494 ՄԵՐԿՈՒՐԻ
փոքր է երկրայինից (ամենատարածված գազը հելիումն է), այսինքն՝ գործնականորեն մթնոլորտից զուրկ է։ Աննշան մթնոլորտի հետևանքով գիշերային ու ցերեկային երեսների ջերմաստիճաններն իրարից շատ են տարբերվում (գիշերը՝ մոտ – 140°C, ցերեկը՝ մինչև +350°C)։
Մ–ի խառնարաններից մեկը 1976-ին կոչվել է Սայաթ–Նովայի անունով։
«ՄԵՐԿՈՒՐԻ», շուրջերկրյա ուղեծրով թռիչքների համար նախատեսված ամերիկյան առաջին միտեղանի տիեզերանավերի և թռիչքների մշակման ու արձակման (1959–63) ծրագրի անվանումը։ Հիմնական խնդիրն էր կառավարվող արբանյակի երկրակենտրոն ուղեծիր դուրսբերումը ու նրա անվտանգ վերադարձը երկիր և տիեզերական տարածությունում մարդու աշխատանքի հնարավորության ուսումնասիրումը։ 1959–61-ին կատարվել են փորձնական թռիչքներ։ 1961-ին իրականացվել է երկու (մայիսի 5-ին՝ տիեզերագնաց Ա․ Շեփարդ, հուլիսի 21-ին՝ տիեզերագնաց Վ․ Գրիսոմ, երկուսն էլ բալիստիկ հետագծով), 1962-ին՝ երեք (փետր․ 20-ին՝ տիեզերագնաց Ջ․ Գլեն, մայիսի 24-ին՝ տիեզերագնաց Մ․ Քարփենթեր, հոկտ․ 3-ին՝ տիեզերագնաց Ու․ Շիրա), 1963-ին՝ մեկ (մայիսի 15–16-ին՝ տիեզերագնաց Գ․ Կապեր) թռիչք։
ՄԵՐԿՈՒՐՈՌԵԴՈՒԿՏՈՄԵՏՐԻԱ (լատ․ mercurius – այստեղ՝ սնդիկ, reductio – վերականգնում, վերադարձ և ․․․մետրիա), սնդիկաչափություն, քիմիական անալիզի տիտրաչափական եղանակ։ Հիմնված է մերկուրոիոնի՝ Hg22+ վերականգնող հատկության վրա, որի լուծույթում գոյություն ունի հավասարակշռությունը (E°= 0,8 վ)։ Մ․ կիրառվում է Au(III), Ce(IV), MnO4–, СlO– ևն օքսիդիչների քանակական որոշման համար։ Ավելի թույլ օքսիդիչները որոշելու համար հետազոտվող լուծույթին ավելացվում են Hg2+ իոնի հետ կայուն կոմպլնքսներ առաջացնող իոնն էր (CNS ևն), որոնք իջեցնում են համակարգի պոտենցիալը։ Հետազոտվող լուծույթի մեջ Fe2+ իոնների ավելցուկ մտցնելիս Մ–ի հնարավորությունները մեծանում են։ Օգտագործում են Hg2(N03)2 կամ Hg2(ClO4)2 պարունակող աշխատանքային լուծույթներ, որոնք կայուն են և օդում համարյա չեն օքսիդանում։ Տիտրման ավարտը որոշում են էլեկտրաքիմիական եղանակով կամ ինդիկատորներով։ Եղանակը մշակել և «Մ․» տերմինն առաջարկել է Վ․ Թառայանը։
Գրկ․ Тараян В. М., Меркуроредуктометрия, 2 изд․, Е․, 1980․
ՄԵՐԿՈՒՐՈՎ Սերգեյ Դմիտրիի [26․10 (7․11)․ 1881, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական) – 8․6․1952, Մոսկվա], սովետական քանդակագործ։ ՍՍՀՄ (1943), ՀՍՍՀ (1950) ժող․ նկարիչ։ ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի իսկական անդամ (1947)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Նախնական կրթությունն ստացել է Լենինականի յոթնամյա արհեստագործական և Թիֆլիսի ռեալական