Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/456

Այս էջը սրբագրված չէ

456 ՄԵՅՍՈՆԻԵ
անդամ 1961-ից։ 1926-ին ավարտել է Լենինգրադի I բժշկ․ ինստ–ը։ 1934-ից աշխատել է ՍՍՀՄ ԳԱ մանրէաբանության ինստ–ում (1952-ից բաժնի վարիչ), 1959-ից միաժամանակ՝ ՍՍՀՄ ԳԱ մոլեկուլային կենսաբանության ինստ–ի լաբորատորիայի վարիչ, 1946-ից՝ նաև Մոսկվայի պետ․ համալսարանում (1953-ից՝ պրոֆեսոր)։ Գիտական աշխատանքները վերաբերում են միկրոօրգանիզմների ֆունկցիոնալ մորֆոլոգիային և ֆիզիոլոգիական բջջաբանությանը, ռադիոկենսաբանությանը, նավթից սպիտակուցների միկրոկենսաբանական սինթեզին ևն։ 1928-ին հայտնաբերել է միկրոօրգանիզմների քիմ․ մուտագենեզի երևույթը։ 1971-ից Մանրէաբանության համամիութենական ընկերության նախագահն է։ ՍՍՀՄ պետ․ մրցանակի դափնեկիր է (1971)։
ՄԵՅՍՈՆԻԵ, Մեսոնիե (Meissonier), Էռնեստ (1815-1891), ֆրանսիացի նկարիչ։ Սովորել է Փարիզում, Լ․ Կոնիեի մոտ։ Հայտնի է անցած դարաշրջանների կենցաղը (հիմնականում XVII – XVIII դդ․ Ֆրանսիայի) և մարտի տեսարաններ պատկերող ոչ մեծ ժանրային նկարներով («Նապոլեոն III-ը Սոլֆերինոյի մոտ», 1863, Լուվր, Փարիզ, «Ֆրիդլանդ, 1807», 1875, Մետրոպոլիտեն թանգարան, Նյու Յորք)։ Երևույթները գերազանցապես մակերեսորեն պատկերող Մ–ի նկարները ուշագրավ են հետաքրքիր սյուժեով, պատմական միջավայրի հարազատ պատկերումով։ Ժամանակակից թեմայով գործերից մեկը նվիրված է 1848-ի հունիսյան դեպքերին («Բարիկադ», 1848, Լուվր, Փարիզ)։ Եղել է Նապոլեոն III-ի սիրելի նկարիչն ու արվեստի հարցերով գլխավոր խորհրդատուն։
ՄԵՆ (Maine), նահանգ ԱՄՆ–ի Ատլանտյան ափի հյուսիսում, Նոր Անգլիայում։ Տարածությունը 86 հզ․ կմ² է, բնակչությունը՝ 1,1 մլն (50,8%–ը՝ քաղաքային, 1974)։ Վարչական կենտրոնը Օգասթան է, խոշորագույն քաղաքն ու նավահանգիստը՝ Պորտլենդը։ Տարածքի մեծ մասն զբաղեցնում են Ապալաչների լեռնաճյուղերը (բարձրությունը՝ մինչև 1291 մ)։ Կլիման բարեխառն է, խոնավ։ Նահանգի տարածքի ավելի քան 1/2-ը անտառածածկ է։ Տնտեսության կարևոր ճյուղը գյուղատնտեսությունն է, որի ապրանքային արտադրանքի 65%–ը տալիս է անասնապահությունը (1971)։ Կարտոֆիլի բերքահավաքով Մ․ ԱՄՆ–ում գրավում է I տեղը։ Կա փայտամթերում, փայտամշակման, թղթի–թաղանթանյութի, կաշվի–կոշիկի, տեքստիլ, կարի արդյունաբերություն, տեքստիլ և կարի մեքենաների արտադրություն, նավաշինություն։ Առափնյա շրջաններում զբաղվում են ձկնորսությամբ։
ՄԵՆ ԴԸ ԲԻՐԱՆ (Maine de Biran) Մարի Ֆրանսուա Պիեռ (1766–1824), ֆրանսիացի վոլյունտարիստ փիլիսոփա, քաղաքական գործիչ, միապետական (ռոյալիստ)։ Փիլ․ հայացքները ձևավորվել են ֆրանս․ լուսավորության և մատերիալիզմի դեմ մղած պայքարում։ Մ․ դը Բ․ հիմնականում զբաղվել է ճանաչողության տեսության հարցերով։ Քննադատել է սենսուալիզմը, հիմնավորել ինքնադիտման հոգեբանությունը, զարգացրել է քրիստոնեական մետաֆիզիկայի գաղափարները։
