Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/441

Այս էջը սրբագրված չէ
Մեծոփավանքի 441

(«Թևավոր խաչ»), գերեզմանոցներ (VII– XX դդ․), մատուռ։
ՄԵԾԱՎԵՐՋ, տես Յամբ։
ՄԵԾԱՏՈՒՐՅԱՆ Կարապետ Միհրանի [9(22)․12․1909, Սուխում – 31․8․1966, Երևան], հայ սովետական քանդակագործ։ ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1960)։ 1934-ին ավարտել է Երևանի գեղարվեստա–արդյունաբերական տեխնիկումը, 1941-ին՝ Թբիլիսիի Գեղարվեստի ակադեմիան։ Ստեղծագործել է մոնումենտալ, դեկորատիվ և հաստոցային քանդակագործության բնագավառներում։ Աշխատանքներից են՝ Ջերմուկի «Պարող աղջիկներ» շատրվանը (բրոնզ), Երևանի կենտրոնական շուկայի ճակատի զարդաքանդակները (բրոնզ), Ա․ Ի․ Միկոյանի կիսանդրին, Է․ Աբրահամյանի (քար, 1952), Մ․ Սարյանի (բրոնզ, 1952), Ս․ Առաքելյանի (բրոնզ, 1954) (երեքն էլ՝ Հայաստանի պետ․ պատկերասրահ) դիմաքանդակները։ 1930-ից մասնակցել է հանրապետական և միութենական ցուցահանդեսների։ 1947-ից դասավանդել է Երևանի գեղարվեստա–թատերական ինստ–ում։
ՄԵԾԱՐԵՆՑ Միսաք Կարապետի [իսկական ազգանունը՝ Մեծատուրյան, հունվար, 1886, գ․ Բինկյան (Արևմտյան Հայաստան, Ակն քաղաքին մերձ) – 22․6 (5․7)․1908, Կ․ Պոլիս], հայ բանաստեղծ։ Ծնվել է առևտրականի ընտանիքում, սովորել է հայրենի գյուղի Մեսրոպյան վարժարանում, ապա՝ Սվազի Արամյան դպրոցում (1894–96) և Մարզվանի «Անատոլիա» գիշերօթիկ կոլեջում (1896–1901)։ 1902-ին ընտանիքի հետ տեղափոխվել է Կ․ Պոլիս, որտեղ մինչև 1905-ը սովորել է Ղալաթիայի Կեդրոնական վարժարանում։ Ուսումն ընդհատել է սաստկացող հիվանդության պատճառով։ Գրել սկսել է 1901-ից։ 1903-ից տպագրվել է պարբերական մամուլում։ Աշխատակցել է արևմտահայ շատ հրատարակությունների («Մասիս», «Հանրագիտակ», «Արևելյան մամուլ», «Լույս», «Սուրհանդակ», «Մանզումեի էֆքյար», «Բյուզանդիոն» ևն)։ Աշակերտական տարիների չափածո փորձերը հավաքել է «Բաբախումներ» ձեռագիր տետրում։ Կենդանության օրոք, 1907-ին, Կ․ Պոլսում լույս է տեսել Մ–ի բանաստեղծությունների երկու ժողովածու՝ «Ծիածան» և «Նոր տաղեր»։ Մահացել է թոքախտից։
Մ–ի գրական ժառանգությունը բաղկացած է ավելի քան 130 քնարական ոտանավորից, շուրջ մեկ տասնյակ արձակ բանաստեղծությունից ու պատմվածքից և մի քանի գրական–քննադատական հոդվածներից («Ինքնադատության փորձ մը», «Նարեկացիին հետ» ևն), որոնցում շարադրել է իր ստեղծագործական սկզբունքները, պաշտպանվել թշնամական քննադատությունից։ Կատարել է նաև չափածո և արձակ թարգմանություններ արևմտաեվրոպական և ռուս հեղինակներից։
Մ․ Պեշիկթաշլյանից և Պ․ Դուրյանից հետո Մ․ նոր աստիճանի բարձրացրեց արևմտահայ պոեզիան, արտացոլեց դարասկզբի թուրքահայ կյանքի բարդ և հակասական պայմաններում ապրող ու տառապող առաջավոր անհատի հարուստ ներաշխարհը։ Ընդդիմանալով սուլթանական ռեակցիային, ազգային և սոցիալական ճնշմանը՝ Մ․ ստեղծեց մարդասիրական խոհերով, կյանքի ու բնության կարոտով տոգորված քնարական հերոսի կերպար, արտահայտեց դեմոկրատական խավերի երազանքը արդարության ու ներդաշնակ աշխարհի մասին։ Մ․ բնության լավագույն երգիչներից է հայ պոեզիայում։ Բնության աստվածացումը նրան հանգեցրել է յուրօրինակ պանթեիստական ըմբռնումների («Ինչ արբեցությամբ․․․»)։ Մ–ի աշխարհայացքի ու ստեղծագործության բնորոշ կողմերից մեկը նրա մարդասիրությունն է, որն ունի