Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/44

Այս էջը հաստատված է

44 ՂՐԻՄ
ների տեր էր հայ եկեղեցին։ Ղ–ի տնտեսության մեջ XIX դ․ շարունակում էր կարևոր դեր խաղալ արհեստագործությունը։ Հայերը ճանաչված ոսկերիչներ էին, հյուսներ, դարբիններ, որմնադիրներ, քարտաշներ, դերձակներ, հացթուխներ, գինեգործներ։ Մեծ թիվ էին կազմում արևմտահայ արհեստավորները։ Որոշ ունևոր հայեր XIX դ․ 2-րդ կեսից իրենց կապիտալը ներդրել էին գործարանային արտադրության մեջ․ ունեին կաշեմշակման և կոշիկի, պահածոների, կղմինդրի և աղյուսի, օճառի ու մոմի, սննդի ևն ձեռնարկություններ (Մոմջյաններ, Ռաֆայելյաններ, Կևորկովներ, Սրապիոնյաններ)։ Հայերը ակտիվորեն մասնակցում էին նաև Ղ–ի բարեկարգմանն ու զարգացմանը։ Հ․ Այվազովսկու նյութական օգնությամբ և նախաձեռնությամբ 1888-ին Թեոդոսիան ապահովվեց խմելու ջրով, իրեն պատկանող Սուբաշի լճից նա քաղաքին օրական նվիրաբերում էր 50 հզ․ դույլ ջուր, որի համար անցկացվեց 30 կմ երկարությամբ ջրմուղ։ «Էլեկտրիչեստվո» ընկերության մեխանիկ Ն․ Շահվերդյանի նախագծով Սիմֆերոպոլում 1901-ին առաջին անգամ անցկացվեց արտաքին էլեկտրական լուսավորություն։ XIX–XX դդ․ Ղ․ անցած հայ գաղթականության մեծ մասը, սակայն, զրկված էր որևէ լուրջ ունեցվածքից։ Ղրիմահայերը հիմնականում գրանցված էին մեշչանների (քաղաքաբնակների) դասում։ Ժամանակի ընթացքում այդ դասի մեջ տեղի ունեցած շերտավորման հետևանքով առաջացավ առևտրա–արհեստագործական հարուստ մի խավ, որը վաճառականների, խոշոր հողատերերի և գործարանատերերի հետ միասին ներկայացնում էր գաղութի ունևոր վերնաշերտը։ XIX դ․ 2-րդ կեսին, կապիտալիզմի զարգացման պայմաններում, ղրիմահայերը հաղորդակից են դառնում համառուսական անցուդարձերին, ընդլայնվում են նրանց հասարակական կյանքի շրջանակները։ XX դ․ սկզբին դրիմահայերի առանձին ներկայացուցիչներ ս–դ․ շարժման կազմակերպիչներ էին․ հայտնի է Արմեն Բահաթրյանը, որը 1905–07-ին հեղափոխական լայն գործունեություն էր ծավալել և Տավրիկիայի նահանգական ժանդարմական վարչության պետի տվյալներով, հանդիսանում էր Ղ–ում «սոցիալ–դեմոկրատական կազմակերպության պարագլուխը»։ 1907-ին նա փորձել է թերակղզում վերականգնել կուսակցական աշխատանքը, որի համար հետապնդվել է ոստիկանության կողմից։ 1912–13-ի Բալկանյան պատերազմների ժամանակ Ղ–ում աշխուժացել է հնչակյանների գործունեությունը, ստեղծվել է կուսակցության Ղ–ի բաժանմունք։