ուսումնարաններում։ 1901-ին սովորել է Կիևի պոլիտեխնիկական ինստ–ում, 1902-ին՝ Ցյուրիխի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետում, 1902–05-ին՝ Մյունխենի Գեղարվեստի ակադեմիայում։ Իտալիայում որոշ ժամանակ մնալուց հետո՝ 1905-ի վերջերին տեղափոխվել է Փարիզ, որտեղ ուսումնասիրել է հին արլ․ և հուն. անտիկ արձանագործությունը, շփումներ ունեցել Օ. Ռոդենի հետ։ 1910-ին վերջնականապես հաստատվել է Մոսկվայում։ Մ․ սովետական արվեստը հարստացրել է տարբեր բնույթի, ժանրերի և չափերի մի շարք բովանդակալից ու բարձրարվեստ կերտվածքներով։ Նրա նախահեղափոխական շրջանի ստեղծագործությունն աչքի է ընկնում եգիպտական մոնումենտալիզմին հատուկ ձևերի խստությամբ (Ֆ․ Դոստոևսկու արձանը, գրանիտ, 1911–13, Մոսկվայում կանգնեցվել է 1918-ին), սրված հոգեվիճակների վերարտադրմամբ («Լ․ Ն․ Տոլստոյ», մարմար, 1911–48, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա), ոճավորումով։ Սովետական իշխանության առաջին տարիներից Մ․ դարձել է մոնումենտալ պրոպագանդայի լենինյան պլանի ամենաակտիվ իրականացնողներից մեկը, ստեղծել Կ․ Մարքսի (գրանիտ, 1921, Սիմբիրսկ), Կ․ Ա․ Տիմիրյազևի (գրանիտ, 1922–23, Մոսկվա) հուշարձանները։ Նրա ստեղծագործության մեջ մեծ տեղ է հատկացված Վ․ Ի․ Լենինի կերպարին, որի առավել ակնառու նմուշներից են ՍՍՀՄ Գերագույն սովետի նիստերի դահլիճում դրված արձանը (մարմար, 1939, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1941), 16 մետրանոց գրանիտե մոնումենտը (1937) Մոսկվայի անվ․ ջրանցքի գլխամասում, 9 մետրանոց պղնձակոփ մոնումենտը Երևանի Վ․ Ի․ Լենինի հրապարակում (1940, ճարտ–ներ՝ Ն․ Փարեմուզովա, Լ․ Վարդանյան)։ Մ–ին են պատկանում նաև Ս․ Շահումյանի գրանիտե հուշարձանը Երևանում (1931, ճարտ․ Ի․ Ժոլտովսկի), Մ․ Վ․ Լոմոնոսովի (գիպս, 1944, Մոսկվա), Ֆ․ Է․ Ձերժինսկու (կոփածո պղինձ, 1948, Ձերժինսկ), Ի․ Վ․ Ստալինի (Մոսկվայում, Երևանում՝ կոփածո պղինձ, 1950, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1951) մոնումենտալ արձանները։ Սովետական արվեստի նշանակալից կոթողներից են բարդ ու արտահայտիչ խմբավորում ունեցող և ողբերգական պաթոսով առլեցուն «Բաքվի 26 կոմիսարների գնդակահարումը» բարձրաքանդակը (գրանիտ, 1924–46, տեղադրվել է 1958-ին, Բաքու) և «Առաջնորդի մահը» խմբաքանդակը (գրանիտ, 1927–47, տեղադրվել է 1958-ին, մերձմոսկովյան Գորկի ավանում)։ Մ․ աշխատել է նաև հաստոցային քանդակագործության բնագավառում, որի լավագույն արտահայտությունները դրսևորվել են դիմաքանդակի ժանրում («Մ․ Կ․ Խոլմոգորով», գիպս, 1935, «Կ. Է․ Ցիոլկովսկի», կարմիր գրանիտ, 1940, «Ա․ Կ․ Տոլստոյ», գրանիտ, 1945 ևն)։ Մ․ սովետական