Մ․ դ․ փաստորեն Խսռաբաստա և Տաթևի բարձր տիպի դպրոցների շարունակությունն էր։ Մ․ դ–ում ծաղկել է հատկապես գրչության և մանրանկարչության արվեստը։ Սաներից հայտնի են 22 ընտիր գրիչներ՝ Հովհաննես Մանկասարենցը, Հունանը, Հակոբը, Հովհաննես Բաղիշեցին, Պետրոսը, Թովման, Ղազարը, Մկրտիչը, Զաքարիան, Հակոբ Բերկրեցին, Կարապետ Վանեցին, Ստեփանոսը, Հայրապետը, Ներսեսը, Հովհաննես Արծկեցին, Կիրակոս Բանասերը և ուրիշներ, որոնցից մեզ է հասել շուրջ 200 ձեռագիր։ Մանրանկարչության ներկայացուցիչն է դպրոցի սան Մինաս ծաղկողը, որին աշակերտել են նշանավոր ծաղկողներ Կարապետ Բերկրեցին, Կարապետ Աղթամարցին։ Հայտնի է նաև Հայրապետ կազմողը։ Մեծոփավանքում խմբագրվել, սրբագրվել, մեկնվել են բազմաթիվ երկեր, շարադրվել պատմություններ, տոմարագիտական, գրչության արվեստի, երաժշտության վերաբերյալ երկեր, նկարազարդվել, կազմվել, նորոգվել են բազմաթիվ գրքեր։ Անապահով է եղել դպրոցի վիճակը․ մի քանի անգամ տեղափոխվել է մերթ Բաղեշ, մերթ Մշո Առաքելոց վանք։ Թովմա Մեծոփեցուն փոխարինել է իր դասընկեր Սարգիս վարդապետը։ XVI դ․ Մեծոփավանքը այրվել է։ XVII դ․ հիշվում է միայն Մ․ դ–ի մատենադարանը, որը կողոպտվել է 1895-ին։ Պահպանված 100 ձեռագրերը 1915-ին անցել են քրդերի ձեռքը։Սողանլուղ, լեռներ Հայկական լեռնաշխարհում։ Ջրբաժան է Օլթի և Կարս գետերի միջև։ Տեկտոնական–հրաբխային լեռնազանգված է մնացորդային լեռնագագաթներով։ Առավելագույն բարձրությունը 3430 մ է (Կարչխալ լեռ)։ Կազմված է լիպարիտներից, դացիտներից, օբսիդիաններից, կոնգլոմերատներից, անդեզիտներից։ Լանջերը զառիթափ են, անտառապատ։ Գագաթամերձ գոտին ծածկված է ենթալպյան և ալպյան բուսականությամբ։
ՄԵԾՔ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառում։ 1909-ին ուներ 185 (20 ընտանիք) հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։
ՄԵԿԵՆԱՍ (Maecenas) Գայոս Կիլնիոս (մ․ թ․ ա․ 74–64-ի միջև – մ․ թ․ 8), հռոմ․ պետ․ գործիչ, Օգոստոս կայսեր մերձավորը, միապետության համոզված կողմնակից։ Հայտնի է իր ժամանակի գրական կյանքի վրա ունեցած ազդեցությամբ։ Մտերիմ է եղել ժամանակի լավագույն բանաստեղծներ Հորացիոսի, Վերգիլիոսի, Պրոպերցիոսի և ուրիշների հետ, հովանավորել ու պաշտպանել է նրանց։ Մ–ի սեփական գործերից (արձակ և չափածո) մեզ են հասել փոքրիկ հատվածներ։ Մ–ի անունը, որպես գիտության ու արվեստի գործիչների հովանավորի, դարձել է հասարակ անուն։
ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ, 1․ (գիտության, իմացաբանության և մեթոդաբանության մեջ) որևէ տեսությանը կամ նրա առանձին տարրին վերագրվող նշանակությունների (իմաստների) ամբողջությունը։ Մ․ կարևոր է տեսության կառուցվածքը, նրա զարգացման ընթացքը ուսումնասիրելիս, օբյեկտիվ աշխարհի հետ նրա ունեցած կապը պարզաբանելիս։ Բովանդակային տեսությունը, որպես օբյեկտիվ աշխարհի Մ․, միշտ ունի այդ աշխարհի որևէ հատվածը, որը կոչվում է «բնական Մ․»։ Օրինակ, երկրաչափությունը պատմականորեն ըմբռնվել է որպես գիտություն առարկաների ձևերի մասին, և այդ ձևերի ամբողջությունն էլ եղել է նրա Մ․։ Սակայն արդի ըմբռնմամբ տեսությունն անմիջականորեն արտացոլում է ոչ թե բուն աշխարհը, այլ գիտակցության մեջ ձևավորվող աշխարհի պատկերը, ուստի տեսությունը (նրա տարրը) կարող է ունենալ բազմաթիվ Մ–ներ։ Օրինակ, մաթեմատիկայում ածանցյալը կարող է մեկնաբանվել և՛ որպես արագություն տվյալ կետում, և՛ որպես կորի շոշափողի անկյունային գործակից (այս երկու Մ–ները միմյանց իզոմորֆ են և ճշգրիտ իմաստ են ստանում միայն ածանցյալի գաղափարի միջոցով)։
Տեսությունների ձևայնացման և բազմապիսի ձևայնացված համակարգերի ստեղծման շնորհիվ Մ–ները դադարում են զգայական–առարկայական լինելուց և աճում է հնարավոր Մ–ների թիվը, որոնք անմիջական կապ չունեն առարկայական աշխարհի հետ։ Դա հատկապես ակնառու է արդի ձևայնացված տրամաբանական համակարգերի բնագավառում։ Մ․ տեսության հարաբերական անհակասականության ապացուցման հիմնական միջոցն է։ Օրինակ, ոչ էվկլիդեսյան երկրաչափության Մ–ների միջոցով (Ա․ Պուանկարե, Ֆ․ Կլայն) նրա անհակասականությունը հանգեցվում է էվկլիդեսյան երկրաչափության (այնուհետև թվաբանության) անհակասականությանը (տես նաև Աքսիոմատիկ մեթոդ, Իզոմորֆություն, Մոդել)։ 2․ Լայն առումով, Մ․ նշանակում է ինչ–որ բանի իմաստի բացահայտումը, այս կամ այն տեքստի բացատրությունը։ Կատարողական արվեստում՝ գեղարվեստական գործի յուրովի ըմբռնումն ու ներկայացումը, որը միարժեքորեն չի բխում հեղինակի մտահղացումից։
ՄԵԿՆԵՍ, քաղաք Մարոկկոյում, Մեկնես նահանգի վարչական կենտրոնը։ 248 հզ․ բն․ (1978)։ Կա երկաթուղային կայարան, օդանավակայան։ Ավտոճանապարհների հանգույց է, գյուղատնտ․ շրջանի կարևոր կենտրոն։ Կան սննդի, տեքստիլ, փայտամշակման ձեռնարկություններ, ցեմենտի գործարան, արվեստի թանգարաններ։ Մ․ ջնարակած խեցեղենի արտադրության կենտրոն է։ Հիմնադրվել է XI դ․։ Պահպանվել են հին քաղաքի պարսպապատերը Բաբ ալ Մանսուր դարպասով (XIII դ․), Մեծ մզկիթը (XIII դ․ սկիզբ), Բու Ինանիյա մեդրեսեն (XIV դ․), Դար ալ Մակզեն պալատը (XVII դ․ վերջ)։