Մշակույթը։ Ղրիմահայ գաղթավայրերում ազգային մշակույթը բավականին ծաղկուն վիճակ է ապրել։ Դրան նշանակալից չափով նպաստել են Կաֆայում, Սուրխաթում, Ղարասուբազարում, Ս․ Խաչ վանքում գործող հայկ․ դպրոցները, որոնցում աստվածաբանության հետ դասավանդում էին փիլիսոփայություն, գրչության արվեստ, տոմարագիտություն, մանրանկարչություն, երաժշտություն, հռետորական արվեստ, բնագիտություն, բժշկություն (տես Ղրիմի հայկական դպրոցներ)։ Ղ․ հայ գրչության ճանաչված կենտրոններից էր՝ շնորհիվ Կաֆայի, Սուրխաթի, Ղարասուբազարի գրչության նշանավոր վայրերի, որոնցից մեզ են հասել մոտ 300 ձեռագրեր։ (Տես Ղրիմի մանրանկարչության դպրոց)։ Միջնադարյան հայ գրականության մեջ արժանի տեղ են գրավում ղրիմահայ տաղասացները՝ Սիմեոն, Խոսպեկ, Վարդան, Վրթանես Կաֆացիները, Մարտիրոս Ղրիմեցին։ Որոշակի զարգացման են հասել գիտության մի շարք բնագավառները։ Բժշկության ասպարեզում հայերն այնքան էին առաջադիմել, որ թաթար խաների բժիշկները հիմնականում նրանք էին։ XIV– XVIII դդ․ հայերը ծավալել են շինարարական լայն գործունեություն՝ պահպանելով ազգային ճարտ․ արվեստի լավագույն ավանդույթները։ Նշանավոր հուշարձաններ են Ս․ Խաչ վանքը (Սուրխաթ, 1358), Ս․ Սարգսի (Թեոդոսիա, XII–XIII դդ․), Հովհաննես Մկրտչի (Թեոդոսիա, 1348), Հրեշտակապետաց (Թեոդոսիա, 1408), Ս․ Գևորգի (Թեոդոսիա, XIV–XV դդ․), Ս․ Նիկողայոսի (Թեոդոսիա, XII–XIII դդ․) եկեղեցիները, Բախչելի գյուղի Ս․ Փրկիչ վանքը (XIV դ․) ևն։ Թաթարական հարձակումներին դիմագրավելու նպատակով հայ համայնքը XIV–XV դդ․ Կաֆան շրջապատել էր աշտարակակիր երկրորդ պարսպով (կոչվում էր Հայոց բերդ)։ 1316-ին Կաֆայում հայերն անցկացրեցին ջրմուղ։ Հայ շինարարները նման ջրմուղներ էին կառուցել Դվույակորնի ծովախորշում, Ս․ Խաչ վանքում, Թոփլի հայկ․ գյուղում։ XIX– XX դդ․ հայկ․ բոլոր համայնքներում գործում էին ծխական դպրոցներ, հրատարակվում գրքեր և հանդեսներ, կազմակերպվում ազգային մշակութային զանազան միջոցառումներ։ 1905-ին Տավրիկիայի նահանգի 9 հայկ․ դպրոցներում սովորում էր 250 աշակերտ։ Ամենանշանավորը Խալիբյան վարժարանն էր (1858–71), որը հիմնադրել էր Գ․ Այվագովսկին։ Ուսումնարանին կից գործում էին մեծահասակների համար «լսարան կենցաղօգուտ գիտելյաց»-ը, տպարան, որը հրատարակում էր հայերեն և ռուսերեն դասագրքեր, գեղարվեստական, պատմական, թարգմանական գրականություն, տարեգրքեր։ Թեոդոսիայում հրատարակվել են «Մասյաց աղավնի» (1860–65), «Դաստիարակ» (1873–74) պարբերականները։ XIX–XX դդ․ ղրիմահայերից հռչակի արժանացած արվեստագետներ էին Հ․ Այվազովսկին, նրա աշակերտ Մ․ Մահտեսյանը, կոմպոզիտորներ Ա․ Սպենդիարյանը, Ք․ Կարա-Մուրզան, Ա․ Քաղցածյանը, ջութակահար և մանկավարժ Հ․ Նալբանդյանը և ուրիշներ։