Մ․ դը Բ–ի հայացքները ազդել են Ֆրանսիայում իդեալիստական փիլիսոփայության զարգացման վրա, օգտագործվել պերսոնալիզմի և էկզիստենցիալիզմի փիլիսոփայության մեջ։
ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ, գիտական աշխատություն, որտեղ առավել լիակատարությամբ ուսումնասիրվում է որոշակի թեմա։ Մ–յան մեջ ընդհանրացվում և վերլուծվում է տվյալ հարցին վերաբերող գրականությունը, առաջ են քաշվում գիտության զարգացմանը նպաստող նոր վարկածներ ու լուծումներ։ Սովորաբար հրատարակվում է առանձին գրքով։ Մ․ ունենում է մատենագիտական ընդարձակ ցուցակ, ծանոթագրություններ ևն։
ՄԵՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ, մոնոլոգ (մոնո․․․ և հուն. λόγος – խոսք), գեղարվեստական երկի մեջ հերոսի ինքնարտահայտման ձև (ի տարբերություն երկխոսության՝ դիալոգի), երբ նա համեմատաբար լայն ընդգրկումով բացահայտում է իր հոգեվիճակը, շրջապատող իրադրությունը։ Մ․ բնորոշ է թատերգությանը, քնարերգությանը, արձակին։ Առավել հատկանշական է դրամատիկական գործերին (Վ․ Շեքսպիրի «Համլետ»-ի «Լինել, թե չլինել» հատվածը)։ Մ–յան բնույթ ունեն քնարական շատ բանաստեղծություններ (Պ․ Դուրյան, «Տրտունջք», Ս․ Եսենին, «Սև մարդը» ևն)։
ՄԵՆԱԿԱՏԱՐ, մեկ ձայնի կամ մեկ նվագարանի համար գրված ստեղծագործություն, օպերայում՝ դերերգեր, բալետում՝ դերապարեր կատարող արտիստ։
ՄԵՆԱՄ ՉԱՈ ՊՐԱՅԱ, Մենամ, գետ Հնդկաչին թերակղզում (Թաիլանդում)։ Երկարությունը մոտ 1200 կմ է, Պինգ վտակի ակունքներից՝ մոտ 1500 կմ, ավազանը՝ մոտ 150 հզ․ կմ²։ Սկիզբ է առնում Կհունտհան լեռնաշղթայից, թափվում Սիամի ծոց (Հարավ–Չինական ծով)։ Սնումը անձրևային է, ռեժիմը՝ մուսսոնային։ Միջին ծախսը ստորին հոսանքում մոտ 2700 մ3/վրկ է։ Ջրերը օգտագործվում են ոռոգման նպատակով։ Նավարկելի է գետաբերանից սկսած 400 կմ, վարարումների ժամանակ՝ 750 կմ։ Դելտայում են Բանգկոկ և Այուտահայա քաղաքները։
ՄԵՆԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ, մոնոգամիա (մոնո․․․ և հուն. μονος – ամուսնություն), ամուսնության և ընտանիքի պատմական ձև։ Նախնադարյան հասարակության քայքայման շրջանում առաջանալով զուգամուսնությունից, Մ․ այնուհետև դարձավ ամուսնության տիրապետող ձևը։
ՄԵՆԱՄՈՒՍՆՈՒԹՅՈՒՆ կենդանիների, սեռերի հարաբերություն, երբ արուն զուգավորվում է միևնույն էգի հետ և սովորաբար մասնակցում սերնդի խնամքին։ Մ․ բնորոշ է թռչունների մեծամասնությանը, ընդ որում կարապները, արագիլները, արծիվները, անգղները զույգեր են կազմում մի քանի տարով, երբեմն՝ ամբողջ կյանքում, սագերը, բադերը՝ միայն մեկ սեզոնի ընթացքում։ Կաթնասուններից կապիկների զույգերը պահպանվում են մի քանի տարի, գայլերի, աղվեսների, գորշուկների, կուղբերի զույգերը՝ մեկ սեզոն։ Տես նաև Բազմամուսնություն։
