ու բազմաթիվ զինվորականներ։ Չնայած խիստ ծանր կացությանը, հայերն օգտագործում էին եղած հնարավորությունը և մարտնչում իրենց գոյության համար։ Հատկապես նշանավոր էր Շապին–Գարահիսարի դիմադրությունը (տես Շապին–Գարահիսարի հերոսամարտ 1915), որի մասնակիցները՝ ժող․ հերոս Անդրանիկի հայրենակիցները (ինքը Անդրանիկը մարտնչում էր ռազմաճակատում), ամրանալով հայկ․ թաղի մոտ գտնվող բերդում, 27 օր շարունակ քաջաբար դիմադրեցին թուրք. կանոնավոր զորքերին։
Թուրք. կառավարողները հունիս–նոյեմբերին կազմակերպեցին Խարբերդի (Մամուրեթ ուլ Ազիզի) վիլայեթի հայության (204 հզ․) կոտորածը։ Դեռ գարնանը գազանաբար սպանվեցին հայ զինվորականներն ու մտավորականները։ Այնուհետև, քաղաքներից ու գյուղերից հայ բնակչությանը գաղթեցնելու անվան տակ, կարավաններով քշեցին դեպի Միջագետքի անապատները՝ մեծ մասին ոչնչացնելով ճանապարհին։ Մարդկանց հոշոտում էին ամենավայրագ ձևերով։ Ականատեսը պատմում է, թե ինչպես հայ մարդկանց մերկացնում էին, կապկպում միմյանց և խժդժորեն սպանում «տապարներով ու դանակներով» (Ճիզմեճյան Մ․, Խսրբերդ և իր զավակները, Ֆրեզնո, 1955, էջ 462)։ Մալաթիայից մինչև Եփրատ ընկած լեռնաձորը դարձավ ահավոր սպանդանոց և կոչվեց Արյան ձոր (Կանլը դարա)։ Ավերվեց երբեմնի բարգավաճ Խարբերդը, ոչնչացվեցին նրա հնօրյա բնակիչները։ Խարբերդի հայության բռնագաղթի ու ջարդի անմիջական կազմակերպիչներն էին կուսակալ Ջաբիթ բեյը, գավառապետ Ասըմ բեյը, կատաղի իթթիհաթական Փուլաթլը Ւոսլիլը, զինվորականներ Վեհբին, Ֆերիդը, Մահմեդ Ալին, Ռեշադը, Ալի Ռիզան, Քյազիմը և ուրիշներ։
Դիարբեքիրի (Տիգրանակերտի) վիլայեթի հայության (124 հզ․) դեմ կատաղի հալածանքներ սկսվեցին պատերազմի բորբոքումից անմիջապես հետո, և արդեն 1914-ի սեպտ․ 27-ին Կ․ Պոլսի հայոց պատրիարքարանին հաղորդվեց, «ժողովուրդը հասցուցած են այն աստիճանին, որ այլևս ապրելն անկարելի է․․․» (Զավեն արքեպիսկոպոս, Պատրիարքական հուշերս, վավերագիրներ և վկայություններ, Կահիրե, 1947, էջ 54)։ Զանգվածային տեղահանությունն ու կոտորածը կազմակերպվեց 1915-ի ապրիլ–օգոստոսին։ Ահավոր ջարդեր տեղի ունեցան Պիկաթլան ձորի մեջ, և արաբ ականատեսը վկայում է, որ դժբախտների տառապանքը կարող էր «նույնիսկ վայրենի կենդանիների գութը շարժել և արցունքներ կորզել անշունչ ժայռերից» (Faiez el-Cհocёin, Temoignage d’un Arabe musulman sur L’innocence et massacre des Armniens, Bombay, 1917, p․ 12)։ Դիարբեքիրի հայության կոտորածների կազմակերպիչներն էին կուսակալ Ռաշիդ բեյը, թուրք երեսփոխաններ Ֆեյզի ու Զիլֆի բեյերը, ժանդարմապետ Ռյուշտին, Մաքդուբջի Բեդրեդդին բեյը, իթթիհաթական Քոռ Յուսուֆը և ուրիշներ։
Ավերվեց ու դատարկվեց Արևմտյան Հայաստանը, ուր այցելած ֆրանսիացի ժուռնալիստ Անրի Բարբին 1916-ի հուլիսին գրել է․ «Ով էլ այժմ անցնի ավերված Հայաստանով, չի կարող չցնցվել, քանի որ արտասովոր շատ բան են ասում ավերակների ու մահվան այդ անսահման հեռաստանները։ Չկա և ոչ մի ծառ, ո՛չ մի ժայռ, մամուռի ո՛չ մի կտոր, որը վկա չլինի մարդու սպանության, որը պղծված չլինի հեղած արյան շիթերով։ Չկա և ո՛չ մի ջուր, գետակ կամ վտակ, որը հավիտենական մոռացության տված չլինի հարյուրավոր, հազարավոր մեռած մարմինների։ Չկա և ո՛չ մի անդունդ, ո՛չ մի կիրճ, որ գերեզման դարձած չլինի բաց երկնքի տակ, որոնց խորքերում չերևային կմախքների բաց կրծքավանդակները, քանի որ մարդասպանները համարյա և ոչ մի տեղ ժամանակ ու ջանք չէին թափում թաղելու իրենց զոհերին։ Այդ լայնարձակ մարզերում, որոնք ինչ–որ ժամանակ աչքի էին ընկնում ծաղկող հայկական բնակավայրերով, այժմ թագավորում են ավերածությունն ու անմարդաբնակությունը» (Бapби А․, В стране ужаса․ Мученица Армения․ Тифлис, 1919, с․ 40)։
