Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/445

Այս էջը սրբագրված չէ
ՄԵՂՄԱՍՈՒԹՅՈՒՆ 445

դպրոցը։ 1923–27-ին եղել է քաղղեկ նույն դիվիզիայի զորամասերում, Ա․ Մյասնիկյանի անվ․ ռազմ. դպրոցում։ 1929-ին ավարտել է Անդրկովկասյան հետևակային դպրոցը, 1939-ին Ֆրունզեի անվ․ ռազմ. ակադեմիան։ Ծառայել է Պրիվոլժիեի, Սիբիրի ռազմ. օկրուգներում, մասնակցել Խալխին Գոլի կռիվներին (1939), սովետա–ֆինլանդական պատերազմին (1939–40)։ 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմի սկզբին եղել է Բելոռուսիայում (69-րդ հրաձգային կորպուսի շտաբի պետի տեղակալ), այնուհետև Մերձծովյան բանակի կազմում մասնակցել է Օդեսայի և Սևաստոպոլի պաշտպանությանը (1941–42), եղել Սևաստոպոլի պաշտպանության շրջանի բանակային մատակարարման պետ։ Զոհվել է Սևաստոպոլի պաշտպանության ժամանակ։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի I աստիճանի (ետմահու) շքանշաններով։ Մ–ի անունով է կոչվում Գանձաքարի միջնակարգ դպրոցը։
Գրկ․ Ղազարյան Ա․ Վ․, Պատերազմ, մարդիկ, ճակատագրեր, գիրք 1, Ե․, 1979, էջ 510–525։ Крылов Н․ И., Огненный бастион, М․, 1973, с․ 319․
ՄԵՂԱԴՐԱԿԱՆ ԵԶՐԱԿԱՑՈՒԹՅՈՒՆ, դատավարական փաստաթուղթ, որը ավարտված նախաքննության (հետաքննության) հիման վրա ամփոփում է կատարված հանցագործության մասին տվյալներն ու անձին առաջադրված մեղադրանքի էությունը։ Բաղկացած է նկարագրական և եզրափակիչ մասերից։ Նկարագրական մասում շարադրվում է հանցագործության բովանդակությունը, տեղը, ժամանակը, միջոցներն ու շարժառիթները, հետևանքները, մասնակիցներից յուրաքանչյուրի դերը, տուժողի մասին տեղեկությունները, պատասխանատվությունը ծանրացնող կամ թեթևացնող հանգամանքները, ապացույցների վերլուծությունը։ Եզրափակիչ մասում նշվում է, թե տվյալ հանցագործության համար պատիժ նախատեսող հոդվածով ում է առաջադրված մեղադրանք և ձևակերպվում է մեղադրանքը։ Մ. ե–յանը կցվում են դատակոչի ենթակա անձանց ցուցակը, նախաքննության ժամկետի, խափանման միջոցի, իրեղեն ապացույցների, դատական ծախսերի մասին տեղեկանքները։ Դատախազն իրավասու է Մ. ե․ հաստատել և գործն ուղարկել դատարան, վերադարձնել լրացուցիչ քննության կամ կարճել։ Դատախազը կարող է նաև Մ․ ե․ փոխել։
ՄԵՂԱԴՐԱՆՔ, 1․ քրեական դատավարությունում իրավասու մարմինների կամ անձանց դատավարական գործունեությունը՝ ուղղված քրեական պատասխանատվության կանչված անձի մեղավորությունն ապացուցելուն։ Սովետական օրենսդրությունը տարբերում է Մ–ի երեք տեսակ՝ պետ․, հասարակական և մասնավոր։ Պետ․ Մ․ պաշտպանում է դատախազը, հասարակական Մ․՝ աշխատավորների կազմակերպության լիազորված ներկայացուցիչը (հասարակական մեղադրող), մասնավոր Մ․՝ տուժողը կամ նրա ներկայացուցիչը (տես Մասնավոր մեղադրանք)․ Որոշակի դեպքերում մասնավոր Մ–ի գործերով, տուժողի կամ նրա ներկայացուցչի հետ զուգահեռ, որպես մեղադրող, կարող է հանդես գալ նաև դատախազը։ 2․ Անձին Մ․ առաջադրելու մասին որոշմամբ ձևակերպված մեղադրական թեզիսի (մեղադրական եզրակացություն) բովանդակությունը։
ՄԵՂԱԴՐՅԱԼ, քրեական պատասխանատվության կանչված անձ, որի նկատմամբ մեղադրանք առաջադրելու որոշում է կայացվել։ Տես նաև Դատական պաշտպանություն։
ՄԵՂԱՅԱԿԱՆՈՎ ՆԵՐԿԱՅԱՆԱԼԸ, դատարանին, դատախազությանը, նախաքննության կամ հետաքննության մարմնին իր կատարած հանցագործության մասին քաղաքացու կամավոր հայտարարությունը (գրավոր կամ բանավոր) մինչև որպես կասկածյալ ձերբակալվելը կամ որպես մեղադրյալ հարցաքննվելը։ Հայտարարությունն ընդունող պաշտոնատար անձը ստուգում է ներկայացողի ինքնությունը, հայտարարության մասին կազմում է արձանագրություն, որը ստորագրում են ներկայացողն ու արձանագրություն կազմողը (ՀՍՍՀ քրեական դատավարության օրենսգիրք, հոդված 100)։ Մ․ ն․ կարող է դիտվել որպես մեղքը մեղմացնող հանգամանք, եթե հայտարարությունը հավաստի է և կատարված հանցագործության մասին պատմվել է լրիվ։ Օրենքով նախատեսված դեպքերում Մ․ ն․ անձին քրեական պատասխանատվությունից ազատում է (օրինակ, կաշառք տալու մասին հայտնելը)։
