Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/492

Այս էջը սրբագրված չէ

482 ՄԵՐԻՄԵ
են նաև թռչնաբուծությամբ, ծխախոտի մշակությամբ, ձկնորսությամբ։
ՄԵՐԻՄԵ (Mérimée) Պրոսպեր (27․9․1803, Փարիզ – 23․9․1870, Կանն), ֆրանսիացի գրող։ Ֆրանս․ ակադեմիայի անդամ (1844)։ Էկզոտիկ երկրների նկատմամբ Մ–ի ռոմանտիկ հետաքրքրությունն է արտացոլված նրա «Կլարա Գասուլի թատրոնը» (1825) պիեսների ժողովածուում։ «Գուզլա» (1827) ժողովածուի գործերում բացահայտված են հասարակության հետ բախման մեջ գտնվող հերոսների բնավորությունները։ Նա Ֆրանսիայի պատմական անցյալին է դիմել «Ժակերի» (1828) դրամատիկ ժամանակագրության մեջ և «Կարլոս IX-ի գահակալության ժամանակագրությունը» (1829) վեպում։ 1820-ական թթ․ վերջերի նովելներում («Խճանկար», ժող․, 1833) Մ․ վերստին ստեղծել է ուժեղ և ամբողջական կերպարներ, որոնք դեռ զերծ են քաղաքակրթության «քայքայիչ» ազդեցությունից («Մաթեո Ֆալկոնե», 1829, հայ հրտ․ 1905, «Թամանգո», 1829, հայ․ հրտ․ 1938)։ 1830–40-ական թթ․ արձակը Մ–ի ստեղծագործության բարձրակետն է։ Այս շրջանի նովելներում հեգնանքով ու ծաղրանքով են ներկայացված բուրժ․ հասարակության ունայնությունն ու երեսպաշտությունը, փողի իշխանությունը («Կրկնակի սխալ», «Արսեն Գիյո» են), բուրժ․ բարոյախոսությանը հակադրված են պարզունակ, բայց ավելի ճշմարիտ բարոյական նորմաներ («Կոլոմբ», 1841, հայ․ հրտ․, «Աղավնի», 1863, «Կարմեն», 1846, հայ․ հրտ․ 1936)։ «Լոքիս» (1869, հայ հրտ․ 1936) նովելում դրսևորվել է հեղինակի հետաքրքրությունը սլավոնական թեմատիկայի նկատմամբ։ Մ․ գրել է նաև գիտական աշխատություններ՝ «Նոթեր Հարավային Ֆրանսիա կատարած ճանապարհորդությունից» (1835), միջնադարյան ճարտ–յան հետազոտություններ, Հին Հռոմի, Իսպանիայի, Ուկրաինայի, Ռուսաստանի պատմությանը վերաբերող ուսումնասիրություններ, քննադատական հոդվածներ։ Մ–ի գործերի սյուժեներով գրվել են պիեսներ, երաժշտական կատակերգություններ, օպերաներ (Ժ. Բիզե, «Կարմեն», 1875), ստեղծվել են կինոնկարներ։
Երկ․ Ընտիր նովելներ, Ե․, 1963։
Ն․ Վարդանյան ՄԵՐԻՆԳ (Mehring) Ֆրանց (1846–1919), միջազգային և գերմանական բանվորական շարժման գործիչ, մարքսիստ փիլիսոփա, պատմաբան։ Սովորել է Լայպցիգի և Բեռլինի համալսարաններում (1866–1870)։ 1882-ից փիլիսոփայության դ–ր։ 1891-ից Գերմանիայի ս–դ․ կուսակցության անդամ։ Այդ ժամանակից էլ պրոպագանդել է մարքսիստական աշխարհայացքը, պայքարել հանուն բանվոր դասակարգի շահերի, հանդես եկել ընդդեմ ռևիզիոնիզմի և օպորտունիզմի։ Ողջունել է 1905–07-ի ռուս. հեղափոխությունը։ Մասնակցել է «Ինտերնացիոնալ» խմբի ստեղծմանը, որը 