կենդանի զանգվածը՝ 0,55–1,8 կգ։ Էգերն արուներից խոշոր են։ Կարճ ու լայն թևերը և երկար պոչը նպաստում են ծառերի ու թփերի արանքում արագ և հմուտ թռչելուն։ Հասուն թռչունների մեջքը գորշավուն է, որովայնային կողմը՝ սպիտակավուն, գորշ լայնական շերտերով։ Էգերն արուներից մուգ են գունավորված։ Տարածված է Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի, Ասիայի (այդ թվում՝ նաև ՀՍՍՀ) անտառային շրջաններում և Մարոկկոյի լեռներում։ Բնադրում է ծառերի վրա, դնում 3–5 ձու։ Թխսում է գլխավորապես էգը։ Սնվում է թռչուններով, սկյուռներով, նապաստակներով ևն, երբեմն վնաս է հասցնում որսորդական տնտեսություններին։
ՄԵԾ ՄԱԶՐԱ, գյուղ Հայկական ՍՍՀ Վարդենիսի շրջանում, Մասրիկ գետի ափին, շրջկենտրոնից և Վարդենիսի երկաթուղային կայարանից 5 կմ հյուսիս–արևելք։ Մ․ Մ–ով է անցնում Վարդենիս–Կրասնոսելսկ ավտոխճուղին։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, ծխախոտի, կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, ավտոմատ հեռախոսակայան, կինո, կենցաղսպասարկման կոմբինատ, մանկապարտեզ, ամբուլատորիա։ Գյուղը գազիֆիկացված է։ Որպես բնակավայր հայտնի է VII դարից։ Մ․ Մ–ում գտնվում է IX դ․ բարձրարվեստ խաչքար։ Դա մի մեծ, լայն քար է՝ գետնին հավասար պատվանդանի վրա, ներքևում փոքր–ինչ նեղ, վերին մասը՝ կամարաձև, կենտրոնում՝ մեծ խաչ (հարթաքանդակ), վերին թևի ծայրից սկիզբ են առնում խաղողի երկու ողկույզ, իսկ ներքևի թևի երկու կողմերից բարձրանում են մեկական ոստեր։ Խաչքարի թիկունքին գրված է թվականը (881) և ընդարձակ արձանագրություն։ Քանդակային պլաստիկայի մեծ զգացողությամբ օժտված քարգործ վարպետի խաչքարը վեհ ու կոթողային նկարագիր ունի և համարվում է այդ շրջանի նշանավոր հուշարձաններից մեկը։ Մ․ Մ–ում պահպանվել են եկեղեցի (XVII դ․), 2 մատուռ (XII– ХIII դդ․), գերեզմանոցներ խաչքարերով (XV– XVII դդ․)։
Գրկ. Բարխուդարյան Ս․, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարգործ վարպետներ, Ե․, 1963։
ՄԵԾ ՄԱՆԹԱՇ, գյուղ Հայկական ՍՍՀ Արթիկի շրջանում, Մանթաշ գետի ափին, շրջկենտրոնից 10 կմ հյուսիս–արևելք։ Մ․ Մ–ով է անցնում Ապարան–Արթիկ ավտոխճուղին։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց (1855), կուլտուրայի պալատ, կինո, մսուր-մանկապարտեզ, ավտոմատ հեռախոսակայան, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման կոմբինատ, հիվանդանոց (15 մահճակալով)։ Կա արտադրական կոմբինատ։ Շրջակայքում պահպանվել են գյուղատեղի, գյուղում՝ եկեղեցիներ, գերեզմանոցներ, 2 մենաստան (միջնադար)։ Բնակիչների նախնիներն եկել են Բասենի Խորասան գյուղից, 1831-ին։
ՄԵԾ ՄԵՆԴԵՐԵՍ, հնում՝ Մեանդրոս, գետ Թուրքիայի արևմուտքում։ Երկարությունը 380 կմ է։ Սկիզբ է առնում Անատոլական սարահարթից, թափվում Եգեյան ծով։ Ստորին հոսանքում առաջացնում է բազմաթիվ գալարներ։ Մ․ Մ–ի հին անվանումը՝ Մեանդրոսը, դարձել է գետային գալար նշանակող հասարակ անուն։
«ՄԵԾ ՄՀԵՐ», տես «Սասնա ծռեր»։
