Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/483

Այս էջը սրբագրված չէ
ՄԵՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ 483

բեղիկների, միջատակեր բույսերի տերևները՝ միջատների ինքնատիպ թակարդների։ Բազմաթիվ բազմամյա խոտաբույսերի ստորգետնյա ընձյուղները ձևափոխվել են պահեստային օրգանների՝ կոճղարմատների, պալարների, սոխուկների և պալարասոխուկների։ Սերմերով բազմանալուն հարմարված բույսերի ընձյուղի ձևափոխությունն է ծաղիկը։ Արմատների Մ․ սովորաբար կապված է պահեստող ֆունկցիայի գերաճման (օրինակ՝ արմատապտուղների առաջացման) կամ վերգետնյա միջավայրում դրանց առանձնահատուկ գործունեության (օրինակ՝ էպիֆիտների օդային արմատները) հետ։ «Մ» տերմինը առաջարկել է Կ․ Լիննեյը (1775)։ Սովորաբար Մ–ի ենթարկվում են ոչ թե հասուն օրգանները, այլ դրանց սաղմերը։ Ըստ սովետական ֆիզիոլոգ Դ․ Ա․ Սաբինինի, օրգանի սաղմի վերջնական տեսքը կապված է որոշակի ֆիզիոլոգիապես ակտիվ նյութերի կուտակման հետ և պայմանավորված է արտաքին ու ներքին մի շարք գործոններով։
ՄԵՏԱՊԼԱԶԻԱ ( <հուն․ μεταπλάσις – վերափոխություն), հյուսվածքափոխություն, հյուսվածքի մի տարատեսակի վերափոխումը այլ տեսակի, որը նախորդից տարբերվում է մորֆոլոգիապես և ֆունկցիայով՝ պահպանելով տեսակային պատկանելությունը։ Տերմինն առաջարկել է Ռ․ Վիրխովը (1884)։ Մարդու և կենդանիների մոտ նկատվում է միայն էպիթելային և շարակցական հյուսվածքների Մ․՝ լորձաթաղանթների (շնչառական, մարսողական ուղիների, արգանդի) գլանաձև էպիթելի փոխակերպումը բազմաշերտ տափակ եղջերացող էպիթելի (մաշկի էպիդերմիսի նման), ինչպես նաև թելավոր շարակցական հյուսվածքինը՝ ճարպայինի, աճառայինի կամ ոսկրայինի։ Տարբերում են ուղղակի Մ․, որի դեպքում մի հյուսվածքը փոխակերպվում է այլ հյուսվածքի՝ դրա կառուցվածքային տարրերի փոփոխման շնորհիվ, և անուղղակի, երբ նոր հյուսվածքի զարգացումն իրականանում է չտարբերակված բջիջների բաժանմամբ և հետագա տարբերակմամբ։ Մ–ի պատճառ կարող են դառնալ արտաքին միջավայրի փոփոխությունները, հյուսվածքների երկարատև բորբոքային պրոցեսները, ավիտամինոզ -ն, արյունաստեղծ օրգանների, վարակիչ հիվանդությունները, հորմոնային տեղաշարժերը ևն։ Մ․ խախտում է հյուսվածքի բնականոն գործունեությունը և կարող է հանգեցնել չարորակ ուռուցքի սկզբնավորման։
ՄԵՏԱՍՈՄԱՏԻԿ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐ, հանքավայրեր, որոնք առաջանում են մետասոմատոզի պրոցեսների հետևանքով։ Մետաղային հանքավայրերի որոշ դասընթացներում հիդրոթերմալ հանքավայրերն ստորաբաժանվում են երկու գլխավոր ծագումնային խմբի՝ ա․ դատարկությունների լցման, բ․ մետասոմատիկ։