1916-ին վերակազմավորվեց «Սպարտակ միության»։ Մերկացրել է 1914–18-ի առաջին համաշխարհային պատերազմի իմպերիալիստական բնույթը, դատապարտել ս–դ․ կուսակցության պարագլուխների շովինիստական քաղաքականությունը։ Առաջիններից էր Արևմուտքում, որ պաշտպանել և պրոպագանդել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության գաղափարները։ Մ․ Գերմանիայի կոմունիստական կուսակցության հիմնադիրներից է։
Ուսումնասիրել է հին հուն. և գերմ․ դասական փիլիսոփայությունը, քննադատել Է․ Հարտմանի, Ֆ․ Նիցշեի, Ա․ Շոպենհաուերի և այլ իդեալիստ փիլիսոփաների հայացքները։ Հրատարակության է պատրաստել Կ․ Մարքսի և Ֆ․ Էնգելսի երկերն ու նամակները, գրել է Կ․ Մարքսի կենսագրությունը։ Մ․ պատմության մատերիալիստական ըմբռնումը կիրառել է գրականագիտության և արվեստագիտության մեջ։ Պատմական աշխատություններում՝ «Լեգենդ Լեսսինգի մասին» (1893), «Գերմանիայի պատմությունը միջին դարերի վերջից» (1910) ևն Գերմանիայի պատմությունը շարադրված է մարքսիստական սկզբունքներով։ «Գերմանական սոցիալ–դեմոկրատիայի պատմությունը» քառահատոր աշխատությունում և բանվորական շարժման պատմության վերաբերյալ այլ երկերում Մ․ գերմ․ բանվորական շարժումը ուսումնասիրել է համաեվրոպական պատմության առնչությամբ և ցույց տվել նրա սերտ կապը պրոլետարիատի ինտերնացիոնալ պայքարի հետ։ Մ․ թույլ է տվել մի շարք սկզբունքային սխալներ, չի հասկացել Պ․ Պրուդոնի, Մ․ Ա․ Բակունինի, Ֆ․ Լասսալի հակապրոլետարական հոսանքների դեմ Կ․ Մարքսի և Ֆ․ Էնգելսի մղած պայքարի էությունը։
Երկ․ Կ․ Մարքսի «Կապիտալ»-ի համառոտ շարադրանքը, Ե․, 1924 (Ռ․ Լյուքսեմբուրգի հետ)։ Կ․ Մարքս։ Նրա կյանքի պատմությունը, Ե․, 1961։ Литературно-критические статьи, М--Л․, 1964․
Գրկ․ Լենին Վ․ Ի․, Ֆր․ Մերինգը Երկրորդ Դումայի մասին, Երկ․ լիակտ․ ժող․, հ․ 15։ Նույնի, II Ինտերնացիոնալի կրախը, նույն տեղում, հ․ 26։ Маркс К․и Энгельс Փ․, Соч․, 2 изд․, т. 34–36, 38–39 (տես անվանացանկը)։ Слуцкий А․ Г․, Франц Meринг։ Революционер, учёный, публицист, М․, 1979․
ՄԵՐԻՆՈՍՆԵՐ, միատարր, նուրբ բրդածածկով ոչխարների ցեղեր։ Հայրենիքը համարում են Փոքր Ասիան, որտեղ դրանք բուծվել են սկսած մ․ թ․ ա․ Ill–II դդ․։ Հետագայում տարածվել են միջերկրածովյան երկրներ, իսկ XVIII դ․ կեսերին՝ Արևմտյան Եվրոպա, Հյուսիսային Ամերիկա, Ավստրալիա։ Ռուսաստանում XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին ստեղծվել են ռուս. ինֆանտադո, մազանյան և նորկովկասյան ցեղեր։ Սովետական ոչխարաբույծները ստացել են բարձր մթերատու մերինոսային ոչխարների ցեղեր՝ ասկանիական, կովկասյան, սովետական