որոշակիորեն արտահայտված դեմոկրատական բովանդակություն։ Հակադրվելով անկումային գրականության «անմարդկային անձնաբանությանը», Մ․ գտնում էր, որ բանաստեղծի կոչումը պետք է լինի սիրո, գթության և անձնազոհության քարոզը։ Նրա քնարական հերոսը երազում է «անանձնական ուրախություն», որը նա պետք է պարգևի բոլոր կենդանի էակներին և, առաջին հերթին, «պարզ մարդերուն՝ գեղջուկներուն ու բանվորին» («Տո՜ւր ինձի, Տե՜ր․․․», «Ըլլայի, ըլլայի» բանաստեղծաշարը)։ Մ․ իր մի շարք երկերում կերտել է արևմտահայ գյուղի կյանքի և աշխատանքի հովվերգական պատկերներ («Ջրտուք», «Որթին տերևը», «Տկճորին երգը»)։
Մ–ի բանաստեղծական արվեստը շատ կողմերով կապված է դասական ռոմանտիզմի և սիմվոլիզմի հետ։ Նա արևմտահայ պոեզիայում առաջ քաշեց բանաստեղծական պատկերի կառուցման նոր եղանակներ, ընդգծեց բառի փոխաբերական իմաստը, կատարելության հասցրեց ոտանավորի ձևերը։ Սակայն, ընդհանուր առմամբ, Մ․ հեռու է մնացել սիմվոլիզմի անհատապաշտական բովանդակությունից և ուրբանիստական թեմատիկայից։ Նրա ստեղծագործության վրա մեծ ազդեցություն են թողել հայ միջնադարյան պոեզիան (հատկապես Գրիգոր Նարեկացին) և ժող․ բանահյուսությունը։ Մ–ի ստեղծագործությունն իր հերթին ներգործել է արևմտահայ և արևելահայ պոեզիայի վրա, հատկապես բնության պատկերների յուրացման, մարդու և բնության փոխհարաբերության գեղարվեստական մեկնաբանության հարցում։
Երկ․ «Ոսկի արիշին տակ» (արձակ երկերու հավաքածո), ԿՊ, 1934։ Երկ․ լիակտ․ ժող․, Ե․, 1934։ Երկ․ լիակտ․ ժող․, Ե․, 1981։
Գրկ․ Ազատյան Թ․, Միսաք Մեծարենց (կյանքը), ԿՊ, 1922։ Ղանալանյան Հ․, Միսաք Մեծարենց, Ե․, 1958։ Ջրբաշյան Է․, Միսաք Մեծարենց, 2 վերամշկ․ հրտ․, Ե․, 1977։
Է․ Ջրբաշյան ՄԵԾՆՈՒՆԻՔ, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում, Մարմետ գետի միջին ավազանում։ Միջին դարերում մտել է Վասպուրականի Արծրունյաց իշխանության (908-ից՝ թագավորության) կազմի մեջ։ 902-ին Վասպուրականը Գագիկ և Գուրգեն Արծրունիների միջև բաժանելիս՝ Մ․ մտել է առաջինի տիրույթների մեջ։ Վասպուրականի թագավորության անկումից (1021) հետո՝ Մ․ ենթարկվել է սելջուկ–թուրքական, մոնղոլ–թաթարական և թուրքմ․ ցեղերի գերիշխանությանը։ 1502-ից Մ․ մտել է Սեֆյան Իրանի կազմի մեջ։
ՄԵԾՈՓԱՎԱՆՔԻ ԴՊՐՈՑ, գործել է XII դ․ վերջերից, Մեծոփավանքում։ XIII դ․ սկզբներին դպրոցը ղեկավարել է «յոյժ իմաստուն և գիտնական» Թովման, իսկ դարավերջին՝ Գլաձորի համալսարանի առաջին սաներից մեկը՝ Մխիթար Սասնեցին (մինչև 1337-ը)։ Նրան գործակցել է իր ուսումնակից Հովհաննես Ոսպնակեր Արճիշեցին։ Այստեղ սովորելու էին գալիս Վանա լճի շրջակա գյուղերից և հեռավոր վայրերից։ Մ․ դ–ում ստեղծվել են մատենագրական երկեր, ընդօրինակվել ձեռագրեր։ Մխիթար Սասնեցու րաբունապետության ժամանակ Մ․ դ․, Գլաձորի համալսարանի ղեկավարությամբ, պայքարել է Հռոմի միարարների (ունիթոռների) դեմ, և այդ պայքարն այնուհետև դարձել է դպրոցի հիմնական նպատակներից մեկը։ XIV դ․ վերջերին դպրոցի վարդապետը եղել է Տաթևի համալսարանի սան, Հովհաննես Որոտնեցու աշակերտ Հովհաննես Մեծոփեցին, որը վերակառուցել է վանքը և օժանդակ շինություններ կառուցել։ 1408-ին Գրիգոր Տաթևացին Մեծոփավանքում հիմնադրել է բարձր տիպի դպրոց (160 աշակերտով և 8 վարդապետով), որտեղ ավելի ուշ րաբունապետ են եղել Գրիգոր Խլաթեցին ու Թովմա Մեծոփեցին։