ՄԵՏԱՍՈՄԱՏՈԶ, մետասոմատիզմ (մետա․․․ և հուն. σώμα, սեռական հոլովը՝ σώματος – մարմին), հասկացություն, որ անցյալ դարի կեսերին մտցրել է Նումանը՝ տեղակալվող միներալի հետ լուծույթի քիմ․ փոխներգործության պայմաններում ընթացող պսևդոմորֆիզմի տարատեսակը որակելու համար։ Սովետական գիտնական Դ․ Ս․ Կորժինսկին (1936, 1953) Մ․ սահմանում է որպես «ապարների յուրաքանչյուր տեղակալում քիմ․ կազմի փոփոխությամբ», որը տեղի է ունենում ինչպես արտածին, այնպես էլ ներծին պայմաններում, «ընդ որում հին միներալների հալումը և նորերի նստեցումը կատարվում է գրեթե միաժամանակ, այնպես որ տեղակալման ընթացքում տեղակալվող ապարները ամբողջ ժամանակ պահպանում են պինդ վիճակ» («Геологический словарь», т․ 1, 1973, с․ 437)։ Ըստ նյութի տեղափոխման բնույթի Մ․ լինում է՝ դիֆուզիոն, ներծծման, իոնադիֆուզիոն, կոնտակտադիֆուզիոն, կոնտակտային ևն։ Մետասոմատիկ նորագոյացումների ձևավորման պայմանների ընդհանրության և կազմի հիման վրա Մ–ի արգասիքները ստորաբաժանվում են՝ սկառների, գրեյզենների, կարբոնատիտների, ակսետալիտների, պրոպիլիտների, արգիլիզիտների և այլ ձևերի։
ՄԵՏԱՍՏԱԲԻԼ ՎԻՃԱԿ ( մետա․․․ և լատ․ stabilis – կայուն), միջակայուն վիճակ, համակարգի հարաբերական կայուն վիճակ, որից այն ինքնակամ (ներքին ֆլուկտուացիաների հետևանքով) կամ արտաքին գրգռիչի ազդեցությամբ կարող է անցնել ավելի կայուն վիճակի։ Ինքնակամ անցման հավանականությունը շատ ավելի փոքր է, քան անկայուն վիճակինը։ 1․ Թերմոդինամիկական համակարգերի Մ․ վ․, անկայուն հավասարակշռության վիճակ։ Արտաքին, բավական ուժեղ ազդակների ներգործությամբ համակարգը Մ․ վ–ից անցնում է մեկ այլ, ավելի կայուն վիճակի։ Մ․ վ–ում են գտնվում, օրինակ, գերտաքացված հեղուկը (հեղուկ, որի ջերմաստիճանը բարձր է եռման ջերմաստիճանից՝ տվյալ ճնշման դեպքում), գերսառեցված գոլորշին (գոլորշի, որի ջերմաստիճանը ցածր է կոնդենսացման ջերմաստիճանից" տվյալ ճնշման դեպքում), գերհագեցած լուծույթը (լուծույթ, որի կոնցենտրացիան գերազանցում է հագեցած լուծույթի կոնցենտրացիան՝ տվյալ ճնշման դեպքում) ևն։
2․ Քվանտային մեխանիկայի օրենքներով նկարագրվող քվանտային համակարգերի Մ․ վ․, ատոմային համակարգերի (ատոմների, մոլեկուլների, միջուկների) գրգռված վիճակ, որը կարող է երկար գոյատևել, այսինքն՝ կայուն է։ Մետաստաբիլ են այնպիսի գրգռված վիճակները, որոնցից քվանտային անցումը ավելի փոքր էներգիայով վիճակի ուղեկցվում է ճառագայթմամբ (ֆոտոնների առաքումով) և արգելված է ջոկման կանոններով, այսինքն՝ այդպիսի անցում կամ առհասարակ չի կարող տեղի ունենալ, կամ քիչ հավանական է։