ՄԵՂԵԴԻ (< հուն․ μελῳδία – երգ, երգեցողություն), բարձր կազմակերպված մեկձայնանի ինտոնացիոն–ռիթմական կառուցվածք, որ օժտված է կերպարային-արտահայտչական բովանդակությամբ և երաժշտության կարևորագույն սկզբնատարրն է։ Ընդգրկում է երաժշտական լեզվի գրեթե բոլոր արտահայտչամիջոցները՝ լադի հիման վրա կազմակերպվող հնչյունային բարձրությունների և մետրի հիման վրա ընթացող հարաբերությունների հետ՝ նաև որոշակի ուժգնություն, տեմբր, կատարման կերպ, ներդաշնակ կառուցվածք ևն։ Մ–ի շարժումը լինում է վերընթաց, վարընթաց, միևնույն բարձրության պահպանումով, ավելի հաճախ՝ ալիքաձև։ Բոլոր շարժումների դեպքում առավել բնորոշ է աստիճանական ընթացքը, որը սովորաբար ընդմիջվում է այս կամ այն լայնքի թռիչքներով։ Մեղեդային գծի շարժման վերելքների և անկումների մեջ արտացոլվում է հուզականության սաստկացումը և մարումը, լարումը և պարպումը, որի շնորհիվ էլ Մ․ դրսևորվում է որպես երաժշտության հուզական-կերպարային բովանդակության կրող, մասնակցում նրա ձևակառուցման պրոցեսին։ Բազմաձայն երաժշտության մեջ պարզորոշ առանձնանում է ընդհանուր շարժումից և ընկալվում որպես որոշակի երաժշտական միտք, որի առավել վառ (քան ընդհանուր շարժումը) արտահայտչականությունը պայմանավորված է անհատականացված երաժշտական նյութի շարժման յուրահատուկ տրամաբանությամբ։ Ոչ մեղեդային շարժման հետ համեմատած, Մ․ (անկախ երաժշտության ոճից և ժանրից), առավել հագեցված լինելով կոմպոզիցիոն հնարներով, տվյալ ընդհանուր շարժման խտացված, ընդհանրացված ձևն է։ Սակայն մեղեդիական և ոչ մեղեդիական շարժումների միջև գոյություն չունի խիստ անջրպետ։ Վոկալ երաժշտության մեջ Մ․ բնորոշվում է երգայնությամբ, ցայտուն ներդաշնակ կերտվածքով ու ճկունությամբ և, այդ առումով, մոտիկ է մարդկային խոսքի ելևէջային բնույթին։ Գործիքային երաժշտության մեջ Մ․ զերծ է երգչական ձայնի հնարավորությունների որոշ՝ բնական սահմանափակումներից, նրանում, վոկալ երաժշտությանը հատուկ հնարների հետ մեկտեղ, օգտագործվում են նաև այս կամ այն նվագարանի տեխ․ հնարավորությունները (այստեղից՝ ստորաբաժանումը վոկալ և գործիքային Մ–ների)։ Մ–ի բնույթը, ձևը, տեսակը, ինչպես նաև կառուցվածքային առանձնահատկություններն ու ծավալը շատ կողմերով պայմանավորված են նաև ստեղծագործության ժանրային պատկանելությամբ, երաժշտության ազգային երանգով ու ոճով։ Միաժամանակ, գոյություն չունի այնպիսի «օրինակելի» Մ․, որը հավասարապես բավարարեր տարբեր դարաշրջանների երաժշտական ուղղություններին բնորոշ մտածելակերպի պահաջները։ Ուստի Մ․, որպես բովանդակային կատեգորիա, հարաբերական է և նրա գնահատականը պահանջում է յուրաքանչյուր կոնկրետ դեպքում պատմական մոտեցում։ Միաձայն երաժշտության մեջ Մ․ մարմնավորում է ավարտված ամբողջական երաժշտական կերպար։ Այս առումով բնորոշ են տարբեր ժողովուրդների ժող․ երգերի մեղեդիները։ Հայ ժող․ և ժողովրդապրոֆեսիոնալ երաժշտության տարբեր ճյուղերը (գյուղական, քաղաքային, գուսանական, աշուղական, հոգևոր ևն) հարուստ են հնագույն դարերից մեզ հասած ու հղկված վոկալ և գործիքային Մ–ների բազմազան տեսակի նմուշներով (տես նաև Մոնոդիա), որոնցում մեղեդիակերտման վարպետությունը հասցված է բարձրագույն մակարդակի։
Գրկ․ Тох Э., Учение о мелодии, пер․ с нем․, М., 1928; Беляевa-Экземплярская С․; Яворский Б․, Структура мелодии, М., 1929; Мазель Л․ О мелодии, М., 1952; Riemann Н., Neue Schule der Melodik, Hamburg, 1883․Ն․ Դերոյան ՄԵՂՄԱՍՈՒԹՅՈՒՆ, գեղասություն, անհարմար, տհաճ, կոպիտ համարվող բառերի և արտահայտությունների փոխարինումը վայելուչ հոմանիշներով, խոսքի կառուցման եղանակ, երբ քաղաքավարական և այլ նկատառումներով նվազեցվում, մեղմացվում են բացասական հասկացությունները դրանց ոչ ուղղակի արտահայտման