Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/43

Այս էջը սրբագրված է
ՂՐԻՄ 43

X դ․ Խերսոնեսի իշխանավորներից էր հայազգի Կալոկիրը, որի օգնությամբ Բյուզանդիան փորձ էր անում դիվանագիտական կապերի մեջ մտնել Կիևի իշխան Սվյատոսլավի հետ։ Բյուզանդիայի քաղ․ ու կրոնական ճնշման և սելջուկյան արշավանքների հետևանքով, ինչպես նաև առևտրա–տնտեսական շարժառիթներով XI–XII դդ․ Ղ–ում սկսում է հաստատվել հայ մշտական բնակչություն։ Մոնղ. նվաճումների շրջանում Ոսկե հորդա տեղափոխված մեծ թվով հայեր, կոտրելով թաթարների դիմադրությունը, XIV դ․ 30-ական թթ․ վերջնական հանգրվան են գտնում Ղ–ում։ Հայերի թիվը ստվարանում է XVI–XVII դդ․, հատկապես ջալալիների շարժման ժամանակ ծայր առած արտագաղթի պատճառով։ Միջին դարերում հայերը տեղաբաշխված էին թերակղզու Կաֆա (տես Թեոդոսիա), Սուդակ (Սուրոժ), Սուրխաթ (Հին Ղրիմ, Էսկի Ղրիմ, այժմ՝ Ստարի), Կեոզլև (տես Եվպատորիա), Կազարաթ, Ղարասուբազար (Ղարասու, այժմ՝ Բելոգորսկ), Ակմեչիթ (տես Սիմֆերոպոլ), Բախչիսարայ, Չեմբալո (այժմ՝ Բալակլավա), Օրաբազար (Արմյանսկի բազար, տես Արմյանսկ), Իկներման քաղաքներում, ինչպես նաև զուտ հայկ․ Խայալ, Բախչելի, Հորդալանկ, Թոփտի, Խամշլի, Ղշլավ, Շահինշահ, Նախիջևան ևն գյուղերում։ XIV–XVIII դդ․ հայերը թվով գրավում էին երկրորդ տեղը թաթարներից հետո։ XV դ․ կեսին միայն Կաֆայում ապրում էր շուրջ 50 հզ․ հայ։ Հայերի թվաշատության հետևանքով Ղ–ում ստեղծվել է հայկ․ երկու առաջնորդություն, որոնցից մեկը ընդգրկում էր Կաֆայից մինչև Չերքեզիա, մյուսը՝ Բախչիսարայիցմինչև Կաուշան սփռված հայկ․ համայնքները։ Գտնվելով հանդերձ թուրք-թաթարական և ջենովական գերիշխանության տակ՝ ղրիմահայերն օգտվում էին ներքին ինքնավարությունից, ունեին իրենց զինված ուժերը։ XIII –XIV դդ․ հայերի հիմնական զբաղմունքը առևտուրն էր։ Հետագա դարերում այն գնալով ծավալվեց, սակայն լայն զարգացում ստացան նաև արհեստներն ու գյուղատնտ․ զբաղմունքները։ Հենվելով հզորացած առևտրա–վաշխառուական կապիտալի վրա՝ հայ ունևոր դասը XIV–XV դդ․ Ղ–ում գրավում էր առաջատար տնտ․ դիրք։ XIII դարից սկսած մինչև 1475-ը Ղ–ի ինչպես ներքին, այնպես էլ Արևելքի և Արևմուտքի միջև տարանցիկ առևտրում առաջատար տեղը պատկանում էր հայ և ջենովացի, իսկ XIV–XVIII դդ․՝ հայ և ռուս վաճառականներին։ Հայերի առևտրական գործունեությունը XIII –XVIII դդ․ կենտրոնացած էր Կաֆա, Սուդակ, Սուրխաթ, Ղարասուբազար և Արմյանսկի բազար վաճառաշահ քաղաքներում։ Ղրիմահայերը առևտրական գործուն կապեր էին հաստատել Եվրոպայի և Ասիայի բազմաթիվ երկրների հետ (Լեհաստան, Գերմանիա, Վենետիկի և Ջենովայի հանրապետություններ, Ռուսաստան, Ռումինիա, Թուրքիա, Պարսկաստան, մոնղ․ տիրույթներ)։ Հայ առևտրական առավել ունևոր դասից առաջացել էին վաճառական–բանկիրներ, որոնք