Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/491

Այս էջը սրբագրված չէ
ՄԵՐԻԼԵՆԴ 491

զարգացման՝ 1930-ական թթ․ Մ․ Ա․ Լավրենտեևի ու Մ․ Վ․ Կելդիշի հետազոտություններով սկսված փուլը: Այս աշխատանքների համար 1952-ին Մ–ին շնորհվեց ՍՍՀՄ պետ․ մրցանակ։ Մ․ խոր հետազոտություններ է կատարել և արժեքավոր արդյունքներ ստացել կամայական կոնտինուումների վրա բազմանդամներով լավագույն մոտարկման, իրական առանցքի վրա բազմանդամներով կշռյալ մոտարկման, կոմպլեքս հարթության փակ բազմությունների վրա բազմանդամներով կետային մոտարկման, կոմպակտների վրա հարմոնիկ բազմանդամներով և սահմանափակ կոնտինուումների վրա ամբողջ ֆունկցիաներով հավասարաչափ մոտարկման, հարմոնիկ ֆունկցիաների միակության, դիֆերենցիալ հավասարումների տեսության մեջ Կոշիի խնդրի և այլ հարցերի վերաբերյալ։ Մ․ մեծ վաստակ ունի միջազգային ճանաչում ստացած հայկ․ մաթեմատիկական գիտական դպրոցի կազմավորման ու հետագա զարգացման, Հայաստանում հաշվողական տեխնիկայի ու կիբեռնետիկայի զարգացման գործում։ ՀՍՍՀ V և VIII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։
Երկ․ Некоторые вопросы конструктивной теории функций, «Труды Математического института им. В. А. Стеклова АН СССР», 1951, т. 37; О полноте системы аналитических функций, «Успехи математических наук», 1953, т. 8, в. 4; Несколько замечаний по поводу аппроксимационной задачи С․ Н. Бернштейна, «Զեկույցներ ՀՍՍՀ ԳԱ», 1955, հ․ 207 № 4։ Советская математическая школа, М., 1967 (соавтор Н. Н. Боголюбов).Մ․ Ջրբաշյան, Վ․ Սաղաթելյան ՄԵՐԳԵՄԵՐ (այժմ՝ Շերաֆեդդին), լեռնաշղթա Հայկական լեռնաշխարհում, Սերոկի լեռնային համակարգի լեռնաճյուղն է (բարձրությունը՝ 2532 մ): Կազմված է միոպլիոցենի հրաբխածին–նստվածքային ապարներից, որոնք կտրվում են Արածանիի կիրճով։ Տարածված են շագանակագույն և լեռնամարգագետնային հողերը, որոնց վրա աճում են չոր տափաստանային և մարգագետնային տարախոտեր։ Դեպի Մշո դաշտ տարածվող լանջի վրա է Ս․ Կարապետ (Գլակա, Իննակնյա) վանքը։
ՄԵՐԳԵՆԹԱԼԵՐ (Mergenthaler) Օտմար (1854–1899), պոլիգրաֆիայի բնագավառի գյուտարար, ազգությամբ գերմանացի։ 1872-ից բնակվել է ԱՄՆ–ում։ 1884-ին հայտնագործել, իսկ 1885-ին կատարելագործել է լինոտիպը, որի գյուտն օգտագործելով ամերիկացի ձեռնարկատեր Դոջը 1886-ին կազմակերպել է «Մերգենթալեր լայնոթայփ քամփընի» ֆիրման։
ՄԵՐԵ–ԹԱՂ, գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մոտկանի գավառակում։ 1909-ին ուներ 10 ընտանիք հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին։