ՄԵՏԱՍՏԱԶ (< հուն, μετάστασις; – տեղափոխություն, անցում, տեղաշարժ), երկրորդային ախտաբանական օջախ, առաջանում է օրգանիզմի առաջնային ախտահարման օջախից ախտածին գործոնի (ուռուցքային բջիջներ, վարակ) տարածման հետևանքով։ Ըստ փոխանցման ուղիների տարբերում են ավշային և արյունային Մ–ներ՝ ժամանակակից հասկացությամբ Մ․ անվանում են չարորակ ուռուցքների բջիջների տարածումը (դիսեմինացումը), իսկ վարակինը՝ մետաստատիկ վարակիչ օջախներ։ Հայտնի են նաև բարորակ ուռուցքների Մ–ի դեպքեր։ Ուռուցքային բջիջներն ավշային ճանապարհով տեղափոխվելիս Մ․ առաջանում է առաջնային օջախին մոտ գտնվող ավշային հանգույցներում, արյունայինի դեպքում՝ թոքերում, լյարդում, ոսկրերում և այլ օրգաններում։ Մ–ի առկայությունը վկայում է ուռուցքային պրոցեսի ընդհանրացումը։ Մ․ լինում է միայնակ, որը կարելի է հեռացնել վիրահատությամբ, և բազմակի՝ պահանջում է ճառագայթաբուժման և քիմիաբուժության մեթոդների կիրառում։
ՄԵՏԱՍՏԱԶԻՈ (Metastasio) Պիետրո (իսկականը՝ Տրապասի, 1698–1782), իտալացի բանաստեղծ և դրամատուրգ–լիբրետիստ։ 1730-ից՝ պալատական բանաստեղծ Վիեննայում։ Ստեղծել է սերիա–օպերա ժանրի լիբրետոյի դասական նմուշներ։ 1712-ին հրատարակել է «Հուստինոս» առաջին ողբերգությունը, 1718-ին՝ քնարական բանաստեղծությունների առաջին ժողովածուն։ Մ–ի 27 օպերային լիբրետոներից բազմիցս երաժշտականացվել են «Լքված Դիդոնան» (1724), «Սիրոե» (1726), «Էցիո» (1728), «Ճանաչված Շամիրամը» (1729), «Ալեքսանդրը Հնդկաստանում» (1729), «Արտաքսերքսես» (1730), «Դեմետրիո» (1731), «Դեմոֆոնտե» (1733), «Տիտոսի գթասրտությունը (1734), «Ճանաչված Կյուրոսը» (1736), «Թեմիստոկլեսը» (1736, հայ․ հրտ․ 1886), «Անտիգոնե» (1743), «Թագավոր Հովիվը» (1751) ստեղծագործությունները։
ՄԵՏԱՏԵՍՈՒԹՅՈՒՆ, տեսություն, որն ուսումնասիրում է մեկ այլ, այսպես կոչված, առարկայական տեսության (օբյեկտ, տեսական համակարգ) կառուցվածքը, նրա մեթոդներն ու հատկությունները։ «Մ․» հասկացությունը իմաստ ունի միայն այն դեպքում, երբ այն վերագրվում է մի կոնկրետ (առարկայական) տեսության, օրինակ, մաթեմատիկայի Մ․՝ մետամաթեմատիկա, տրամաբանության Մ․՝ մետատրամաբանություն։ Սկզբունքորեն ամեն տեսություն կարող է ունենալ Մ․, սակայն Մ–յան միջոցների կիրառումը արդյունավետ է այն դեպքում, երբ համապատասխան առարկայական տեսությունը կառուցված է դեդուկտիվ եղանակով և ձևայնացված է։ Մ. այն բովանդակային միջոցների ամբողջությունն է, որով կառուցվում է (ձևական) առարկայական տեսությունը և բացահայավում է նրա հատկությունները․ նախ այն միջոցները, որոնցով առարկայական տեսության տարրերը ներկայացվում են որպես բովանդակությունից զուրկ կոնստրուկտիվ օբյեկտներ (հաշվի այբուբեն), տրվում են այդ տարրերից արտահայտություններ (բանաձևեր) կազմելու և նրանք միմյանցից արտածելու կանոնները (մտահանգման և ապացուցման ձևական կանոններ)։ Այս առումով Մ–յան հիմնական բովանդակությունը կազմում են մետաթեորեմները (օրինակ, դեդուկցիայի թեորեմը ասույթների ու պրեդիկատների հաշիվների մեջ)։ Մ–յան ոլորտին են պատկանում նաև առարկայական տեսության հնարավոր