Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/467

Այս էջը սրբագրված չէ
ՄԵՍԻԱ 467

են տալիս գերեզմանները և դրանց վրա խունկ ծխում։Ժ․ Խաչատրյան ՄԵՌՅԱԼ ԾՈՎ, անհոսք աղի լիճ Արևմտյան Ասիայում՝ Հորդանանում և Իսրայելում։ Երկարությունը 76 կմ է, լայնությունը՝ մինչև 17 կմ, խորությունը՝ մինչև 356 մ, մակերեսը՝ 1050 կմ2։ Գտնվում է Գհոր տեկտոնական իջվածքում, 395 մ ծովի մակարդակից ցածր (ցամաքի ամենացածր մասը երկրի վրա)։ Միջին աղիությունը 260–270°/օօ է, առանձին տարիներին մինչև 310°/օօ։ Պարունակում է MgCl2-ի, NaCl-ի, KCl-ի, MgBr2-ի մեծ պաշարներ։ Բարձր աղիության հետևանքով օրգ․ աշխարհը բացակայում է (բացառությամբ մանրէների որոշ տեսակների)։
Մ․ ծ–ի մեջ է թափվում Հորդանան գետը։ Հվ․ ափին կա հանքային աղերի արդյունահանում։
«ՄԵՌՅԱԼ ԾՈՎԻ ՁԵՌԱԳՐԵՐ», Մեռյալ ծովի արևմտյան ափին, քարայրերում գտնված եբրայեցերեն, արամեերեն, նաբաթեերեն, հունարեն, լատիներեն, ասորերեն ձեռագրեր։ Դրանց համար նյութ են ծառայել կաշին, մագաղաթը, ինչպես նաև խեցիները, պղինձը, փայտը։ Զանազան վայրերում գտնված ձեռագրերը տարբերվում են բովանդակությամբ և ստեղծման ժամանակով։ Առանձնապես արժեքավոր են Վադի–Կումրան շրջանում հայտնաբերվածները (տես Կումրանի ձեռագրեր)։ Մասադա ամրոցի (Մեռյալ ծովի ափի հվ–արմ․ մասում) պեղումներով (1963–1965-ին) հայտնաբերվել են եբրայեցերեն և արամեերեն (այդ թվում՝ խեցիների վրա գրված տնտ․ 795 փաստաթուղթ), հուն. և լատ․ ձեռագրեր, որոնք կարևոր նշանակություն ունեն նաև Կումրանի ձեռագրերի թվագրման համար։ Մասադայի արխիվը դեռևս հրատարակված չէ, բացի Բեն–Սիրի պարականոն ստեղծագործությունների ձեռագրերից։ Հրեական անապատի քարայրերում 1952-ին և 1960–1961-ին աստվածաշնչային ձեռագրերի հետ գտնվել են գործնական, տնտ․ և իրավաբանական փաստաթղթերի արխիվներ (եբրայեցերեն, արամեերեն, նաբաթեերեն և հուն․), որոնք լույս են սփռում Հրեաստանի և Նաբաթեայի հարաբերությունների վրա II–III դդ․։ Առայժմ հրատարակված է միայն Վադի–Մուրաբբաատի արխիվը։ Հերբեթ–Միրդում (Վադի–Կումրանից հվ–արմ․) 1952–53-ին հայտնաբերվել են առավելապես ասորերեն և հուն․, ինչպես նաև արաբ․ (IV–VIII դդ․) ձեռագրեր։ Գտնված են Նոր կտակարանի և պարականոն գրականության հատվածներ, գործնական փաստաթղթեր, ինչպես և մի հատված Եվրիպիդեսի «Անդրոմաքե»-ից։
Գրկ․ Амусин И․ Д․, Рукописи Мертвого моря, М․, 1960; Նույնի, Находки у Мертвого моря, М․, 1965; Ковалев С․ И․, Кубланов М․ М․, Находки в Иудейской пустыне, М․, 1965; Discoveries in the Judaean Desert, v․ 1–5, Oxf․, 1955–1968; Yadin Y․, The Finds from the Bar Kokhba Period in the Cave of Letters, Jerusalem, 1963; Вar-Adon P․, The Cave of the Treasure․ The Finds from the Caves in Nahal Mishmar, Jerusalem, 1971; La Sor W․ S․, Bibliography of the Dead Sea Scrolls․ 1948–1957, Pasadena, 1958; Jоngeling B․ A․, A Classified Bibliography of the Finds in Desert of Judah, 1958–1969, Leiden, 1971․
