Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/447

Այս էջը սրբագրված չէ
ՄԵՂՐԱՄՈՄ 447

ՄԵՂՎԱԿԱԹ, աշխատավոր մեղուների վերծնոտային և ըմպանային գեղձերի արտազատուկը, որով մեղուները լցնում են մեղրահացի մայրաբջիջները (մեկ մայրաբջջում՝ 0,2–0,5 գ)։ Մ–ի արտադրման համար, բացի մեղրից, մեղուներին անհրաժեշտ է նաև ծաղկափոշի։ Մայրացու մեղվի թրթուրը Մ․ է ստանում 5 օր անընդմեջ, իսկ աշխատավոր մեղվինը՝ 2,5 օր (ցածր որակի Մ․)։ Մ․ պարունակում է (չոր նյութի հաշվով) սպիտակուց 40–50%, ճարպ 5–18%, շաքար մոտ 26%, ինչպես նաև վիտամիններ, հանքային աղեր, կենսաբանորեն ակտիվ այլ նյութեր։ Մ–ից ստանում են ապիլակ պատրաստուկը, որը կիրառվում է բժշկության և օծանելիքի արտադրության մեջ։
ՄԵՂՎԱԿԵՐՆԵՐ (Meropidae), թռչունների ընտանիք։ Միջին մեծության (մարմնի երկարությունը՝ 15–30 սմ, քաշը՝ մինչև 50 գ), արագ թռչող, վառ գունավորված թռչուններ են։ Կտուցը կոր է, կողքերից՝ սեղմված։ Պոչը և թևերը երկար են։ Տարածված են Արևելյան կիսագնդում, գլխավորապես արևադարձային և մերձարևադարձային շրջաններում։ Բնադրում են գաղութներով, առավելապես զառիթափների վրա, գետնափոր բներում։ Դնում են 2–5 ձու։ Սնվում են միջատներով, որոնց որսում են թռիչքի ժամանակ։ Հայտնի է Մ–ի 25 տեսակ, որից 2-ը՝ ոսկեգույն և կանաչ Մ․, տարածված են ՍՍՀՄ–ում (այդ թվում՝ նաև ՀՍՍՀ–ում)։ Մեղվաբուծության վնասատուներից են։
ՄԵՂՎԱՆՈՑ, մեղվաբուծական ֆերմայի կամ տնտեսության արտադրական միավոր․ բաղկացած է մեղվանոցային տարածությունից, որտեղ տեղավորում են փեթակները, անհրաժեշտ գույքը, ձմեռանոցը, պահեստները, հավաքովի տնակները, արհեստանոցը, մեղվաբույծների աշխատասենյակը ևն։ Ստեղծում են չոր, հարթ, քամիներից պաշտպանված, ձեռնարկություններից, երկաթուղուց, լճերից հեռու վայրերում։ Լինում է ստացիոնար (նստակյաց) և քոչվորական տիպի։ Ստացիոնարը կազմակերպվում է լեռնային, լեռնատայգային և այլ գոտիների դժվարամատչելի, մեղրատու բույսերով հարուստ շրջաններում։ Քոչվոր Մ–ի փեթակները բույսերի ծաղկմանը զուգընթաց տեղափոխում են տարբեր հանդակներ՝ լրացուցիչ մեղր ստանալու և բույսերի փոշոտումն ապահովելու նպատակով։ Մեղվաբուծության մասնագիտացմանը համապատասխան տարբերում են մեղրաապրանքային, փոշոտման և համալիր Մ–ներ։ Առավել տարածված են մեղրաապրանքային Մ–ները։ Փոշոտման Մ–ներն ստեղծվում են զարգացած այգեգործության, պտղաբուծության, սերմնաբուծության շրջաններում՝ բաց և փակ գրունտի բույսերի փոշոտումն ապահովելու նպատակով։ Համալիր Մ․ միավորում է առաջին երկուսի ֆունկցիաները։ Այդ տիպի