ՄԵՐԵՑԿՈՎ Կիրիլ Աֆանասևիչ (1897–1968), Սովետական Միության մարշալ (1944), Սովետական Միության հերոս (21․3․1940)։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ Կարմիր բանակում ծառայել է 1918-ից։ Մասնակցել է 1918–20-ի քաղաքացիական պատերազմին (Արլ․ և Հվ․ ռազմաճակատներում)։ Ավարտել է ԲԳԿԲ–ի ռազմ. ակադեմիան (1921)։ 1936–37-ին որպես կամավոր մասնակցել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին։ Սովետա–ֆիննական պատերազմի ժամանակ (1939–1940) եղել է 7-րդ բանակի հրամանատար, 1940-ի օգոստոսից՝ Գլխավոր շտաբի պետ, 1941-ի հունվարից՝ ՍՍՀՄ պաշտպանության ժողկոմի տեղակալ։ 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմի սկզբին՝ բանակների հրամանատար (7-րդ, 4-րդ, 33-րդ)։ 1941-ի դեկտեմբեր-1944-ի փետրվարին՝ Վոլխովյան զորքերի հրամանատար, 1944-ի փետրվար–նոյեմբերին՝ Կարելական ռազմաճակատի հրամանատար, 1945-ի ապրիլից՝ Պրիմորիեի զորախմբի հրամանատար։ 1945-ի օգոստոսին (որպես Հեռավորարևելյան առաջին ռազմաճակատի զորքերի հրամանատար) մասնակցել է Մանջուրիայում և Հյուսիսային Կորեայում ճապոնական զորքերի ջախջախմանը։ Ետպատերազմյան տարիներին՝ Պրիմորիեի, Մոսկովյան, Հյուսիսային և այլ ռազմական օկրուգների հրամանատար։ 1955-ից՝ ՍՍՀՄ պաշտպանության մինիստրի օգնական, 1964-ից՝ պաշտպանության մինիստրության գլխավոր տեսուչ։ Եղել է ՍՄԿԿ Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ (1956–61), ՍՍՀՄ I–V գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի 7, «Հաղթանակ»-ի, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի 4, Սուվորովի I աստիճանի 2, Կուտուզովի I աստիճանի, ինչպես նաև արտասահմանյան շքանշաններով և մեդալներով։ Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ։
ՄԵՐԶԱ (Միրզայան Հուլիոս) (Merza Gyula) Դյուլա (1861, Կլուժ – 1943, նույն տեղում), հունգարահայ հայագետ, հասարակական գործիչ։ Սովորել է Կլուժի և Վիեննայի համալսարաններում, ստացել բժշկ․, ապա՝ տնտեսագիտական կրթություն։ Բազմիցս այցելել է Վենետիկի Մխիթարյաններին, որտեղ զբաղվել է հայագիտությամբ։ Աշխատակցել է Գեռլայի «Արմենիա» հունգ․, Բուխարեստի «Արարատ» ռում․ հայագիտական ամսագրերին, խմբագրել «Էրդեյ» հունգ․ թերթը։ Մեծ ջանքեր է գործադրել Տրանսիլվանիայի հայկ․ եպիսկոպոսությունը վերականգնելու (1930) համար։ Կլուժի Ազգագրական թանգարանի հիմնադիրներից և առաջին ղեկավարներից է։ Հրատարակել է բազմաթիվ հայագիտական աշխատություններ և հոդվածներ, որոնք մեծ նշանակություն են ունեցել հունգարահայերի ազգային ինքնագիտակցությունը բարձրացնելու, հունգարացիներին հայ մշակույթին և պատմությանը ծանոթացնելու գործում։ Առանձին գրքերով հրատարակվել են Մ–ի հունգ․ «Հայ եպիսկոպոսությունը» (1896), «Տրանսիլվանիայի հայերի ապագան» (1896), «Հայկական խաչը» (1903), «Հայերի Տրանսիլվանիա գաղթելու պատմություն» (1913) ևն աշխատությունները։ Գրել է նաև բանաստեղծություններ։ Հունգ․ է թարգմանել Մ․ Նալբանդյանի «Ազատություն» բանաստեղծությունը։ Մ–ի արխիվը պահվում է Կլուժ–Նապոկայի պետ․ արխիվում և Ս․ Անդրեաս եկեղեցում։Ս․ Քոլանջյան ՄԵՐԶԵԲՈՒՐԳ (Merseburg), քաղաք ԳԴՀ–ում, Հալլե օկրուգում, Զաալե գետի ափին։ 52,1 հզ․ բն․ (1978)։ Կա մեքենաշինություն, ալյումինի գլանվածքի, շինանյութերի արտադրություն, քիմ․ և թղթի արդյունաբերություն։ Ունի բարձրագույն քիմիատեխնիկական ուսումնարան։ Հիմնադրվել է X դ․։ Հայտնի են Մ–ի տաճարը (XI –XVII դդ․) և պալատը (XV–XVII դդ․)։
ՄԵՐԺԱՆՈՎ Վիկտոր Կարապետի (ծն․ 15․8․1919, Տամբով), սովետական դաշնակահար և մանկավարժ։ Ազգությամբ՝ հայ։ ՌՍՖՍՀ արվեստի վաստ․ գործիչ (1966)։ 1941-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան, աշակերտել Ս․ Ե․ Ֆայնբերգին (դաշնամուր) և Ա․ Ֆ․ Գեդիկեին (երգեհոն)։ 1949-ից դասավանդում է Մոսկվայի կոնսերվատորիայում (1964-ից՝ պրոֆեսոր), 1973–78-ին՝ Վարշավայի կոնսերվատորիայում։ Աշակերտներից են Վ․ Բունինը, Գ․ Միեսերովան, Ս․ Յուշկևիչը, Ֆ․ Ֆերնանդեսը, Ա․ Շիլլերը, Ա․ Ներսիսյանը։ 1946-ից՝ Մոսկվայի ֆիլհարմոնիայի մենակատար։ 1950-ից հանդես է եկել ջութակահար Ա․ Գաբրիելյանի և Կոմիտասի անվ․ կվարտետի հետ։ Համամիութենական (1945, Մոսկվա) և միջազգային (1949, Վարշավա) մրցույթների դափնեկիր է։ Ելույթներ է ունենում ՍՍՀՄ քաղաքներում (այդ թվում՝ Երևանում) և արտասահմանում։Շ․ Ափոյան ՄԵՐԻ ԲԵՐԴ ԵՐԿԻՐ (Marie Byrd Land), Արևմտյան Անտարկտիդայի մի մասը Ռոսսի շելֆային սառցադաշտի և Էլսուորթի երկրի միջև։ Տարածքի մեծ մասը սառցային սարահարթ է 1000–1500 և բարձրությամբ, ամենաբարձր կետը՝ 4181 մ։ Սառցածածկույթի հզորությունը 1000–4000 մ է։ Սառցադաշտի հունը մեծ տարածություններում ծովի մակարդակից ցածր է 500–1500 մ։ Հայտնաբերվել է 1929-ին և անվանվել ամերիկյան արշավախմբի պետի՝ Ռ․ Բերդի կնոջ անունով։ 1957–1972-ին այստեղ գործել է ամերիկյան «Բերդ» գիտական կայանը։
ՄԵՐԻԼԵՆԴ (Maryland), նահանգ ԱՄՆ–ում, Ատլանտյան օվկիանոսի Չեսապիկի ծոցի ափին։ Տարածությունը 27,4 հզ․ կմ2 է, բն․՝ 4,1 մլն (1974)։ Վարչական կենտրոնը՝ Աննապոլիս։ Ռելիեֆը արլ–ում հարթավայրային է։ Կենտրոնում է գտնվում Պիդմոնտ սարավանդը, արմ–ում՝ Ապալաչները (բարձրությունը՝ մինչև 1024 մ)։ Կլիման բարեխառն է, մեղմ և խոնավ։
Տնտեսության հիմնական ճյուղը՝ արդյունաբերությունը, աշխատում է բերովի հումքով և կենտրոնացած է գլխավորապես Բալթիմորում ու նրա արվարձաններում։ Արդյունաբերության առաջատար ճյուղը սև մետալուրգիան է։ Կա մեքենաշինական, ռադիոէլեկտրոնային, քիմ․, նավթավերամշակման, ավիահրթիռային, սննդի, կարի արդյունաբերություն, խոշոր մետաղակառուցվածքների արտադրություն։ Գյուղատնտեսության ապրանքային արդյունքի արժեքի 2/3-ը տալիս է անասնապահությունը։ Զբաղվում