վարկավորում էին առևտրական մեծ գործարքները։ XV դ․ Կաֆայում կային 10 հայ խոշոր բանկիրներ։ Ղրիմահայերի շրջանում նշանակալից տեղ ունեին արհեստները։ Կիսաքոչվոր թաթարները մեծ մասամբ անասնապահներ էին, հետևաբար արհեստները հիմնականում հայ և հույն համայնքների մենաշնորհն էին։ Հայ արհեստավորների մի մասը միավորված էր համքարություններում, որոնց անդամները հաճախ հանդես էին գալիս նաև որպես առևտրականներ։ Համքարությունների կազմը միատարր չէր, առկա էր դասային շերտավորում։ Հայ արհեստավորների գործունեությունը հատկապես աշխույժ էր Կաֆա, Սուրխաթ և Ղարասուբազար քաղաքներում․ զարգացած էին հատկապես կաշեգործությունը, հյուսնությունը, դարբնությունը, որմնադրությունը, ջուլհակությունը, ոսկերչությունը, բրուտագործությունը, կոշկակարությունը ևն։ Մեծ թվով հայեր զբաղվում էին այգեգործությամբ, դաշտավարությամբ և անասնապահությամբ՝ արտահանելով իրենց արտադրանքի մի մասը։ Ղ–ի հայերը ճանաչված գինեգործներ էին և, XVIII դ․ գերմանացի ճանապարհորդ Է․ Կլեմանի վկայությամբ, նրանք գինին օգտագործում էին «ջրի նման»։ Ղրիմահայերը բաժանված էին սոցիալական տարբեր խմբերի։ Ունևոր դասը ներկայացնում էին հարուստ վաճառականները, հողատերերը, վաշխառուները (Կաֆայում՝ Պահլավունիք, Մուղալենք, Դարիջանենք, Աղամալենք գերդաստաները), ուռճացած արհեստավորները, որոնք կրում էին իշխան, խոջա, էմիր, բեյ տիտղոսները։ Դասակարգային սանդուղքի ստորին ծայրում գտնվում էին քայքայված առևտրականներն ու արհեստավորները, աշխատավոր գյուղացիները՝ «ռամիկ ժողովուրդը»։ Կաֆայում և Սուդակում XIV-XV դդ․ կային նաև վարձու հայ բանվորներ։ Հայ աշխատավորությունը ենթակա էր կրկնակի՝ սոցիալական և ազգային ճնշման, հարկեր ու տուրքեր էր վճարում մի կողմից «սեփական» վերնախավին և եկեղեցուն, մյուս կողմից՝ ջենովական և թուրք–թաթարական իշխանություններին։ Ջենովացիներին հայերը վճարում էին հողային, աղի, պարենային, շինարարության հարկ, տարատեսակ առևտրական մաքսեր, բարձր գլխահարկ (հույների 179 և հրեաների 75 սոմոյի դիմաց՝ 749 սոմո), իսկ Ղրիմի խանության գանձարանին՝ ուշուր (բերքի տասնորդական մասը), զիքեաթ (անասուններից և թռչուններից ստացված եկամտի 1/5-ը), հոգևոր հարկ։ Հայերին կաթոլիկացնելու նպատակով, Կաֆայում Հռոմի ստեղծած (1318) եպիսկոպոսության և հայ դոմինիկյան միաբանության (1333) գործ դրած ջանքերով, ջենովական գաղութային իշխանությունների աջակցությամբ XIV-XV դդ․ որոշ հաջողություն ձեռք էր բերվել միայն հայ առևտրա–վաշխառուական վերնախավի շրջանում, իսկ հայ աշխատավորական զանգվածը համառ դիմադրություն էր ցույց տալիս։ 1768–74-ի ռուս–թուրքական պատերազմից հետո ցարական կառավարությունը, Ղ․ Ռուսաստանին միացնելու խնդրին համապատասխան, իրականացնում է քրիստոնյա ազգաբնակչության տեղահանումը թերակղզուց։ 1778-ին Ղ–ից Ազովի նահանգ վերաբնակեցվեցին 12․598 հայեր, և միջնադարյան ղրիմահայ գաղութը վերացավ։