Մ–ներում բազմացվում են նաև մեղվաընտանիքներ և մեղվամայրեր, իսկ որոշ դեպքերում արտադրվում է վիտամինացված և բուժիչ մեղր, ակնամոմ, մեղվաթույն, մեղվակաթ ևն, որոնք օգտագործվում են բժշկության մեջ։ Գիտահետազոտական աշխատանքներ կատարելու, մեղվաբուծության նվաճումները և առաջավոր փորձը պրոպագանդելու նպատակով կազմակերպվում են նաև փորձարարական Մ–ներ։ Խոշոր Մ–ներ (ունեն մի քանի տասնյակ հզ․ մեղվաընտանիք) կան ՍՍՀՄ–ում, ԱՄՆ–ում, Կանադայում, Ավստրալիայում։
ՄԵՂՐ, քաղցր, մածուցիկ նյութ, որն աշխատավոր մեղուները պատրսատում են մեղրատու բույսերի ծաղիկների նեկտարից և օգտագործում որպես կեր։ Արժեքավոր սննդամթերք է։ Ըստ ստացման բնական աղբյուրների տարբերում են ծաղկի (նեկտարի) և մանանայի Մ–եր։ Քիմ․ կազմը և որակը կախված են բույսի տեսակից, կլիմայական պայմաններից, մշակման եղանակից ևն։ Ծաղկի Մ․ բաղադրում է (տոկոսներով արտահայտված), ջուր՝ 13–20, ածխաջրեր (հիմնականում գլյուկոզ, ֆրուկտոզ, սախարոզ, մալտոզ ևն)՝ 80, սպիտակուց՝ 0,4, մոխիր՝ 0,3, ինչպես նաև օրգ․ թթուներ (խնձորաթթու, կիտրոնաթթու, գլյուկոնաթթու ևն), ֆերմենտներ (ամիլազ, կատալազ, ինվերտազ ևն), արոմատիկ, հանքային նյութեր ( ևն), քիչ քանակով վիտամիններ (B2, , B6, և ), ալկալոիդներ ևն։ Մեղրահացի թարմ Մ․ հեղուկ է։ Ջրի գոլորշիացմանը զուգընթաց այն հասունանում է, խտանում ու դառնում մածուցիկ։ Ինվերտազ ֆերմենտի ազդեցությամբ նեկտարի սախարոզը փոխարկվում է գլյուկոզի և ֆրուկտոզի։ Հասունացումից հետո մեղուները փակում են մեղրահացի բջիջները։ Քամած Մ․ երկար պահելիս աստիճանաբար բյուրեղանում է։ Մ․ լինում է սպիտակ, դեղնավուն, մուգ դեղնավուն ևն։ Պահում են լորենու, չինարի, հաճարենու, ուռենու, լաստենու ևնի փայտից պատրաստված տակառներում, ինչպես նաև ապակյա ու մետաղյա տարաներում։ Մ․ արժեքավոր դիետիկ և բուժիչ միջոց է։ Օգտագործվում է սննդի արդյունաբերության մեջ։Ա․ Կոթողյան ՄԵՂՐԱԳԵՏ (ն․ Մեղ, այժմ՝ Կարասու), գետ Հայկական լեռնաշխարհում, Արածանիի ձախ վտակը։ Երկարությունը մոտ 87 կմ է։ Սկիզբ է առնում Հայկական Տավրոսի հս․ (Զորապահակ լեռնանցքի մոտ) և Բզնունյաց լեռների արմ․ լանջերից։ Հոսում է հվ–արլ–ից հս–արմ․, Մշո դաշտում միախառնվում Արածանիին։ Սնումը խառն է, հորդացումը՝ մայիս–հունիսին։