ՄԵՌՈՆ, տես Մյուռոն։
ՄԵՌՈՒԿԱՑՈՒՄ, նեկրոզ (< հուն․ νεκρός – մահացած), կենդանի օրգանիզմում առանձին օրգանների, դրանց մասերի, հյուսվածքների կամ բջիջների մահացում։ Ըստ պատճառների տարբերում են վնասվածքային (ցրտահարություն, այրվածք), նյարդա–սնուցողական (Մ․ բորի նյարդային ձևի, սիրինգոմիելիայի դեպքում), շրջանառու կամ սակավարյունային (ինֆարկտ, գանգրենա), թունավոր (կազեոզ Մ․ տուբերկուլոզի և սիֆիլիսի դեպքում), ալերգիական (ֆիբրինոիդ Մ․ ալերգիական հիվանդությունների դեպքում)։ Մ–մանը բնորոշ են բջիջների և միջբջջային նյութի փոփոխությունները․ կորիզը և բջջապլազման կնճռոտվում են (պիկնոզ, մակարդում), քայքայվում բեկորիկների (ռեքսիս) և լուծվում (լիզիս)։ Շարակցական հյուսվածքի կառուցվածքներում զարգանում են ֆիբրինոիդ փոփոխություններ, նյարդաթելերում՝ բեկորային քայքայում։ Մ–ման կլինիկա–մորֆոլոգիական դրսևորումները և հետևանքները կախված են պրոցեսի տեղադրությունից և տարածվածությունից, առաջացման պայմաններից ու մեխանիզմներից։ Տես նաև Նեկրոբիոզ։
«ՄԵՍԱՄԵ–ԴԱՍԻ» (վրաց․ «Երրորդ դաս, խումբ»), սոցիալ–դեմոկրատական առաջին կազմակերպությունը Անդրկովկասում։ Հիմնադրվել է 1892-ին, Զեստաֆոնում, որպես գրական–քաղաքական խումբ, Է․ Նինոշվիլու և Մ․ Ցխակայայի նախաձեռնությամբ։ 1893-ին իրեն հռչակել է սոցիալիստ–մարքսիստների խումբ։ Առաջին հրապարակային ելույթը կայացել է 1894-ի մայիսի 8-ին։ Գրող, հասարակական գործիչ Գ․ Ծերեթելին «Կվալի» թերթում կազմակերպությունն անվանեց «Մ–դ․» (առաջին խումբ՝ «Պիրվելի դասի»-ն և երկրորդ խումբ՝ «Մեորե դասի»–ն հեղափոխական–դեմոկրատական էին)։ «Մ–դ․»-ի անդամները ծանոթանում էին Կ․ Մարքսի, Ֆ․ Էնգելսի, Գ․ Պլեխանովի աշխատություններին և պրոպագանդում ուսանող երիտասարդության շրջանում։ Կազմակերպության գործունեության կենտրոնը Թիֆլիսն էր, սակայն այն կապեր ուներ նաև Անդրկովկասի մյուս ս–դ․ խմբակների հետ։ Հենց սկզբից խումբը քաղաքականապես միատարր չէր։ Մեծամասնությունը հակված էր դեպի «լեգալ մարքսիզմն» ու ազգայնականությունը, հետագայում՝ դեպի «էկոնոմիզմը»․ հանդես էր գալիս դասակարգային պայքարի մարքսիստական ըմբռնման դեմ, դրսևորում բուրժուա–ազգայնական դիրքորոշում։ Խմբի հեղափոխական մասը (Մ․ Ցխակայա, Ֆ․ Մախարաձե ևն) կանգնած էր պրոլետարական ինտերնացիոնալիզմի, հեղափոխության մեջ բանվոր դասակարգի ղեկավար դերի մարքսիստական դիրքերում, պայքարում էր բուրժ․ լիբերալիզմի և ազգայնականության դեմ։ 1895–98-ին «Մ–դ․»-ի մեջ մտան Վ․ Կեցխովելին, Ի․ Ստալինը, Ա․ Ծուլուկիձեն և ուրիշներ։ 1898-ին «Մ–դ․» մտավ ՌՍԴԲԿ–ի մեջ՝ պահպանելով իր անունը։ ՌՍԴԲԿ II համագումարում (1903) «Մ–դ․»-ի օպորտունիստական թևը հարեց մենշևիկներին, իսկ հեղափոխականը կանգնեց բոլշևիկյան դիրքերում։
