476 ՄԵՏԱՂԱՀԱՏ
Ըստ կիրառվող կտրող գործիքի տեխնոլոգիական հատկանիշի և տեսակի Մ․ հ–ները լինում են․ խառատային, գայլիկոնիչ և ներտաշ, հղկիչ և չափաբերման, համակցված, ատամնա– և պարուրակամշակման, ֆրեզիչ, ռանդիչ, թործիչ և միջաձգիչ, կտրատող, տարբեր։ Ըստ մասնագիտացման աստիճանի տարբերում են․ ունիվերսալ (ընդհանուր նշանակման, դետալների մշակման ժամանակ զանազան գործողություններ կատարող), լայն նշանակման (լայն անվանացանկի շինվածքների վրա սահմանափակ թվով գործողություններ կատարող), մասնագիտացված (մեկ անվանման դետալների կամ նույնանման եզրաձև, բայց տարբեր չափսեր ունեցող մի քանի անվանումների դետալներ մշակող), հատուկ (նույն տիպաչափսի դետալներ մշակող) Մ․ հ–ներ։ Ըստ ավտոմատացման աստիճանի տարբերում են․ ավտոմատ գծեր, ավտոմատ հաստոցներ (այդ թվում՝ թվային ծրագրային կառավարմամբ), որոնցում լիովին մեքենայացված են էներգիայի, նյութի և ինֆորմացիայի ստացման, փոխակերպման, հաղորդման և օգտագործման պրոցեսները, ավտոմատ աշխատանքային ցիկլով կիսաավտոմատ և ձեռքի կառավարման հաստոցներ։
ՄԵՏԱՂԱՀԱՏ ՀԱՍՏՈՑՆԵՐԻ ՓՈՐՁԱՐԱՐԱԿԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԱՆԴՐԿՈՎԿԱՍՅԱՆ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ (ՄՀՓԻԱՄ) գիտահետազոտական (Երևան), ստեղծվել է 1961-ին՝ «Հայմեքշինգիտինստիտուտի» կոնստրուկտորա–տեխնոլոգիական բաժնի հիման վրա։ 1978-ից ինքնուրույն ինստ․ է և «Հայհաստոց» միավորման գլխամասային կազմակերպությունը։ 1971-ին ստեղծվել է ինստ–ի փորձնական բազան՝ Մոսկվայի «Ստանկոկոնստրուկցիա» գործարանի Երևանի մասնաճյուղը (1973-ից՝ Երևանի փորձնական հաստոցաշինական գործարան)։ ՄՀՓԻԱՄ–ն ունի ծրագրերի պատրաստման փնջային կենտրոն, հաշվողական կենտրոն, 5 գիտական բաժին (մետաղահատ հաստոցների հետազոտման, էլեկտրաքիմիական մշակման, հավասարակշռման և դիագնոստիկայի, հղկանյութային եղանակներով մշակման, էլեկտրաավտոմատիկայի) և 10 պրոբլեմային լաբորատորիա։ 1978-ից ինստ–ը հրատարակում է գիտական աշխատությունների ժողովածու (Труды Закавказского филиала ЭНИМС)։ ՄՀՓԻԱՄ–ում մշակված հաստոցները թողարկվում են Կիրովականի ճշգրիտ հաստոցների գործարանում (16Տ02Պ, 16Տ02 Ա և 9Ա711, 9712 մակնիշների հավասարակշռման հաստոցներ), Հոկտեմբերյանի հաստոցաշինական գործարանում (2Ե52, 2Լ53, 2Ա53ՈԻ մակնիշների շառավղային գայլիկոնիչ հաստոցներ), Բաքվի հաստոցաշինական գործարանում (4405, 4406, 4407 մակնիշների էլեկտրաքիմիական մշակման հաստոցների տեսակախումբ)։ Ինստ–ի բաժիններում նախագծված և փորձնական գործարանում ստեղծված «Արարատ–1», «Արարատ–2» մակնիշի էլեկտրաքիմիական հաստոցները առաքվել են ԳԴՀ, ԷԶ–105 մակնիշի հավասարակշռման ավտոմատ հաստոցը՝ ՉՍՍՀ և ԼԺՀ, ԷԶ–106 մակնիշի հղկանյութա–հեղուկային կիսաավտոմատ հաստոցը՝ ՍՍՀՄ տարբեր ձեռնարկություններին։