Նոր Նախիջևանից, Թուրքիայից և այլ վայրերից հայերի Ղ․ տեղափոխվելու հետևանքով, XVIII դ․ վերջին և XIX դ․ սկզբին ղրիմահայ գաղթավայրը վերականգնվել է։ XIX– XX դդ․ հայերը հիմնականում, կենտրոնացած էին Հին Ղրիմում, Ղարասուբազարում, Սիմֆերոպոլում, Եվպատորիայում, Արմյանսկում, Թեոդոսիայում, Կերչում, Յալթայում և մի շարք գյուղերում։ XIX դ․ 60-ական թթ․ նրանց թիվը հասնում էր 7000-ի, դարավերջին՝ 9000-ի, 1913–14-ին՝ 14–15 հզ․, չհաշված հարյուրավոր այն ընտանիքները, որոնք ռուսահպատակություն չէին ընդունել։ 1779-ի և 1799-ի ցարական հրովարտակներով Հին Ղրիմի և Ղարասուբազարի հայ համայնքներն ունեին ինքնավարական մարմիններ: Հին Ղրիմում 1808–70-ին գործում էր հայկ․ քաղաքային ռատուշան, իսկ Ղարասուբազարում 1790–1871-ին՝ կաթոլիկների դատարանը։ Դրանք տիպիկ բուրժ․ ինքնավարական մարմիններ էին, վարում էին նշված համայնքների վարչա–տնտեսական և դատական գործերը։ Նոր շրջանում ևս ղրիմահայերի հիմնական զբաղմունքներն էին առևտուրը, արհեստագործությունը, երկրագործությունը։ Հայերի առևտրական գործունեությունը ներառում էր մեծածախ և մանրածախ առևտուրը, որի ծավալմանը մինչև XIX դ․ 60–70-ական թթ․ նպաստում էին 1779-ի և 1799-ի հրովարտակներով տրված արտոնությունները։ Հայ առևտրականները Ղ․ էին բերում մետաքսյա և բրդյա գործվածքներ, պատրաստի հագուստեղեն, բրինձ, գինի, ձեթ, սուրճ, պղինձ, ձյութ, շինանյութ ևն, արտահանում՝ կաշվեղեն, ալյուր, ցորեն, վարսակ, բուրդ ևն։ Ղրիմահայ հարուստ վաճառականները մասնակցում էին կայսրության քաղաքներում կազմակերպված տոնավաճառներին։ Ղրիմի պատերազմի ժամանակ (1853–56) հայ վաճառականությունը իր վրա էր վերցրել Սևաստոպոլի ռազմ. կարիքների մատակարարման զգալի բաժինը, իսկ 1860–70-ական թթ․ նկատելի ներդրում կատարեց նահանգում ծավալված երկաթուղային շինարարության մեջ։ Ետռեֆորմյան շրջանում, հարմարվելով կապիտալիստական զարգացման ընթացքին, ղրիմահայ մեծահարուստ առևտրական դասը ընդլայնեց իր կապիտալի շրջանառության ոլորտը։ Դարավերջին Ղ–ում միայն գիլդիաների մեջ ընդգրկված 4936 վաճառականներից 523-ը (10,6%-ը) հայեր էին, առևտրի մեջ նրանց ներդրած կապիտալը հավասար էր 5 մլն ռ․։ Սակայն ղրիմահայ առևտրական կապիտալի զգալի բաժինը կազմում էր գիլդիաներից և հաշվառումից դուրս տարատեսակ արտոնագրերով մանրածախ առևտուր անող հայ ընտանիքների դրամագլուխը։ XIX-XX դդ․ հողագործության մեջ առևտրական կապիտալի ներթափանցման հետևանքով Ղ–ում առաջացել էր հայ խոշոր հողատերերի բավականին բազմանդամ մի խավ (Ստեփանյաններ, Օբերովներ, Սպենդիարովներ, Թոփալովներ, Բենկլիևներ ևն)։ Ընդարձակ հողատարածություն–