ՄԵՍԵԴԻ (հուն․ μεσίτης – միջնորդ, հաշտարար, այստեղ՝ միջանկյալ սաղմոս), հայ հոգևոր երգի տեսակներից մեկը՝ երեկոյան սաղմոսերգության կցուրդ, որ զարգացել է VIII–XV դդ․։ Մ–ները հորինվել են առաջին սաղմոսատների հիման վրա։ Միջնադարյան խազգրքերում պահպանվել են Մ–ների մի քանի շարքեր։ Մ–ների առաջին հեղինակը, ամենայն հավանականությամբ, եղել է Գրիգոր Գռզիկ Այրիվանեցին։Ն․ Թահմիզյան ՄԵՍԵՄԲՐԻԱ, Մեսեմվրիա (Μεσημβρία), Նեսեբըր (Բուլղարիա) քաղաքի հին հունարեն անվանումը։
ՄԵՍԵՏԱ (Meseta), Իբերյան Մեսետա, սարահարթ, գրավում է Պիրենեյան թերակղզու մեծ մասը։ Կենտրոնական Կորդիլիերներով (Ալմանսոր լեռ, 2592 մ, Մ–ի ամենաբարձր կետը) Մ․ բաժանվամ է Հին Կաստիլիա և Նոր Կաստիլիա սարահարթերի։ Կան կապարի, պղնձի, սնդիկի, կոբալտի, երկաթի, ոսկու, անագի և վոլֆրամի հանքավայրեր։ Կլիման մերձարևադարձային է, միջերկրածովյան։ Խոշոր գետերն են Դուերոն, Տախոն, Գվադիանան, Մինիոն։ Գերիշխում են գորշանտառային և շագանակագույն հողերը։ Տարածված են մակվիսի, գարիգայի և տոմիլյարի բուսական համակցությունները, լեռներում՝ անտառները։
ՄԵՍԻԱ (հին եբր․ մաշիաք – օծյալ), հուդայականությունում և քրիստոնեությունում (մասամբ նաև այլ կրոններում) աստծո ուղարկած «փրկիչ», որն իբր հավերժական երջանկություն պետք է պարգևի մարդկությանը։ Հին կտակարանի առաջին գրքերում Մ․ օգտագործված է «թագավոր», «իդեալական միապետ» իմաստներով։ Հուդայի թագավորության կործանումից հետո և հատկապես հռոմ․ տիրապետության ժամանակաշրջանում Մ–ի գաղավոսրը արտահայտել է հրեաների անկախության ձգտումը (Դավիթ թագավորի տոհմից ծնված Մ․ իբր պետք է վերականգներ Հրեական թագավորությունը)։ Մ–ի նկատմամբ հավատը հեսսեների աղանդում կապվել է շահագործվողների սոցիալական պայքարի հետ (Մ․ պետք է երջանկություն բերեր տառապյալներին)։ Քրիստոնեությունը Մ․ է հայտարարել իր հիմնադրին՝ Հիսուսին (տես Քրիտոոս Հիսուս)։ Քրիստոնեությունը Մ–ի գաղափարը զրկել է քաղ․ և սոցիալական նշանակությունից, այն սահմանափակել միայն կրոնա-բարոյական իմաստով։ Քրիստոնեական Մ․, այսինքն՝ Հիսուս Քրիստոսը, մարդկությանը փրկում էր սոսկ «նախնական մեղքից», «սատանայի տիրապետությունից», «ցույց տալիս ուղիղ ճանապարհը»՝ մնացածը թողնելով իր «երկրորդ գալստյանը»։
Մ–ի գաղափարը, տարբեր մեկնաբանություններով, գոյություն ունի նաև մահմեդական, բուդդայական, զրադաշտական կրոններում։ Ներկայումս Մ–ի նկատմամբ հավատը թուլացնում է շահագործվողների դասակարգային պայքարը։