Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/451

Այս էջը սրբագրված չէ
ՄԵՂՐՈՒ 451

Արաքսի հովտից մինչև 800–1000 մ բարձրությունները կմախքային, քարքարոտ հողերը ծածկված են ֆրիգանային բուսականությամբ, 1000–2600 մ բարձրություններում՝ կավաավազային անտառային գորշ հողերի վրա տարածված են անտառները: Հիմնական ծառատեսակներն են կաղնին, բոխին, թխկին, գիհին են, ավելի բարձր՝ անտառները փոխարինվում են ենթալպյան և ալպյան մարգագետնային բուսականությամբ։ Բնորոշ կենդանիներն են վայրի խոզը, այծյամը, կզաքիսը, հովազը, անտառային կատուն ևն։ Շատ են սողունները, թռչունները։
Բնակչությունը։ 72% –ը հայեր են։ Բնակվում են նաև ռուսներ, բելոռուսներ, ուկրաինացիներ, ադրբեջանցիներ և այլք։ Խիտ է բնակեցված մերձարաքսյան հովտային շրջանը։ Միջին խտությունը 1 կմ² վրա 20,2 մարդ է։ Շրջանում կա 15 բնակավայր (այդ թվում՝ 2 քտա՝ Մեղրի, Ագարակ), 2 ավանային, 8 գյուղական սովետ։ Մ․ շ–ի բնակավայրերն են․ Ագարակ, Ալդարա, Այգեձոր, Գուդեմնիս, Լեհվազ, Լիճք, Կարճևան, Կուրիս, Մարալզամի, Մեղրի, Նյուվադի, Շվանիձոր, Վահրավար, Վարդանիձոր, Տաշտուն։
Պատմական ակնարկ։ Մ․ շ–ի տարածքը բնակեցվել է դեռևս քարի դարի ժամանակաշրջանից։ Մ․ թ․ ա․ VI դ․ այն ընդգրկվել է հայկ․ միասնական պետության, մ․ թ․ ա. 189-ից մինչև I դ․ սկիզբը՝ Արտաշեսյանների, ապա՝ հայ Արշակունիների թագավորության կազմի մեջ՝ որպես Սյունիքի նախարարական տոհմի տիրույթ։ Մ․ շ–ի տարածքը համապատասխանում էր Սյունիք «աշխարհի» Արևիք գավառին, որը հնուց հայտնի էր զարգացած այգեգործությամբ (հատկապես խաղողագործությամբ)։ 428-ից այն Սյունիքի մյուս գավառների հետ ընկել է Սասանյան Իրանի իշխանության տակ, 640-ական թթ․ գրավվել արաբների կողմից։ 886-ին Մ․ շ–ի տարածքն ընդգրկվել է հայ Բագրատունիների թագավորության, 980-ական թթ․ սկզբից՝ Սյունիքի թագավորության մեջ։ XII–XIII դդ․ ենթարկվել է սելջուկ–թուրքերի ասպատակություններին։ XII դ․ վերջից այն ազատագրվել և ընդգրկվել է Զաքարյան Հայաստանի կազմում, որպես Օրբելյան տոհմի կալվածք։ Այնուհետև շրջանի տարածքն ընկել է մոնղոլ–թաթարների, թուրքմեն ցեղապետների և Սեֆյան Իրանի գերիշխանության տակ։ 1603-ին բնակչությունը բռնությամբ տեղահանվել և գաղթեցվել է Սպահանի գավառ։ 1730-ին Մ. շ–ի տարածքը գրավել են թուրք. զորքերը։ 1735-ին Նադիր շահը, Արցախի և Զանգեզուրի հայ մելիքների զինական աջակցությամբ վերագրավել է այն։ Մ․ շ–ի տարածքի հայ բնակչությունն ակտիվորեն մասնակցել է Դավիթ Բեկի գլխավորած ազատագրական շարժմանը։ Թուրք-պարսկական տիրապետության ժամանակ Մ․ շ–ի տարածքի հայ բնակչությունը կրել է ծանր արհավիրքներ, ենթարկվել դաժան հարկահանության ու տնտ․ կեղեքումների։ 1805-ին Մ․ շ–ի տարածքը միացվել է Ռուսաստանին և 1828-ից ընդգրկվել Ղարաբաղի պրովինցիայի (ստեղծված 1822-ին) կազմի մեջ։ 1868-ից կազմել է Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուր գավառի մասը, սովետական կարգեր հաստատվելուց հետո, մինչև 1930-ը՝ Մեղրու գավառը։
Առաջին կուսակցական բջիջները Մ․ շ–ում ստեղծվել են 1921-ին։ Զանգեզուրում վերջնականապես սովետական կարգեր հաստատվելուց հետո, 1922-ի հունվարի 13-ին կազմակերպվում է Մեղրու գավառային կոմիտե։ Գավառի 15 գյուղերում ստեղծված կուսակցական բջիջներն իրենց շարքերում ունեին 175 կոմունիստ։ 1930-ի սեպտեմբերին, հանրապետության նոր վարչա–տերիտորիալ բաժանմամբ Մեղրու գավառային կոմիտեի փոխարեն ստեղծվում է Մեղրու շրջանային կուսակցական կազմակերպություն։ Մինչև 1981-ի հունվ․ 1-ը տեղի է ունեցել Մ․ շ–ի կուսակցական կազմակերպության 38 կոնֆերանս։ 1981-ի հունվարին շրջանում գործում էր 51 կուսակցական սկզբնական կազմակերպություն՝ 1160 կոմունիստով։ 62 կոմերիտական կազմակերպություններում ընդգրկված են 2874 կոմերիտականներ։
Մ․ շ–ում պահպանվել են XVII–XVIII դդ․ բազմաթիվ ճարտ․ հուշարձաններ՝ քառամույթ գմբեթավոր բազիլիկներ (Մեղրի, Տաշտուն), եռանավ բազիլիկներ (Մեղրի, նախկին Մալև), որմնամույթերով և որմնախորշերով թաղածածկ դահլիճներ (Կուրիս, Գուդեմնիս, Լիճք, Վահրավար, նախկին Ափկես, Ագարակ), կամուրջներ (Լիճք, նախկին Արևիկ, Վանք), ջրանցույց (Շվանիձոր), բերդ (Մեղրի)։
Տնտեսությունը։ Նախասովետական տարիներին տնտեսության հիմնական ճյուղը եղել է այգեգործությունը։ Զբաղվել են նաև բամբակենու մշակությամբ և շերամապահությամբ։ Մեղրու երկարաթել բամբակի ու բոժոժի մեծ պահանջարկ է եղել Մոսկվայում և Պարսկաստանում։ 1901-ից գործել է Մեղրու սպառողական կոոպերացիան, որը զբաղվում էր ապրանքների ներմուծման, բամբակի և բոժոժի գնման, զտման և վաճառման աշխատանքներով։ Սովետական կարգեր հաստատվելու առաջին տարիներին Մեղրիում բացվել է բամբակազտիչ գործարան։ Հանրապետության համար կարևոր նշանակություն է ունեցել Մեղրու գրենայի գործարանի արտադրանքը։ Վերջին տարիներին Մ․ շ․ դարձել է արդ․–գյուղատնտեսական շրջան։ Արդյունաբերությանը բաժին է ընկնում շրջանի համախառն արտադրանքի 87%–ը։ Շրջանի 103 հիմնարկ–ձեռնարկություններում աշխատում է 4636 մարդ, այդ թվում արդ․ ձեռնարկություններում՝ 1598 մարդ (1979)։ Արդյունաբերության հիմնական ճյուղը լեռնահանքային արդյունաբերությունն է։ 1963-ին շարք մտավ Ագարակի պղնձամոլիբդենային