Գրկ․ Տեր-Աբրահամյան Հ., Պատմութիւն Խրիմու․․․, Թեոդոսիա, 1865։ Ք ու շ ն ե ր յ ա ն Ք․, Պատմութիւն գաղթականութեան Խրիմու հայոց, Վնտ․, 1895։ Սուրխաթյան Պ․, Ղրիմի հայոց վանքը, «Մուրճ», 6, 1904։ Թումանյան Պ․, Ղրիմի հայերը, «Արոր», № 9–12, 1911։ Ալպոյաճյան Ա․, Պատմություն հայ գաղթականության, Կահիրե, 1941։ Միքայելյան Վ․ Ա․, Ղրիմի հայկական գաղութի պատմություն․ 1800–1917, Ե․, Старохадомская М. К., Очерки по социално-экономической истории генузэской Каффы конца XIII - первой половины XV вв., М., 1951.Վ․ Միքայելյան ՂՐԻՄ (ն․ Թ ո փ տ ի), հայաբնակ գյուղ ՌՍՖՍՀ Ռոստովի մարզի Մյասնիկովսկի շրջանում, շրջկենտրոնից 3 կմ հյուսիս-արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ։ Ղ–ում գործում է շրջանային ինկուբատորա-թռչնաբուծական կայանը, միջկոլտնտեսային շինարարական կազմակերպությունը և կոլտնտեսային աղյուսի գործարանը։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, կուլտուրայի տուն։ Գյուղում պահպանվել են Ս․ Փրկիչ եկեղեցին, Կենտրոնական աղբյուր-հուշարձանը։ Ղ․ հիմնադրել են Ղրիմից եկած հայերը, 1779-ին։ Այստեղ են ծնվել գեն․ մայոր, ռազմ․ գիտ․ դ–ր Խ Ջելաուխովը, կուսակցական և պետ․ գործիչ Ս․ Սրապիոնյանը (Լուկաշին), հեղափոխական գործիչ, գրող, քննադատ Ե․ Չուբարը, կուսակցական գործիչ, «Մուրճ և մանգաղ» ամսագրի խմբագիր Թ․ Գ․ Չուբարը, գյուղատնտես Թ․ Կատարյանը, գեոքիմիական–գիտ․ դ–ր Ն․ Այդինյանը, կենսբ․ գիտ․ դ–ր Հ․ Չորայանը։
ՂՐԻՄԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ, ՍՍՀՄ ԳԱ գիտահետազոտական հիմնարկություն։ Հիմնադրվել է 1908-ին, որպես Պուլկովոյի աստղադիտարանի հվ․ բաժանմունք՝ Սիմեիզայի մոտ գտնվող մասնավոր սիրողական աստղադիտարանի հիման վրա։ 1945-ին Բախչիսարայ քաղաքից 12 կմ հեռավորության վրա, լեռներում, կառուցվել են նոր մասնաշենքեր (ավան Նաուչնի)։ Ղ․ ա–ի աշխատանքների կարևորագույն ուղղությունները կապված են աստղերի և Արեգակի մթնոլորտներում տեղի ունեցող ֆիզիկական պրոցեսների ուսումնասիրման հետ, հետազոտվում են միգամածություններ և աստղային համակարգեր։ Հետազոտություններ են տարվում նաև արտամթնոլորտային աստղագիտության և ռադիոաստղագիտության բնագավառներում։ Նաուչնի ավանում գտնվող հիմնական գործիքներն են․ ակադեմիկոս Գ․ Ա․ Շայնի անվ․ 2,6 մ–անոց ռեֆլեկտորը, 122 սմ–անոց և 66 սմ–անոց ռեֆլեկտորները, 50 սմ տրամագծով հայելիով մենիսկային աստղադիտակը, 40 սմ–անոց երկակի աստղագիրը։ Արեգակը հետազոտվում է աշտարակային հեռադիտակով, որն ունի Արեգակի սպեկտրի, Արեգակի վրա գտնվող մագնիսական դաշտերի ուսումնասիրման, Արեգակի կինոնկարահանման սարքեր, ինչպես նաև արաախավարումային պսակագրով և այլ գործիքներով։ Կան տիեզերական ճառագայթների ուսումնասիրման տեղակայանքներ։ Սիմեիզայի մոտ գտնվող հին աստղադիտարանում տեղադրված է 70 սմ–անոց ռեֆլեկտոր։ Սիմեիզայից 3 կմ հեռավորության վրա գտնվում է Ղ․ ա–ի ռադիոաստղագիտական բաժինը, որտեղ տեղադրված են 22 սմ–անոց ռադիոաստղադիտակ (միլիմետրանոց ալիքների տիրույթում դիտարկումների համար) և այլ գործիքներ։ Ղ․ ա․ հրատարակում է «Իզվեստիա» («Известия») հանդեսը (1947-ից)։
ՂՐԻՄԻ ԲԱՐԲԱՌ, տես Նոր Նախիջևանի բարբառ։