ՄԵՂՐԱՀԱՑ, մոմահաց, մեղուների մոմից հյուսված բույնը, որտեղ նրանք կուտակում են մեղր ու ծաղկափոշի և աճեցնում սերունդներ։ Կազմված է ընդհանուր միջնորմի երկու կողմում դասավորված վեցանկյուն պրիզմայաձև բջիջներից։ Տարբերում են աշխատավոր ու մայր մեղուների, անցողիկ ու բոռերի բջիջներ։ Մ․ պատրաստում են միայն աշխատավոր մեղուները, աշխատավոր մեղվի մեկ բջջի կառուցման համար ծախսում են 13 մգ, բոռերի բջջի համար՝ 30 մգ, իսկ ամբողջ Մ–ի համար՝ 140–150 գ մոմ։ Մ–ի չափերը համապատասխանում են փեթակի շրջանակի մեծությանն ու ձևին։ Ստանդարտ մեկ Մ․ կարող է պարունակել մինչև 4 կգ մեղր։ Մ․ միջատների բների առավել կատարելագործված ձևն է:
ՄԵՂՐԱՁՈՐ, գյուղ Հայկական ՍՍՀ Հրազդանի շրջանում, Մեղրաձոր գետի ձախ ափին, շրջկենտրոնից 15 կմ հյուսիս–արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, կարտոֆիլի, կաղամբի, ծխախոտի, հացահատիկի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, հեռախոսակայան, կենցաղսպասարկման տաղավար, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։ Բնակիչների նախնիները եկել են Արծափից, 1830-ին։
Մ–ից հվ․, անտառապատ լեռան վրա է Թեժառույքի՝ հայ քաղկեդոնականների վանքի համալիրը։ Հուշարձանախմբի կազմում են եկեղեցին, նրան կից մատուռները և գավիթը։ Եկեղեցին, ըստ հվ․ պատի վրացերեն արձանագրության, կառուցել է Իվանե Երկայնաբազուկը (1196–99-ին)։ Այն խոշոր, միանավ, թաղակապ կառույց է, մեկ զույգ թաղակիր կամարներով, կիսաշրջանաձև խորանի երկու կողմում ավանդատուն–խորշերով, որոնք տեղավորված են բեմի աբսիդի և արտաքին պատերի միջև՝ շարվածքի զանգվածի մեջ։ Եկեղեցուն հս–ից և հվ–ից կից են փոքր, թաղակապ մատուռներ, իսկ արմ–ից՝ ուղղանկյուն, նույնպես թաղածածկ գավիթը։ Ներսում թաղված են հայոց և վրաց պատմության մեջ նշանավոր դեր խաղացած հայազգի գործիչներ՝ Վրաստանի «Մեծ Դիդեբուլ» իշխան Բուբան և նրա ժառանգները, որոնց պաշտոնավարությունն ու տիրույթները Զաքարյանների իշխանության սահմաններում էին։
Գրկ․ Մուրադյան Պ․, Հայաստանի վրացերեն արձանագրությունները, Ե․, 1978։Մ. Հասրաթյան ՄԵՂՐԱՄՈՄ, ճարպանման հատիկավոր նյութ, արտադրվում է մեղրատու մեղուների (հիմնականում 12–18 օրական) և որոշ միջատների հատուկ գեղձերում։ Կազմված է բարդ եթերների խառնուրդից (մինչև 75%), ազատ կարբոնաթթուներից և սահմանային ածխաջրածիններից։ Հարուստ է վիտամինով (100 գ սպիտակ թարմ մոմը պարունակում է 4096 միջազգային միավոր)։ Տեսակարար զանգվածը 0,956–0,969 գ/սմ3 է։ Հալվում է 62–72°C-ում։ Ջրում չի լուծվում, հեշտությամբ լուծվում է եթերում, քլորաֆորմում, բենզոլում, բենզինում, բևեկնայուղում։ Մ–ից մեղուները պատրաստում են մեղրահաց։ Մաքուր Մ–ից պատրաստում են արհեստական մոմաթերթ, իսկ համեմատաբար ոչ մաքուրը օգտագործվում է տեխնիկայում։ Մ․ բժշկական շատ քսուքների, կոսմետիկական կրեմների բաղադրամաս է։