ՄԵՆԱՆԴՐՈՍ (Μένανδρος, մ․ թ․ ա․ մոտ 343 – մ․ թ․ ա․ մոտ 291), հույն դրամատուրգ, նոր ատտիկյան կատակերգության ստեղծողներից։ Պատկանել է Աթենքի ունևոր վերնախավին։ Պատկերել է առօրյա կյանքը, գլխավորապես՝ ընտանեկան վեճերը։ Մ–ի հումանիզմը դրսևորվել է կանանց, երեխաների իրավունքի պաշտպանության, կենցաղային այլանդակ երևույթների մերկացման, ստրուկների հանդեպ կարեկցանքի մեջ։ Անտիկ քննադատությունը բարձր է գնահատել Մ–ին որպես ոճաբանի։ Նոր ատտիկյան կատակերգության ազդեցությունը հռոմ․ և, նրա միջոցով նաև եվրոպական, դրամատուրգիայի վրա՝ առաջին հերթին կապված է Մ–ի անվան հետ։
ՄԵՆԱՆԴՐՈՍ ՊՐՈՏԵԿՏՈՐ (Μένανδρος Пροτίκτωρ) (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), VI դ․ բյուզանդական ժամանակագիր։ Եղել է փաստաբան, ծառայել արքունիքում։ VI դ․ վերջին գրած «Պատմություն» երկը, որը պահպանվել է Կոստանդին Ծիրանածինի ծաղկաքաղերում, ընդգրկում է 558–582-ի ժամանակաշրջանը։ Օգտագործել է դիվանական փաստաթղթեր, որով նրա գործը դարձել է վաղ բյուզանդական ժամանակաշրջանի արժեքավոր աղբյուրներից։ Կարևոր տեղեկություններ է հաղորդում Բյուզանդիայի և Պարսկաստանի դիվանագիտական փոխհարաբերություններում Հայաստանի և հայերի դերի, 562-ի բյուզանդա–պարսկական հիսնամյա հաշտության պայմանագրի, Սասանյանների դեմ 571-ին հայերի ապստամբության, հայոց իշխանների՝ Բյուզանդիայում ապաստանելու, Տիբերիոս կայսեր օրոք (578–582) բյուզանդական զորքերի Աղվանք և Հայաստան կատարած արշավանքների մասին ևն։
Երկ. Византийские историки Дексипп, Эвнапий, Олимпиодор, Малх, Петр Патриций, Менандр, Кандид, Ноннос и Феофан Византиец, СПБ, 1860, с․ 313–470․Հ․ Բարթիկյան ՄԵՆԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԳԻՆ, ապրանքի շուկայական գնի առանձնահատուկ տեսակ, որ սահմանում են մոնոպոլիաներն ապրանքի արժեքից կամ արտադրության գնից բարձր կամ ցածր և ստանում մենաշնորհային շահույթ։ Մինչմոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում Մ․ գ․ սահմանվում էր սահմանափակ քանակով արտադրվող գյուղատնտ․ և արդ․ որոշ ապրանքների համար՝ բնական կամ արհեստական (պատահական) մենաշնորհի ազդեցությամբ։ Այն գերիշխող դարձավ իմպերիալիզմի փուլում, երբ տիրապետություն հաստատեցին մոնոպոլիաները։ Դրանք մենաշնորհային բարձր (և՛ արտադրության գնից, և՛ արժեքից) գներ են սահմանում սեփական ձեռնարկությունների արտադրանքի և մենաշնորհային ցածր (հասարակական արժեքից) գներ՝ իրենց երկրների մանր ու միջակ արտադրողներից, ինչպես նաև զարգացող պետություններից գնվող ապրանքների համար։ Մենաշնորհային ցածր գին է նաև աշխատուժի գինը, քանի որ կապիտալիստները սովորաբար ձգտում են աշխատավարձն իջեցնել աշխատուժի արժեքից։ Մոնոպոլացված ձեռնարկությունների արտադրանքի