Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/448

Այս էջը սրբագրված չէ

448 ՄԵՂՐԱՇԱՏ
ՄԵՂՐԱՇԱՏ, գյուղ Հայկական ՍՍՀ Ամասիայի շրջանում, շրջկենտրոնից 16 կմ հարավ–արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կերային կուլտուրաների, շաքարի ճակնդեղի մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։
ՄԵՂՐԱՇԵՆ, գյուղ Հայկական ՍՍՀ Արթիկի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ հյուսիս–արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների, ճակնդեղի, ծխախոտի մշակությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, 2 գրադարան, մանկապարտեզ, կինո, բուժկայան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են Զավալու, Մանասի խարաբեք, Աբրահամի խարաբա գյուղատեղիները, եկեղեցի, խաչքարեր, դամբարաններ, գերեզմանոցներ։ Հիմնադրել են Կարսից, Բասենից եկածները 1828–29-ին։
ՄԵՂՐԱՏՈՒ ԲՈՒՅՍԵՐ, մեղրատուներ, ծածկասերմ կամ ծաղկավոր բույսերի մեծ խումբ, որոնցից մեղուները նեկտար և ծաղկափոշի են հավաքում։ Նեկտարն արտադրվում է ծաղկի խորքում, վարսանդի և առէջքների հիմքի մոտ, իսկ երբեմն, դրանից դուրս (ցողունի, տերևի ևնի վրա) գտնվող տարբեր ձևի նեկտարանոցներում։ Առանձին տեսակի մեղրատուների մեկ ծաղկի արտադրած նեկտարի քանակը միատեսակ չէ․ օրինակ Coryonthes – ցեղի խոլորձի մեկ ծաղիկն արտադրում է մոտ 30 գ, իսկ սովորական լորենունը՝ 0,5–7,46 մգ նեկտար։ Նեկտարարտադրությունը բույսերի ծաղկման սկզբին դանդաղ է, առէջքների փոշանոթները պատռվելու պահին հասնում է առավելագույնի և դադարում է բեղմնավորումից հետո։ Որոշ Մ․ բ․ բացի նեկտարից արտադրում են նաև խեժանյութեր, որոնցից մեղուներն ակնամոմ են պատրաստում։ Բույսերի նեկտարարտադրության ունակությունը ձևավորվել է էվոլյուցիայի պրոցեսում, որպես միջատներով խաչաձև փոշոտման հարմարվածություն, որը նպաստում է, հաճախ նաև որոշում մեղրատուների բարձր բերքատվությունը։ Նեկտարարտադրությունը և մեղուների կողմից նեկտարի հավաքելը համընկնում են բույսերի ծաղկման շրջանին։ ՍՍՀՄ–ում տարածված են ավելի քան 1000 Մ․ բ․, որոնցից մեղվաբուծության համար առավել արժեքավոր են 200-ը։ Լավագույն մեղրատուներից են․ լորենին, դաշտային թխկին (մեկ հա-ի ց ստացվում է 1000 կգ մեղր), սպիտակ և դեղին ակացիաները (350–500 կգ/հա), խնձորենին, տանձենին, բալենին, կեռասենին, սալորենին (20–30 կգ/հա), համեմը, իշառվույտը, երեքնուկը, առվույտը (100–300 կգ/հա), կորնգանը (90–400 կգ/հա), հնդկացորենը, արևածաղիկը (30–90 կգ/հա)։ Մեղրատու են նաև բանջարաբոստանային, մերձարևադարձային գրեթե բոլոր բույսերը։ Մ․ բ․ տարածված են հիմնականում մարգագետիններում և խոտհարքներում։Պ․ Սերոբյան ՄԵՂՐԱՔԱՄԻՉ ՄԵՔԵՆԱ, կենտրոնախույս ուժի ազդեցությամբ մեղրահացից մեղրը քամող մեքենա։ Ստեղծել է (1865-ին) չեխ մեղվաբույծ–կոնստրուկտոր Գրուշկան (մինչ այդ մեղրը քամել են մամլիչներով)։ Մ․ մ–ները կազմված են արտաքին կաթսայից, ներքին թմբուկից (ռոտորից), որտեղ տեղավորում են մեղրով լցված մեղրահացերը (շրջանակները) և հաղորդակից (շարժակ)։ Ռոտորի պտտման ժամանակ, կենտրոնախույս ուժի ազդեցությամբ, մեղրը ցայտում և թմբուկի պատերով ծորում է մինչև կաթսայի հատակը, որտեղից ծորակով հոսում է դուրս։ Տարբերում են լարային (շրջանակները տեղադրում են լարի երկարությամբ), շառավղային (շրջանակները դասավորում են շառավիղներով) և խառը (կոմբինացված) Մ․ մ–ներ։Ա․ Կոթողյան ՄԵՂՐԻ, գետ Հայկական ՍՍՀ Մեղրու շրջանում, Արաքսի ձախ վտակը։ Երկարությունը 36 կմ է, ավազանը՝ 274 կմ²։ Սկիզբ է առնում Զանգեզուրի լեռնաշղթայի հվ–արլ․ լանջի Կապույտ լճից։ Վերին մասում հոսում է սառցադաշտային տրոգով, կենտրոնական մասում հովիտը V-աձև է, ստորին հոսանքում վերջանում է արտաբերման կոնով։ Ունի ձնաանձրևային և ստորերկրյա սնում։ Միջին ծախսը 3,34 մ²/վրկ է, տարեկան հոսքը՝ 102 մլն մ3։ Վարարում է գարնանը։ Սելավաբեր է։