Ջարդերի ալիքը տարածվեց նաև Արմ․ ու Կենտրոնական Անատոլիայի հայաբնակ վայրերում։ 1915-ի ամռանը զանգվածային բռնագաղթեր ու կոտորածներ կազմակերպվեցին Իզմիթ (Նիկոմիդիայի) սանջակում, Բուրսայի (Բրուսայի), Իզմիրի, Անկարայի (Անգորայի), Կոնիայի ու Կաստամունիի վիլայեթներում։ Ահավոր դաժանություններով ոչնչացնում էին բոլոր հայերին՝ չխնայելով անգամ մանկահասակ երեխաներին։ Երբ ականատես մահմեդականներից մեկը, չդիմանալով Յոզղաթի հայության դահիճ Քեմալ բեյի դաժանություններին, ասաց․ «Բեյ էֆենդի, սա Ղուրանին ո՞ր տեղը գրված է անմեղ մանուկները ասանկ սպանել, դուն գթություն չունի՞ս», նա զայրույթով պատասխանեց․ «Եթե գիտես, թե գթության երակը որն է, ցույց տուր ինձի, որ նայիմ, անմիջապես կտրեմ և նետեմ» («Հուշամատյան մեծ եղեռնի», Բեյրութ, 1965, էջ 328)։ Չնայած դժոխային կացությանը, հայերը որոշ վայրերում դիմեցին անձնազոհ գոյամարտի, և մասնավորապես հռչակվեց Չաթ գյուղը։ Թուրքիայի արմ․ ու կենտրոնական մարզերում հայկ․ ջարդերի անմիջական կազմակերպիչներն էին Անկարայի վալի Աթըֆը և ոստիկանապետ Բեհաեդդինը, Յոզղաթի մյութասերիֆ Քեմալ բեյը, Կեսարիայի (Կայսերի) կառավարիչ Ահմեդ Միդհաթը և ուրիշներ։
Ահավոր մղձավանջ ապրեց կիլիկիահայությունը (ավելի քան 200 հզ․ հայ)։ Այդ հերոսական լեռնաստանը՝ Զեյթուն արծվաբերդով վաղուց էր դարձել թուրք. բռնակալության աչքի փուշը, և, երբ սկսվեց պատերազմը, նրա դեմ էլ ուղղվեց առաջին հարվածը։ Կիլիկիահայությունը, որն ուներ ազգային–ազատագրական շարժման պանծալի ավանդույթներ, կարող էր վերստին դիմել անձնվեր պայքարի, բայց դրան խանգարեցին հայ «երևելիները» և մասնավորապես՝ Կիլիկիայի կաթողիկոս Ս․ Խապայանը, որոնք, խաբված թուրք. կեղծ խոստումներից, «հնազանդության» կոչ արեցին հայերին։ Դրանից օգտվեցին օսմանյան կառավարողները, որոնք գերմ․ հյուպատոս Ռյոսլերի հետ մշակեցին ու իրականացրին կիլիկիահայության տեղահանման ծրագիրը։ Արևմտահայության բռնագաղթն սկսվեց Կիլիկիայից, 1915-ի մարտին, թեպետ այն ո՛չ պատերազմական գոտի էր և ո՛չ էլ որևէ ապստամբություն էր տեղի ունեցել այնտեղ։ Եղավ սոսկ մասնակի դիմադրություն (Փանոս Չագրյանի գլխավորությամբ), ավերվեց Զեյթունը, և ապա կիլիկիահայությունը քշվեց դեպի Դեյր էզ–Զոր, Կոնիայի ու Էրեգլիի (Էրեյլի) ճահճուտները։ Դա մահվան ուղի էր, որը պատվեց անմեղ հայերի դիակներով։
1915-ի մայիսից սկսվեց հայերի բռնագաղթն ու կոտորածը Հալեպի վիլայեթում, և մեկը մյուսի հետևից դատարկվեցին Մարաշը, Այնթապը, Անտիոքը, Իսկենդերունը, Քեսապը ևն։ Որոշ վայրերում հաջողվեց կազմակերպել ինքնապաշտպանություն, և մասնավորապես խիզախաբար մարտնչեցին Սվեդիայի վեց գյուղերի հայերը, որոնք բարձրացան Մուսա լեռն ու ավելի քան 40 օր անընդհատ հարվածներ հասցրին հարձակվող թուրքերին (տես Մուսա լեռան հերոսամարտ 1915)։ Կազմակերպված էր նաև Ուրֆայի դյուցազնամարտը, (տես Ուրֆայի հերոսամարտ 1915), երբ ոտքի ելավ քաղաքի ամբողջ հայ բնակչությունն ու կռվեց մի մարդու նման՝ «Մահ կամ ազատություն» նշանաբանով։ 25 օր շարունակ տղամարդ թե կին, ծեր թե երեխա միասնաբար հարվածներ են հասցնում անարգ թշնամուն, որը հարկադրված էր խոստովանել․ «Ինչ կլինի մեր վիճակը, եթե այս ծանր օրերին մեր դեմ այդպես ծառանային մի քանի
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/428
Այս էջը սրբագրված չէ