ՄԵԾ ՄՈՂՈԼՆԵՐ, Հնդկաստանի տիրակալների դինաստիա 1526–1858-ին։ Օգտվելով Հյուսիսային Հնդկաստանի քաղ․ անկայուն վիճակից՝ Քաբուլի կառավարիչ Բաբուրը ներխուժել է Հյուսիսային Հնդկաստան և հիմնել Մ․ մ–ի պետությունը։ Մողոլներ անվանումն առաջացել է Հյուսիսային Հնդկաստանի և Միջին Ասիայի մահմեդականներին հնդիկների տված մուղալ անունից։ Մ․ մ․ անվանել են XVII դ․ եվրոպացի ճանապարհորդները։ XVII դ․ Մ․ մ–ի պետությունն իր մեջ ընդգրկել է ամբողջ Հնդկաստանը (բացի ծայր հվ–ից), այժմյան Աֆղանստանի տարածքի արլ․ մասը, Փենջաբը։ Հզորության գագաթնակետին է հասել Շահ Ջահանի ժամանակ։ Աուրենգզեբի մահից (1707) հետո սկսվել է երկպառակտչական պայքար, պետությունը տրոհվել է։ Թուլացել է Մ․ մ–ի ազդեցությունը ենթակա մարզերում։ XVIII դ․ կեսին Մ․ մ․ փաստորեն տիրել են միայն Դելիին և նրա շրջակայքը։ XVIII դ․ վերջին Մ․ մ․ դարձել են Հյուսիսային Հնդկաստանի խոշոր ֆեոդալների դրածոները։ 1803-ին անգլ․ Արևելա–հնդկական ընկերությունը զավթել է Դելին։ Մ․ մ․ ձևականորեն համարվել են Հնդկաստանի կառավարիչներ մինչև 1858-ը, երբ անգլ․ գաղութային իշխանությունները վերացրին դինաստիան։
Մ. մ–ի դինաստիայի ներկայացուցիչները․
Բաբուր (1526–30), Հումայուն (1530–39, 1555–56), Աքբար (1556–1605), Ջահանգիր (1605–27), Շահ Ջահան (1627–58), Աուրենգզեբ (1658–1707), Բահադուր շահ (1707–12), Ջահանդար շահ (1712–1713), Ֆառուկ Միյար (1713–19), Մուհամմեդ շահ (1719–48), Ահմեդ շահ (1748–1754), Ալամգիր II (1754–59), Շահ Ալամ II (1759–1806), Աքբար II (1806–37), Բահադուր շահ II (1837–58)։
Գրկ․ Ասիայի և Աֆրիկայի երկրների միջին դարերի պատմություն․ Ե․, 1973, էջ 496–517։
ՄԵԾ ՄՈՐԱՎԱԿԱՆ ՏԵՐՈՒԹՅՈՒՆ, Մեծ Մորավական իշխանություն, արևմտյան սլավոնների վաղ ֆեոդալական պետություն IX– X դդ․։ Կազմավորվել է Մորավա գետի հովտում և իր բարգավաճ շրջանում ընդգրկել Մորավիայի, Սլովակիայի, Չեխիայի, Լուժիցի, Պանոնիայի տարածքները և որոշ սլավ. հողեր։ Մայրաքաղաքն էր Վելեգրադը։ Հնագիտական պեղումները վկայում են այդ տարածքում բարձր զարգացած հողագործության, արհեստների, Բյուզանդիայի և Կիևյան Ռուսիայի հետ առևտրի, ամրոցներում և ազնվականների նստավայրերում տնտ․ և քաղ․ աշխույժ կյանքի մասին։ Պատմականորեն հայտնի առաջին իշխան Մոյմիր I-ի օրոք (830–846) տարածվել է քրիստոնեությունը։ Տերությունն ավելի է ամրապնդվել Ռոստիսլավի օրոք (846–870), որը ակտիվորեն պայքարել է գերմ․ ագրեսիայի դեմ, դաշինք կնքել Բյուզանդիայի հետ (862)։ Նրա խնդրանքով Բյուզանդիայից Մ․ Մ․ տ․ են ժամանել (836) Կիրիլը և Մեֆոդին, որոնք և հիմնել են գերմ․ եպիսկոպոսությունից անկախ սլավ. եկեղեցին, որով ամրապնդվել է Մ․ Մ․ տ–յան քաղ․ ինքնուրույնությունը։ Պետության տարածքն առավել մեծ չափերի է հասել Սվյատոպոլկի օրոք (870–894)։ IX դ․ ուժեղացել են ուդելային իշխանները։ 895-ին Մ․ Մ. տ–ից անջատվել է Չեխիան, 897-ին՝ Լուժիցը, 906-ին քոչվոր հունգարները գրավել են տերության տարածքի մեծ մասը՝ վերջ տալով նրա գոյությանը։
ՄԵԾ ՇԵՆ, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ արևմուտք։ Միավորված է № 3 սովետական տնտեսության հետ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, փոստ, բուժկայան։ Մ․ Շ–ում և շրջակայքում պահպանվել են միջնադարյան 3 եկեղեցի, վիմագրություններ, խաչքարեր։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/437
Այս էջը սրբագրված չէ
ՄԵԾ 437