, կիսալուսինը հաղթանակ չի ճանաչի»։ 1915-ի մայիս–հուլիսին տեղահանվեց ու բնաջնջվեց Էրզրումի վիլայեթի քաղաքների ու գյուղերի հայությունը։ Անլուր զանգվածային ջարդեր տեղի ունեցան հատկապես Կամախի կիրճում, Բասկանում և այլուր։ Ահա թուրք. վայրագություններից մեկը․ «Կամախ չհասած, կին մը կծննդաբերեր, ոստիկան մը երեխան մորը արգանդեն դուրս քաշեց, սվինով երկուքի բաժնելով ըսավ․ «Տես հիմա երկվորյակ մը ունեցար», մայրը երկու ժամ վերջը մեռավ» («Տեր–Զոր։ Աղետեն վերապրողներ», Փարիզ, 1955, էջ 215)։ Կարինի հայության բնաջնջումը երիտթուրքերը դիտում էին որպես «սխրագործություն», և հայտնի ջարդարար Խալիլ բեյն ասաց․ «Հայաստանի սիրտը խլեցի հանեցի, կարգը եկավ արաբներուն։ Ով որ օսմանյան մահիկին տակ գլուխ չի ծռեր, Հայաստանի վիճակին կենթարկվի» («1915։ Աղետ և վերածնունդ»։ Հեղինակ՝ Աղետեն վերապրողներ, Փարիզ․ 1952, էջ 173)։ Կարինի բախտը բաժանեց Պոնտոսի (Տրապիզոնի, Սամսոնի ևն վայրերի) 100 հզ–անոց հայությունը, որը դահճապետը դարձավ վալի Ջեմալ Ազիմ փաշան՝ իր գերմանացի աջակիցներով (հյուպատոս Բերգֆելդ, փոխհյուպատոս Կուկհոֆ, սպա Շտանկե և այլք)։ Նրա հրամանով թունավորեցին կամ ողջ–ողջ ծովը նետեցին նաև վերջին բեկորներին՝ 600 հայ մանուկների։ Չնայած դժոխային վիճակին ու կատարյալ անհավասար պայմաններին, այնուամենայնիվ հարյուրավոր խիզախ տրապիզոնահայեր (այդ թվում՝ համշենցիներ) հերոսաբար մարտնչեցին թուրք. ոսոխների դեմ և նավակներով դուրս եկան ռուս. ափ։
Թուրք. կառավարությունը կատաղի թշնամությամբ էր լցված դեպի բազմաքանակ (180 հզ․) ու խիզախ տարոնահայությունը և ամեն ինչ արեց օր առաջ գերեզմանելու հայ ժողովրդի ագգային–ազատագրական շարժման կենտրոններ Սասունն ու Մուշը։ Ծրագրվեց տեղում գլխովին ոչնչացնել հայ բնակչությանը՝ առանց որևէ բռնագաղթի։ Այստեղ կենտրոնացվեցին զինվորական մեծ ուժեր ու հրոսակախմբեր, և շուտով սկսվեցին նրանց մահատարած գործողությունները, որոնք իրականացվում էին Բիթլիսի նահանգապետ Մուստաֆա Աբդուլ Խալգի, Մուշի գավաոապետ Սերվեթ բեյի, ընդհանուր զինվորական հրամանատար Վասֆի բեյի, Մուշի թուրք երեսփոխան Հոճա Իլյասի անմիջական ղեկավարությամբ։ Դրանք կարող էին ձախողվել, եթե նախօրոք կազմակերպվեր թուրք. իշխանություններին բազմիցս դիմադրած տարոնահայության պատշաճ ինքնապաշտպանություն, մանավանդ որ արդեն մոտենում էին ռուս․ զորքերը։ Բայց կործանարար դեր կատարեցին Տարոնում գտնվող դաշնակցական գործիչներ Ռուբեն փաշան (Տեր–Մինասյան) ու «Կոմսը» (Վահան Փափազյան), որոնք չարձագանքեցին դեռ 1914-ի նոյեմբերին տրված ահազանգերին, վարեցին պասսիվ սպասողական գիծ, մորթապաշտորեն պատսպարվեցին, իսկ վերջում էլ, լքելով դիրքերը, ճողոպրեցին Անդրկովկաս։ Թուրք. իշխանություններն օգտագործեցին ստեղծված «բարենպաստ» վիճակը և 1915-ի ապրիլ–օգոստոսին կազմակերպեցին հայ բնակչության զանգվածային կոտորած։ Ոչնչացվեցին ավելի քան 125 հայաբնակ գյուղեր։ Մարդկանց լցնում էին եկեղեցիները, մարագները, գոմերն ու կրակ տալիս, սպանում էին ամենաբիրտ ձևերով, երեխաներին մորթում ծնողների առաջ, սվինների վրա ցից հանում։ Անհնար էր դիմանալ այդ ամենին, և բազմաթիվ վայրերում հայերը, հավատարիմ անցյալի հերոսական ավանդույթներին, մղեցին անձնուրաց կռիվներ։ Այդպիսիք էին մասնավորապես Մուշի գոյամարտը (տես Մուշի գոյամարտ 1915) և Սասունի ինքնապաշտպանությունը (տես Սասունի ինքնապաշտպանություն 1915), երբ հայերը, հակառակ դաշնակ «ղեկավարների» անճարակության, 7 ամիս շարունակ մարտնչում էին։ Նրանք շատ զոհեր տվին, և միայն քչերը փրկվեցին ու ապաստան գտան Անդրկովկասում։
Սըվազի (Սեբաստիայի) վիլայեթի հայությունը (225 հզ․) տեղահանվեց ու բնաջնջվեց 1915-ի հունիս–հուլիսին։ Այդ եղեռնի անմիջական կազմակերպիչներն էին վալի Մուամմերը, իթթիհաթականներ Բեհաեդդին Շաքիրը ու Ղանի բեյը, երեսփոխաններ Ֆազըլ բեյը, Ռասիմ Մութևիլզադեն, Հաջի Էմինը, ժանդարմերիայի պետ Խալիլ բեյը և ուրիշներ։ Նրանց հետ էին գերմանացի հյուպատոս Կարլ Վերթն