նշանավոր դիմակահան էր (Լ․ Ն․ Տոլստոյ, Վ․ Ի․ Լենին և ուրիշներ)։ Մ–ի տեղը հայ կերպարվեստում նշանակալի է։ Մ–ները հունադավան (քաղկեդոնական) հայերից էին, որոնք սովորաբար կոչվում էին «ուռումներ» (կամ՝ «ծաթեր»)։ Չնայած պաշտոնական փաստաթղթերում հույն արձանագրվելուն, Մ․ միշտ նշել է իր հայկ․ ծագումը և իր արվեստի սկզբնավորման հայկ․ ազդակները։ Իր իսկ վկայությամբ, Ջիվանին է նրա մեջ արթնացրել արվեստի սերը, քանդակագործ դառնալուն նպաստել են Ալեքսանդրապոլի եկեղեցիների և շիրմաքարերի քանդակազարդումները, քարգործ և ատաղձագործ վարպետների մոտ է նա ստեղծել իր առաջին քանդակները, տեղի վարպետներից սովորել պղնձի մշակման նրանց ուրույն եղանակը, որը և հետագայում օգտագործել է իր որոշ պղնձակոփ գործերում։ Մ․ որտեղ որ ապրել և ստեղծագործել է, միշտ կապեր է պահպանել տեղի հայկ․ միջավայրի և Հայաստանի հետ։ Դրանք առանձնապես ընդլայնվել են ու արգասավոր դարձել Հայաստանում սովետական կարգերի հաստատումից հետո։ Մ–ի հանած առաջին դիմակը Խրիմյան Հայրիկինն էր (1907), նա է հանել Հ․ Թումանյանի դիմակը։ Վարպետի դիմաքանդակների շարքում նկատելի տեղ ունեն հայերի կերպարները («Դ․ Ֆ․ Մերկուրով», գիպս, 1904, «Ս․ Շահումյան», գրանիտ, 1929, Տրետյակովյան պատկերասրահ, «Հ․ Թումանյան», կոփածո պղինձ, 1930)։ Մ․ մեծապես նպաստել է հայ քանդակագործության գաղափարական ու պրոֆեսիոնալ առաջընթացին, նրանում սոցիալիստական ռեալիզմի մեթոդի ամրապնդմանը։ Սերտ են եղել Մ–ի և նրա հայրենի Լենինականի փոխադարձ կապերը։ Մ–ին շնորհվել է Լենինականի պատվավոր քաղաքացու կոչում, և ի հավերժացումն մեծ արվեստագետի հիշատակի տեղի նկարչական դպրոցը կոչվում է նրա անունով (1947)։
Պատկերազարդումը տես 416–417-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XII։
Երկ․ Записки скульптора, М., 1953.
Գրկ․ [Тихонова В]., С․ Д․ Меркуров․ [Альбом], М․, 1958․
ՄԵՐՁԱՆՏԱՐԿՏԻԿԱԿԱՆ ԳՈՏԻ, աշխարհագրական գոտի Հարավային կիսագնդում, բարեխառն և անտարկտիկական գոտիների միջև։ Օվկիանոսային գոտի է անտարկտիկական մթնոլորտային ճակատի սեզոնային տեղաշարժերի սահմանում՝ հվ․ լայնության 65–67° և 58–60° միջև:
Ձմռանը գերակշռում են անտարկտիկական, ամռանը՝ բարեխառն լայնությունների օդային զանգվածները։ Ձմռանը օդի միջին ջերմաստիճանը –5°C–ից մինչև –15°C է, ջրինը՝ –1,5°C–ից մինչև –2°С։ Ամռանը օդի և ջրի ջերմաստիճանը 0–2°C է։
Ձմռանը ամբողջ տարածությունն զբաղեցնում են ձնով ծածկված լողացող սառույցները, շատ են այսբերգները։ Հաճախակի են հողմերը, ձնաբքերը և մառախուղները։ Կլիմայի դաժանությանը նպաստում
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/494
Այս էջը սրբագրված չէ