Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/438

Այս էջը սրբագրված չէ

438 ՄԵԾ
ՄԵԾ ՇՈՒՆ (լատ․ Cards Major), համաստեղություն երկնքի հարավային կիսագնդում։ Գտնվում է Միաեղջյուր, Նավախել, Աղավնի, Նապաստակ համաստեղությունների միջև։ Ամենապայծառ աստղը՝ Սիրիուսը, –1, 4-րդ աստղային մեծության է։ Երևում է փոքր ու միջին լայնություններից։ Հս․ կիսագնդից հատկապես լավ է երևում ձմռանը։ Հայերն անվանել են նաև Գամփռ։
ՄԵԾ ՉԻՆԳԼԻ ԼԵՌՆԱՆՑՔ (Խաչգյադուկ կամ Չինգիլի, Որկովի), գտնվում է Հայկական պար լեռնաշղթայի արևելյան մասում, 2097 մ բարձրության վրա։ Մ․ Չ․ լ–ով է անցնում Իգդիր–Բայազետ ճանապարհը։
ՄԵԾ ՊԱՐՆԻ, գյուղ Հայկական ՍՍՀ Սպիտակի շրջանում, շրջկենտրոնից 18 կմ հարավ–արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է շաքարի ճակնդեղի, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, 2 գրադարան, կինո, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, հիվանդանոց (15 մահճակալով)։ Գյուղի մոտ պահպանվել է Ս․ Սարգիս մատուռը (XII–XIII դդ․)։ 1829-ին Մ․ Պ–ով անցել է Ա․ Ս․ Պուշկինը։
ՄԵԾ ՋՐԲԱԺԱՆ ԼԵՌՆԱՇՂԹԱ (Great Dividing Range) (Արևելա–Ավստրալիական լեռներ), Ավստրալիայում։ Ձգվում է Ավստրալիայի արլ․ և հվ–արլ․ ափով, Քեյփ Յորք թերակղզուց մինչև Բասի նեղուց, 4000 կմ։ Երբեմն Մ․ Ջ․ լ․ անունը տարածվում է միայն արմ․ շղթայի վրա Քվինսլենդում։ Խոշոր կամարաձև բարձրացում է, առաջացած նեոգեն–անթրոպոգենում։ Հիմնականում կազմված է պալեոզոյան, սակավ՝ մեզոզոյան նստվածքներից։ Երկրաբանական տեսակետից համապատասխանում է Տասմանյան պալեոզոյան ծալքավորման մարզին։ Օգտակար հանածոներից կան նավթ և գազ, անագ, բազմամետաղներ, ոսկի, պղինձ, տիտանամագնետիտային և մոնացիտային ավազներ, քարածուխ ևն։ Հվ․ լայնության 28°-ից հս․ բաղկացած է մոտ 1000 մ բարձրության զանգվածներից, սարահարթերից ու գոգավորություններից, դեպի հվ․՝ առանձին զանգվածներից մինչև 2230 մ բարձրությամբ (Կոսցյուշկո լեռ)։ Գտնվում է մերձհասարակածային և մերձարևադարձային գոտիներում։ Մ․ Ջ. լ–ի արլ․ լանջերից սկիզբ են առնում կարճ, սահանքավոր, ջրառատ գետեր, արմ․ լանջերից՝ Մուրեյը և Դառլինգը։ Արլ․ լանջերը ծածկված են խոնավ-տերևաթափ մշտականաչ անտառներով, արմ․ լանջերը՝ անտառասավաննաներով, սավաննաներով ու քսերոֆիտային թփուտներով։
ՄԵԾ ՍԱԼԱ, հայաբնակ գյուղ ՌՍՖՍՀ Ռոստովի մարզի Մյասնիկյանի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հյուսիս։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկային կուլտուրաների, արևածաղկի, բանջարեղենի մշակությամբ, անասնապահությամբ, թռչնաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, հիվանդանոց, կապի բաժանմունք։
ՄԵԾ ՍԱՄՍԱՐ, հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանում։ Զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում գործում է միջնակարգ դպրոց։ Մ․ Մ–ի հայերը գաղթել են 1830-ին, Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգից։
ՄԵԾ ՍԱՐԻԱՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Ախուրյանի շրջանում, շրջկենտրոնից 14 կմ հյուսիս–արևելք։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, մանկապարտեզ, կապի բաժանմունք, բուժկայան։ Հիմնադրվել է 1700-ին։
ՄԵԾ ՍԵՊԱՍԱՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Ղուկասյանի շրջանում, շրջկենտրոնից 8 կմ արևմուտք։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կապի բաժանմունք, բուժկայան։ Գյուղում պահպանվել են ամրոց–բնակատեղիի ավերակներ և գերեզմանոց։ Հիմնադրել են Ալաշկերտի Շիշթափա գյուղից եկածները, 1823-ին։
ՄԵԾ ՏԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, քաղաքական տերմին, որով նշվում են միջազգային հարաբերություններում առաջատար դեր խաղացող առավել հզոր պետությունները։ Պատմական տարբեր դարաշրջաններում «Մ․ տ․» են դիտվել տարբեր պետություններ։ Վիեննայի կոնգրեսը (1815) մատնանշում էր հինգ Մ․ տ․՝ Ռուսաստան, Պրուսիա, Ավստրիա, Անգլիա և Ֆրանսիա։ 1871-ից Պրուսիայի տեղը զբաղեցրեց միավորված Գերմանիան։ 1898-ի իսպանա-ամերիկյան պատերազմից հետո Մ․ տ․ ճանաչվեցին ԱՄՆ–ը, XIX դ․ վերջից՝ Իտալիան, 1905-ի ռուս–ճապոնական պատերազմից հետո՝ Ճապոնիան։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին Մ․ տ․ բացասական դեր են խաղացել հայ ժողովրդի պատմական ճակատագրում։ Հետապնդելով իմպերիալիստական նպատակներ Մերձավոր և Միջին Արևելքում, Մ․ տ․ Հայկական հարցը օգտագործել են Թուրքիայի վրա ճնշում գործադրելու և նրանից կոնցեսիաներ ու զանազան արտոնություններ կորզելու համար; 1939–45-ի երկրորդ համաշխարհային պատերազմից հետո Մ․ տ․ են համարվում ՍՍՀՄ–ը, ԱՄՆ–ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան և Չինաստանը (1976-ից՝ ՉԺՀ), որոնք ՄԱԿ–ի անվտանգության խորհրդի մշտական անդամներն են և պատասխանատվություն են կրում խաղաղության պահպանության համար։
ՄԵԾԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐ, տես Առևտուր։
ՄԵԾԱԾԱԽ ԳԻՆ, տես Գին։
ՄԵԾԱՀԱՍԱԿՆԵՐԻ ԴՊՐՈՑՆԵՐ, հանրակրթական ուսումնական հաստատություններ՝ արտադրությունից չկտրված աշխատողների ուսուցման համար։ Ռուսաստանում բացվել են XIX դ․ մասնավոր անձանց նախաձեռնությամբ, որպես տարրական դպրոցներ։ ՍՍՀՄ–ում տարածում են ստացել ժողկոմխորհի 1919-ի դեկտ․ 26-ի՝ անգրագիտության վերացման մասին դեկրետից հետո։ ՀՍՍՀ–ում այդպիսի դեկրետ է ընդունվել 1921-ի սեպտեմբերին։ Անգրագիտության վերացման կետերի՝ լիկկայանների հետ միասին կազմակերպվել են նաև Մ․ դ․։ 1936-ին ստեղծվել են ոչ լրիվ միջնակարգ և միջնակարգ հանրակրթական Մ․ դ․։ 1943-ից Մ․ դ․ դարձել են բաներիտ և գյուղերիտ դպրոցներ, որոնք 1958-ից կոչվել են երեկոյան (հերթափոխային) միջնակարգ հանրակրթական դպրոցներ։ 1979–80 ուս․ տարում ՀՍՍՀ–ում կար 163 այդպիսի դպրոց։ Տես նաև Երեկոյան կրթություն, Կիրակնօրյա դպրոցներ։
ՄԵԾԱՄԱՍՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵՆԵՐԻ ԲՅՈՒՐՈ (ՄԿԲ), տեղական կազմակերպությունները ղեկավարելու, ՌՍԴԲԿ III համագումարը նախապատրաստելու և հրավիրելու համար Վ․ Ի․ Լենինի նախաձեռնությամբ 1904-ի վերջին ստեղծված համառուսաստանյան բոլշևիկյան կուսակցական կենտրոն։ ՄԿԲ–ի անհրաժեշտությունը պայմանավորված էր մենշևիկների պառակտիչ գործունեությամբ, որոնք ՌՍԴԲԿ II համագումարից հետո, կուսակցության ղեկավար մարմիններում, զավթել էին մեծամասնություն։ Ներկուսակցական պայքարի սրման պայմաններում բոլշևիկների գլխավոր խնդիրն էր ՌՍԴԲԿ երրորդ համագումարի հրավիրումը։ Մենշևիկները դեմ էին՝ վախենալով կորցնել իրենց դիրքերը։ Համագումարի հրավիրման գործում կարևոր դեր խաղաց Վ․ Ի․ Լենինի նախաձեռնությամբ 1904-ին Ժնևում հրավիրված 22 բոլշևիկների խորհրդակցությունը,