ՄԵՏԱՂԱՄՇԱԿՈՒՄ ԿՏՐՈՒՄՈՎ, տաշեղահանման եղանակով մետաղների մշակման տեխնոլոգիական պրոցեսներ, կատարվում են կտրիչ գործիքներով՝ մետաղահատ հաստոցների վրա։ Հիմնական տեսակներն են․ շրջատաշումը, ռանդումը, գայլիկոնումը, լայնումը, միջաձգումը, ֆրեզումը և ատամնաֆրեզումը, հղկումը, հոնինգումը ևն։ Կտրումով մետաղամշակման ամեն մի տեսակ բնութագրվում է կտրման ռեժիմով, որը բաղկացած է հետևյալ տարրերից, կտրման արագություն, կտրման խորություն և մատուցում։ Կտրման արագությունը գործիքի կամ նախապատրաստուկի արագությունն է գլխավոր շարժման ուղղությամբ, որի հետևանքով տեղի է ունենում նախապատրաստուկից տաշեղի անջատում։ Մատուցումը արագությունն է մատուցման շարժման ուղղությամբ։ Օրինակ, շրջատաշման ժամանակ (նկ․) կտրման արագությունը մշակվող նախապատրաստուկի տեղափոխման արագությունն է կտրիչի կտրող եզրի նկատմամբ, իսկ մատուցումը՝ նախապատրաստուկի մեկ պտույտի ընթացքում կտրիչի կտրող եզրի տեղափոխությունը (մմ–ով)։ Կտրման խորությունը մեկ անցքի ընթացքում հանվող մետաղի շերտի հաստությունն է (մմ-ով)։ Կտրումով մետաղամշակման դեպքում հանվող տաշեղը կարող է լինել տարրային, սահքի, կիսատման և մակաբեկման։ Տաշեղագոյացման տարբեր գոտիներում մետաղի դեֆորմացիան տարբեր է։ Այն ընդգրկում է նաև մշակված դետալի մակերևութային շերտը, որի հետևանքով վերջինս ձեռք է բերում մակակոփում, և առաջանում են դետալի որակի վրա ազդող ներքին (մնացորդային) լարումներ։
Գրկ. Панкин А․ В․, Обработка металлов резанием, М., 1961; Брюхов В. А., Павлов Э․ Н., Расчет режимов резания и нормирование с помощью ЭВМ, М., 1969; Роман О. В., Левенцов А. А., Шелковский И․ Ф., Обработка металлов резанием и станки, Минск, 1970․
ՄԵՏԱՂԱՄՇԱԿՈՒՄ ՃՆՇՄԱՄԲ, տեխնոլոգիական պրոցես, որի հետևանքով տեղի է ունենում մետաղական նախապատրաստուկի ձևի փոփոխություն՝ պլաստիկ դեֆորմացիայի միջոցով (առանց տաշեղ հանելու)։ Հիմնական տեսակներն են գլոցումը, մամլումը, քարշումը, կռումը և դրոշմումը (տես Դարբնոցա–դրոշմիչ արտադրություն)։ Մ․ ճ․ կիրառում են նաև մակերևույթի որակը լավացնելու համար։ Տարբերում են ճնշմամբ մետաղամշակման տաք և սառը եղանակներ։ Տաք եղանակը բնութագրվում է ետդարձի և վերաբյուրեղացման երևույթներով, ամրացման (մակակոփման) բացակայությամբ, մետաղի մեխանիկական և ֆիզիկաքիմիական հատկությունների աննշան փոփոխությամբ։ Սառը եղանակն ուղեկցվում է ամրացմամբ, որի հետևանքով փոխվում են մետաղի մեխանիկական և ֆիզիկաքիմիական բնութագրերը։ Օգտագործելով ճնշմամբ մետաղամշակման ազդեցությունը մետաղի հատկությունների վրա, կարելի է նվազագույն զանգվածի դեպքում պատրաստել լավագույն հատկություններով օժտված դետալներ։ Ճնշմամբ մետաղամշակման օպերացիաների և դեֆորմացման պայմանների ճիշտ ընտրությունը թույլ է տալիս ոչ միայն մեծացնել ձևի թույլատրելի փոփոխությունը, այլև կիրառել Մ․ ճ․ բարձրամուր, դժվար դեֆորմացվող համաձուլվածքներից դետալներ պատրաստելու համար։
Ճնշմամբ մետաղամշակման տեխնոլոգիական պրոցեսների նախագծման և կառավարման գիտական հիմունքները տալիս է ճնշմամբ մետաղամշակման տեսությունը և պլաստիկության տեսությունը։
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/476
Այս էջը սրբագրված չէ