ՄԵԿՆԻՉ, աստվածաբանական, գիտական, գեղարվեստական գրականություն մեկնող, բացատրող, վերլուծող մատենագիր։ Միջնադարում ամենից շատ մեկնում էին Աստվածաշնչի առանձին գրքեր։ Հայ իրականության մեջ շատ տարածված էին Հովհաննես Ոսկեբերանի, Եփրեմ Ասորու մեկնությունները։ Որպես Դիոնիսիոս Թրակացու «Քերականական արվեստ»-ի Մ–ներ հայտնի են Դավիթ Քերականը, Մովսես Քերթողը, Գրիգոր Մագիստրոսը, տոմարի Մ–ներ՝ Անանիա Շիրակացին, Հովհաննես Կոզեռնը, Հակոբ Ղրիմեցին, Աստվածաշնչի առանձին գրքերի Մ–ներ՝ Եղիշեն, Ստեփանոս Սյունեցին, Գրիգոր Նարեկացին, Ներսես Շնորհալին, Մխիթար Գոշը, Վարդան Արևելցին և ուրիշներ։
ՄԵԿՆՈՒԹՅՈՒՆ, վերլուծական բացատրություն կամ մեկնաբանություն։ Սկզբնավորվել է Հին Հունաստանում, երբ փիլիսոփաները մեկնել են կրոնական առասպելները և դրանց մեջ տեսել խորին մտքեր։ Փիլոն Եբրայեցին և այլ հեղինակներ այլաբանորեն են բացատրել Հին կտակարանը, Սուրբ գրքի պարզ խոսքերը մեկնելիս որոնել ենթադրական գաղափարներ, կանխասություններ կամ գրքի բովանդակությունը համապատասխանեցրել ժամանակակից ըմբռնումներին ու հայացքներին։ Այսպիսով ստեղծվել է Մ․, և առաջացել մեկնողական գրականությունը։ Սահակ Պարթևն ու Եզնիկ Կողբացին թարգմանել են Սուրբ գրքի շատ Մ–ներ։ Մեկնել են նաև գիտական գրքեր, գեղարվեստական ստեղծագործություններ (Դիոնիսիոս Թրակացի՝ «Քերականական արվեստ», Արիստոտել՝ «Կատեգորիաներ», Գրիգոր Նարեկացի՝ «Մատյան ողբերգության» ևն)։ Հայ գիտնականները նույնպես գրել են Մ–ներ (Եղիշե՝ «Արարածոց մեկնություն», Ստեփանոս Սյունեցի՝ «Ավետարանի մեկնություն» ևն)։ VII–VIII դդ․ հետո հաճախ որևէ երկ մեկնելիս քաղվածաբար օգտագործել են եկեղեցու ավելի հեղինակավոր ներկայացուցիչների Մ–ները (Վարդան Արևելցի, Գևորգ Սկևռացի ևն)։ Հայ գրականությունը հարուստ է թարգմանական և սեփական Մ–ներով, որոնց մեջ մտնում են նաև լուծմունքների և հարց ու պատասխանի ձևով գրված բացատրությունները։
Գրկ․ Աբեղյան Մ., Հայ գրականության պատմություն, Երկ․, հ․ 3, Ե․, 1968։
ՄԵԿՈՆԳ, գետ Չինաստանում, Լաոսում, Կամպուչիայում և Վիետնամում (մասամբ Լաոսի սահմանն է Բիրմայի և Թաիլանդի հետ)։ Հնդկաչին թերակղզու ամենամեծ գետն է։ Երկարությունը մոտ 4500 կմ է, ավազանը՝ 810 հզ․ կմ²։ Սկիզբ է առնում Տանգլա լեռնաշղթայից (Տիբեթի բարձրավանդակ), թափվում Հարավ–Չինական ծով։ Վերին հոսանքում կոչվում է Ձաչու, միջին հոսանքում՝ Լանցանցզյան։ Խոշոր վտակներն են՝ Մունը, Տոնլեսապը, Թհենը, Սանը։ Կամպուչիայի հարթավայրից դուրս գալուց հետո առաջացնում է Կոն ջրվեժը (բարձրությունը՝ 21 մ)։ Պնոմպեն քաղաքից ցած սկսվում է ճահճապատ, տեղ–տեղ մանգրովային բուսածածկույթով դելտա (մոտ 70 հզ․ կմ²), որը աղեղի ձևով մոտ 600 կմ ափի երկարությամբ մխրճվում է ծովի մեջ (տարեկան աճը՝ 80–100 մ)։ Սնումը անձրևային և ձնասառցադաշտային է։ Հորդանում է ամռանն ու աշնանը։ Վերին հոսանքում սառցակալում է։ Տարեկան նվազագույն
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/442
Այս էջը սրբագրված չէ