մերինոս, ալթայան, ստավրոպոլյան, գրոզնենյան ևն։ Մ–ի բուրդը նուրբ է, սպիտակ, բրդաթելերի հաստությունը 15–25 մկմ է, երկարությունը՝ 6–8 սմ։ Խուզում են տարեկան մեկ անգամ։ Խոյերի բրդատվությունը 8–12 կգ է, մաքիներինը՝ 4–6 կգ։ Բրդի մաքուր ելունքը՝ 35–45%։ Մ․ տրամախաչում են կոպտաբուրդ և կիսանրբագեղմ ոչխարների հետ՝ վերջիններիս բրդատվության բարելավման նպատակով։ ՀՍՍՀ–ում տեղական ոչխարները նրբագեղմ և կիսանրբագեղմ ուղղությամբ վերափոխելու նպատակով օգտագործվել են կովկասյան նրբագեղմ և սովետական մերինոս ցեղերը։Մ․ Քարամյան ՄԵՐԻՍԹԵՄԱ (< հուն, μεριστόζ – բաժանելի), առաջացնող հյուսվածք, բույսերի հյուսվածք, որը երկար ժամանակ պահպանում է կիսվելու և նոր բջիջներ առաջացնելու ունակությունը։ Մ–ի ինիցող բջիջները միշտ գտնվում են սաղմնային վիճակում և կիսվելով ապահովում են բույսի աճումը։ Մ–ի մյուս բջիջներն աստիճանաբար տարբերակվելով առաջացնում են բույսի հիմնական հյուսվածքներ (ծածկող ևն)։ Մ․ առաջանում է սաղմի պրոտոմերիսթեմայից, որից գոյանում են գագաթային Մ․ (ցողունի և արմատի աճման կոնը) և կողմնային Մ․ (պրոկամբիումը և կամբիումը)։ Աճման ընթացքում Մ․ մասնակիորեն պահպանվում է բույսի տարբեր մասերում, արմատներում, ընձյուղների միջհանգույցներում, տերևների հիմքերում, բողբոջներում ևն։ Մ–ի բջիջները մշտական հյուսվածքների բջիջներից տարբերվում են իրենց մանրությամբ, խիտ դասավորությամբ, բարակ առաջնային թաղանթով, կենտրոնական կորիզով, էնդոպլազմային ցանցի, միտոքոնդրիաների և դիկտիոսոմների թույլ զարգացվածությամբ, ռիբոսոմների մեծ քանակով և նյութափոխանակության ակտիվությամբ։
ՄԵՐԽԵՈՒԼԻ, գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գուլրիփշի շրջանում, շրջկենտրոնից 18 կմ հյուսիս–արևելք։ Բնակիչները՝ հայեր, վրացիներ, աբխազներ, ռուսներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, թեյի և եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ, շերամապահությամբ։ Ունի միջնակարգ հայ–վրացական դպրոց, հայկ․ տարրական դպրոց, գրադարան, ակումբ, կինո, կապի բաժանմունք, հիվանդանոց, կենցաղսպասարկման կոմբինատ։ Հայերը եկել են Տրապիզոնի և Օրդուի շրջակա գյուղերից, 1897-ին։
ՄԵՐԿԱՆՏԻԼԻԶՄ (իտալ․ mercante – առևտրական, վաճառական), բուրժուական քաղաքատնտեսության ուղղություն և պետության տնտեսական քաղաքականություն, որն արտահայտում էր կապիտալի նախասկզբնական կուտակման դարաշրջանի առևտրական բուրժուազիայի շահերը։ Բնորոշվում էր երկու հիմնական գծերով, ա․ հարստությունը նույնացնում էր դրամի հետ (պետության հարստությունը գնահատվում էր կուտակված դրամի քանակով), բ․ դրամական հարստության