ՄԵՂՐԻ, քաղաքատիպ ավան (1959-ից) Հայկական ՍՍՀ–ում, համանուն շրջանի վարչական կենտրոնը։ Գտնվում է Մեղրի գետի ստորին հոսանքի աջ ափին, հեռավորությունը Երևանից 264 կմ է։ Մ–ում կան պահածոների, գինու, պանրի, խճաքարի գործարաններ։ Գործում են «Զովունի» և «Հայգորգ» տեղական արտադրական միավորումների մասնաճյուղերը, կոմունալ և կենցաղսպասարկման գրասենյակներ, շինվերանորոգման տեղամաս, «Հայգյուղտեխնիկայի» բաժանմունք, շրջանային սպառողական կոոպերացիա (հիմնադրված՝ 1901-ից)։ Կան 2 միջնակարգ (1-ը՝ ռուս․), ութամյա, երաժշտական, սպորտդպրոցներ, կապի բաժանմունք, կուլտուրայի տուն, հիվանդանոց, պոլիկլինիկա, կինոսարք։
Մ–ի տարածքը բնակեցված է եղել դեռևս նախնադարում։ Բուն քաղաքում և շրջակայքում հայտնաբերվել են բրոնզի դարաշրջանի պարզունակ, տերևաձև շեղբով և շրջանակավոր դաստակով դաշույններ, երկաթի լայն տարածման ժամանակաշրջանի (մ․ թ․ ա․ VII–VI դդ․) իրեր (բրոնզե ապարանջաններ, մանյակներ, զարդավահանիկներ, սարդիոնից ու մածիկից ուլունքներ, երկաթե դանակներ ևն)։ Առանձին հետաքրքրություն են ներկայացնում «Կաուրի» խխունջատեսակից պատրաստված կախիկը և բրոնզե լուսնաձև զարդը։
906-ին Տաթևի մայր տաճարի կառուցումից հետո Սմբատ Բագրատունին Մ–ին շնորհել է Կարճավան անվանումը։ 1105-ին Սյունյաց Գրիգոր Բ թագավորի օրոք սելջուկ–թուրքերը գրավել են Մ․։ 1126-ին Մ–ում կոտորածներ են կազմակերպել ամիր–Հարոն ամիրայի հրոսակները։ 1157-ին Մ․ կրկին ենթարկվել է ասպատակության։
Ճարտարապետությունը։ Ձորի հանդիպակաց լանջերին խիտ, դարավանդաձև փռված են Մ–ի երկու Մեծ և Փոքր թաղերը։ Բնակավայրի կորիզը եղել է ձախափնյա, Մեծ թաղի եկեղեցու շուրջը ամֆիթատրոնաձև դասավորված մասը, որի ստորոտում էին դպրոցը, ժողովասրահը և շուկան։ Ավանի ոլորապտույտ փողոցներն ու նրբանցքներն աչքի են ընկել ցածրահարկ շենքերի՝ որթատունկով զարդարված, շարքերից դուրս կարկառված պատշգամբներով, երբեմն նաև կամրջաձև շինություններով, որոնց ներքին ձևավորման մեջ ուշագրավ են հարթ ծածկերը պահող խոյակավոր սյուները, փորագրազարդ դռները, ռիթմիկ դասավորված որմնախորշերը, գաջազարդ բուխարիկները, փայտե նախշազարդ վանդակներով պատած լուսամուտներն ու ձևավոր առաստաղները։
Մ–ի մեծ թաղի Ս․ Աստվածածին եկեղեցին (XVII դ․) քառամույթ գմբեթավոր բազիլիկ է, բավական նեղ կողային նավերով, խորանի երկու կողմում ուղղանկյուն ավանդատներով։ Ուշագրավ է երկու տարբեր շինանյութերի օգտագործումը՝ հիմնական ծավալը կառուցված է բազալտից, իսկ ութանիստ թմբուկով բարձր ու սլացիկ գմբեթը՝ աղյուսից։ Եկեղեցին ներսից սվաղված է, բեմի պատը, մույթերը, ավանդատները զարդարված են XIX դ․ որմնանկարներով։ Մ–ի վանքի Ս․ Հովհաննես եկեղեցին (XVII դ․) ունի նույն հորինվածքը, սակայն աղյուսաշեն գմբեթը բարձրանում է աղոթասրահի մեջտեղում, քառակուսի մույթերի վրա և ուղղակի դուրս գալիս երկթեք տանիքի միջից, օրգանապես չկապվելով ուղղանկյուն ծավալի հետ։ Արմ–ից կից է եղել եռակամար բաց սրահ (այժմ՝ ավերակ)։ Փոքր թաղի եկեղեցին (XVII դ․) երկու զույգ մույթերով եռանավ բազիլիկ է, կառուցված բազալտից, իսկ տանիքի վրա բարձրացող զանգակատան փոքրիկ ռոտոնդան՝ աղյուսից։ Մ–ի բերդը առաջին անգամ հիշատակվում է 1083-ին, երբ արդեն կանգուն էր ու հայտնի։ XVIII դ․ այն հիմնովին վերակառուցվել է։ Բերդի վեց աշտարակները (չորսը կլոր, երկուսն ուղղանկյուն) Մ–ի Մեծ թաղի հս–ում են, լեռնաշղթայի առանձին գագաթների վրա, պայտաձև ընդգրկելով ավանը։ Կառուցված են կոպտատաշ ու անմշակ գրանիտե քարերից,