կոմբինատը, որը տալիս է շրջանի արդյունաբերության համախառն արտադրանքի զգալի մասը։ 1957-ից գործում է խճաքարերի գործարանը (Մեղրիում)։ Կարևոր ճյուղերից է սննդի արդյունաբերությունը։ 1932-ին կառուցվեց Մեղրու պահածոների գործարանը, որի կարողությունը սկզբնական տարիների 100 հզ․ պայմանական տուփից հասել է 5,5 մլն պայմանական տուփի (1979)։ Կան գինու (1951-ից), պանրի (1959-ից), հացի (1972-ից) գործարաններ (Մեղրիում)։ Մեղրիում գործում են «Զովունի» (կարի) արտադրական միավորումը, ինչպես նաև տեղական արդյունաբերության մի շարք ձեռնարկությունների մասնաճյուղեր։ Մ․ շ․ էլեկտրաէներգիա ստանում է հիմնականում Անդրկովկասի միասնական էներգահամակարգից։ 1937-ից գործում է Մեղրու ՀԷԿ–ը (տարեկան արտադրում է 2,5 մլն կվտ•ժ էլեկտրաէներգիա)։
Գյուղատնտեսությունը տալիս է շրջանի արդյունաբերության համախառն արտադրանքի 13%–ը։ 1978-ին Մ․ շ–ի հողային ֆոնդը 10609 հա էր, որից վարելահողեր՝ 1905 հա, անտառներ 9000 հա, արոտավայրեր՝ 7558 հա, խոտհարքներ՝ 447 հա, պտղատու և խաղողի այգիներ՝ 663 հա։ Ոռոգվող հողատարածությունները կազմում էին 1363 հա։ Ոռոգումը կատարվում է Կարճևանի ջրանցքով, Արաքս և Մեղրի գետերի վրա կառուցված ջրհան կայաններով։ Բարենպաստ կլիմայական պայմանների շնորհիվ տարեկան ստացվում է 2–3 բերք։ Մ․ շ–ում կա 8 կոլեկտիվ, 3 սովետական տնտեսություն։ Գյուղատնտեսության բնագավառում աշխատում են բարձրագույն կրթությամբ 36 մասնագետ։ Գյուղատնտեսության հիմնական ճյուղերն են այգեգործությունը, պտղաբուծությունը և անասնապահությունը։ Վերջինս տալիս է գյուղատնտ․ արտադրանքի 53%-ը։ Շրջանում կա 19310 գլուխ մանր, 5250 գլուխ խոշոր եղջերավոր անասուն։ Զբաղվում են նաև թռչնաբուծությամբ, խոզաբուծությամբ։ Մ․ շ–ի տարածքով (Արաքսի հովտով) անցնում է Երևան–Բաքու երկաթուղու 44 կմ հատվածը։ Խճուղիների երկարությունը 140 կմ է, որից 51 կմ՝ կոշտ ծածկով։ Շրջանում կա 7 կապի բաժանմունք։
Առողջապահությունը։ Մ․ շ–ում կա 2 հիվանդանոց (Մեղրի, Ագարակ)՝ 140 մահճակալով, 2 ամբուլատորիա, 4 բուժ, կետ, շտապ օգնության և 10 բուժական–մանկաբարձական կայաններ, 2 դեղատուն։ Շրջանում կա 190 բուժաշխատող, որից 45-ը՝ բժիշկ։
Մշակույթը։ 1980/81 ուս․ տարում Մ․ շ–ում կար 9 միջնակարգ (1-ը՝ հեռակա), 5 ութամյա, 2 տարրական, 2 երաժշտական (Մեղրի, Ագարակ), 1 նկարչական (Մեղրի), մեկ սպորտդպրոց (Մեղրի), մեկ պրոֆտեխնիկական ուսումնարան (Ագարակ), 8 մսուր–մանկապարտեզ։ Գործում են 23 գրադարան, 18 կուլտուրայի տուն (Լիճք, Կարճևան, Տաշտուն, Ալդարա, Շվանիձոր, Լեհվազ ևն) և ակումբային հիմնարկ,